ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 1992 թվականի N 99
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 420 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրացումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին N 420 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ այգեգործության համար հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին» կանոնադրության համաձայն:
2. Սահմանել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 164 որոշման, այգեգործության (ամառանոցի) նպատակով տրամադրված հողամասերի սեփականատերերին տրվում է հողի սեփականության պետական ակտ` հողամասերը գտնվելու վայրի պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հողհատկացման մասին որոշման, այգեգործի վկայականի կամ օրենքով սահմանված սեփականության իրավունքը հաստատող այլ փաստաթղթերի հիման վրա:
3. Սահմանել, որ մինչև հողի սեփականության պետական ակտի ստանալը, այգեգործության (ամառանոցի) նպատակով տրամադրված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողի հատկացման մասին պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը և այգեգործի վկայականը:
4. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերում կառուցված բնակելի շենքերն ու այլ օժանդակ շինությունները համարվում են հողատիրոջ սեփականությունը:
5. Սահմանել, որ տնամերձի, այգեգործական (ամառանոցային) նպատակներով տրված հողամասերի և այգետնակների ու այդ հողամասերում գտնվող մյուս կառույցների օտարման (վաճառք, նվիրատվություն և այլն) կամ փոխանակման ու ժառանգման փաստաթղթերը վավերացվում են նոտարական կարգով և գրանցվում դրանց գտնվելու վայրի պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում:
6. Տնամերձի, այգեգործության (ամառանոցի) նպատակներով տրված հողամասերի վաճառքի դեպքում, հողամասի կադաստրային արժեքի չափի մասին տեղեկանքը տրվում է հողամասը գտնվելու վայրի շրջանի հողաշինարարի կողմից, այդ մասին սեփականատիրոջ դիմելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
7. Տնամերձի և այգեգործության (ամառանոցի) նպատակներով տրված հողամասերում թույլատրվում է տիպային կամ անհատական նախագծերով կառուցապատումների (տուն, ավտոտնակ, ջերմոց, լողավազան, թռչնանոց և այլն) կատարում, որոնց ընդհանուր մակերեսը չի սահմանափակվում:
8. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» N 420 որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերությամբ` «Նշված հողակտորների դիմաց այգեգործների կողմից համապատասխան վճարները կատարելուց հետո, պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվում է հողի սեփականության պետական ակտ»:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |