ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» նոյեմբեր 2023 թ. |
N 63-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 93-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 1-ին և 6-րդ կետերից հանել «18 տարեկան և բարձր տարիքի անձանց» բառերը.
2) հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել 3-րդ և 4-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.
«3) հղիների հսկողություն իրականացնող կանանց կոնսուլտացիաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կազմում գործող),
4) երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոններում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կազմում գործող):».
3) հավելվածի 9-րդ կետի «բժշկական քարտում» բառերից հետո լրացնել «և երեխայի (տղա) բժշկական հսկողության ամբուլատոր քարտում, երեխայի (աղջիկ) բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» բառերը.
4) հավելվածի 10-րդ կետի «բժշկական քարտի» բառերից հետո լրացնել «և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի» բառերը.
5) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ըստ մակարդակների: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները (այսուհետ` մակարդակներ) սահմանվում են (մակարդակավորումը կատարվում է) ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների` հիմք ընդունելով Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջները ու պայմանները, բացառությամբ սույն կարգի 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների:».
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 23.1-րդ կետով.
«23.1. Բժշկական օգնության և սպասարկման տեսակների նեղ մասնագիտական առանձնահատկություններից և տվյալ տեսակների բժշկական օգնությունն ու սպասարկումը ողջ ծավալով իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով` այդ տեսակների համար մակարդակները սահմանվում են` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից սահմանված պահանջները: Այդ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են`
1) մանկաբարձագինեկոլոգիական,
2) մանկաբուժական:».
7) հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) Բժշկական հաստատության ղեկավարը` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում, գրավոր դիմում է ներկայացնում լիազոր մարմին` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար մակարդակ ստանալու նպատակով:».
8) հավելվածի 25-րդ կետում «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները տրամադրում է Առողջապահության նախարարը» բառերը փոխարինել «Մակարդակները տրամադրում է լիազոր մարմինը» բառերով.
9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1-րդ և 25.2-րդ կետերով.
«25.1. Մակարդակները տրամադրվում են հետևյալ պայմաններով`
1) մակարդակները կարող են վերագնահատվել սույն կարգի 29-րդ կետով սահմանված մակարդակ տրամադրելու հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` յուրաքանչյուր տարին մեկ,
2) մակարդակները կարող են վերագնահատվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ամփոփված արդյունքների կամ ավարտված վարչական վարույթի արդյունքների հիման վրա` սույն կարգի 23-րդ կետով սահմանված պահանջների ու պայմանների և 23.1-րդ սահմանված մակարդակների պահանջների խախտման դեպքում:
25.2. Մակարդակների վերագնահատումն իրականացվում է լիազոր մարմնի նախաձեռնությամբ` սույն կարգի 25-րդ, 25.1-րդ կետերով, 27-րդ կետի 1-ին ենթակետով, 28-րդ-30-րդ կետերով սահմանված ընթացակարգով:».
10) հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետի «քաղաքականության վարչության» բառերից հետո լրացնել «(ելնելով գնահատման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակից կամ ծառայությունից), մոր և մանկան առողջության պահպանման վարչության (ելնելով գնահատման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակից կամ ծառայությունից)» բառերը.
11) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումը լիազոր մարմին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի հրամանով`
1) ստեղծվում է Հանձնաժողով, հաստատվում է Հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև սահմանվում են Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման աշխատանքների իրականացման և արձանագրության ներկայացման ժամկետները, կամ
2) մերժվում է դիմումը, եթե բժշկական հաստատությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիա:».
12) հավելվածի 28-րդ կետում «պահանջները ու պայմանները» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակները գնահատելու համար` լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները» բառերը.
13) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-րդ, 28.2-րդ և 28.3-րդ կետերով.
«28.1. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արդյունքներով Հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Արձանագրությունը ստորագրում է նաև բժշկական հաստատության ղեկավարը, ում պատշաճ ծանուցմամբ հանձնվում է արձանագրության պատճենը և առկա է ծանուցումը հասցեատիրոջ կողմից ստանալու վերաբերյալ ապացույցը (հավաստումը):
28.2. Բժշկական հաստատության ղեկավարի գրավոր դիմումի համաձայն Հանձնաժողովի կողմից կազմված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը կարող է վերանայվել 15 աշխատանքային օրվա ընթացքում, պայմանով, որ վերանայման ժամկետը չի կարող գերազանցել Հանձնաժողովի կողմից արձանագրության ներկայացման համար սահմանված ժամկետը, ինչպես նաև բժշկական հաստատության կողմից սույն կարգի 23-րդ և 23.1-րդ կետերով նախատեսված պահանջները և պայմանները ապահովելու նախապայմանով:
28.3. Սույն կարգի 28.2-րդ կետում սահմանված ժամկետում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի պահանջները ապահովելու հավաստումը բժշկական հաստատության ղեկավարի կողմից պատշաճ ձևով ներկայացվում է Հանձնաժողովին, ինչի մասին նշում է կատարվում Հանձնաժողովի կողմից մինչև վերանայումը կազմված արձանագրության մեջ:».
14) հավելվածի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի հրամանով բժշկական հաստատությանը տրամադրվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակ կամ մերժվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը` նշելով մերժման պատճառների մասին:»
15) Հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը մերժվում է, եթե բժշկական հաստատությունը չի բավարարում Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջներին ու պայմաններին, իսկ 23.1-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակի մակարդակի տրամադրման դեպքում` չի բավարարում լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջներին:».
16) Հավելվածի 31-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն հրամանի 1-ին կետի 6-րդ ենթակետով լրացվող 23.1-րդ կետով (այսուհետ` 23.1-րդ կետ) սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնող բժշկական հաստատությունները շարունակում են իրենց գործունեությունը իրականացնել ըստ տրամադրված գործող մակարդակների` մինչև այդ տեսակների համար մակարդակներին ներկայացվող 23.1-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի ընդունած պահանջների ուժի մեջ մտնելը, և այդ պահանջների ուժի մեջ մտնելու օրվանից սկսած իրենց գործունեությունը իրականացնելու են որպես բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի առաջին մակարդակի բժշկական հաստատություն: 23.1-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի ընդունած պահանջների համաձայն սահմանված մակարդակները բժշկական հաստատության ղեկավարը կարող է ստանալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 93-Ն հրամանով հաստատված կարգով:
|
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: