Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2011 թվականի N 39
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ–ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011 թվականի 9 ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հարգարժան վարչապետ,
կառավարության հարգելի անդամներ, գործընկերներ
Թույլ տվեք Արարատի մարզի ազգաբնակչության անունից ողջունել Ձեզ և շնորհակալություն հայտնել կառավարության արտագնա նիստը Արարատի մարզում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն հնարավորություն կընձեռնի իրականացնելու նոր ծրագրեր, կստեղծվեն պայմաններ լուծելու Արարատի մարզի մի շարք հիմնախնդիրներ:
Արարատի մարզը իր զարգացած գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, տնտեսական ներուժով և ռազմավարական նշանակությամբ Հայաստանի Հանրապետության կարևորագույն մարզերից է:
Արարատի մարզը իր մեջ ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանները` 97 համայնքներով, որոնցից 4-ը քաղաքային և 93-ը գյուղական համայնքներ են: Մարզի ազգաբնակչությունը շուրջ 285 հազար է, որից 82 հազարը քաղաքաբնակներ են /29% /, 203 հազարը` գյուղաբնակ /71% /:
Արարատի մարզպետարանը իր գործունեության ընթացքում առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով իրականացրել է միջոցառումներ` ապահովելու մարզի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի աճ, տնտեսության զարգացում, մարզի ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավում և բարեկեցության ապահովում:
Մարզպետարանը իր ամենօրյա ուշադրության կենտրոնում և իր գործունեության հիմքում է դրել մարզում առկա խնդիրների հստակեցումը և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մշտական առանձնացումը: Արարատի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները և զարգացման ուղիները ներկայացվել են Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:
2011թ. մարզպետարանի կողմից կատարվել են լայնածավալ աշխատանքներ, ընթացք է տրվել որոշակի հարցերի, լուծվել են մի շարք կարևոր խնդիրներ:
- 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջեից մարզպետարանին, մարզային ենթակայության կազմակերպություններին և համայնքներին ֆինանսավորվել է 9 մլրդ 162 մլն դրամ:
Յուրաքանչյուր եռամսյակ մարզխորհրդի նիստերում քննարկվել է համայնքների բյուջեների կատարողականը: 2011թ. համայնքների բյուջեներով եկամտային մասը նախատեսվել է 4 մլրդ 382 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 3 մլրդ 106 մլն դրամ, կամ 71,%, տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 986 մլն դրամ, օտարումից մուտքերը` 343 մլն դրամ;
Սեփական եկամուտների գծով, առանց օտարումից մուտքերի տարեսկզբի մնացորդի, բյուջեով նախատեսված 1 մլրդ 397 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 900 մլն դրամ, կամ սեփական եկամուտների պլանը կատարվել է 65%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սեփական եկամուտների գծով ավել է մուտք եղել 7,6 մլն. դրամ:
- Առաջընթաց է նկատվում հատկապես գյուղատնտեսության բնագավառում: Ագրոպարենային համակարգը մեր երկրում հռչակված է որպես տնտեսության գերակա ուղղություն և որը գտնվում է կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Աստիճանաբար լուծում են ստանում այդ ոլորտի հիմնախնդիրները` կապված գյուղմթերքների երաշխավորված մթերման, սերմնաբուծության, ոռոգման համակարգերի և գյուղի ենթակառուցվածքների ստեղծման հետ: Զգացվում է ազդեցությունը Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտի վրա` 2011թ. ընթացքում կատարված ցանքսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 808 հեկտարով և կազմում են 21109 հեկտար, աճը կազմում է 4 %:
Մարզում 2011թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ արտադրվել է .
- 230 հազ. տոննա բանջարեղեն, նախորդ տարվա 163 հազ. 412 տոննայի փոխարեն, աճը կազմել է 41 %,
- 67 հազ. տոննա պտուղ, նախորդ տարվա 25 հազ. 474 տոննայի փոխարեն, աճը կազմել է 163 %,
- 65 հազ. տոննա խաղողի բերք, նախորդ տարվա 64 հազ. տոննայի փոխարեն, աճը կազմել է 2 %:
- հացահատիկի 18 հազ. 600 տոննա բերք, նախորդ տարվա 17 հազ. 226 տոննայի փոխարեն, կամ աճել է 8 %-ով: Հարկ եմ համարում նշել, որ այս տարի մարզում գրանցվել է նախորդ տարիների համեմատ ցորենի տեղական սորտերի աննախադեպ բերքատվություն` միջինը հեկտարից 41.4 ցենտեր:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի համայնքներում անասնագլխաքանակը կազմել է`
- խոշոր եղջերավոր անասուններ` 39 հազ. 330 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 65 հազ. 549 գլուխ,
- խոզեր` 11 հազ. 913 գլուխ,
- թռչուններ` 252 հազ. 469 թև:
Մարզում գործում են 48 հակակարկտային կայաններ, որոնց շնորհիվ մարզի ցանքատարածությունները բնական աղետներից էական վնասներ չեն կրել:
Գործում են 137 ձկնաբուծարաններ, նախորդ տարվա 135-ի փոխարեն, որոմց արտադրական ծավալները կազմում են 2 հազ. 300 տոննա: Նրանց արտադրանքը սպառվում է ոչ միայն հանրապետությունում, այլ նաև արտերկրներում:
2011թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզի հողօգտագործողներին մատակարարվել է 72 մլն խ/մ ոռոգման ջուր, որի դիմաց գանձվել է 505 մլն դրամ, կամ 68.6%:
Վերջին 2 տարիների ընթացքում «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի միջոցներով մարզում կատարվել են 41.0 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ: Մաքրվել և վերակառուցվել է շուրջ 329 կմ դրենաժային ցանց, վերակառուցվել է 32 արտեզյան և 7 խորքային հոր, կառուցվել են ջրհան կայաններ, մայր ջրանցքներ, 16 համայնքներում կառուցվել են 44 հազ. 402 մետր երրորդ կարգի ջրագծեր, որի համար համայնքների կողմից համաֆինանսավորումը կազմում է 121 մլն դրամ:
ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2011 թ. մարզի 15 համայնքներում մաքրվել են 95.4 կմ երկարությամբ դրենաժներ` 94.5 մլն դրամ արժողությամբ, ընթացքի մեջ են Արտաշատ և Մխչյան ջրանցքների մաքրման աշխատանքները:
2011թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին հատկացվել է 9 հազ. 825 կգ եգիպտացորենի, 76 հազ. կգ գարնանացան գարու սերմացու: 1 հեկտարից ապահովվել է 29 ցենտներ գարու բերք, որը համարվում է լավագույն ցուցանիշ նախորդ տարիների հետ համեմատ: Սկսվել է ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացված 167 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի ներկրումը:
2011թ.-ին Նորամարգ և Այգեստան համայնքներին հատկացվել է 2 ΜΤЗ-82 մակնիշի տրակտորներ:
Համայնքային սեփականություն հանդիսացող 6865 հեկտար վարելահողերից և բազմամյա տնկարկներից վարձակալության է տրամադրվել 5 650 հեկտարը:
Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալության է տրամադրվել 25 650 հեկտար:
Համայնքներում կազմակերպված աճուրդ-վաճառքների ընթացքում օտարվել է 307 հեկտար հողամաս` 187 մլն դրամ ընդհանուր արժեքով:
2011թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Ղուկասավան և Այգեզարդ համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, որոնք պատվիրվել են համայնքների բյուջեների հաշվին:
- Քաղաքաշինության բնագավառում մարզում իրականացվել է շուրջ 9 մլրդ 955 մլն դրամի շինարարական աշխատանքներ, այդ թվում`
1. պետական բյուջեի միջոցներով նախատեսված 2 մլրդ 882 մլն դրամի գումարից հատկացվել է 1 մլրդ 274 մլն դրամ, որից
մարզպետարանի պատվիրակությամբ` - 1 մլրդ 14 մլն դրամ,
ճանապարհաշինության` - 260 մլն դրամ,
2. Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրի միջոցներով–103 մլն դր.
3. մարդասիրական օգնության միջոցներով – 4 մլրդ դրամ
4. Ասիական զարգացման բանկի միջոցներով – 320 մլն դրամ
5. համայնքային բյուջեների միջոցով – 132 մլն դրամ
6. կազմակերպությունների միջոցով – 796 մլն դրամ
7. բնակչության միջոցներով – 3 մլրդ 357 մլն դրամ:
Քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղված միջոցառումները էապես կապված են ՀՀ կառավարության 2011թ-ի փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշմամբ մարզին հատկացված 1 մլրդ 305 մլն դրամ ֆինանսավորման հետ, որի շրջանակներում նախատեսվել է մարզի 81 օբյեկտներում կատարել շինմոնտաժային և հիմնանորոգման աշխատանքներ` այդ թվում 41 հանրակրթական դպրոցներ, 15 մանկապարտեզներ, 7 մշակույթի տներ, 2 բուժհիմնարկներ և 16 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ 74 օբյեկտներում աշխատանքները ավարտվել են` այդ թվում բոլոր դպրոցներում, մնացածներում` ընթացքի մեջ են:
2011թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվում են նաև 12 դպրոցների, 2 մանկապարտեզների, 2 մարզական և 3 մշակութային օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ, որի համար նախատեսվել է 834,2 մլն դրամ գումար:
2011թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով մարզում իրականացվում են 232 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ /Այգեստանի մանկապարտեզ - 80 մլն դրամ,Վանաշենի մանկապարտեզ - 72 մլն դրամ, Քաղցրաշենի մշակույթի տուն` - 80 մլն դրամ/:
Մարզի 4 քաղաքային իշխանությունների կողմից շուրջ 50 մլն դրամի աշխատանք է կատարվել բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման համար: Բոլոր համայնքներում իրենց միջոցներով աշխատանք է կատարվել ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրագծերի վերակառուցման, մանկապարտեզների, մշակույթի օբյեկտների, գյուղապետարանների շենքերի վերանորոգման, փողոցների լուսավորության վերականգնման և այլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ` շուրջ 600 մլն դրամի: Կատարված աշխատանքների շնորհիվ այսօր անճանաչելիորեն փոխվել է մեր շատ ու շատ համայնքների պատկերը:
Մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին կից տարածքների և բնակավայրերի աղբահանության կազմակերպման գործընթացը: Համայնքների կողմից ձեռք է բերվել 8 միավոր նոր տեխնիկա աղբահանության կազմակերպման համար:
Մարզի խմելու մայրուղի ջրագծերի երկարությունը շուրջ 870 կմ է, որից 660 կմ-ը` մարզի տարածքում, իսկ ներքին ցանցերի երկարությունը շուրջ 4030 կմ է: Մարզ մտնող ընդհանուր ջրաքանակը կազմում է շուրջ 1260 լ/վրկ:
Ասիական զարգացման բանկի միջոցներով կառուցվել և վերակառուցվել են 15 կմ երկարությամբ մայրուղի ջրատարներ` 320 մլն դրամ արժողությամբ, որի շնորհիվ մասնավորապես Եղեգնավան և Նոյակերտ համայնքները ապահովվել են խմելու ջրով, որոնք տասնամյակներ շարունակ զրկված են եղել ջրից և խմելու ջուրը գնել են:
Մարզի 97 համայնքներից գազաֆիկացված են 82-ը:
- Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում ՀՀ պետական բյուջեի միջոցներից մարզին հատկացվել է 340 մլն դրամ` նախորդ տարվա 316 մլն դրամի փոխարեն: Կատարվել է ընդամենը 259 մլն դրամի աշխատանք, որից`
- հիմնանորոգում` 230 մլն դրամ,
- ընթացիկ պահպանում և շահագործում` 29 մլն դրամ:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ դրական տեղաշարժեր են կատարվել մարզի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտներում:
Մարզում գործում են 112 հանրակրթական դպրոցներ, որոնցից 5-ը` ավագ, 2 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն:
Մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթություն են ստանում 33257 աշակերտներ, աշխատում են են 3036 ուսուցիչ, որոնցից 90 % -ը ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն: Ուսուցչական անձնակազմի հիմնական ուսումնական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 17,4 դասաժամ, աշակերտ ուսուցիչ հարաբերակցությունը` 11, դասարանների միջին խտությունը` 20 աշակերտ:
Մարզի բոլոր դպրոցներն ունեն ինտերնետ կապ, 98 դպրոցներ ընդգրկված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համակարգում և ունեն համակարգչային դասարաններ, 102 դպրոցներ ապահովված են ուսումնական զենքով:
- Մարզում նշվում են բոլոր պետական,ազգային տոներն ու հիշատակի օրերը, կազմակերպվում փառատոներ, ցուցահանդեսներ, հոբելյանական երեկոներ, համերգներ և այլն: Հոկտեմբերի 15 –ին մեծ շուքով նշվելու է պատմական Արտաշատի հիմնադրման 2200-ամյակը:
Սեպտեմբերի 4-8-ը մարզը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված «EXPO»- ցուցահանդեսին և մշակութային միջմարզային փառատոնին արժանանալով բարձր գնահատականների` 3 առաջին տեղ, 4 երկրորդ տեղ:
Մարզը մշտապես մասնակցում է հանրապետական մարզական միջոցառումներին և արժանացել է տարբեր մրցանակների` ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական փուլում /6-8 տարեկանների տարիքային խումբ/ մարզի մասնակիցը գրավել է 3-րդ տեղը: Եվրոպայի պատանիների շախմատի առաջնությունում մեր մարզից 11-ամյա Հայկ Մարտիրոսյանը գրավել է 1-ին տեղը և դարձել Եվրոպայի չեմպիոն :
Մարզի շուրջ 285 հազար բնակչության բուժկանխարգելիչ աշխատանքները իրականացվում են 4 բժշկական կենտրոնների, 1 ծննդատան (Վեդու), 1 առողջության կենտրոնի (Արմաշի), 49 գյուղական բժշկական ամբուլատորիաների և նրանց կազմի մեջ մտնող 44 բուժմանկաբարձական կետերի միջոցով, որտեղ աշխատում են 417 բժիշկներ և 1440 միջին ու կրտսեր բուժաշխատողներ:
Առողջապահական հիմնարկներում անվճար վիրահատվել է 848, համավճարով բուժվել` 684 հիվանդ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզին հատկացվել է 4 շտապբուժօգնության ավտոմեքենաներ` 4 բժշկական կենտրոններին և 1 վերակենդանացման ավտոմեքենա Արտաշատի բժշկական կենտրոնին, որը սպասարկում է մարզի ամբողջ ազգաբնակչությանը:
- Մարզում հաշվառված են.
- 843 փախստական և 10330 քաղաքացիություն ստացած նախկին փախստականներ, որոնցից բնակարանի կարիքավոր են 626-ը:
- 41590 կենսաթոշակառուներ,
- անապահովության գնահատման համակարգում 10100 ընտանիքներ, որոնցից միջին ամսական նպաստառուներ են 7359-ը:
2011թ. 9 ամիսների ընթացքում ավանդի փոխհատացում են ստացել 343 ընտանիքներ:
Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն ստացել են 1739 ընտանիք, որոնցից` 1392- ը 50.000-ական դրամ և 347-ը 430.000-ական դրամ:
Մարզում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 3189, նախորդ տարվա 3505-ի փոխարեն, գործազրկության ցուցանիշը մոտ 2,6 %-ով ցածր է հանրապետական միջինից:
ՀՀ պետական բյուջեի միջոցներով այս տարի ևս մարզի զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների /զինծառայողների/ և սակավ ապահովված ընտանիքների 250 երեխաների ամառային հանգիստը կազմակերպվել է Հանքավանի «Հեքիաթների կիրճ» մանկական առողջարարական ճամբարում:
- Մարզում գործում են 80 արտադրական ձեռնարկություններ: Արդյունաբերության մեջ հիմնական ուղղությունը հանդիսանում է վերամշակող արդյունաբերությունը:
Վերջին տարիների ընթացքում մարզում արտադրված արդյունաբերական արտադրանքը կազմում է հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 8,0-ից 8.5 % -ը:
2011թ. 9 ամիսների ընթացքում մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից թողարկվել է 53 մլրդ 407մլն դրամի պատրաստի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 49 մլրդ դրամի փոխարեն: Արտադրական ձեռնարկություններում աշխատում է 13 890 մարդ` նախորդ տարվա 13 500 փոխարեն:Միջին ամսական աշխատավարձը կազմում է 93 հազ. 400 դրամ, նախորդ տարվա 86 հազ. դրամի փոխարեն:
Մարզում զարգացած է նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը: 2011թ. ստեղծվել են 7 փոքր նոր ձեռնարկություններ և 42 առևտրային կազմակերպություններ:
Մարզի սպառողական շուկայում ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով կազմել է 18 մլրդ 163 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 12 մլրդ 216 մլն դրամի դիմաց: Այն իրականացվել է 1192 առևտրային կազմակերպությունների միջոցով, նախորդ տարվա 1150-ի փոխարեն:
Մարզի որոշ արտադրական ձեռնարկություններում նոր տեխնոլոգիական հոսքագծերի ներդրման շնորհիվ ավելացել են և կավելանան արտադրական ծավալները, մասնավորապես` Արտաշատի «Արտֆուդ» ՍՊԸ-ում ընդլայնվել է բնական հյութերի արտադրությունը, Մասիսի «Ալիշան» ՍՊԸ-ում ներդրվել մուրաբաների նոր հոսքագիծ, «Արտաշատ Վինկոն» և Ավշարի գինու/ կոնյակի գործարաններում` կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիաներ: Տարեվերջին իր արտադրանքը կթողարկի Արտաշատ քաղաքում 30 մլն ԱՄՆ դոլար մասնավոր ներդրումներով կառուցվող զովացուցիչ ըմպելիքների և ջրերի գործարանը:
Կյանքի կոչելով նմանատիպ ծրագրեր հնարավորություն է ստեղծվում արդյունավետ օգտագործել մարզի բնական ռեսուրսները, ստեղծել նոր աշխատատեղեր և ավելացնել արտադրական ծավալներ: 2011թ. ստեղծվել է 390 նոր աշխատատեղ:
Մարզի բոլոր համայնքներում լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են մարզպետի այցելություններ և հանդիպումներ, 70 համայնքներում կազմակերպվել են համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվությունների հանրային լսումներ:
Անց է կացվել մարզխորհրդի 3 նիստ և 19 խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: 16 համայնքներում իրականացվել է վարչական և ֆինանսական հսկողություն:
2011թ. 6 համայնքներում կազմակերպվել և անցկացվել են համայնքների ղեկավարների ընտրություններ, 2-ում` ավագանու ընտրություններ:
2011թ. մարզպետարանում մուտքագրվել է քաղաքացիների 1147 նամակ: Քաղաքացիներից ստացված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով:
Մարզպետի կողմից կայացվել է 67 որոշում, արձակվել` 150 կարգադրություն, աշխատակազմի ղեկավարի կողմից` 193 հրաման:
Ուսումնասիրվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած 9122 իրավական ակտ, այդ թվում` ավագանու 1524 որոշում, համայնքի ղեկավարի 5487 որոշում և 1111 կարգադրություն:
Վերանայելու կամ չեղյալ համարելու առաջարկով համայնքների ղեկավարներին է վերադարձվել օրենսդրությանը հակասող ավագանու 22, համայնքի ղեկավարի 31 որոշում, 1 կարգադրություն:
Չնայած կատարված աշխատանքներին մարզում դեռևս առկա են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներ.
1. Պտղաբուծության և խաղողագործության ավելի բարձր մակարդակ ապահովվելու նպատակով անհրաժեշտ է, որ մթերվի արտադրված ամբողջ բերքը և ժամանակին կատարվեն վճարումները:
2. Մարզում ոռոգելի հողատարածքների մակերեսը կազմում է 34,339 հազ. հա, որից 2011թ. մշակվում է 33.213 հա: Ոռոգման համակարգի մաշվածության և քայքայվածության պատճառով ջրի կորուստը կազմում է 40-45%-ը, որը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է վերանորոգել ոռոգման ներտնտեսային ցանցը: Առաջարկվում է Վեդու ջրամբարի և Քաղցրաշենի ինքնահոս ջրատարի կառուցում, որը հնարավորություն կտա նաև տնտեսելու տարեկան շուրջ 24 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
3. Մարզում անհրաժեշտ է ավելացնել ևս 26 հակակարկտային կայանքներ:
4. Առաջարկվում է մարզի գյուղացիական տնտեսություններին լիզինգային տարբերակով տրամադրել գյուղտեխնիկա` համապատասխան գյուղգործիքներով:
5. Մարզի 112 դպրոցներից 62-ը ունեն հիմնանորոգման, 52-ը` լոկալ ջեռուցման կարիք:
6. Առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Արտաշատ քաղաքի, Ոստանի, Վանաշենի մշակույթի տները:
7. 55 բուժհիմնարկներից 35-ը ունեն հիմնանորոգման կարիք: Անհրաժեշտ է ավարտին հասցնել Արտաշատի կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները /ծախսվել է 180 մլն դրամը` մնացել է 475 մլն դրամ, ընդ որում այս տարի ֆինանսավորում չի եղել/:
8. Զանգակատուն գյուղի սողանքային գոտում են գտնվում շուրջ 25 բնակելի տներ, որոնցից 4-ը գտնվում են առավել վատ վիճակում և լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:Ուրցալանջ համայնքում նույնպես առկա են սողանքային երևույթներ` 1 բնակելի տուն և գյուղ մտնող ճանապարհը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն:
9. Մարզի 7 Սայաթ Նովա, Նիզամի, Հովտաշատ, Նորամարգ, Ռանչպար, Սիս, Հովտաշեն համայնքները չունեն խմելու ջուր, օգտվում են արտեզյան հորերից: Անհրաժեշտ է լուծել խմելու ջրի և ներքին ցանցի կառուցման խնդիրը:
10. Առաջնահերթ գազիֆիկացման կարիք ունեն 5 համայնքներ, իսկ 4 համայնքներ` գազամատակարարման ներքին ցանցերի վերանորոգման խնդիր:
11. Անհրաժեշտ է մարզում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների (զինծառայողների) և փախստական ընտանիքների համար իրականացնել բնակարանային ապահովության ծրագրեր:
Հարգարժան վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ես փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել Արարատի մարզը իր տնտեսությամբ և իր խնդիրներով, սակայն ինձ ընձեռնված ժամանակահատվածում հնարավոր չէր բազմակողմանի և մանրամասն ներկայացնել 2011թ. 9 ամիսների ընթացքում կատարված բոլոր աշխատանքները և ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև այն խնդիրներն ու խոչընդոտներն ամբողջությամբ, որոնք դժվարացնում են մարզում լիարժեք իրականացնելու մեր առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը:
Ընդհանուր առմամբ, մարզի քաղաքներում և գյուղերում սոցիալ-տնտեսական խնդիրների, բազմաբնույթ հարցերի լուծման ուղղությամբ տարվել են լայնածավալ աշխատանքներ և բոլոր ոլորտներում ձեռքբերումներն ու առաջընթացը ակնհայտ է:
Այս բոլորը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի ամենօրյա հոգածության և ուշադրության շնորհիվ:
Հարգարժան վարչապետ, կառավարության հարգելի անդամներ օգտվելով ընձեռնված հնարավորությունից, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարության արտագնա նիստը մեր մարզում անցկացնելու համար: