ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 փետրվարի 2020 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մայիսի 31-ի «Ուղեղային մահվան փաստը հաստատող բժշկական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 11-Ն հրամանի N 1 հավելվածում`
1) 20-րդ և 21-րդ կետերում «15-րդ կետի» բառերը փոխարինել «16-րդ կետի» բառերով, իսկ 21-րդ կետում «1)-ից 9)-րդ կետերում» բառերը փոխարինել «1)-ից 9)-րդ ենթակետերում» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլուխ.
«5. ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
22. Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով չի կարող հանդես գալ որպես դիակային դոնոր, ուղեղային մահը հաստատելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, տեղեկացնելով պացիենտի հարազատներին (ազգականներին), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, դադարեցվում են վերակենդանացման միջոցառումները, այն է՝ կենսական կարևոր օրգանների գործունեությունն ապահովող դեղերի ներարկումը և բժշկական սարքավորումների գործունեությունը:
23. Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով կարող է հանդես գալ որպես դիակային դոնոր և առկա է հարազատների (ազգականների), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը, ուղեղային մահը հաստատելուց հետո մինչ 72 ժամ տևողությամբ շարունակվում է օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների արհեստական ապահովումը դեղերի, սնուցման և բժշկական սարքավորումների միջոցով` մինչ օրգանների և/կամ հյուսվածքների սահմանված կարգով վերցնելը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|