Գլխավոր տեղեկություն
Номер
N 13
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (05.04.2017-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2017
Дата вступления в силу
05.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 30 մարտի 2017 թվականի N 13

2. Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 1) N 1 հավելվածի 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Հաշվի առնելով ամենամյա ծրագրի 5-23-րդ կետերում ներկայացված զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրում և զբաղվածության ռազմավարության մեջ սահմանված նպատակներն ու թիրախները` 2017 թվականի համար առանձնացվում են հետևյալ խնդիրները՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, գործազրկության բարձր մակարդակը.

2) աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված՝ առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակը.

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարությունները.

4) կանանց շրջանում գործազրկության միջին հանրապետական ցուցանիշից բարձր մակարդակը.

5) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը.

6) Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության բարձր մակարդակը:

Հայաստանի աշխատանքի շուկային բնորոշ է նաև աշխատանքային միգրացիայի բարձր ցուցանիշը:

Նշված հիմնախնդիրների լուծմանն են միտված ամենամյա ծրագրի 26-րդ կետում ներառված ծրագրերն ու ծառայությունները:

25. Ամենամյա ծրագրում ներառված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերն ըստ բնույթի բաժանվում են`

1) ծրագիր, որի մեկնարկը հանդիսանում է բոլոր շահառուների աշխատանքի տեղավորումը («Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»).

2) ծրագրեր, որոնց ավարտից հետո որոշակի ժամանակահատվածում (3 ամսվա ընթացքում) ակնկալվում է շահառուների մի մասի աշխատանքի տեղավորում կամ ինքնազբաղվածության ապահովում («Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում», «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում»)։

26. Ամենամյա ծրագրում ներառված են ստորև ներկայացված ծրագրերը և ծառայությունները՝

1) Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, ինչպես նաև աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք,

գ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից շահառուների համար կազմակերպվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսուցում՝ մինչև 6 ամիս տևողությամբ, վերամասնագիտացում և որակավորման բարձրացում` մինչև 3 ամիս տևողությամբ,

դ. մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված՝ աշխատանք փնտրող անձին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ,

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 10 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 25 տոկոս,

է. 2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 72.75 տոկոս:

Ծրագրի իրականացման կարգի փոփոխություններով նախատեսվում է, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կկազմակերպի շահառուների մասնագիտական ուսուցում՝ մինչև 3 ամիս, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար՝ առավելագույնը 6 ամիս տևողությամբ, անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող ուսումնական հաստատությունում կամ կազմակերպությունում՝ հիմք ընդունելով առաջադրված դասընթացի պատվերն ապահովող լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննության դրական արդյունքները: Ամենամյա ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցները նախատեսված են միայն կրթաթոշակի վճարման համար.

2) Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են,

գ. ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործազուրկին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին վճարվում է նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափը, ինչպես նաև գործատուին տրամադրվում է գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար,

դ. ծրագրի տևողությունը 3 ամիս է,

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 22 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 32 տոկոս,

է. 2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 96 տոկոս:

Ծրագրի իրականացման կարգի փոփոխություններով 2017 թվականին նախատեսվում է մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվող աշխատավարձի հավելման համար գումար չհատկացնել.

3) Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

ա. ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով, մի կողմից` աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության ապահովումն է, իսկ մյուս կողմից` գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրման ապահովումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատանք փնտրողները և գործատուները,

գ. ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:

2016 թվականի առաջին կիսամյակում նախատեսված աշխատանքի 6 տոնավաճառի փոխարեն կազմակերպվել է 3 տոնավաճառ, և ծրագրի կատարողականը կազմել է 50 տոկոս.

դ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 20 տոկոս.

4) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում

ա. ծրագրում ներառված են հետևյալ 2 ենթածրագրերը`

- աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

- աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

Նշված երկու ենթածրագրերն աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ՝ առանձին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 հավելվածի պահանջները,

բ. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը,

գ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

դ. աշխատանքի վայրում անմրցունակ անձի կողմից որոշակի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում՝ 200 հազ. դրամի չափով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար՝ մինչև 500 հազ. դրամի չափով:

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 10 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 40 տոկոս:

Ծրագրի իրականացման կարգի փոփոխություններով 2017 թվականին նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցման չափը տարբերակել ըստ աշխատաշուկայում անմրցունակ անձանց կատեգորիաների՝ 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամ:

2016 թվականի առաջին կիսամյակում առաջին ենթածրագրի կատարողականը կազմել է 92.5 տոկոս, երկրորդ ենթածրագրի կատարողականը` 31.4 տոկոս.

5) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում

ա. ծրագրի նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, (տեսողության կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրում ընդգրկելիս՝ հաշվի է առնվում ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը),

գ. հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ ուղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն՝ մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների 40 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

ե. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 30 տոկոս:

2016 թվականի առաջին կիսամյակում ծրագիրը կատարվել է 67.5 տոկոսով.

6) Գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակն աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում, մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է,

բ. ծրագրի շահառուներն են գործազուրկները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք,

գ. ծրագրի շրջանակներում շահառուներին փոխհատուցվում են հետևյալ ծախսերը՝

- շահառուի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսը,

- շահառուի և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը,

- մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսը,

- միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,

- ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով,

- աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից մինչև կրկնապատիկի չափով, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հուլիսի 3-ի N 82-Ա/1 հրամանով,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 5 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

ե. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 75 տոկոս:

2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 37.5 տոկոս.

7) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,

բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ անձինք,

գ. ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և դրա իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունը մեկ տարի անընդմեջ, ըստ անհրաժեշտության, աշխատում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն ստացած շահառուի հետ,

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 16 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

ե. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 90 տոկոս:

Քանի որ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով կազմակերպության կողմից իրականացվող աջակցության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսված չէին, ծրագրի գնման գործընթացը կազմակերպվել է 2016 թվականի առաջին կիսամյակում, արդյունքում` ծրագրի կատարողականը կազմել է 12.8 տոկոս:

2016 թվականին ծրագիրը լրացվել է նոր` «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» բաղադրիչով (ենթածրագիր 2), որը կնպաստի հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, փոքր ձեռնարկատիրության զարգացմանը, վերադարձող միգրանտներին իրենց հիմնական բնակավայրերում վերաինտեգրմանը:

Ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 90 տոկոս:

2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 70.0 տոկոս.

8) Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումն է` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. անմրցունակ անձանց, որոնց զբաղվածության տարածքային կենտրոնն առնվազն երեք ամսվա ընթացքում չի տեղավորում հարմար աշխատանքի, որպես աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորություն, տրամադրում է աջակցություն համապատասխան փոխհատուցման հավաստագրի միջոցով` ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու համար,

դ. փոխհատուցման հավաստագրի միջոցով փոխհատուցումը տրամադրվում է այն ոչ պետական կազմակերպություններին, որոնք նախարարության հետ համագործակցելու նպատակով ստորագրել են համագործակցության հուշագիր, հաշվառված և ներառված են նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում,

ե. անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելու նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցման հավաստագրի արժեքը վճարվում է փուլերով, մասնավորապես, գումարի ընդհանուր արժեքի`

- 5 տոկոսը փոխանցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձի հետ աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելուց հետո,

- 70 տոկոսը ոչ պետական կազմակերպությանն է փոխհատուցվում՝ վերջինիս կողմից անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո,

- 25 տոկոսը փոխանցվում է ոչ պետական կազմակերպությանը՝ անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ,

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 20 տոկոս:

2016 թվականին ծրագրում շահառու չի ընդգրկվել.

9) Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

ա. ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով գյուղացիական տնտեսություններին աջակցելը,

բ. ծրագրի շահառուները գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է`

գյուղացիական տնտեսության` բնական պատճառներով ստացած վնասների վերականգնման համար,

բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում,

դ. հող օգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

- ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ,

- ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,

- ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է,

ե. ծրագիրը կազմակերպում և իրականացնում է գործակալությունը` նախարարության, մարզպետարանի, գյուղական համայնքների, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնակցությամբ և գործուն աջակցությամբ,

զ. 2017 թվականից նախատեսվում է ծրագրի շրջանակներում անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, հողի գնահատում, մշակաբույսի ընտրություն, ծրագրի և ժամանակացույցի կազմում, մոնիթորինգի իրականացում և հաշվապահական հաշվառման վարման ծառայություններ) իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունը մեկ տարի անընդմեջ, ըստ անհրաժեշտության, պետք է աշխատի աջակցություն ստացած շահառուի հետ:

2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 359.5 տոկոս.

10) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում

ա. դրամական օգնության տրամադրման նպատակն է անմրցունակ անձանց ակտիվացումը, ինքնուրույն աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը,

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,

գ. դրամական օգնությունն անմրցունակ անձանց տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 18 հավելվածում ներկայացված չափերին համապատասխան` գործատուին այցելելու հետ կապված տրանսպորտային, ինքնակենսագրության կազմման, գործատուին պատշաճ մակարդակով ներկայանալու նպատակով իրականացվող ծախսերի որոշակի մասը փոխհատուցելու համար,

դ. ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է,

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 15 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք,

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 25 տոկոս:

2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 161.5 տոկոս.

11) Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում

ա. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելը.

բ. ծրագրի շահառուները գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք են:

2016 թվականի առաջին կիսամյակում ծրագրի կատարողականը կազմել է 133.3 տոկոս.

12) Մասնագիտական կողմնորոշման, համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայություններ

ա. ծրագրի նպատակը հանրակրթության ոլորտում, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների մասնագիտական կողմնորոշման, անձի ինքնագնահատման, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողությունների զարգացմանն ուղղված մեթոդաբանության, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման, հանրային իրազեկման ապահովումն է,

բ. ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների համապատասխան մասնագետները:

27. Գործակալությունը զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում տրամադրում է նաև հետևյալ հիմնական ծառայությունները`

1) աշխատանք փնտրող անձին անհրաժեշտ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում և հաշվառում, կայուն զբաղվածության ապահովման նպատակով կարիքների գնահատում և անհատական ծրագրի կազմում.

2) գործատուներին անհրաժեշտ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում.

3) գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացում և հավաքագրում.

4) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

5) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն.

6) աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի, գործակալության հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի վարում.

7) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, հատկապես, նպաստառու ընտանիքների գործունակ և աշխատանքային տարիքի հասած, գործազուրկ անդամների հետևողական ներգրավումը կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերում.

8) զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի և ծառայությունների հանրային իրազեկում:

28. Հաշվի առնելով զբաղվածության և մակրոտնտեսական ցուցանիշների ընդհանուր դինամիկայի կանխատեսումները Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանվել են ամենամյա ծրագրի արդյունքային ցուցանիշների թիրախային արժեքները, մասնավորապես`

1) ծրագրերում ներառված՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման աճ՝ առնվազն կրկնակի չափով` նախորդ տարվա համեմատ.

2) գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների առնվազն 15 տոկոսի աշխատանքի տեղավորում.

3) կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակցի ապահովում` առնվազն 55.2 տոկոս կամ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացման արդյունքում առնվազն 4650 անձի կայուն զբաղվածության ապահովում.

4) գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճ՝ առնվազն 5 տոկոսով` նախորդ տարվա համեմատ.

5) գործակալության տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ՝ առնվազն 5 տոկոսով` նախորդ տարվա համեմատ:».

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն արձանագրային որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով շահառուների մասնագիտական ուսուցումը կազմակերպելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի նիստի N 13
արձանագրային որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 30-ի նիստի N 13
արձանագրային որոշման