ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 նոյԵՄԲԵՐԻ 2020 թ. |
N 491-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին:
(2-րդ կետը խմբ. 22.11.21 N 598-Ն, փոփ. 25.03.22 N 130-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 22.11.21 N 598-Ն)
4. Սույն հրամանը տարածվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի նկատմամբ, ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված այն սնանկության գործերի նկատմամբ, որոնցով հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումը սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դեռ չի կայացվել:
5. 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված սնանկության այն վարույթներով, որոնցով սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կայացվել է հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատական ակտ, կամ առաջին (հերթական) աճուրդը սկսվել (շարունակվում) է, աճուրդն իրականացվում է Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով սահմանված կարգով։
Ռ. Բադասյան |
Հավելված արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 491-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն հավելվածը սահմանում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը:
2. Կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքը Արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սպասարկվող էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ կազմակերպվող սակարկություններն են:
3. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ` կառավարիչ) հրապարակային սակարկությունների միջոցով գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ապահովում է առաջին աճուրդի անցկացման մասին հայտարարության հրապարակումը կայքում: Աճուրդը սույն հավելվածին համապատասխան իրականացվելու դեպքում պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին կայքում հայտարարությունը հրապարակված է համարվում կայքում հրապարակվելու պահից:Կառավարիչը հայտարարությանը կից կայքում սքանավորված տարբերակով վերբեռնում է նաև գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում՝ եզրակացությունը), ինչպես նաև հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումը:
4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվում են նախորդ աճուրդը չկայացած համարվելու օրվանից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
5. Աճուրդի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) սնանկության գործի համարը, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, կառավարչի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն).
2) համակարգի կողմից գեներացված` լոտի հերթական համարը.
3) լոտի անվանումը,նկարագիրը, կիրառելի լինելու դեպքում` գույքի ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), գտնվելու վայրը, լոտի նկատմամբ սահմանափակումները (գույքի նկատմամբ գրանցված իրավունքները), լոտի լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, եթե լոտն իրավունք է, ապա դրա գործողության ժամկետը: Եթե լոտը բաղկացած է մեկից ավելի գույքերից, ապա յուրաքանչյուր գույքի նկարագիրը տրվում է սույն ենթակետին համապատասխան.
4) լոտի մեկնարկային գինը.
5) աճուրդի վերջնաժամկետը, որը կայքի միջոցով գեներացվում է ինքնաշխատ եղանակով: Որպես համապատասխան աճուրդի վերջնաժամկետ սահմանվում է տվյալ աճուրդի մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրվա ժամը 18։00-ն, իսկ եթե այն ոչ աշխատանքային օր է, ապա դրան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 18։00-ն.
6) աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի չափը, վճարման կարգը.
7) աճուրդում հաղթած մասնակցի կողմից վաճառքի գնի վճարման կարգը և ժամկետները.
8) նշում այն մասին, որ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգին համապատասխան:
6. Հայտարարությունը հրապարակելիս համակարգը հնարավորություն է ընձեռում լոտը(գույքը)բնութագրող` սույն հավելվածի 5-րդ կետում նշված կիրառելի տվյալները մուտքագրել որպես բանալի բառեր, որոնց հիման վրա համակարգի միջոցով հատուկ ալգորիթմի կիրառմամբ ապահովվում է աճուրդի հայտարարությունների և աճուրդի դրված լոտերի (գույքերի) որոնումը կայքում նախատեսված բնութագրիչների կիրառմամբ: Կայքում գրանցվելուց հետո անձը կարող է իր էլեկտրոնային փոստին ստանալ ծանուցումներ այն գույքի աճուրդի կազմակերպման մասին, որոնք կբավարարեն անձի կողմից կայքում ընտրված համապատասխան բնութագրիչներին:Նույն գույքի (լոտի) մասին առաջին և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին տեղեկատվությունը և իրականացված գործողությունները տեսանելի են կայքում՝ ըստ ժամանակագրական հաջորդականության: Ցանկացած գործողության կատարման օրն ու ժամը համակարգն արտացոլում է ինքնաշխատ եղանակով` առանց փոփոխության հնարավորության:
7. Աճուրդին մասնակցելու համար անձը (այսուհետ նաև` օգտատեր) գրանցվում է կայքում՝
ա) նույնականացման քարտի միջոցով կամ մուտքագրելով անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ և կցելով անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային սքանավորված տարբերակը և
բ) մուտքագրելով հաշվառման հասցեն, ծանուցման հասցեն(եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից), հեռախոսահամարը,էլեկտրոնային փոստի հասցեն:
8. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված կարգով գրանցվելուց հետո օգտատերն իր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կամ հեռախոսահամարին ստանում է իր անձնական էջ մուտք գործելու համար մուտքանունը և գաղտնաբառը, որոնք գաղտնի են և չեն կարող տրամադրվել այլ անձանց։Կայքում գրանցվելուց հետո օգտատերը իր էլեկտրոնային փոստին ծանուցում է ստանում այն մասին, որ աճուրդում հաղթելու, սակայն վաճառքի գինը սույն հավելվածի 17-րդ կետին համապատասխան չմուծելու դեպքում նախապես սառեցված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում (ապասառեցվում):Օգտատիրոջ կողմից անձնական էջով կատարված ցանկացած գործողության համար պատասխանատվություն է կրում կայքում գրանցված անձը՝ անկախ այն հանգամանքից, թե փաստացի ով է օգտվել օգտատիրոջ անձնական էջից:
9. Օգտատերն իր անձնական էջի միջոցով հնարավորություն է ստանում մասնակցել աճուրդին, ինչպես նաև համալրել օգտատիրոջ վիրտուալ դրամական հաշիվը, որի միջոցով կատարվում են աճուրդին մասնակցելու համար նախավճարի և աճուրդի մասնակցության վճարի վճարումները: Վիրտուալ դրամական հաշիվը լիցքավորվում է բանկային քարտի կամ բանկային փոխանցման կամ վճարահաշվարկային համակարգերով փոխանցման միջոցով:
10. Որևէ լոտի աճուրդին մասնակցելու համար օգտատերն իր անձնական էջից մուտք է գործում տվյալ լոտի աճուրդի հարթակ, համապատասխան դաշտում համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ է ներկայացնում աճուրդին իր կամ այլ անձի անունից մասնակցելու մասին (եթե որևէ լոտի աճուրդին պետք է մասնակցի որպես այլ անձի ներկայացուցիչ, ապա տվյալ լոտի աճուրդի հարթակում, որպես հայտատու նշում է կատարում իրեն լիազորած անձի մասին՝ համապատասխան դաշտում մուտքագրելով վերջինիս նույնականացնող տվյալները, իսկ իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը)։ Եթե օգտվողի անձնական էջի վիրտուալ հաշվին առկա գումարը նախավճարի և աճուրդի մասնակցության վճարի չափով բավարար է տվյալ լոտի աճուրդին մասնակցելու համար, կայքը օգտատիրոջը տալիս է աճուրդի մասնակցի կարգավիճակ՝ տրամադրելով տվյալ լոտի աճուրդի մասնակցին նույնականացնող ծածկագիր (այսուհետ՝ լոտի աճուրդի մասնակցության ծածկագիր) և վիրտուալ հաշվից ինքնաշխատ եղանակով սառեցնում է տվյալ լոտի նախավճարի չափով գումար, ինչպես նաև գանձում աճուրդի մասնակցության վճարի չափով գումարը` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված չափով, ինչի մասին անձը ստանում է ծանուցում իր էլեկտրոնային փոստի հասցեին։
11. Աճուրդի մասնակցության վճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ նախավճարի չափը՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Աճուրդի մասնակցության վճարն օգտագործվում է նախարարության կողմից` կայքի սպասարկման նպատակով:
12. Աճուրդի առաջին հայտատուի առաջին գնային հայտ է համարվում լոտի մեկնարկային գինը, եթե առաջին հայտատուն նոր գնային հայտ չի ներկայացնում: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ հայտատու ներկայացնում է նոր գնային հայտ: Սույն կետին համապատասխան նոր գնային հայտը կատարվում է նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով (աճուրդի քայլով): Նվազագույն հավելման չափը որոշվում է՝ ելնելով լոտի մեկնարկային գնից՝ հետևյալ կարգով.
1) մինչև 100 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 500 ՀՀ դրամ.
2) 100 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ.
3) 500 000 ՀՀ դրամից մինչև 1 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 10 000 ՀՀ դրամ.
4) 1 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 50 000 ՀՀ դրամ.
5) 10 000 000 ՀՀ դրամից բարձր մեկնարկային գնի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ:
13. Տվյալ լոտի մասին հայտարարությունը հասանելի է կայքի բոլոր օգտվողների համար, իսկ աճուրդի հարթակը տեսանելի է միայն աճուրդի մասնակցի կարգավիճակ ստացած անձանց համար։ Աճուրդի հարթակում այլ տեղեկություններից բացի արտացոլվում է նաև վերջին հայտ ներկայացրած մասնակցի՝ տվյալ լոտի աճուրդին մասնակցության ծածկագիրը և նրա կողմից առաջարկված գինը։
14. Աճուրդի մասնակիցները հնարավորություն ունեն աճուրդի ընթացքում տվյալ լոտի վերաբերյալ այլ մասնակցի կողմից յուրաքանչյուր անգամ գնային հայտ ներկայացվելու դեպքում այդ մասին ծանուցում ստանալ իրենց էլեկտրոնային փոստի հասցեին: Տվյալ դեպքում ծանուցման մեջ նշվում է միայն այն մասին, որ տվյալ լոտի վերաբերյալ կատարվել է նոր գնային առաջարկ` նշելով առաջարկված գինը: Եթե աճուրդի ժամկետի վերջին 5 րոպեների ընթացքում գնային հայտ է ներկայացվում, ապա աճուրդի վերջնաժամկետը ավտոմատ եղանակով երկարացվում է ևս 5 րոպեով։
15. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը:Աճուրդի ավարտից անմիջապես հետո համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով գեներացվում է նաև համակարգի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված` աճուրդի արդյունքների և հաղթող մասնակցի մասին արձանագրությունը, որն ուղարկվում է աճուրդի մասնակցի և տվյալ սնանկության գործով կառավարչի էլեկտրոնային փոստի հասցեներին: Աճուրդի ավարտից հետո աճուրդի մասնակիցների և հաղթողի մասին հանրամատչելի անձնական տվյալները, ինչպես նաև աճուրդի արդյունքների և հաղթող մասնակցի մասին արձանագրությունը հրապարակվում է կայքում:
16. Եթե աճուրդին մասնակցել է մեկից ավելի անձ, ապա աճուրդն ավարտվելուց հետո համակարգը ապասառեցնում է աճուրդում չհաղթած անձանց վիրտուալ հաշիվներում սառեցված նախավճարի գումարները։
17. Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը, որն արտացոլվում է իր վիրտուալ հաշվին, որի մասին տվյալ սնանկության գործով կառավարիչը ստանում է ծանուցում իր էլեկտրոնային փոստի հասցեին:
18. Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
19. Կառավարիչը աճուրդում հաղթած և լոտի վաճառքի գինը ամբողջությամբ վճարած մասնակցի հետ ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և կնքում լոտի առուվաճառքի պայմանագիր։
20. Աճուրդի հաղթողի կողմից լոտի վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց հետո կառավարիչը համակարգի միջոցով հայտ է ներկայացնում լոտի վաճառքի գինը, ներառյալ` տվյալ լոտի մասով սառեցված նախավճարը, ամբողջությամբ սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցելու համար։ Աճուրդի հաղթողի կողմից լոտի վաճառքի գինը սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում հաղթած մասնակցի մասով սառեցված նախավճարը փոխանցվում է սնանկության հատուկ հաշվեհամարին։
21. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վճարները սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցվում են սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված կարգով:
22. Սույն կարգով նախատեսված դեպքերից բացի աճուրդը չկայացած է համարվում նաև, եթե՝
1) աճուրդին մասնակցելու համար որևէ անձի կողմից հայտ չի ներկայացվել.
2) դատարանի որոշմամբ ընդհատվել է լոտում ներառված գույքի իրացումը և եթե այլ լոտեր առկա չեն:
23. Եթե աճուրդը համարվել է չկայացած սույն կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով, ապա յուրաքանչյուր հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը նվազեցվում է հետևյալ չափով.
1) անշարժ գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.
2) շարժական գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.
3) լոտում և անշարժ, և շարժական գույքեր ներառված լինելու դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.
4) թանկարժեք մետաղ կամ քարեր պարունակող պերճանքի առարկաների դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 2 տոկոսի չափով.
5) պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
24. Եթե աճուրդին մասնակցելու համար իրավունք է ստացել մեկ հայտատու, և այդ աճուրդը համարվել է չկայացած կամ անվավեր, ապա հաջորդ աճուրդի համար աճուրդի մեկնարկային գինը չի նվազեցվում, բացառությամբ «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
25. Սույն հավելվածի 23-րդ կետով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը տասնհինգերորդ անգամ նվազեցնելուց հետո հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի նվազեցում, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգով, «Սնանկության մասին» օրենքով կամ դատարանի որոշմամբ:
26. Եթե սնանկության գործով պարտատերն օգտվել է հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկելու իրավունքից՝ առաջարկելով աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին, և դատարանը որոշում է կայացրել հրապարակային սակարկություններով գույքի իրացումը պարտատիրոջ կողմից առաջարկվող ավելի բարձր մեկնարկային գնով թույլատրելու մասին, ապա տվյալ լոտը չվաճառվելու դեպքում աճուրդի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի համար սույն հավելվածի 23-րդ կետով սահմանված կարգով նվազեցվում է այնքան, մինչև հերթական աճուրդով լոտի մեկնարկային գինը հավասարվի այն գնին, որը կստացվեր այդ լոտում ներառված գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդությամբ առաջարկված մեկնարկային գինը մինչև սույն հավելվածի 25-րդ կետին համապատասխան տասնհինգերորդ անգամ նվազեցնելու դեպքում:
27. Եթե սույն կարգին համապատասխան էլեկտրոնային կայքում գրանցված և աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա վիրտուալ հաշվին սառեցված նախավճարը ապասառեցվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
28. Աճուրդը չկայացած համարվելու օրը կառավարիչը ստորագրում է համակարգի կողմից ավտոմատ գեներացված համապատասխան արձանագրությունը, որում, ի թիվս այլնի, նշվում են աճուրդը չկայանալու հիմքերն ու պատճառները: Աճուրդը չկայացած համարվելու դեպքում այդ մասին ինքնաշխատ եղանակով նշում է կատարվում կայքում:
29. Պարտապանի գույքի իրացումը դատարանի կողմից ընդհատվելու դեպքում այդ գույքը ընդգրկող լոտը հանվում է աճուրդից, որի մասին կառավարիչը նշում է կատարում համակարգում այդ աճուրդի համար նախատեսված հարթակում՝ վերբեռնելով դատարանի որոշման պատճենը: Սույն դեպքում համակարգը ինքնաշխատ եղանակով դադարեցնում է աճուրդը` այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելով աճուրդի մասնակիցներին և նշում կատարելով կայքում: Սույն կետով նախատեսված դեպքում աճուրդի մասնակիցների կողմից վճարված մասնակցության վճարները և նախավճարները ապասառեցվում են։
30. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդը չկայանալու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների: Սույն կետով նախատեսված հիմքով գույքը գնելու համար պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումը սնանկության հատուկ հաշվին կատարում են գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը չկայացած աճուրդի մեկնարկային գնի մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է: Գնման գործարքը կնքվում է սույն կետով սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո:
31. Կայքի խափանման դեպքում աճուրդի կազմակերպման և անցկացման ժամկետները համարվում են կասեցված և շարունակում են հոսել կայքի վերագործարկման պահից, ինչի մասին ծանուցվում են աճուրդի մասնակիցները և տվյալ սնանկության գործով կառավարիչը:
32. Յուրաքանչյուր աճուրդի ավարտից հետո դրա վերաբերյալ տվյալները արխիվացվում և պահպանվում են համակարգում աճուրդի ավարտից հետո` երեք տարվա ընթացքում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2020 թվական: