ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
|
N 1699-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻՋԻԹԵՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԻՇԽ-002 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 01/6-3/64599-2023 գրությունը, համաձայն որի՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայի համար հերթական տարեկան պետական տուրքը (600.000.000 ՀՀ դրամ) վճարվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ի փոխարեն 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված 450.000 ՀՀ դրամը տույժի գումարը վճարվել է 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, և ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ պետական տուրքի, հարկերի և վճարների գծով պարտավորություններ չունի, 2023 թվականի նոյեմբերի 8-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Արձանագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 24-ին «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. Տեղեկացնել, որ լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքն, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
10/11/2023 |
Կ. ՍԱՐԳՍՅԱՆ |