ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
12 հոկտեմբեր 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Է. Ղազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի ձևավորման ու կարգավիճակի մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Ղազարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագրի նպատակն է փոխադարձության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով և ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համաձայնագրի, նպաստել գիտատեխնոլոգիական համագործակցության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների շահերի իրացմանը, պետական աջակցություն ցուցաբերել գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման միջպետական առաջնային ուղղություններով գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեությանը:
Ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում և 1 հոդվածում ամրագրված նորմերին, ինչպես նաև գիտության նվաճումներից քաղաքացիների օգտվելու իրավունքի վերաբերյալ Սահմանադրության 36 հոդվածի դրույթին համապատասխան` համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության, ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.
1) աջակցել ազգային նորարարական համակարգերի վիճակի մասին տեղեկատվության և փորձի փոխանակմանը (հոդված 4, երկրորդ մաս),
2) խթանել գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության ակտիվությունը` հարկային, վարկային, մաքսային և տնտեսական բնույթի այլ արտոնությունների համակարգի միջոցով (հոդված 4, երրորդ մաս),
3) աջակցել նորարարական ենթակառուցվածքի ստեղծմանը, այդ թվում` կոնկրետ միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործման համար անհրաժեշտ նորարարական և ապահովագրական հիմնադրամների ստեղծման, անկախ փորձաքննության անցկացման ժամանակ (հոդված 4, չորրորդ մաս),
4) միջոցներ ձեռնարկել նորարարական գործընթացի բոլոր փուլերում միջպետական ծրագրերի (նախագծերի) պետական օժանդակության մեխանիզմների մշակման համար (հոդված 5, առաջին մաս),
5) նախապատրաստել նորմատիվ իրավական այն ակտերի ցանկը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի դրույթների իրագործման համար (հոդված 8):
Համաձայնագրի անբաժան մասը կազմող Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի ձևավորման և իրագործման կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է նաև մասնակցել գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական ծրագրերի (նախագծերի) ֆինանսավորմանը:
Նախատեսված են նաև դրույթներ` համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործադրման ժամկետը երկարաձգելու, համաձայնագրի կատարման, մեկնաբանման շուրջ ծագած տարաձայնությունները լուծելու կարգի և պայմանների վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի ձևավորման ու կարգավիճակի մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|