Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
9 հոկտեմբերի 2014 թվականի N 42
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. հոկտեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրային որոշման |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ Ι. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանում տարեկան արձանագրվող հազարավոր հրդեհների, բնական, տեխնածին աղետների և պատահարների հետևանքով զոհվում են հարյուրավոր մարդիկ, մի քանի հազարը՝ ստանում տարբեր աստիճանի վնասվածքներ, բնակչությանը և պետությանը պատճառվում է միլիարդավոր դրամների հասնող նյութական վնաս: Հայաստանում, ֆիզիկաաշխարհագրական դիրքով, հայկական լեռնաշխարի յուրօրինակությամբ, տեղանքի բաձարձակ բարձրությունների զգալի տարբերություններով պայմանավորված՝ դժվար անցանելի են դառնում, հատկապես ձմռան ժամանակաշրջանում, լեռնային գյուղական համայնքներ տանող ճանապարհները: Նման համայնքներում արտակարգ իրավիճակներ առաջանելու պարագայում առավել արդյունավետ կարող է լինել համայնքում կամավորական փրկարարական ուժերի առկայությունը:
2. Տարեցտարի աճող արտակարգ իրավիճակներին, նույնիսկ զարգացած երկրների համար, արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմինների ուժերով դիմակայելը գործնականում անհնար է, իսկ ուժերի բազմապատկման համար լրացուցիչ ներդրումների պատրաստ չեն անգամ ամենազարգացած երկրները՝ Ամերիկայի միացյալ նահանգները, Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան և այլն: Այս բնագավառում մի շարք երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զարգացած երկրներում կամավորական շարժման մեջ ներգրավված է բնակչության զգալի մասը: Կամավորական միավորումներ ձևավորված են բոլոր համայնքներում: Այդ ջոկատները մշտապես ուսուցանվում են մասնագետների կողմից, պարբերաբար անցկացվում են ուսումնավարժանքներ: Կամավորական փրկարարական շարժման զարգացմանը զուգահեռ բարձրացել է նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման, բնակչության և տարածքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Կամավորական միավորումների կողմից արձագանքված դեպքերի, փրկած մարդկանց և նյութական արժեքների թիվը, շատ երկրներում, կազմում է դեպքերի ընդհանուր թվի և մյուս ցուցանիշների 30-40%-ը: Հայաստանում այս ցուցանիշները խիստ ցածր են: Հանրապետության բնակավայրերի և տարածքների պաշտպանությունը, փաստորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 62 հրշեջ-փրկարարական (3-ը՝ կազմակերպությունները պահպանող), 1 հատուկ փրկարարական և 10 մարզային փրկարարական ջոկատների ուժերով, որոնց 60%-ը վերազինման կարիք ունի: Մի քանի սակավաթիվ հասարարական, կամավորական փրկարարական, ինչպես նաև Երևան քաղաքում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում կազմակերպված ուսանողական կամավորական փրկարարական ջոկատներ, որոնք հիմնականում չեն անցել համապատասխան պատրաստություն, չունեն անհրաժեշտ գույք, հանդեձանք և սարքավորումներ, չեն ընդգրկվում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում:
3. Համապատասխան պատրաստություն անցնելու, տեխնիկայով, գործիքներով և հանդերձանքով ապահովելու դեպքում հասարակական, կամավորական փրկարարական միավորումներին հնարավոր կլինի ընդգրկել հրդեհաշիջման, տրանսպորտային վթարների, որոնողափրկարարական, հրդեհային անվտանգության կանոնների քարոզչության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հետ կապված այլ աշխատանքներում:
4. Հասարակական, կամավորական փրկարարական համակարգը պետք է պատրաստ լինի`
1) հրդեհների և վթարների ժամանակ օպերատիվ գործողությունների իրականացմանը,
2) բնական և տեխնածին բնույթի լայնամասշտաբ արտակարգ իրավիճակներում տարածքների և բնակչության պաշտպանության մասնակցությանը:
5. Վերջնական նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ունենալ կամավորական, փրկարարական և հրշեջ-փրկարարական միավորումներ` օժտված անհրաժեշտ հմտություններով, տեխնիկապես հագեցած, պատրաստ ինքնուրույն և փոխհամաձայնեցված գործողությունների:
ԳԼՈՒԽ ΙΙ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Սույն հայեցակարգում օգտագործված հասկացություններն են՝
1) Հասարակական փրկարարական միավորումներ՝ քաղաքացիների կողմից, իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար, ստեղծված կամավոր միավորումներ` մարդկանց փրկության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ՝ օրենքով սահմանված կարգով աջակցելու համար.
2) Կամավորական փրկարարական միավորումներ՝ ֆիզիկական անձանց, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ մարդկանց փրկության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ՝ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով աջակցելու համար ստեղծված միավորումներ.
3) Կամավորական փրկարարներ՝ ֆիզիկական անձինք, որոնք անցել են հատուկ փրկարարական պատրաստություն, ստացել են որակավորում, իրենց կամքով և համաձայնությամբ` օրենքով սահմանված կարգով, ինքնուրույն կամ արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված մարմնի փրկարարական ուժերի հետ համատեղ, կատարում են անհատույց փրկարարական, հրդեհաշիջման կամ որոնողափրկարարական աշխատանքներ:
4) Կամավորական փրկարարական կազմակերպություն` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով ստեղծված կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով և փրկարարական միջոցներով.
5) Համայնքային կամավորական միավորում` մեկ համայնքում ստեղծված` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորում.
6) Միջհամայնքային կամավորական միավորում` երկու և ավելի համայնքների կողմից ստեղծված` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորում.
7) Օբյեկտային կամավորական միավորում` կազմակերպության կողմից ստեղծված` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորում.
8) Ուսանողական կամավորական խմբեր` բարձրագույն ուսումնական հաստատությունում ստեղծված, ուսանողներով համալրված, փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված կազմավորում.
9) Դպրոցական կամավորական խմբեր` միջնակարգ ուսումնական հաստատությունում ստեղծված, աշակերտներով համալրված, փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված կազմավորում:
10) Հրշեջ փրկարարական միավորում` հրդեհաշիջման, հրշեջ փրկարարական աշխատանքների կատարման նպատակով ստեղծված հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար նախատեսված գույքով հագեցված և մասնագիտացված կամավորական փրկարարական միավորում:
ԳԼՈՒԽ ΙΙΙ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
3.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության տարածքն ունի բարդ ռելիեֆ և նրան հատուկ են բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների գրեթե բոլոր տեսակները: Դեռևս պահպանվում է կանխարգելման և հետևանքների վերացման համար մարդկային, նյութական և տեխնիկական մեծ ռեսուրսներ պահանջող արտակարգ իրավիճակների թվի աճի միտումը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված մարմնի ուժերով հնարավոր չէ դիմակայել այնպիսի արտակարգ իրավիճակներին, ինչպիսիք են երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, անտառային և խոտածածկ տարածքներում տեղի ունեցող հրդեհները, արդյունաբերական խոշոր վթարները:
8. Ամռան շոգ և չոր եղանակին հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված մարմնի գրեթե բոլոր ստորաբաժանումներն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ, հաճախ սահմանափակ ուժերով մի դեպքի վայրից մի քանի տասնյակ կմ հեռավորությամբ մյուս դեպքի վայր մեկնում, երբեմն էլ, միաժամանակյա մի քանի դեպքերի արձագանքում՝ զգալի ուշացումներով: Վիճակը փոքր ինչ մեղմելու համար արտակարգ իրավիճակներին նեգրավվում են համայնքների՝ հատուկ պատրաստություն չանցած բնակիչները, որոնց աշխատանքի արդյունավետությունը, դեռևս, խիստ ցածր է: Արդյունքում շրջակա միջավայրին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառվում են զգալի նյութական և բարոյական վնաս, պատճառ դառնալով դժգոհության, ապագայի նկատմամբ անվստահության և անպաշտպանվածության զգացումի:
3.2. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
9. Վերջին տարիներին տեղի ունեցած արտակարգ իրավիճակների դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարաբնույթ արտակարգ իրավիճակներից լուրջ կորուստներ է ունենում հիմնականում սոցիալապես անապահով բնակչությունը՝ առավելապես հեռավոր և սահմանակից գյուղական բնակավայրերում: Կրակից ոչնչանում են նրանց տարիներով վաստակած ունեցվածքը, տնային կենդանիները, բերքը, խեղվում են մարդկային ճակատագրեր:
10. Հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հասարակական, կամավորական փրկարարական միավորումների ստեղծումը հնարավորություն կընձեռի մարդկային ուժեր և արագ արձագանքում պահանջող արտակարգ իրավիճակների դեպքերում, մինչև հիմնական ուժերի դեպքի վայր ժամանելը, ոչ միայն կանխել արտակարգ իրավիճակների հետագա տարածումը կամ մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, այլև ինքնուրույն վերացնել արտակարգ իրավիճակների հետևանքները, իրականացնել փրկարարական աշխատանքներ կամ մարել դեռևս կրակի զարգացման սկզբնական փուլում գտնվող հրդեհը, տուժածներին ցույց տալ առաջին օգնություն՝ փրկել ինչպես մարդկային կյանքեր, այնպես էլ նյութական արժեքներ:
11. Փրկարարական աշխատանքներին ընդգրկված կամավորների վրա տարածվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարների համար սահմանված արտոնությունները և երաշխիքները:
3.3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
12. Երկրում ներկայումս իրականացվում են բնակչության պաշտպանության համակարգի բարեփոխումներ, որոնք ենթադրում են նաև արտակարգ իրավիճակներին արձագանքող ուժերի կատարելագործման անհրաժեշտություն: Դրա հիմնական բաղկացուցիչներից է նաև հասարակական և կամավորական փրկարարական շարժման զարգացումը, բնակչության լայն զանգվածներին շարժման մեջ ընդգրկելը:
13. Շարժման սկզբունքներն են` օրինականությունը, փոխշահավետությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը: Շարժման մեջ ընդգրկվելու շարժառիթներ պետք է հանդիսանան` բարոյական համոզմունքները, հաղորդակցման, ակտիվության, սեփական ընդունակություններն իրացնելու, հանրորեն ճանաչվելու պահանջմունքները, նոր մասնագիտություն ձեռք բերելու, սեփական փորձը ուրիշներին փոխանցելու ցանկությունները:
14. Խնդիրը հնարավոր կլինի իրականացնել շարժման մեջ ընդգրկված քաղաքացիներին իրավական սոցիալական և բարոյական երաշխիքներ տրամադրելու դեպքում:
ԳԼՈՒԽ ΙV. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
15. Հայաստանում կամավորական շարժումն սկիզբ է առել 1924թ., երբ դեռևս կազմակերպված չէր պետական հակահրդեհային պահպանությունը, ուստի այն կարելի է համարել Հայաստանում հրդեհային պահպանության ստեղծման սկիզբը: Առաջին կամավորական խումբը ստեղծվել է մի քանի կոմերիտականների նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքում, սակայն արդյունաբերության զարգացմանը զուգահեռ կենցաղային հրդեհներին ավելացան այնպիսի հրդեհներ, որոնց մարման համար սիրողական մակարդակով ստեղծված մեկ խումբը բավարար չէր: Ակնհայտ էր, որ անհրաժեշտ է ստեղծել պետության հովանու տակ գործող արհեստավարժ հրշեջ խմբեր: Առաջին այդպիսի խումբը ստեղծվեց առաջին կամավորական խմբի հենքի վրա: Հետագայում դրանց թիվն ավելացավ՝ այդ թվում և հանրապետության մյուս բնակավայրերում: Զուգահեռաբար կազմակերպություններում ստեղծվեցին կամավորական հրշեջ խմբակներ, որոնք, հիմնականում իրենց տրամադրության տակ չունեին հրշեջ տեխնիկա, ուստի նրանց գոյությունն ավելի շատ կրում էր ձևական բնույթ: Եվ միայն ՀՍՍՌ մինիստրների սովետին (այդ տարիներին այդպես էր կոչվում երկրորդ հանրապետության կառավարությունը) առընթեր Կամավորական հրշեջ ընկերության կենտրոնական խորհրդի կազմում գործող գյուղական, մոտ երկու տասնյակ խմբերն ունեին հրդեհաշիջման տեխնիկա, սարքավորումներ և հանդերձանք:
16. Կամավորական հրշեջ ընկերությունները (այսուհետ` ԿՀԸ), որպես կամավորական կամ հասարակական շարժման համակարգող միավորումներ, նախկինում Հայաստանում իրականացնում էին մեծ ծավալի աշխատանքներ հրդեհների մարման, հրդեհային անվտանգության կանոնների քարոզչության, հրդեհաշիջման սկզբնական միջոցների արտադրության, վերանորոգման, ծխնելույզների մաքրման, տանիքների փայտյա կոնստրուկցիաների հրակայունության բարձրացման ուղղությամբ: Մինչև Հայաստանի անկախացումն ավելի քան 20 կամավորական հրշեջ խմբեր (այսուհետ` ԿՀԽ) իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ՝ գյուղական բնակավայրում: Մեծ էր նրանց դերը հատկապես բերքահավաքի հրդեհավտանգ ժամանակաշրջանում՝ հրդեհների կանխարգելման և մարման ուղղությամբ: Անցած դարի 90-ականների սկզբից՝ տնտեսական անկման պայմաններում, ԿՀԸ-ները գործնականում դադարեցին գործել, շատ արագ կազմալուծվեցին բոլոր ԿՀԽ-ները, իսկ 90-ականների կեսերին ԿՀԸ-ն փաստացի լուծարվեց: Արդյունքում՝ ԿՀԽ-ների կողմից պահպանվող մարզային հեռավոր և սահմանամերձ հարյուրավոր գյուղերում հրդեհաշիջում իրականացվում է միայն հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ստորաբաժանումների կողմից, այն էլ զգալի ուշացումով: ԿՀԸ-ների փոխարեն՝ տարերայնորեն, ստեղծվեցին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, որոնք իրականացնում են ԿՀԸ-ների գործառույթների միայն մի մասը՝ առևտրային և սպասարկման: Ինչ վերաբերվում է 1988 թվականից հետո ստեղծված հասարակական և կամավորական փրկարարական միավորումներին, ապա նրանք ապահովված են միայն փրկարարական հանդերձանքով, գույքով ու տեխնիկայով և ընդգրկվում են միայն փրկարարական աշխատանքներում, այն էլ հազվադեպ և ոչ որպես առաջնային ինքնուրույն արձագանքող ուժ:
17. Վերջին ժամանակներս հանրապետության տարածքում՝ հատկապես Երևանի բարձրագույն ուսումնական հասատություններում և դպրոցներում, կազմավորվել են մի քանի տասնյակ ուսանողական, դպրոցական հասարակական և կամավորական փրկարարական խմբեր և խմբակներ, իսկ մարզերում նաև համայնքային, որոնց աշխատանքի արդյունավետությունը դեռևս խիստ ցածր է:
ԳԼՈՒԽ V. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18. Հասարակական, կամավորական փրկարարական շարժման բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում շարժման զարգացման համար իրավական, սոցիալական հիմքերի և նյութական պայմանների ստեղծումն է:
19. Հասարակական, կամավորական շարժման զարգացման լուծում պահանջող հիմնական խնդիրներն են`
1) իրավական բազայի և սոցիալական երաշխիքների ապահովումը,
2) տարածքների և շենքերի տրամադրումը,
3) կամավորական շարժման կառավարման բազմաշերտ համակարգի հիմնումը,
4) ուժերի ստեղծումը և զարգացումը,
5) հասարակական և կամավորական փրկարարների ուսուցման կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակումը, գործնական հմտությունների ուսուցման համար վարժահրապարակների կառուցումը,
6) կամավորականների, հասարակական, կամավորական միավորումների որակավորման և հավաստագրման կազմակերպումը,
7) կամավորական շարժման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը,
8) հասարակական և կամավորական փրկարարական միավորումներին անհրաժեշտ տեխնիկայով, սարքավորումներով և հանդերձանքով ապահովումը:
ԳԼՈՒԽ VΙ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
6.1 ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
20. Եվրոպայում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում, հակահրդեհային կամավորական պաշտպանությունը հակահրդեհային պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մասն է: Հակահրդեհային պաշտպանության համակարգերը, այդ թվում` նաև կամավորական հակահրդեհային պաշտպանությունը, երկրների մեծ մասում ձևավորվել են դեռևս 18-19-րդ դարերում:
21. Հակահրդեհային կամավորական պաշտպանության առաջացման անհրաժեշտությունն, առաջին հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ պրոֆեսիոնալ հրշեջներն, իրենց սահմանափակ թվաքանակի, հեռավորությունների և այլ պատճառներով, միշտ չէ, որ կարող են ժամանակին հասնել երկրի բոլոր, մասնավորապես, հեռավոր բնակավայրեր: Ձևավորման սկզբնական փուլերում հրշեջ կամավորական ընկերությունները գործում էին անջատ` առանձին գյուղերում ու քաղաքներում: Սակայն հետագայում, հրշեջ կամավորական ընկերությունների թվաքանակի աստիճանական աճին զուգահեռ, դրանք սկսեցին միավորվել՝ նախ տարածքային, այնուհետև ազգային միությունների կազմում: Կազմակերպչական այդ կառուցվածքը պահպանվել է մինչ օրս: Հրշեջ կամավորական միավորումների կողմից տարբեր երկրներում մարվում են ընդհանուր հրդեհների 10-30%:
6.2 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ
22. Հասարարական, կամավորական փրկարարական շարժման կազմակերպական ձևերն են համայնքային, միջհամայնքային, հասարակական, օբյեկտային, ուսանողական և դպրոցական կամավորական խմբերի և միավորումների կազմակերպումը:
23. Համայնքային կամավորական միավորում և խումբ`
1) կազմակերպվում է մի համայնքի կողմից և իրականացնում է տվյալ համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներից: Իր զինվածությունում կարող է ունենալ հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք, հանդերձանք.
2) արտակարգ իրավիճակների արձագանքման, նախազգուշացման և անվտանգության կանոնների քարոզչության հարցերում համագործակցում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի տարածքային կառույցների հետ.
3) կամավորականների պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը.
4) փրկարարական գործունեությամբ զբաղվելու հավաստագրեր տրամադրվում է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 28-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 1391-Ն որոշմամբ սահմանված կարգով:
24. Միջհամայնքային կամավորական միավորումներ և խմբեր`
1) կազմակերպվում են մի քանի համայնքների կողմից և իրականացնում են տվյալ համայնքների բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներից.
2) իրենց զինվածությունում կարող են ունենալ հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք, հանդերձանք.
3) արտակարգ իրավիճակների արձագանքման նախազգուշացման և անվտանգության կանոնների քարոզչության հարցերում համագործակցում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի տարածքային կառույցների հետ.
4) պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը.
5) փրկարարական գործունեությամբ զբաղվելու հավաստագրեր տրամադրվում է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 28-ի թիվ 1391-Ն որոշմամբ սահմանված կարգով:
25. Արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի աջակցությամբ ստեղծված կամավորական խմբեր`
1) կազմակերպվում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի աջակցությամբ` ինքնուրույն խմբերի կամ մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների հենակետերի կարգավիճակով.
2) ունենում են հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք, հանդերձանք և հանդիսանում են արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնային ստորաբաժանում.
3) Հենակետերի մի քանի հաստիքներ (հենակետի պետ, վարորդներ) կարող են ընդգրկվել լիազոր մարմնի հրշեջ-փրկարարական ջոկատների հաստիքացանկում, մյուսները լրացվել կամավորականներով.
4) պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը.
5) փրկարարական գործունեությամբ զբաղվելու հավաստագրեր տրամադրվում է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 28-ի թիվ 1391-Ն որոշմամբ սահմանված կարգով:
26. Հասարակական, կամավորական փրկարարական հանրապետական միավորման կազմում գործող կամավորական խմբեր`
1) կարող է կազմակերպվել Հասարակական, կամավորական փրկարարական հանրապետական միավորում (ՀԿՓՄ), որի կազմում ստեղծվում են հրշեջ-փրկարարական տեխնիկայով, գույքով և հանդերձանքով ապահովված կամավորական խմբեր.
2) համագործակցում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի տարածքային կառույցների հետ և կարող են հանդես գալ որպես արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնային ստորաբաժանում.
3) օրենքով սահմանված կարգով կարող է զբաղվել արտակարգ իրավիճակների նախազգուշացման, անվտանգության կանոնների քարոզչության, հրդեհաշիջման առաջնային միջոցներով կազմակերպություններին ապահովման աշխատանքներով և օրենքով չարգելված շահույթ հետապնդող այլ գործունեությամբ.
4) պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի կամ ՀԿՓՄ կազմում գործող, օրենքով սահմանված կարգով լիազորություններ ունեցող, ուսումնական հաստատությունները.
5) փրկարարական գործունեությամբ զբաղվելու հավաստագրեր տրամադրվում է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 28-ի թիվ 1391-Ն որոշմամբ սահմանված կարգով:
27. Հասարակական, կամավորական և օբյեկտային փրկարարական միավորումներ ու խմբեր`
1) օրենքով սահմանված կարգով կազմակերպվում են օբյեկտներում և հասարակական կազմակերպություններում.
2) ունենում են հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք, հանդերձանք և հանդիսանում են արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնային ստորաբաժանում.
3) պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը.
4) արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ստորաբաժանումների հետ համատեղ:
28. Ուսանողական, դպրոցական կամավորական, հասարակական փրկարարական միավորումներ և խմբեր`
1) կազմակերպվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում.
2) կարող են ունենալ փրկարարական հանդերձանք և գույք.
3) համագործակցում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի տարածքային կառույցների հետ և նրանց հսկողությամբ մասնակցում փրկարարական աշխատանքներին, որպես օժանդակ ուժ.
4) պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն՝ իր կամ տվյալ ուսումնական հաստատության տարածքում.
5) որակավորում չունեցող կամավորները կարող են ընդգրկվել միայն փրկարարական օժանդակ աշխատանքներին:
29. Պետական կառավարման հանրապետական մարմինների կազմում գործող կամավորական միավորումներ և խմբեր`
1) կազմակերպվում են պետական կառավարման հանրապետական մարմինների կազմում.
2) կարող են ունենալ հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք, հանդերձանք և որպես արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնային ստորաբաժանում, ինքնուրույն կամ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի հետ, իրականացնել փրկարարական աշխատանքներ.
3) պատրաստությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի կամ պետական կառավարման հանրապետական մարմինների կազմում գործող, օրենքով սահմանված կարգով լիազորություններ ունեցող, ուսումնական հաստատությունները:
ԳԼՈՒԽ VΙΙ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
30. Հասարակական, կամավորական փրկարարական միավորումները և խմբերը թեև կազմակերպվում և աշխատում են կամավորական հիմունքներով, այնուհանդերձ նրանց գործունեությունը պետք է կարգավորվի օրենսդրությամբ: Սա կարևոր է մասնավորապես այն պատճառով, որ նրանց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ են պետական հոգածություն պահանջող պայմաններ, իսկ կամավորները մշտապես հայտնվում են կյանքի համար վտանգավոր իրավիճակերում (հրդեհների մարում, մարդկանց փրկություն, ճանապարհատրանսպորտային պատահարներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր և այլն):
ԳԼՈՒԽ VΙΙΙ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
31. Հասարակական, կամավորական փրկարարական շարժման զարգացումը հնարավորություն կտա՝
1) բնակչության լայն խավերին ներգրավելով փրկարարական շարժման մեջ, զգալիորեն բարձրացնել բնակչության պաշտպանվածության մակարդակն, ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ կենցաղային պատահարների դեպքում,
2) կրճատել արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակահատվածը և նվազեցնել մարդկային կորուստները, ինչպես նաև բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափը,
3) արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի հետ կամ ինքնուրույն փրկարարական աշխատանքներին արձագանքելով կրճատել պետական բյուջեից կատարվող ներդրումները, խնայել ֆինանսական և նյութական զգալի միջոցներ:
32. Հայեցակարգի իրականացման փուլերն են՝
1) հասարակական, կամավորական փրկարարական շարժման իրավական դաշտի ապահովումը, որը ենթադրում է համապատասխան օրենքների և այլ իրավական ակտերի ընդունում.
2) հասարակական, կամավորական փրկարարական խմբերի կամ միավորումների ստեղծումը, տարածքների և շենքերի տրամադրումը, տեխնիկայի, սարքավորումների, գույքի և հանդերձանքի ձեռքբերումը.
3) կամավորականների հավաքագրման, ուսուցման, որակավորման և համապատասխան հավաստագրերի տրամադրման կազմակերպումը.
4) հասարակական, կամավորական փրկարարական շարժման զարգացման, այդ թվում և միջազգային ծրագրերի իրականացումը:
ԳԼՈՒԽ ΙX. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
33. Կամավորների աշխատանքը հիմնականում անվճար է, սակայն հասարակական, կամավորական միավորումների գործունեության համար պահանջվում են որոշակի ակտիվներ, շինություններ, սարքավորումներ և այլն, որոնց ֆինանսավորումը, որոշ երկրների օրենսդրության համաձայն, իրականացվում է պետական բյուջեից, հրդեհներից ապահովագրող ընկերությունների կողմից գանձվող մուծումներից, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներից: Ֆինանսական միջոցները կարող են ձևավորվել նաև նվիրատվություններից, կամավորական շարժման աջակցման միջազգային գրանտային տարբեր նախագծերից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Կազմակերպչական և ֆինանսավորման այս եղանակն աննշան տարբերություններով կիրառվում է հակահրդեհային պաշտպանության կամավորական համակարգ ունեցող շատ երկրներում: Տարբերությունը, հիմնականում, կառավարության կողմից հատկացվող իրական օգնության ծավալների, ինչպես նաև կամավորական կազմակերպություններին հատկացվող ռեսուրսների մեծության մեջ է: Պատշաճ օժանդակության և ֆինանսավորման պարագայում կամավորական կազմակերպությունները կարող են զգալիորեն կրճատել արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմինների ծառայությունների ծավալները, ապահովելով ծախսարդյունավետություն, միաժամանակ չնվազեցնելով ծառայությունների արհեստավարժության մակարդակը: Ընդլայնելով գործունեության ոլորտները կամավորական կազմակերպությունները կարող են բնակչությանը և կազմակերպություններին մատուցել նաև վճարովի ծառայություններ, վաստակած գումարներն ուղղելով միավորումների վերազինմանը և անձնակազմի խրախուսմանը, ինչը հնարավորություն կտա զգալիորեն կրճատել պետական բյուջեից այս նպատակով իրականացվող հատկացումները ևս:
34. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանված է սոցիալական երաշխիքներ և արտոնություններ` արձակուրդների, աշխատավարձերի, պարտադիր անձնական ապահովագրության, պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետևանքով մահացած փրկարարների աճյունների տեղափոխման, թաղման, գերեզմանների կառուցման և բարեկարգման, կենսաթոշակների նշանակման և այլ ուղղություններով: Սակայն այդ արտոնությունները կյանքի չեն կոչվում` մեխանիզմների բացակայության և կարգավորված չլինելու պատճառով: Կամավորական փրկարարական շարժմանը խթան տալու համար անհրաժեշտ է համապատասխան օրենքներում կատարել լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորել սոցիալական երաշխիքների և արտոնությունների տրամադրման, դրանցից օգտվելու մեխանիզմները:
35. Հայեցակարգն իրականացվելու է միջազգային դոնոր կազմակերպությունների և օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրային որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N/N |
Ակնկալվող արդյունքը (նպատակը) |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատուն |
Համակատարողները |
Ժամկետները |
Ֆինանսավորման աղբյուրը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
1. |
Հասարակական, կամավորական փրկարարական շարժման խթանման, նրանում ներգրավված կամավորականների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործում |
1) Կամավորական շարժման բնագավառում արտասահմանյան առաջատար պետությունների իրավական դաշտի ուսումնասիրում և ՀՀ իրավական դաշտում առաջարկությունների նախապատրաստում և դրանց իրականացում 2) Անհրաժեշտության դեպքում «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարում, 3) փրկարարների և նրանց ընտանիքների անդամների համար սոցիալական երաշխիքների ու արտոնությունների սահմանմանն ուղղված իրավական ակտերի մշակում և ներկայացում |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
2015-2016 թվականների ընթացքում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
2. |
Կամավորական փրկարարների պատրաստման և վերապատրաստման միջազգային չափորշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, վարժահրապարակների առկայություն |
1) Կամավոր փրկարարների պատրաստման ծրագրերի մշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
2015 թվականի ընթաց-քում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում | ||
2) Կամավոր փրկարարների ուսուցման, կամավորական կազմավորումների և փրկարարների որակավորման կազմակերպում |
- |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ | ||||||
3) Կամավոր փրկարարների ուսուցման գործնական պարապմունքների համար վարժահրապարակների կառուցում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
2015-2016 թվականների ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ | |||||
3. |
Փրկարարական և հրդեհաշիջման տեխնիկայով, սարքավորումներով, հանդերձանքով , համապատասխան գույքով, հատուկ պատրաստություն անցած փրկարարներով համալրված կամավորական փրկարարական ուժերի առկայություն |
Հայեցակարգի իրականացման համար միջոցների ներգրավման ծրագրերի մշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն |
2015-2016 թվականների ընթացքում |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ | ||
4. |
ՀՀ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման օժանդակ ուժերի առկայություն |
1) շահագրգիռ համայնքների հետ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկի կազմում, որտեղ նպատակահարմար է ունենալ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2015թ. առաջին եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում | ||
2) Կամավորական հրշեջ փրկարարական հենակետերին շենքերով և շինություններով ապահովելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն |
Պետական և տարածքային կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ )
|
2015 թվականի ընթացքում |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում
| |||||
3) ՀՀ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման հեռանկարային ծրագրի մշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարու-թյուն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ |
2015-2017 թվականների ընթացքում |
Պետբյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում, ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
| ||||
5. |
Կամավորական շարժման զարգացման համար իրականացվող միջոցառումների ֆինանսական շարունակականություն |
Կամավորական շարժմանն աջակցման հիմնադրամի ստեղծում |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
Պետական և տարածքային կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ), միջազգային և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ ) |
շարունակական |
ՀՀ օրենքով չարգելված աղբյուրներ |
![loading...](/static/img/loader.gif)