Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 ապրիլի 2016 թվականի N 13
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 34 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն աշխատակազմ ներկայացնել Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրի միջոցառումների իրականացման 2016-2020 թվականների ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի նիստի «Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման N 2 հավելվածի 16-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Մշակել Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագիր» բառերով.
2) «Մշակված է Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիրը» բառերը փոխարինել «Մշակված է Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագիրը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի նիստի N 13 |
I. Ներածություն
1. 1925թ. «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող և այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» ժնևյան արձանագրությունները լրացնելու նպատակով միջազգային հանրության գործադրած երկարատև ջանքերի շնորհիվ, 1972թ. ապրիլի 10-ին ստորագրման ներկայացվեց «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է Կենսաբանական զենքի կոնվենցիա անվանումով (այսուհետ՝ ԿԶԿ): ԿԶԿ-ն զինաթափման մասին առաջին բազմակողմ պայմանագիրն էր, որն արգելում էր զենքի մի ամբողջ կատեգորիայի արտադրությունը և օգտագործումը: Այն ուժի մեջ մտավ 1975թ.: Վերջին քսանամյակում բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը (1994թ. հունիսի 7-ին), միացել են սույն կոնվենցիային՝ կարևորելով կոնվենցիայի հետագա ամրապնդումը և դրա դրույթների ամբողջական իրագործումը, ինչպես նաև այն որակելով որպես զանգվածային ոչնչացման զենքի (այսուհետ ԶՈԶ) չտարածման նպատակների կենսական գործիք:
2. Կոնվենցիայի նախաբանում նշվում է, որ մասնակից պետությունները, համոզված լինելով, որ մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր գործոններ պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելումն ու այդ զենքի ոչնչացումը բոլոր արդյունավետ միջոցներով խթան կհանդիսանա խիստ և միջազգային մշտական վերահսկողության ներքո իրականացվող համընդհանուր և ամբողջական զինաթափման գործընթացի համար պայմանավորվում են սույն կոնվենցիայի դրույթների շուրջ:
3. Կենսաբանական անվտանգության ապահովումը, որի անբաժան մասն է կազմում կենսաբանական ահաբեկչության կանխարգելումը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այն նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը: 2015թ. մշակվել է Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության նախագիծը, որը խթան կհանդիսանա կենսաբանական ոլորտի զարգացմանը: Վերոնշյալ փաստաթոսղթը ամրագրում է պետության կենսաբանական անվտանգության ապահովման ընդհանուր դրույթները, սկզբունքները, խնդիրներն ու կենսաբանական անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Դրա հետ մեկտեղ այդ գործողությունների կիրառման մեխանիզմներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև մշակել տվյալ դրույթների իրականացման (գործողությունների) ծրագիր:
II. Ծրագրի նպատակները
4. Սույն ծրագիրը նպատակաուղղված է մշակել Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ազգային ծրագիր՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները, ինչպիսիք են իրավական համակարգը, միջազգային պայմանագրային դաշտը, ինչպես նաև բնակլիմայական պայմանները, վտանգավոր վարակների բնական օջախները, վարակիչ հիվանդությունները և կենսաբանական այլ վտանգներն ու սպառնալիքները:
5. ԿԶԿ IV հոդվածը պահանջում է յուրաքանչյուր մասնակից պետության կողմից ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոց` արգելելու և կանխելու իրենց իրավասության տակ գտնվող որևէ մեկի կողմից կենսաբանական զենքի զարգացումը, արտադրությունը, կուտակումը, ձեռքբերումը, պահպանումը, փոխանցումը կամ օգտագործումը, ինչպես նաև ձեռնարկել զուգահեռ միջոցներ` կանխելու թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման քաջալերումը, դրդումը և օժանդակումը: Նման բարդ խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ճշգրիտ մանրամասները թողնվել են մասնակից երկրների հայեցողությանը: Ազգային տարբեր առանձնահատկությունները և իրավական համակարգերը կարիք ունեն տարբեր մոտեցումների՝ Կոնվենցիայի դրույթների իրականացման համար: ԿԶԿ-ն նաև հուշում է, որ այդ ազգային միջոցները պետք է իրականացվեն այնպես, որ անհարկի չընդհարվեն կենսաբանական գիտության խաղաղ, կանխարգելիչ կամ պաշտպանական նպատակով օգտագործման հետ կամ չխոչընդոտեն մասնակից պետության տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը:
6. ԿԶԿ արգելման ազգային ծրագրի մշակման նպատակն է ստեղծել կենսաանվտանգության կայուն և համապարփակ համակարգ՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներին և ռիսկերին դիմակայելու, ինչպես նաև՝ մարդու/բնակչության, շրջակա միջավայրի էկոհամակարգի, արտադրական և հասարակական կառուցվածքի վրա կենսաբանական վտանգի ազդեցության ռիսկի նվազեցման նպատակով, այդ թվում`
1) ՀՀ օրենսդրության կիրառման, դրա կատարելագործման ապահովումը,
2) ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, ԿԶԿ պահանջների ապահովումը` ԶՈԶ-ի տարածման դեմ պայքարի շրջանակներում,
3) կենսաբանական անվտանգության համակարգի ստեղծումը, ամրապնդումն ու կատարելագործումը,
4) հակաահաբեկչական գործունեության արդյունավետության բարձրացումը,
5) կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի աղբյուրների և օջախների առաջացման կանխարգելումը,
6) բնակչության և էկոհամակարգի պաշտպանվածության բարձրացումը՝ ապահովելով ախտածին միկրոօրգանիզմների հաշվառումը, կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը դրանց արտադրության, օգտագործման, պահպանման և տեղափոխման ժամանակ,
7) ԿԶԿ պահանջների իրականացումն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերանայումը` համապատասխանեցնելով միջազգային պահանջներին:
III. Ծրագրի մշակման իրավական նախադրյալները
7. Սույն ծրագրի մշակման առաջնային իրավական նախադրյալն է ԿԶԿ-ն, ինչպես նաև դրա գործողությունների վերանայման կոնֆերանսների ընթացքում ընդունված որոշումները: Այդ դրույթները նաև ընդգրկվել են ՀՀ օրենսդրությունում և գերատեսչական ակտերում1 :
IV. Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման, արտադրության եվ կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի պահանջները
8. Համաձայն ԿԶԿ 1-ին հոդվածի, մասնակից երկրները պարտավորվում են երբեք և ոչ մի հանգամանքում չմշակել, չարտադրել, չկուտակել կամ այլ կերպ ձեռք բերել կամ պահպանել այնպիսի մանրէաբանական կամ այլ կենսաբանական և թունավորող գործոններ` անկախ դրանց ծագումից, արտադրության մեթոդից, տեսակից և քանակից, որոնք նախատեսված չեն կանխարգելիչ, պաշտպանիչ կամ այլ խաղաղ նպատակների համար, ինչպես նաև այնպիսի զենքեր, սարքավորումներ կամ առաքման միջոցներ, որոնք նախատեսված են թշնամական նպատակներով կամ զինված հակամարտություններում այդ նյութերի օգտագործման համար:
Ելնելով սույն հոդվածի պահանջներից անհրաժեշտ է՝
1) մշակել և կատարելագործել կենսաբանական զենքի ստեղծման, տարածման և նրա միջոցների նկատմամբ հսկողության մեխանիզմները` համաձայն միջազգային մոտեցումների և պահանջների:
2) կենսաբանական անվտանգության ոլորտում գործող սուբյեկտների հետ համատեղ մշակել համապատասխան անվտանգության և պահպանման մեխանիզմներ` նշելով սուբյեկտների պատասխանատվության շրջանակները:
3) մշակել և ընդունել արդյունավետ մեթոդներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ՝ ՀՀ բնակչությունն ու տնտեսությունը կենսաբանական վտանգներից և վտանգավոր կենսաբանական գործոնների ներգործությունից պաշտպանելու համար:
9. Կոնվենցիայի 4-րդ հոդվածում խոսվում է իրականացման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ և մասնավորապես նշվում, որ յուրաքանչյուր մասնակից պետություն` իր սահմանադրական ընթացակարգերին համապատասխան, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված` իր տարածքում, ինչպես նաև իր իրավասության կամ հսկողության տակ գտնվող բոլոր մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող գործոնների, զենքերի, սարքավորումների և առաքման միջոցների մշակման, արտադրության, կուտակման կամ պահպանման արգելման և կանխման ուղղությամբ:
Սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ազգային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է`
1) բարձրացնել բնակչության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը` օգտագործելով լրատվամիջոցները, հրատարակելով համապատասխան տեղեկատվական նյութեր և այլն,
2) ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` ԿԶԿ դրույթների իրականացման գործընթացն ապահովելու համար,
3) ապահովել կենսաբանական ոլորտում գործող լաբորատորիաների և նրանց տրամադրության ներքո գտնվող կենսաբանական ազդակների (ագենտների)2 հաշվառումը (գույքագրումը)` իրականացնելով դրանց վերաբերյալ համապարփակ վերլուծություն,
4) մշակել և համալրել կենսաբանական անվտանգության բնագավառում գործող օրենքները, կանոնակարգերը և այլ իրավական ակտերը` անհրաժեշտության պարագայում հանդես գալով նոր օրենսդրական նախաձեռնությամբ:
10. Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է մասնակից պետություններից խորհրդակցել միմյանց հետ և համագործակցել ցանկացած խնդրի շուրջ, որը կարող է ծագել Կոնվենցիայի նպատակների կամ Կոնվենցիայի դրույթների կիրառման առնչությամբ: Սույն հոդվածով նախատեսված համագործակցությունը կարող է իրականացվել նաև ըստ սահմանված միջազգային կարգի` Միավորված ազգերի կազմակերպության գործառույթների շրջանակներում և համաձայն դրա Կանոնադրության:
Անհրաժեշտ գործողությունները ներառում են՝
1) խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի սպառազինության հարցերով ժնևյան գրասենյակում գործող Կենսաբանական զենքի կոնվենցիայի իրականացման աջակցության ստորաբաժանման հետ` վերջինիս ներկայացնելով կոնվենցիայի կիրառման վերաբերյալ զեկույցներ և հայտարարագրեր3 ,
2) համագործակցություն և համատեղ ծրագրերի իրականացում կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների (օրինակ ԵՄ Գերազանցության կենտրոններ) հետ. համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում,
3) միջազգային, տարածաշրջանային և տեղական հասարակական կազմակերպությունների ներգրավում` ըստ անհրաժեշտության,
4) փոխշահավետ համագործակցության զարգացում երկկողմ հարթակում. համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում,
5) կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում գործող բոլոր կառույցների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների) համակարգված համագործակցության ապահովում: Այդ համագործակցությունը կհամակարգի միջգերատեսչական հանձնաժողովը:
6) Կենսաբանական անվտանգության ոլորտում յուրաքանչյուր կառույցի գործառույթների և լիազորությունների հստակեցումը, դրանց համագործակցության մեխանիզմների մշակումը:
11. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է աջակցություն ցուցաբերել այն ակնկալող ցանկացած այլ մասնակից պետությանը, երբ վերջինս վտանգի է ենթարկվել Կոնվենցիայի դրույթների խախտման հետևանքով:
1) շահագրգիռ կողմերի հետ պետական և դիվանագիտական խողովակներով իրականացնել տեղեկատվության փոխանակում` նպատակ ունենալով պատկերացում կազմել տվյալ երկրում առաջացած կենսաբանական վտանգի վերաբերյալ,
2) շահագրգիռ կողմերի հետ համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում,
3) հարկ եղած պարագայում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել համատեղ վարժանքներ և վերապատրաստման դասընթացներ:
12. Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, ըստ էության, նշում է, որ բոլոր դրույթները պետք է իրականացնել այնպես, որպեսզի խրախուսեն կենսաբանական գիտության և տեխնոլոգիաների խաղաղ նպատակով օգտագործումը:
Սույն հոդվածի իրականացման համար անհրաժեշտ է՝
1) ապահովել գործող լաբորատորիաների (պետական և ոչ պետական) հավաստագրումը միջազգային չափանիշներին համապատասխան,
2) խրախուսել լաբորատորիաներում կենսաանվտանգության ոլորտի մասնագետների ներգրավումը,
3) մշակել և ներդնել հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների (կենսաբանական) ազդակների հետ աշխատող անձանց վստահելիության (հուսալիության) գնահատման և ստուգման համակարգ:
13. ԿԶԿ 9-րդ հոդվածն անդրադառնում է քիմիական զենքին և նշում, որ Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն հաստատում է իր վճռական դիրքորոշումը քիմիական զենքի համընդհանուր արգելման գործում և, այս առնչությամբ, պարտավորվում է բարեխղճորեն շարունակել բանակցություններն այդ զենքի մշակմանն, արտադրությանն ու կուտակմանն, ինչպես նաև դրա ոչնչացմանն ուղղված արդյունավետ միջոցների և ռազմական նպատակներով քիմիական նյութերի օգտագործման կամ արտադրության համար նախատեսված սարքավորումների և առաքման միջոցների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման նպատակով:
1) Քիմիական զենքի կոնվենցիայի ՀՀ Ազգային մարմինը յուրաքանչյուր տարի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն է ներկայացնում հայտարարագրեր կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ:
14. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են սատարել և լիարժեք իրավունքով մասնակցել մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր գործոնների խաղաղ նպատակներով օգտագործմանն առնչվող սարքավորումների, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության լայնածավալ փոխանակման գործընթացին: Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են համագործակցել միմյանց կամ միջազգային կազմակերպությունների հետ նաև մանրէաբանության (կենսաբանության) ոլորտի հետագա զարգացման և այդ ոլորտում կատարվող հայտնագործությունների կիրառման շուրջ` հանուն վարակների կանխման և այլ խաղաղ նպատակների: Ավելին, Կոնվենցիայի դրույթների իրականացումը չպետք է խոչընդոտ հանդիսանա մասնակից պետությունների գիտական կամ տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև խաղաղ նպատակներով մանրէաբանական (կենսաբանական) նյութերի կիրառման ոլորտում միջազգային համագործակցության համար` ներառյալ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրականացվող մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր գործոնների, ինչպես նաև դրանց մշակման, օգտագործման կամ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների փոխանակումը հանուն խաղաղ նպատակների:
Սույն հոդվածի կատարման համար անհրաժեշտ է՝
1) աջակցություն ցուցաբերել մասնագիտացված լաբորատորիաներին գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործում, նոր մեթոդոլոգիաների մշակման հարցում,
2) խրախուսել և աջակցել լաբորատորիաների և կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսներին, աշխատաժողովներին ու դասընթացներին, ինչպես նաև դրանց շրջանակներում կազմակերպվող գիտական փորձերին,
3) աշխատանքներ տանել պարտադիր հետազոտությունների ստանդարտների և լաբորատոր ցանցի ստեղծման համար,
4) զարգացնել և ամրապնդել լաբորատոր կարողությունները,
5) չխոչընդոտելով օրինական գիտական հետազոտությունները` ուժեղացնել հսկողությունը երկակի նշանակության օգտագործման կենսատեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև կենսատեխնոլոգիական արտադրանքի հնարավոր վտանգավոր կիրառումը բացառելու նպատակով այդ ոլորտում գործող կանոնների և ընթացակարգերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
6) կենսատեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունների, գյուտարարության և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը,
7) հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների ազգային պահոցի /շտեմարանի/ ստեղծումը, պաթոգեն միկրոօրգանիզմների շտամների պահպանման այնպիսի ձևերի ընտրությունը, որոնք միաժամանակ կապահովեն հավաքածուի անվտանգությունը, միկրոօրգանիզմների կենսաապահովությունը և նրանց աճեցման և երկարատև պահպանման օպտիմալ պայմանները.
V. Եզրակացություն
15. Սույն ծրագրով նախատեսված գործողությունների իրականացումը պահանջում է համակարգված և շարունակական ջանքեր` պատասխանատու մարմիններից և ծրագրի տարբեր գործողությունների իրականացման մեջ ներգրավված մասնակիցների կողմից: ԿԶԿ դրույթներից բխող գործողությունների ծրագրի իրականացման պատասխանատուներն են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը: Ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման գործում իրենց դերակատարումն են ունենալու նաև ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները, որոնք կկազմակերպեն սեմինարներ, կլոր սեղաններ, ճեպազրույցներ, և այլն` իրականացման գործընթացում պատասխանատու օղակների ներգրավումն ապահովելու նպատակով:
16. Այսպիսով, կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի ազգային ծրագրի ներդրմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած և միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացումն ու լուրջ նախադրյալներ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում: