ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թ. |
N 311-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 17-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հավելվածի 18.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով.
2) լրացնել նոր` 18.1-18.10-րդ կետեր.
«18.1. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքերում վերապատրաստումը կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով՝ կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ՝ համաձայնեցնելով նախարարության հետ:
18.2. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է կառավարիչների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:
18.3. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ անցկացնելու մասին որոշումը դիտորդ խորհրդի կողմից, որպես կանոն, կայացվում է վերապատրաստման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին նախարարությունը, վերապատրաստում անցնող կառավարիչները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
18.4. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ վերապատրաստումն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:
18.5. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացները անցկացվում են նախապես սահմանված վերապատրաստման ծրագրին համապատասխան։
18.6. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, կառավարիչներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է կառավարիչների և դասընթացավարների՝ էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:
18.7. Էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև նախարարություն՝ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում հեռավար դասընթացներին նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար:
18.8. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը դասընթացի ողջ ընթացքին պարտադիր է:
18.9. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար դասընթացավարը կառավարիչների ներկայության ստուգումն իրականացնում է ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում կառավարիչները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով: Յուրաքանչյուր օրվա ավարտից հետո դասընթացավարի կողմից կազմված և ստորագրված՝ դասընթացին մասնակցած կառավարիչների ցուցակը ոչ ուշ, քան հաջորդ օրը ուղարկվում է կազմակերպություն՝ հաճախելիության մատյանում դրանք լրացնելու համար: Հաճախելիության մատյանները ստորագրում է կազմակերպության ներկայացուցիչը՝ կցելով նաև դասընթացավարների կողմից ուղարկված ցուցակները:
18.10. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 18.1-18.9-րդ կետերով նախատեսված դրույթներին:».
3) 20-րդ կետում «ներկայացուցիչը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հավելվածի 18.8-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
4) 21-րդ կետում լրացնել նոր նախադասություն.
«Սույն կետը չի տարածվում հեռավար ուսուցմամբ անցկացվող դասընթացների նկատմամբ»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2020 թվական: