ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՊՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 22999/06)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈԻՐԳ
12 հունիսի 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
12/09/2012
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Ջուսեփ Կասադևայ [Josep Casadevall]` Նախագահ,
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Էխբերտ Մայեր [Egbert Myjer],
Ժան Սիկուտա [Ján Šikuta],
Ինետա Զիմելե [Ineta Ziemele],
Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]` դատավորներ,
և Սանտիագո Քեսադա [Santiago Quesada]` Բաժանմունքի քարտուղար,
2012 թվականի մայիսի 22-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ պրն Արմեն Պողոսյանի և տկն Անահիտ Բաղդասարյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2006 թվականի մայիսի 16-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 22999/06) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ս. Սաֆարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Պրն Պողոսյանը (առաջին դիմումատու) պնդել է, մասնավորապես, որ իրեն չի տրամադրվել փոխհատուցում՝ վատ վերաբերմունքի, ապօրինի ձերբակալման ու կալանքի, ինչպես նաև անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար:
4. 2008 թվականի նոյեմբերի 20-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը (29-րդ հոդվածի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1976 և 1932 թվականներին և բնակվում են Հայաստանում՝ Սարատովկայում:
6. Երկրորդ դիմումատուն առաջին դիմումատուի մայրն է:
7. 1998 թվականի հոկտեմբերի 8-ին առաջին դիմումատուն բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք՝ բռնաբարություն և սպանություն կատարելու կասկածանքով: Կազմվել և դիմումատուի կողմից ստորագրվել է վերջինիս ձերբակալման արձանագրությունը, որում սպանությունը նշվել է որպես ձերբակալման պատճառ: Ոստիկանության բաժանմունքում առաջին դիմումատուն մի քանի ոստիկանների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի և ավելի ուշ՝ քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ, խոստովանել է, որ կատարել է հանցագործությունը։
8. 1998 թվականի հոկտեմբերի 11-ին առաջին դիմումատուն վերցվել է նախնական կալանքի, իսկ 1998 թվականի հոկտեմբերի 21-ին նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել բռնաբարություն և սպանություն կատարելու համար:
9. 1999 թվականի մարտի 29-ին Լոռու մարզի դատարանն առաջին դիմումատուին մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել է տասնհինգ տարվա ազատազրկման՝ մեղադրական դատավճիռը հիմնավորելով, inter alia (ի թիվս այլնի), դիմումատուի խոստովանական ցուցմունքով: Այս դատավճիռը Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից համապատասխանաբար 1999 թվականի մայիսի 20-ին և հունիսի 16-ին թողնվել է անփոփոխ: Պարզվում է, որ վարույթի ընթացքում առաջին դիմումատուն ապարդյուն պնդել է, որ իր խոստովանական ցուցմունքը տրվել է ճնշման ներքո:
10. Կոնվենցիան և դրա Թիվ 7 արձանագրությունը Հայաստանի համար ուժի մեջ են մտել համապատասխանաբար 2002 թվականի ապրիլի 26-ին և հուլիսի 1-ին:
11. 2003 թվականի նոյեմբերի 24-ին Գլխավոր դատախազությունը ներկայացրել է առաջին դիմումատուի գործը վերսկսելու վերաբերյալ դիմում՝ վերջինիս անմեղությունը փաստող՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Մասնավորապես, նույնանման հանցագործություն կատարելուց հետո հայտնաբերվել է առաջին դիմումատուին մեղսագրվող հանցանքների իրական կատարողը: Ավելին, առաջին դիմումատուի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել օրենքի խախտմամբ ստացված կեղծ ապացույցների վրա:
12. 2004 թվականի ապրիլի 2-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դիմումը և բեկանել առաջին դիմումատուի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը՝ քրեական գործն ուղարկելով նոր քննության: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք տվյալ ժամանակահատվածում հայտնի չեն եղել դատարաններին: Այդ հանգամանքները հիմք են տվել ենթադրելու, որ առաջին դիմումատուի քրեական գործի քննության ընթացքում տեղի են ունեցել սահմանված քրեադատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա:
13. 2004 թվականի ապրիլի 17-ին քրեական գործ է հարուցվել քննիչի և մի շարք ոստիկանների նկատմամբ, որոնք առնչվել են գործի նախնական քննությանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ ստիպելով առաջին դիմումատուին ցուցմունք տալ:
14. Նույն օրը առաջին դիմումատուն չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել՝ իր պատիժը շուրջ հինգ տարի և վեց ամիս կրելուց հետո:
15. 2004 թվականի ապրիլի 29-ին առաջին դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի։
16. Նույն օրը Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել առաջին դիմումատուին՝ տեղեկացնելով նրան այդ որոշման և այն փաստի մասին, որ այդ օրվանից նա համարվում է «արդարացված» և ունի քաղաքացիական դատավարության կարգով փոխհատուցում պահանջելու իրավունք: Գրության մեջ նաև նշվել է, որ Գլխավոր դատախազությունը հայցում է նրա ներողամտությունը արդարադատությունը ոչ պատշաճ իրականացնելու համար:
17. 2004 թվականի մայիսի 6-ին առաջին դիմումատուն ճանաչվել է տուժող: Համապատասխան որոշման մեջ նշվել է, որ ոստիկանների և նախաքննության մարմնի անօրինական գործողությունների հետևանքով նրան պատճառվել է հոգեբանական, ֆիզիկական և նյութական վնաս:
18. 2005 թվականի հունիսի 15-ին Լոռու մարզի դատարանը ոստիկաններից երկուսին մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով նրանց երեք տարի ազատազրկման և երկու տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, սակայն կիրառել է համաներում, որը նրանց ազատում էր ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց: Լոռու մարզի դատարանը, inter alia, նշել է, որ 1998 թվականի հոկտեմբերի 8-ին առաջին դիմումատուն և նրա եղբայրը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ առաջին դիմումատուն ոստիկանների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի՝ խոստովանական ցուցմունք տալու նպատակով: Երբ առաջին դիմումատուն հրաժարվել է խոստովանական ցուցմունք տալուց, ոստիկաններից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածել է նրան, այնուհետև ապօրինի պահել արգելանքի տակ ոստիկանության բաժանմունքում: Նույն օրն ավելի ուշ ոստիկաններից երկուսը շարունակել են ծեծել առաջին դիմումատուին: Նրանցից մեկը երկու ձեռքով հարվածել է նրա ականջներին, որի արդյունքում նրա ձախ ականջի թմբկաթաղանթը պայթել է: Այնուհետև նրանք իրենց հետ բերել են շիշ և փորձել դիմումատուին նստեցնել դրա վրա: Միևնույն ժամանակ մեկ այլ ոստիկան կողքի սենյակում ծեծել է առաջին դիմումատուի եղբորը, և նա լսել է եղբոր ճիչերը: Հասկանալով, որ ինքն այդ վատ վերաբերմունքից խուսափելու այլ ճանապարհ չունի, առաջին դիմումատուն ընդունել է իր կողմից սպանության կատարումը: Հաջորդ օրը՝ առաջին դիմումատուին դեպքի վայրի զննության տանելուց առաջ, ոստիկաններից մեկը որպես նախազգուշացում մի քանի անգամ հարվածել է նրան: Այնուհետև՝ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին, 16-ին և 19-ին, առաջին դիմումատուն իր խցից տարվել է ոստիկանության բաժանմունք, որտեղ ոստիկանները շարունակել են նրա նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել, որպեսզի վերջինս խոստովանի, որ սպանելուց առաջ բռնաբարել է տուժողին, ինչն առաջին դիմումատուն ստիպված է եղել անել՝ ի վիճակի չլինելով դիմանալ վատ վերաբերմունքին:
19. Այդ դատավճռի դեմ որևէ բողոք չի ներկայացվել:
20. 2004 թվականի սեպտեմբերի 17-ին առաջին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել դատարաններ՝ պահանջելով վատ վերաբերմունքի, ապօրինի կալանքի և ոչ արդարացի դատապարտման հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցում՝ 34 050 000 ՀՀ դրամի չափով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների վրա:
21. Չպարզված օրը տկն Բաղդասարյանը (երկրորդ դիմումատու) որպես համահայցվոր միացել է քաղաքացիական վարույթին՝ պահանջելով առաջին դիմումատուի կողմից պահանջվող նյութական վնասի չափի մոտավորապես կեսը:
22. Չպարզված օրը առաջին դիմումատուն լրացուցիչ հայց է ներկայացրել՝ պահանջելով ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 60 000 000 ՀՀ դրամի չափով: Նա, inter alia, նշել է, որ չնայած մինչ այդ միայն պահանջել է նյութական վնասի փոխհատուցում, իրեն իրականում պատճառվել է ավելի մեծ չափերի ոչ նյութական վնաս: Կոնվենցիայի նախադեպային իրավունքով պահանջվում է, որ նման դեպքերում տրամադրվի ոչ նյութական վնասի փոխհատուցում:
23. 2005 թվականի ապրիլի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը մերժել է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջն այն հիմքով, որ պատճառված վնասի այդ տեսակը չի նախատեսվում Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով: Համայնքային դատարանը մասնակիորեն բավարարել է նյութական վնասի փոխհատուցման պահանջը՝ գտնելով, inter alia, որ, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, առաջին դիմումատուն, որպես «արդարացված», իրավունք ունի պահանջելու ապօրինի ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավվելու և դատապարտման հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցում, և տրամադրել է նրան 6 250 000 ՀՀ դրամ՝ որպես 1998 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2004 թվականի ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում բաց թողնված օգուտ: Երկրորդ դիմումատուին տրամադրվել է 1 500 000 ՀՀ դրամ գումար՝ որպես ճանապարհային, ծանրոցներ ուղարկելու և դատական ծախսերի փոխհատուցում:
24. 2005 թվականի մայիսի 12-ին առաջին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել:
25. 2005 թվականի օգոստոսի 31-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժել է առաջին դիմումատուի վերաքննիչ բողոքը և Համայնքային դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
26. 2005 թվականի սեպտեմբերի 16-ին դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել:
27. 2005 թվականի նոյեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուների վճռաբեկ բողոքը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քաղաքացիական օրենսգիրքը (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից)
28. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով սահմանվում է հետևյալը.
Հոդված 17. Վնասների հատուցում
«1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Վնասներ են՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)...»:
Հոդված 1064. | Պատասխանատվությունը հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար |
«1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։ ...»:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)
29. Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով սահմանվում է հետևյալը.
Հոդված 35. | Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները |
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝
....
2) արարքի մեջ հանցակազմ չկա ...»:
Հոդված 66. Արդարացվածը
«1. Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
...
3. Արդարացվածն իրավունք ունի ... պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները...»:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7 արձանագրության բացատրական զեկույցը (ETS No. 117)
30. Բացատրական զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 3
«22. Այս հոդվածը սահմանում է, որ ոչ պատշաճ արդարադատություն իրականացնելու հետևանքով տուժած անձին պետք է տրամադրվի փոխհատուցում՝ որոշակի պայմաններ բավարարելու դեպքում:
Նախ, տվյալ անձը պետք է հանցագործության համար դատապարտված լինի ուժի մեջ մտած վերջնական որոշման հիման վրա և այդպիսի մեղադրական դատավճռի արդյունքում նա պետք է կրած լինի պատիժ: Համաձայն «Դատավճիռների միջազգային վավերականության մասին» եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ բացատրական զեկույցում տրված սահմանման՝ որոշումը վերջնական է, «եթե, համաձայն ավանդաբար կիրառվող արտահայտության, այն ձեռք է բերում res judicata (օրինական ուժ)»: Սա այն դեպքն է, երբ դատական ակտն անբեկանելի է. այսինքն՝ երբ հետագայում այլևս հասանելի չէ իրավական պաշտպանության որևէ սովորաբար կիրառվող միջոց, կամ երբ կողմերը սպառել են այդպիսի միջոցները կամ առանց դրանցից օգտվելու բաց են թողել դրանց համար սահմանված ժամկետները»: Շարադրվածից հետևում է, որ դատավճիռը ինքնին չի համարվում վերջնական, քանի դեռ ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է որևէ հետագա դատավարական ընթացակարգ: Նմանապես, այս հոդվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մեղադրանքը վերացվում է կամ մեղադրյալն արդարացվում է կա՛մ առաջին ատյանի դատարանի կողմից, կա՛մ բողոքարկման արդյունքում՝ ավելի բարձր դատական ատյանի կողմից: Եթե, այնուամենայնիվ, որևէ այնպիսի պետությունում, որտեղ նախատեսված է այդպիսի հնարավորություն, բողոքարկման համար սահմանված ընդհանուր ժամկետը բաց թողնելուց հետո անձին դեռևս հնարավորություն է տրվում բողոք բերելու, և նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը այդ բողոքի հիման վրա հետագայում վերացվում է, ապա հոդվածը կարող է կիրառվել դրա այլ, մասնավորապես՝ ստորև՝ 24-րդ պարբերությամբ նկարագրված պայմաններին համապատասխան:
23. Երկրորդ, հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռը բեկանվել է, կամ նրան ներում է շնորհվել, երկու դեպքում էլ այն հիմքով, երբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքն անհերքելիորեն ապացուցում է, որ տեղի է ունեցել արդարադատության ոչ պատշաճ իրականացում, այն է՝ դատական գործընթացի այնպիսի լուրջ խախտումներ, որոնք դատապարտվածի համար առաջացրել են ծանր հետևանքներ: Այսպիսով, հոդվածով չի նախատեսվում փոխհատուցում, եթե մեղադրական դատավճիռը բեկանվել է, կամ որևէ այլ հիմքով ներում է շնորհվել: Հոդվածով նաև չի սահմանվում արդարադատության ոչ պատշաճ իրականացումը հաստատելու համար կիրառվող ընթացակարգի բնույթի վերաբերյալ որևէ կանոն: Դա համարվում է համապատասխան երկրի ներպետական օրենսդրությամբ կամ ընդունված պրակտիկայով կարգավորվող հարց: «Կամ նրան ներում է շնորհվել» արտահայտությունը ներառվել է, քանի որ որոշ իրավական համակարգերում, վերջնական որոշում ընդունելուց հետո, որոշակի դեպքերում իրավական պաշտպանության միջոց կարող է լինել ներում շնորհելը և ոչ թե մեղադրական դատավճռի բեկանմանը հանգեցնող իրավական գործընթացը:
24. Եվ վերջապես, այս դրույթով չի տրամադրվում փոխհատուցում, եթե կարող է ապացուցվել, որ չիմացված փաստը ժամանակին չբացահայտելը ամբողջապես կամ մասամբ մեղադրյալի մեղքն է եղել:
25. Բոլոր այն դեպքերում, երբ բավարարվում են այս նախապայմանները, փոխհատուցումը տրամադրվում է «տվյալ պետության օրենքին կամ ընդունված պրակտիկային համապատասխան»: Սա չի նշանակում, որ փոխհատուցում չի տրամադրվում, եթե օրենքով կամ ընդունված պրակտիկայով չի նախատեսվում այդպիսի հնարավորություն: Դա նշանակում է, որ պետության օրենքով կամ ընդունված պրակտիկայով պետք է ապահովվի փոխհատուցման տրամադրումը բոլոր այն դեպքերում, երբ կիրառելի է սույն հոդվածը: Նպատակն այն է, որ պետությունները ստանձնեն անձանց փոխհատուցելու պարտավորություն միայն արդարադատությունը ոչ պատշաճ իրականացնելու հստակ դեպքերում, այն է՝ երբ տվյալ անձը միանշանակ ճանաչվել է անմեղ: Հոդվածով փոխհատուցման իրավունք չի սահմանվում այն դեպքում, երբ բավարարված չեն բոլոր նախապայմանները, օրինակ՝ վերաքննիչ դատարանը բեկանել է մեղադրական վճիռը, քանի որ հայտնաբերել է որոշակի հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են առաջացնում ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ և որոնք անտեսվել են առաջին ատյանի դատարանի կողմից:»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԵՐԿՐՈՐԴ ԴԻՄՈԻՄԱՏՈՒԻ՝ ՏՈՒԺՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
31. Դատարանը նախ անհրաժեշտ է համարում պարզել երկրորդ դիմումատուի՝ տուժողի կարգավիճակ ունենալու հանգամանքը: Այն կրկին նշում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածում օգտագործված «տուժող» եզրույթը վերաբերում է այն անձին, որին ուղղակիորեն վնաս է պատճառվել խնդրո առարկա գործողության կամ անգործության հետևանքով (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վատանն ընդդեմ Ռուսաստանի [Vatan v. Russia], թիվ 47978/99, § 48, 2004 թվականի հոկտեմբերի 7):
32. Սույն գործում միայն առաջին դիմումատուն է ենթարկվել վատ վերաբերմունքի ու կալանքի, ինչպես նաև դատապարտվել է, ինչը հետագայում բեկանվել է: Այսպիսով, Դատարանը համարում է, որ երկրորդ դիմումատուի մասով գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ratione personae (անհատական իրավազորության առումով) անհամատեղելի է դրա դրույթների հետ և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
33. Դատարանը, այսպիսով, կսահմանափակվի գանգատում բարձրացված միայն այն բողոքների քննությամբ, որոնք վերաբերում են առաջին դիմումատուին, ում, պարզության նկատառումից ելնելով, այսուհետ կդիմի որպես «դիմումատու»:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
34. Դիմումատուն բողոքել է վատ վերաբերմունքի, ապօրինի ձերբակալման ու կալանքի և անարդարացի դատապարտման համար իրեն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժելու մասին: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների վրա: Դատարանը գտնում է, որ այս բողոքը պետք է քննվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի և 13-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիային թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը.
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետ
«Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:
Կոնվենցիայի 13-րդ հոդված
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդված
«Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից»:
Ա. Ընդունելիությունը
35. Դատարանը նշում է, որ հարց կարող է առաջանալ, թե արդյոք դատարանն ունի դիմումատուի բողոքի հանգամանքները ժամանակային առումով քննելու իրավազորություն՝ հաշվի առնելով այն, որ նրա նկատմամբ վատ վերաբերմունքին, ապօրինի ձերբակալմանն ու կալանքին, ինչպես նաև անարդարացի դատապարտմանը վերաբերող՝ Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների մասով բողոքները դուրս են Դատարանի ratione temporis (ժամանակային իրավազորության առումով) իրավասությունից (տե՛ս ստորև՝ 55-57-րդ պարբերությունները): Դատարանն, այնուամենայնիվ, նշում է, որ, դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քննությունը, ոստիկանների նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելը և դրան հաջորդող՝ վնասի փոխհատուցման գործընթացները տեղի են ունեցել Հայաստանի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո: Դատարանն, այսպիսով, գտնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի և 13-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի մասով դիմումատուի կողմից ներկայացված բողոքները համապատասխանում են Դատարանի՝ ratione temporis իրավասությանը:
36. Դատարանը նշում է, որ այս բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
37. Կառավարությունը 5-րդ հոդվածի 5-րդ կետի առնչությամբ պնդել է, որ տվյալ հոդվածը ենթադրում է 5-րդ հոդվածի մեկ կամ մի քանի դրույթների խախտումներ, որոնք տվյալ դեպքում բացակայում են: Դիմումատուի ձերբակալումը և կալանքը տվյալ ժամանակահատվածում չեն իրականացվել 5-րդ հոդվածի խախտմամբ, քանի որ ներպետական դատարանները գործել են օրենքին համապատասխան: Տեղի չի ունեցել 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի խախտում, քանի որ դիմումատուն դատապարտվել է իրավասու դատարանի կողմից, ինչպես նաև տեղի չի ունեցել 5-րդ հոդվածի 1-ի կետի «գ» ենթակետի խախտում, քանի որ դիմումատուին ձերբակալելու նպատակն է եղել նրան իրավասու մարմին ներկայացնելը՝ բռնաբարություն և սպանություն կատարելու կասկածանքով: Տվյալ ժամանակահատվածում ներպետական դատարանն իր տրամադրության տակ չի ունեցել այնպիսի ապացույցներ, որոնք կարդարացնեին այլ որոշման ընդունումը: Տեղի չի ունեցել 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, քանի որ դիմումատուն ստորագրել է իր ձերբակալման արձանագրությունն այն օրը, երբ բերման է ենթարկվել ոստիկանություն, հետևաբար նա ակնհայտորեն տեղյակ է եղել իր ձերբակալման պատճառի մասին: Այսպիսով, տեղի չեն ունեցել նաև 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի խախտումներ:
38. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ հետագայում դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռը բեկանելը և նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելը չի ենթադրում, որ նրա ձերբակալումն ու կալանքը անհամատեղելի են եղել 5-րդ հոդվածի հետ, քանի որ դրանք կիրառվել էին այդ հոդվածի պահանջներին համապատասխան և հիմնավոր կասկածի առկայության պայմաններում:
39. Կառավարությունը 13-րդ հոդվածի կապակցությամբ նաև պնդել է, որ պատշաճ փոխհատուցումը հասանելի է եղել դիմումատուին: Մասնավորապես, նոր փաստերի հայտնաբերումից անմիջապես հետո ոստիկանների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, դիմումատուին տրվել է տուժողի կարգավիճակ, ոստիկանները դատապարտվել են, դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ նրա քաղաքացիական հայցը բավարարվել է: Ավելին, Գլխավոր դատախազությունը պաշտոնական գրությամբ հայցել է դիմումատուի ներողամտությունը՝ ոչ պատշաճ ձևով արդարադատություն իրականացնելու համար: Ավելին, սույն գործում առկա փաստերը տարբերվում են Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom](թիվ 27229/95, § 130, ՄԻԵԴ 2001-III) և Կոնտրովան ընդդեմ Սլովակիայի [Kontrová v. Slovakia] (թիվ 7510/04, § 64, 2007 թվականի մայիսի 31) գործերում առկա փաստերից, քանի որ տվյալ գործում չի եղել 3-րդ հոդվածով սահմանված խնդիր:
40. Եվ վերջապես, Կառավարությունը Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի առնչությամբ պնդել է, որ դիմումատուին տրամադրվել է համարժեք փոխհատուցում: Մասնավորապես, նրան տրվել է նյութական վնասի փոխհատուցում, և նա Գլխավոր դատախազությունից ստացել է պաշտոնական ներողություն, որը պետք է համարել ոչ նյութական վնասի համարժեք փոխհատուցում: Ավելին, Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսվում է փոխհատուցման տրամադրում տվյալ երկրի օրենքին և ընդունված պրակտիկային համապատասխան: Այսպիսով, ներողության ձևով տրված փոխհատուցումը, որը նա ստացել է բարոյական վնասի համար, չի եղել կամայական, քանի որ նմանատիպ իրավիճակներում ընդունված է եղել այդպիսի պրակտիկա:
բ) Դիմումատուն
41. Դիմումատուն պնդել է, որ 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները կիրառելի են իր գործի նկատմամբ, և որ իրեն արդարացի փոխհատուցման տրամադրումն այդպիսով առաջնային կարևորության խնդիր է: Ներողությունը, որը նա ստացել է Գլխավոր դատախազությունից, չէր կարող լուրջ ընկալվել, քանի որ պաշտոնական գրության հետ միասին Գլխավոր դատախազն իրեն նվիրել է նաև Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնթե-Քրիստո» գրքի օրինակը: Ցանկացած դեպքում, դժվարությունները, հոգեկան տառապանքը և սուր ֆիզիկական ցավը, որոնք նա կրել է հինգ ու կես տարի, արժանի են ավելի ողջամիտ փոխհատուցման, քան պարզապես ներողությունը: Ավելին, իր ազատազրկման ընթացքում ամեն տարի՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Հայաստանի ոստիկանության կողմից պատրաստված մի հաղորդում, որտեղ հայտարարվել է, որ ինքն ընդունել է իր մեղքը: Այսպիսով, նա շարունակաբար վարկաբեկվել է հասարակության աչքերում, և իր արդարացումից հետո իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել իր համբավը վերականգնելու համար: 2007 թվականին նա ամուսնացել է, բայց դեռևս չի կարողանում երեխա ունենալ: Բժիշկները դա կապում են իր դատապարտման հանգամանքների հետ: Ականջներին հասցված հարվածների հետևանքով նրա մոտ նաև առաջացել է ձախ ականջի թմբկաթաղանթի լորձաթաղանթի միջին հատվածի բորբոքում և լսողության՝ առաջին-երկրորդ կարգի երկկողմանի նեյրոսենսորային կորուստ: Նա դեռ օգտագործում է ցավազրկողներ, և նրա լսողությունը անվերականգնելի է: Այս ամենի համար ներպետական դատարանների կողմից չի տրամադրվել որևէ փոխհատուցում՝ չնայած վատ վերաբերմունքի զոհ դառնալու մասին փաստն արձանագրելուն: Եվ վերջապես, Կառավարության այն փաստարկը, որ իր ձերբակալումն իրականացվել է 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և հիմնված է եղել հիմնավոր կասկածի վրա, անընդունելի է, քանի որ իր վրա հստակորեն տեսանելի են եղել վատ վերաբերմունքի հետքերը: Ավելին, նա դատարանում համառորեն հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և իր դեմ կայացված դատավճիռը բողոքարկել է ավելի բարձր դատական ատյաններում:
2. Դատարանի գնահատականը
42. Դատարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին անդրադառնալ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի, Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի և այնուհետև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներին:
ա) Կոնվենցիայի 13-րդ հոդվածը
43. Դատարանը ևս մեկ անգամ նշում է, որ համապատասխան իրավազորության բացակայության պայմաններում Դատարանն իրավասու չէ քննել ոստիկանությունում դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հանգամանքները, որպեսզի պարզի, թե արդյոք պահպանվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները (տե՛ս ստորև՝ 55-57-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի մեկ այլ դրույթի փաստացի խախտման առկայությունը չի կարող 13-րդ հոդվածի կիրառման նախապայման լինել: 13-րդ հոդվածով երաշխավորվում է ներպետական մակարդակում իրավական պաշտպանության այնպիսի միջոցի հասանելիությունը, և հետևաբար՝ այդ դրույթներին չհամապատասխանելու դեպքում դրա վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը, որն ունակ է կենսագործելու Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների բովանդակությունը՝ անկախ ներպետական իրավական համակարգում դրանց ամրագրման եղանակից: Այսպիսով, 13-րդ հոդվածի կիրառման համար բավարար է, որ անձն ունենա Կոնվենցիայի իմաստով փաստարկելի պնդում (տե՛ս Բոյլը և Ռայսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Boyle and Rice v. The United Kingdom], 1988 թվականի ապրիլի 27, § 52, շարք Ա, թիվ 131):
44. Դատարանը նշում է, որ ոստիկանների կողմից դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի փաստն անհերքելիորեն հաստատվել է ներպետական դատարանների կողմից, մասնավորապես՝ Լոռու մարզի դատարանի 2005 թվականի հունիսի 15-ի դատավճռով, համաձայն որի՝ դատապարտվել են դեպքին մասնակից ոստիկաններից երկուսը (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուն, 13-րդ հոդվածի համաձայն, ներպետական դատարաններում անկասկած ներկայացրել է փաստարկելի պնդում՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկվելու մասին:
45. Ոստիկանների նկատմամբ մեղադրական դատավճիռն ընդունվելուց հետո դիմումատուն, առանձին վարույթ հարուցելու միջոցով, ներկայացրել է քաղաքացիական հայց՝ փոխհատուցման պահանջով, inter alia, ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ վատ վերաբերմունքի համար (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմումատուին չի տրվել, քանի որ փոխհատուցման այդ տեսակը նախատեսված չի եղել ներպետական օրենսդրությամբ:
46. Հետևաբար հարց է առաջանում, թե արդյոք այս համատեքստում 13-րդ հոդվածով պահանջվում է, որ այդպիսի փոխհատուցումը հասանելի լինի: Դատարանը համապատասխան գործերով բավարարում է արդարացի փոխհատուցման պահանջը՝ ցավը, լարվածությունը, անհանգստությունը և վրդովմունքը ճանաչելով որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման հիմք: Ավելի վաղ արձանագրվել է, որ Կոնվենցիայի առավել հիմնարար դրույթներ հանդիսացող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման դեպքում խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում (տե՛ս վերևում հիշատակված՝ Քինանի գործը, § 130, և վերևում հիշատակված՝ Կոնտրովայի գործը, § 64):
47. Տվյալ դեպքում Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման փոխհատուցում չէր նախատեսվում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից:
48. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
բ) Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածը
49. Դատարանը կրկին նշում է, որ Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի նպատակն է փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնք դատապարտվել են ոչ պատշաճ արդարադատություն իրականացնելու հետևանքով այն դեպքերում, երբ դատավճիռը բեկանվել է ներպետական դատարանի կողմից՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Հետևաբար Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի դեռ դատավճիռը չի բեկանվել (տե՛ս Մատվեյեվն ընդդեմ Ռուսաստանի [Matveyev v. Russia], թիվ 26601/02, §§ 38-39, 2008 թվականի հուլիսի 3):
50. Քանի որ տվյալ դեպքում դիմումատուի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանված է եղել, և նա փոխհատուցում ստանալու համար դիմել է Հայաստանի համար Թիվ 7 արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո, ուստի ratione temporis իրավասության պայմանները համարվում են բավարարված (նույն տեղում): Ավելին, Դատարանը կասկած չունի, որ այս հոդվածը կիրառելի է դիմումատուի նկատմամբ, քանի որ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները բավարարված են:
51. Ինչ վերաբերում է Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին համապատասխանության հարցին, Դատարանը գտնում է, որ թեև այս դրույթով երաշխավորվում է փոխհատուցման տրամադրումը տվյալ երկրի օրենսդրությանը կամ ընդունված պրակտիկային համապատասխան, սակայն դա չի նշանակում, որ փոխհատուցում չի վճարվում, եթե ներպետական օրենսդրությամբ կամ ընդունված պրակտիկայով չեն սահմանվում այդպիսի փոխհատուցման վերաբերյալ դրույթներ (տե՛ս նաև Թիվ 7 արձանագրության բացատրական զեկույցի 25-րդ պարբերությունը վերևում՝ 30-րդ պարբերությունը): Բացի դրանից, Դատարանը գտնում է, որ Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի նպատակը ոչ միայն սխալ մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում նյութական վնասի վերականգնումն է, այլ նաև արդարադատության ոչ պատշաճ իրականացման հետևանքով դատապարտված անձին ցանկացած ոչ նյութական վնասի մասով, օրինակ՝ տագնապի, անհանգստության, անհարմարության և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի համար փոխհատուցման տրամադրումն է: Այնուամենայնիվ, սույն գործում նման փոխհատուցում չի տրամադրվել դիմումատուին։
52. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:
գ) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը
53. Դատարանը նշում է, որ այս պահանջը կապված է վերևում ուսումնասիրված պահանջի հետ, ուստի նույնպես պետք է ընդունելի ճանաչվի:
54. Հաշվի առնելով Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի վերաբերյալ իր դիրքորոշումը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը)՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա քննելու, թե արդյոք այս գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
55. Դիմումատուն բողոքել է նաև, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի, ապօրինի ձերբակալման ու կալանքի, ինչպես նաև անարդարացի դատապարտման հետևանքով խախտվել են 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված երաշխիքները:
56. Դատարանը վերահաստատում է, որ միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի համաձայն Կոնվենցիայի դրույթները պարտադիր չեն Պայմանավորվող կողմի համար այն գործողությունների կամ փաստերի կամ այնպիսի իրավիճակների մասով, որոնք տեղի են ունեցել մինչև տվյալ Կողմի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելը (տե՛ս Բլեշիչն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Blečić v. Croatia [GC]], թիվ 59532/00, § 70, ՄԻԵԴ 2006-III): Դատարանը նշում է, որ բողոքի առարկա դարձած իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից, մասնավորապես՝ 2002 թվականի ապրիլի 26-ից առաջ:
57. Հետևաբար գանգատի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ratione temporis անհամատեղելի է դրա դրույթների հետ և պետք է մերժվի՝ 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
58. Վերջապես, դիմումատուն նույն հոդվածների ներքո բողոքել է այն մասին, որ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ իր պահանջն ամբողջությամբ չի բավարարվել:
59. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այս բողոքի վերաբերյալ իր իրավասության սահմանները՝ Դատարանը գտնում է, որ այդ նյութերով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ առերևույթ դեպք: Հետևաբար Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ գանգատի այս մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
60. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
61. Դիմումատուն պահանջել է 34 000 000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, որը ներառում է իր ծախսերը և բաց թողնված օգուտը: Այնուհետև նա պահանջել է 274 959 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
62. Կառավարությունը պնդել է, որ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմումատուի պահանջը հիմնավորված չէ և, ըստ էության, արդեն իսկ բավարարվել է ներպետական դատարանների կողմից, և որ ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ նրա պահանջը անհիմն է:
63. Դատարանը չի տեսնում որևէ պատճառահետևանքային կապ արձանագրված խախտումների և պահանջվող նյութական վնասի միջև, հետևաբար Դատարանը մերժում է այդ պահանջը: Մյուս կողմից, Դատարանը դիմումատուին տրամադրում է 30 000 եվրո՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
64. Դիմումատուն նաև պահանջել է 1 000 000 ՀՀ դրամ՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար՝ ներառյալ իրավաբանական, թարգմանչական և փոստային ծառայությունների ծախսերը:
65. Կառավարությունը հայտնել է, որ դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջն ամբողջովին չի հիմնավորվել:
66. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ դիմումատուին տրամադրվում է ծախսերի ու ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և ողջամիտ իրենց ծավալներով: Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերևում նշված չափանիշները՝ դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 500 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
67. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է դիմումատուի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժելու վերաբերյալ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի և 13-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի մասով ներկայացված բողոքներն ընդունելի, իսկ գանգատը մնացած մասով՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի մասով ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմումատուն պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 500 եվրո (հինգ հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հունիսի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սանտիագո Քեսադա Քարտուղար |
Ջուսեփ Կասադևայ Նախագահ |