ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
N 408-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 420-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի «Աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերը հաստատելու մասին» N 420-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2-րդ կետերով.
«5.1. Ոչ պլանային արտաքին գնահատումները ներառում են ոչ պլանային որակի գնահատում և համապատասխանության գնահատում: Ոչ պլանային որակի գնահատման նպատակը աուդիտորական կազմակերպության կամ աուդիտորի կողմից Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն է: Համապատասխանության գնահատման նպատակը «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն է:
5.2. Համապատասխանության գնահատումներն իրականացվում են սույն կարգի Բաժին 7-ի համաձայն:».
2) Հրամանի հավելվածի 10-րդ կետում «ամսաթիվը» բառը փոխարինել «ամիսը» բառով.
3) Հրամանի հավելվածի 16-րդ կետում «ոչ պլանային արտաքին գնահատում» բառերը փոխարինել «ոչ պլանային որակի գնահատում» բառերով.
4) Հրամանի հավելվածի 56-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) տվյալ ամսաթվին նախորդող 6 ամսվա ընթացքում չեն հանդիսացել աուդիտորական կազմակերպության աշխատակից կամ ղեկավար, չեն ունեցել ձայնի (քվեարկելու) իրավունք աուդիտորական կազմակերպությունում:».
5) Հրամանի հավելվածը 56-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ Բաժին 7-ով.
«
Բաժին 7. Համապատասխանության գնահատման գործընթացի նկարագրությունը
57. Համապատասխանության գնահատումը նշանակվում է մասնագիտացված կառույցի որոշմամբ, և գնահատման մեկնարկից առնվազն 3 օրացուցային օր առաջ գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությանը մասնագիտացված կառույցի կողմից ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում՝ հետևյալ բովանդակությամբ.
1) գնահատում նշանակելու հիմքը,
2) տվյալներ աշխատանքային խմբի անդամների մասին, որոնք պետք է իրականացնեն գնահատումը,
3) փաստաթղթերի ցանկը, որոնք էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվեն աշխատանքային խմբին։ Աուդիտորական կազմակերպության կողմից սահմանված ժամկետում փաստաթղթերը չտրամադրելը կամ տրամադրելուց խուսափելը դիտարկվում է որպես նման փաստաթղթերի բացակայություն։
58. Համապատասխանության գնահատումն իրականացնում է առնվազն 1 վերահսկողից բաղկացած աշխատանքային խումբը:
59. Աշխատանքային խմբի անդամները պետք է ունենան սույն կարգով սահմանված որակավորում, տեխնիկական կարողություններ և փորձառություն:
60. Աշխատանքային խմբի անդամները պարտավոր են գնահատում իրականացնելիս ապահովել մասնագիտական էթիկական վարքագիծ, պահպանել անկախության, օբյեկտիվության, մասնագիտական կոմպետենտության և գաղտնիության սկզբունքները:
61. Աշխատանքային խումբը փաստաթղթերը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է համապատասխանության գնահատման հաշվետվությունը և ներկայացնում է Մասնագիտացված կառույցի համապատասխան հանձնաժողովին: Մասնագիտացված կառույցը հաշվետվության հիման վրա կայացնում է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ որոշումներ՝ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հաստատված կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգի համաձայն:
62. Համապատասխանության գնահատման արդյունքներով տրվում է հետևյալ գնահատականներից մեկը՝ «1», «2», «3», «4», «5» կամ «6»: Գնահատականը որոշվում է Աղյուսակ 2-ով և 3-ով սահմանված մոտեցումների հիման վրա:
63. Համապատասխանության գնահատման արդյունքներով տրված գնահատականները հրապարակվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:».
6) Հրամանի հավելվածի Աղյուսակ 1-ի 1-ին կետի 5-րդ «Ստորագրող» սյունակում «Մասնագիտացված կառույցի համապատասխան հանձնաժողով» բառերը փոխարինել «Մասնագիտացված կառույց» բառերով.
7) Հրամանի հավելվածի Աղյուսակ 2-ի՝
ա. 2-րդ կետի 2-րդ «Նկարագիր» սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից որևէ մեկի խախտում։ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անդամավճարների՝ մասնագիտացված կառույցի կողմից սահմանված ժամկետում չվճարում։».
բ. 3-րդ կետի 2-րդ «Նկարագիր» սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
««Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջների խախտում։ Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջի խախտում:».
8) Հրամանի հավելվածի Աղյուսակ 3-ի՝
ա. 2-րդ կետի 4-րդ «Բացահայտումների թիվն ու նշանակալիությունը» սյունակում «կամ նշանակալի < 5» բառերից հետո լրացնել «կամ առկա է Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջի խախտում» բառերը.
բ. 3-րդ կետի 4-րդ «Բացահայտումների թիվն ու նշանակալիությունը» սյունակում «գործողություններ առկա չեն» բառերից հետո լրացնել «կամ առկա է «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջների խախտում» բառերը.
գ. 4-րդ կետի 4-րդ «Բացահայտումների թիվն ու նշանակալիությունը» սյունակում «գործողություններ առկա չեն» բառերից հետո լրացնել «կամ առկա է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից որևէ մեկի խախտում կամ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անդամավճարների՝ մասնագիտացված կառույցի կողմից սահմանված ժամկետում չվճարում» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
29 սեպտեմբերի 2023 թ. |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|