Գլխավոր տեղեկություն
Номер
N 35-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.09.2019-04.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.09.02/21(657) Հոդ.206
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.08.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.08.2019
Дата вступления в силу
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 օգոստոսի 2019 թ.

N 35-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵԳԻՈՆԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՍԿ N 2.1.2.003-19 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակչության շրջանում լեգիոնելոզ հիվանդության կանխարգելման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ «Հայաստանի Հանրապետությունում լեգիոնելոզ հիվանդության կանխարգելում» ՍԿ N 2.1.2.003-19 սանիտարական կանոնները»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված
Առողջապահության նախարարի
2019 թվականի օգոստոսի 13-ի
թիվ 35-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵԳԻՈՆԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» N 2.1.2.003-19 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեգիոնելոզ հիվանդությունը (այսուհետ՝ լեգիոնելոզ)՝ (լեգիոներների հիվանդություն, պիթսբուրգյան թոքաբորբ, Պոնտիակի տենդ, Ֆորտ-Բրագգի տենդ, լեգիոնելա-վարակ) սուր սապրոնոզ մանրէային հիվանդություն է, որը բնորոշվում է հիմնականում շնչառական համակարգի ախտահարմամբ, թոքաբորբով, արտահայտված ինտոքսիկացիայով, կենտրոնական նյարդային համակարգի և երիկամների ախտահարմամբ:

2. Լեգիոնելոզի հարուցիչը (այսուհետ՝ լեգիոնելա) պատկանում է Լեգիոնելացեե (Legionellaceae) ընտանիքի Լեգիոնելա (Legionella) խմբին, որն ընդգրկում է 50 և ավել տեսակ, որոնցից 22-ը կարող են առաջացնել կլինիկական ախտանշաններ:

3. Լեգիոնելոզի կլինիկորեն արտահայտված դեպքերի ավելի քան 90%-ը պայմանավորված են Լեգիոնելա պնևմոֆիլա (Legionella pneumophilla) մանրէի տեսակով:

4. Լեգիոնելաները կայուն են արտաքին միջավայրում, ջրում կարող են պահպանվել մինչև 112 օր՝ 25 °С պայմաններում և մինչև 150 օր՝ 4 °С պայմաններում:

5. Լեգիոնելաները ոչնչանում են՝

1) 700 էթիլ սպիրտի ազդեցությունից՝ 10 րոպեի ընթացքում,

2) 0,002% ֆենոլի լուծույթի ազդեցությունից՝ 10 րոպեի ընթացքում,

3) 3%-անոց քլորամինի լուծույթի ազդեցությունից՝ 10 րոպեի ընթացքում:

6. Լեգիոնելաների բարձր հարմարվողականության շնորհիվ, դրանք կարող են բազմանալ և տարածվել (գաղութացվել) տաք և սառը ջրամատակարարման համակարգերում (այսուհետ՝ ջրամատակարարման համակարգ), օդորակման և օդի խոնավացման կենտրոնացված համակարգերում (այսուհետ՝ օդի սառեցման համակարգ), ջրային օբյեկտների (արհեստական ջրամբարներ, լողավազաններ, շատրվաններ, լճակներ) կոմպրեսորային համակարգերում, ցնցուղային սարքավորումներում, հիդրոմերսման լոգարաններում (այսուհետ՝ ջակուզի), շնչառական թերապիայի սարքավորումների վրա, ատամնաբուժական բազկաթոռների ջրամատակարարման համակարգերում և ջրային տարողություններում: Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Փոխանցման հիմնական գործոն է հանդիսանում ջրային մանրադիսպերս աերոզոլը:

7. Արտահիվանդանոցային լեգիոնելոզի դեպքերի (որոնք կապված չեն ճանապարհորդությունների հետ) ռիսկի գործոն են համարվում՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թոքերի հիվանդությունները, անընկալության խանգարումը, քրոնիկ շնչառական և երիկամային հիվանդությունները:

8. Ներհիվանդանոցային (նոզոկոմիալ) լեգիոնելոզ համարվում է լեգիոնելային պատճառագիտության վարակիչ հիվանդությունը, որն առաջացել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) գտնվելու կամ բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո 10 օրվա ընթացքում կամ կապված է բժշկական կազմակերպությունում իրականացված ցանկացած բժշկական միջամտության հետ:

9. Ներհիվանդանոցային լեգիոնելոզի ռիսկի գործոններն են համարվում՝ վերջին շրջանում տարած վիրահատությունները, ինտուբացիան, թոքերի արհեստական օդափոխությունը, ասպիրացիան, շնչառական թերապիայի սարքավորումների կիրառումը և այլն:

10. Լեգիոնելոզի եզակի դեպք համարվում է լեգիոնելոզների բժշկական կազմակերպությունում գտնվելու կամ ստացած միջամտությունների, ինչպես նաև ուղևորությունների և ճամփորդությունների հետ կապ չունեցող դեպքերը:

11. Լեգիոնելոզի եզակի դեպքերը կամ բռնկումներն արձանագրվում են հիմնականում ճանապարհորդների շրջանում, հյուրանոցների անձնակազմի, հիվանդանոցների աշխատակիցների, ստացիոնարներում գտնվող հիվանդների (ներհիվանդանոցային վարակի դեպքում), արտադրական կազմակերպությունների աշխատակիցների մոտ:

12. Ջրի դիսպենսեր (այսուհետ՝ կուլեր)՝ շշալցված խմելու ջրի տաքացման և սառեցման համար նախատեսված ժամանակակից երկռեժիմային սարք:

 

2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

13. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում լեգիոնելոզի կանխարգելմանը:

14. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գերատեսչական պատկանելիությունից) բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների (այսուհետ՝ հյուրանոց), առևտրի և հանրային սննդի ծառայությունների, ակումբների, սպորտային դահլիճների, բաղնիքների և բաղնիքային համալիրների, ջրամատակարարման համակարգերի, ջրային օբյեկտների (արհեստական ջրամբարներ, լողավազաններ, շատրվաններ, լճակներ), օդի սառեցման համակարգերի, կոմպրեսորային համակարգերի, ցնցուղային և բժշկական սարքավորումների, ջակուզիների, շնչառական թերապիայի սարքավորումների, ատամնաբուժական բազկաթոռների, ջրի դիսպենսերի (այսուհետ՝ կուլեր) ջրամատակարարման համակարգերի, ջրային տարողությունների համար:

 

3. ԼԵԳԻՈՆԵԼՈԶ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿԱՄ ԿԱՍԿԱԾԵԼԻՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

 

15. Բնակչության շրջանում լեգիոնելոզի դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների բժիշկների կողմից և ենթակա են անհատական հաշվառման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի հավելված 2-ի Ձև 1բ-ի:

 

4. ԼԵԳԻՈՆԵԼՈԶԻ ՕՋԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

16. Վարակի փոխանցումը կանխելու համար օջախի համաճարակաբանական մշտադիտարկման արդյունքների հիման վրա ձեռնարկվում են հետևյալ միջոցառումները՝

1) օբյեկտների, սարքերի, սարքավորումների շահագործման և տեխնիկական սարքավորումների աշխատանքի դադարեցում,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով սահմանված կարգով ջրամատակարարման դադարեցում:

17. Լեգիոնելոզի նոր դեպքերի հայտնաբերման ժամանակ, վարակի օջախում, ինչպես նաև հավանական վտանգ ներկայացնող ջրային օբյեկտներում, ջրամատակարարման համակարգերում (անբավարար սանիտարահիգիենիկ վիճակում գտնվող) կատարվում է ախտահանում:

18. Հավանական վարակման վտանգի ենթարկված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն 10 օր (ենթադրյալ վարակի աղբյուրի հետ վերջին շփումից հետո):

19. Լեգիոնելոզի օջախում հայտնաբերված 2 և ավելի դեպքը, որոնք հաստատվել են կլինիկորեն, ռենտգենաբանորեն կամ լեգիոնելոզի ստանդարտ լաբորատոր ախտորոշման մեթոդներից որևէ մեկով՝ համարվում է բռնկում:

20. Բռնկման օջախի տեղայնացումից հետո՝ (վերջին հիվանդի արձանագրումից 10 օր հետո) բռնկման օջախի նկատմամբ մեկ տարի ժամկետով սահմանվում է հսկողություն և այդ ընթացքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ և լաբորատոր (մանրէաբանական) հետազոտություններ:

21. Բժշկական կազմակերպությունից դուրս գրված (ապաքինված) անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 1 տարի ժամկետով, թերապևտի կողմից՝ ամիսը մեկ անգամ՝ զուգորդված լաբորատոր հետազոտություններով:

22. Լեգիոնելոզի առաջացման տեսակետից հնարավոր վտանգավոր կազմակերպությունների թվին դասվում են այն կազմակերպությունները, որտեղ օգտագործվում են տաք ջրի մեծաքանակ ծավալներ, հաճախ արձանագրվում են ջրի ճնշման տատանումներ և ջրամատակարարման ցանցը տարածվում է լայն շառավղով՝ մի քանի կիլոմետր:

23. Լեգիոնելաների վերաբերյալ լաբորատոր (մանրէաբանական) հետազոտություններն իրականացվում են եռամսյակը մեկ անգամ:

24. Հայտնաբերված լեգիոնելաների քանակության թույլատրելի շեմի գերազանցման պարագայում, բժշկական կազմակերպությունների բժիշկներն իրականացնում են հետևյալ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումները.

1) օդի սառեցման համակարգերի լաբորատոր (մանրէաբանական) հետազոտություն՝ լեգիոնելաների հայտնաբերման նպատակով, որն իրականացվում է առնվազն տարին 2 անգամ՝ օդի սառեցման համակարգի կոնտուրից,

2) լողավազաններում և ջակուզիներում լաբորատոր (մանրէաբանական) հետազոտություն, որն իրականացվում Է յուրաքանչյուր եռամսյակ՝ ջրի ֆիլտրից հետո,

3) սառը և տաք ջրամատակարարման համակարգերի լճացած գոտիներում, խողովակների այն հատվածներում, որտեղ առկա է ջրի հոսքի ցածր արագություն, ջրի հավաքման բաքերում/տարողություններում մանրէաբանական հետազոտությունները իրականացվում են ոչ պակաս քան տարին 2 անգամ, իսկ ջրի նմուշառումն իրականացվում է կաթսայատան մարտկոցային տարողությունից՝ ջրի ելքից դեպի բաշխիչ ցանց, տաք ջրամատակարարման համակարգից՝ հաստատության մուտքի մոտ և պահեստային ջրային տարողությունից՝ սառը ջրամատակարարման համակարգում։

25. Սույն Կանոնների շրջանակներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները հետևյալն են.

1) ջրամատակարարման համակարգի մաքրում, լվացում և վարակազերծում,

2) ջրամատակարարման համակարգի քիմիական կամ ֆիզիկական ախտահանում,

3) ջրամատակարարման համակարգում ջրի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 650C և բարձր,

4) ախտահանիչ միջոցների օգտագործում, որոնք օժտված են մանրէային կենսաբանական թաղանթների քայքայման կամ դրանց առաջացումը կանխելու հատկություններով,

5) վարակման վտանգի ենթարկված անձանց նկատմամբ բժշկական հսկողության սահմանում,

6) լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում,

7) բռնկման օջախի նկատմամբ հսկողության սահմանում՝ մեկ տարի ժամկետով,

8) բժշկական կազմակերպության ջրի լիարժեք հսկողության, ինչպես նաև թոքերի արհեստական շնչառության կամ այլ միջամտությունների ժամանակ կիրառվող սարքավորումների, բժշկական նշանակության գործիքների, լուծույթների անվտանգության ապահովում,

9) մշտական հսկողության իրականացում մատակարարվող տաք ջրի նկատմամբ՝ ջրամատակարարման համակարգի ելքի կետերում,

10) հավելվածով հաստատված Կանոնների 14-րդ կետով սահմանված օբյեկտներում լեգիոնելաների մանրէաբանական մշտադիտարկման իրականացում,

11) հավելվածով հաստատված Կանոնների 14-րդ կետով սահմանված օբյեկտների ջրերում, օդի սառեցման համակարգերում լեգիոնելա պնևմոֆիլայի մանրէաբանական հսկողության իրականացում,

12) կուլերի ջրի հետ շփվող մակերեսների լվացման և սանիտարական մշակման աշխատանքների իրականացում:

26. Ջրամատակարարման համակարգի մաքրման, լվացման և վարակազերծման տեսակը կախված է այդ ջրամատակարարման համակարգի շահագործման պայմաններից և մաքրման, լվացման և վարակազերծման համար նախատեսված նյութի բաղադրությունից:

27. Լեգիոնելոզի ներհիվանդանոցային դեպքերի կանխարգելումը կախված է բժշկական կազմակերպության ջրի լիարժեք հսկողությունից, ինչպես նաև թոքերի արհեստական շնչառության կամ այլ միջամտությունների ժամանակ կիրառվող սարքավորումների, բժշկական նշանակության գործիքների, լուծույթների անվտանգությունից:

28. Լեգիոնելոզի ներհիվանդանոցային դեպքերի կանխարգելման համար ապահովվում է մշտական հսկողություն մատակարարվող տաք ջրի նկատմամբ՝ ջրամատակարարման համակարգի ելքի կետերում՝ պահպանելով 650C և բարձր ջերմաստիճան:

29. Եթե ջրամատակարարման համակարգում ջրի ջերմաստիճանն իջեցվում է 550C և ցածր, հատկապես այն սենքերում, որտեղ առկա են ռիսկի խմբին պատկանող հիվանդներ, ապա ապահովվում են լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝

1) ջրամատակարարման համակարգի ելքային կետերում հիվանդի շփումը լեգիոնելաների հետ բացառող հատուկ ֆիլտրերի տեղադրում,

2) ջրամատակարարման համակարգում կենսաբանական թաղանթի առաջացումը կանխող ժամանակակից ծածկերի ապահովում:

30. Բժշկական կազմակերպությունների տաք ջրամատակարարման համակարգը, սարքավորումները, բժշկական նշանակության գործիքները լրացուցիչ ախտահանվում են՝ ջրամատակարարման համակարգում նոր կենսաբանական թաղանթների առաջացումը կանխող միջոցների կիրառմամբ:

31. Բժշկական կազմակերպությունների տաք ջրամատակարարման համակարգում ջրի ջերմաստիճանի 550C իջեցման դեպքում, ջրամատակարարման համակարգի ելքի կետերում սահմանվում է ամսական հսկողություն՝ մինչև 650C և բարձր ջերմաստիճանի ապահովման նպատակով:

32. Լեգիոնելոզով վարակման վտանգը նվազեցվում է ջրի անվտանգության ապահովմամբ:

33. Մեխանիկական մաքրումն իրականացվում է ջրամատակարարման այն համակարգերում, որոնք վտանգ են ներկայացնում լեգիոնելաների բազմացման, կուտակման և տարածման առումով:

34. Պարբերաբար իրականացվում է օդի սառեցման համակարգերի մեխանիկական մաքրում և լվացում:

35. Բժշկական սարքավորումներում օգտագործում են ախտահանված ջուր և (ինհալացիոն թերապիայի ժամանակ) ախտահանում են արհեստական օդափոխության, աերոզոլային, անզգայացման սարքավորումների մասերը, ներշնչափողային և ստամոքսային խողովակները:

36. Պարբերաբար կատարվում է ջրի վարակազերծում կալցիումի հիպոքլորիդի լուծույթով (3,3 մգ մնացորդային քլորի առկայություն 1 լիտր ջրում հաշվարկով):

37. Քլորացումը կամ ջերմամշակումը կարելի է փոխարինել ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, ջրի հարստացմամբ՝ արծաթի կամ պղնձի իոններով:

 

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԵԳԻՈՆԵԼԱ ՊՆԵՎՄՈՖԻԼԱՅՈՎ ԲԱՂԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

38. Հավելվածով հաստատված Կանոնների 6-րդ կետով սահմանված օբյեկտների ջրերում, օդի սառեցման համակարգերում Լեգիոնելա պնևմոֆիլայի՝

1) 1լ-ում <1x102 մանրէային բջիջ (այսուհետ՝ մ. բ.) քանակներով հայտնաբերումը թույլատրելի է և չի պահանջում կանխարգելիչ միջոցառումների անցկացում,

2) 1լ-ում 1x102-9x103 մ. բ. քանակներ հայտնաբերելը համաճարակային վտանգ չի ներկայացնում, սակայն վկայում է տվյալ օբյեկտի լեգիոնելաներով գաղութացման մասին, որը պահանջում է ամենամսյա կանխարգելիչ միջոցառումների իրականացում,

3) 1լ-ում 1x104 մ. բ. և ավելի քանակություն հայտնաբերելու դեպքում եզրակացնում են լեգիոնելաների առկայության տեսակետից օբյեկտի համաճարակային վտանգավորության մասին, ինչը պահանջում է կանխարգելիչ միջոցառումների իրականացում:

 

6. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

 

39. Հետազոտման ենթակա են ջրային սառեցման համակարգերը, որոնք օգտագործվում են արտադրական գործընթացում:

40. Ջրային սառեցման համակարգերը հետազոտելիս հետազոտում են թասերից վերցրած ջրի նմուշները (ոչ պակաս քան 2 նմուշ 1 լ ծավալով):

41. Կախված սառեցման համակարգի կառուցվածքից և հասանելիությունից նույն քանակի նմուշներ վերցնում են պոմպից և պարզարանից:

42. Ջրային սառեցման համակարգի թասի մակերեսի վրա կենսաթաղանթի տեսողական (վիզուալ) հայտնաբերման ժամանակ հետազոտության համար վերցնում են ոչ պակաս քան 2 նմուշ տարբեր հատվածներից՝ 5 x 5 սմ չափով մածկաթիակի օգնությամբ:

43. Օդի սառեցման համակարգերի հետազոտությունը (ջրի նմուշառումները), որոնք օգտագործվում են հանրային շինություններում, առևտրի կենտրոններում, ռեստորաններում, ակումբներում, հյուրանոցներում, զբոսանավերում, գնացքներում միկրոկլիմայի ստեղծման համար իրականացնում են օդի սառեցման համակարգի հաղորդիչների փակ շղթայից (ոչ պակաս քան 2 նմուշ 1 լ ծավալով):

44. Կենսաբանական թաղանթներ հայտնաբերելիս վերցնում են օդի ոչ պակաս քան 2 նմուշ:

45. Օդի սառեցման համակարգերի սեզոնային օգտագործման դեպքում (ամառ կամ ձմեռ) հետազոտությունն իրականացվում է համակարգի գործարկման ժամանակ՝ շահագործման ժամանակաշրջանի վերջում:

46. Ջակուզիների հետազոտումը հանրային վայրերում (լողավազաններ, սաունաներ, ջրաշխարհներ, ֆիթնես և սպա կենտրոններ, առևտրի և ցուցահանդեսային կենտրոնների ջակուզիների ցուցադրություն և այլն) ջրի նմուշառումներն իրականացվում են ֆիլտրից հետո՝ շղթայից (2 նմուշ 1 լ ծավալով):

47. Կախված ջրամատակարարման համակարգի կառուցվածքից, հետազոտման համար վերցնում են քերուկներ պոմպերից, որոնք ապահովում են ջրի շրջանառությունը:

48. Ցուցադրական կամ դեկորատիվ ջակուզիների շահագործման երկարատև ընդհատման դեպքում ջրի հետազոտությունն իրականացվում է մինչ շահագործումը:

49. Ջրամատակարարման համակարգերի հետազոտման շրջանակներում իրականացվող մանրէաբանական հետազոտմանը նախորդում է ջրամատակարարման ցանցում ջրի ջերմաստիճանի վերլուծությունը և հազվադեպ օգտագործվող, փակուղային (առավելապես հեռավոր) տաք ջրի մատակարարման համակարգի հատվածների հայտնաբերումը:

50. Ցանցում ջրի ջերմաստիճանի 700C բարձր լինելու դեպքում և 600C և ավել՝ ջրի օգտագործման կետերում մանրէաբանական հետազոտություն չի իրականացվում:

51. Սառը ջրի մանրէաբանական հետազոտություն իրականացվում է, երբ ցանցում ջրի ջերմաստիճանը 200C ցածր է: Այդ դեպքում հետազոտվում է ծորակների, ջրի խողովակների ներքին մակերեսների, ցնցուղային սարքավորումների, ինչպես նաև տաք ջրամատակարարման համակարգի հազվադեպ օգտագործվող հատվածների ջուրը:

52. Նմուշների ընդհանուր քանակը պայմանավորված է հետազոտության ենթակա ջրամատակարարման համակարգի հատվածների և կետերի քանակով:

53. Հետազոտության ենթակա ջրամատակարարման համակարգի հատվածների և կետերի բացակայության դեպքում հետազոտվում են կաթսայից առավել մոտիկ և հեռավոր կետերը:

54. Հետազոտության համար անհրաժեշտ ջրի նմուշները վերցնում են նաև կաթսայից դուրս գալուց կամ հիմնական ջրատարից:

55. Լեգիոնելաների բազմացման համար բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմի առկայության դեպքում հետազոտությունն իրականացվում է ոչ պակաս քան տարին 2 անգամ:

56. Հավելվածով հաստատված Կանոնների 14-րդ կետով սահմանված օբյեկտների հետազոտությունը՝ պայմանավորված է ջրային այլ համակարգերում (շատրվաններ, ջրցան համակարգեր և այլն) լեգիոնելաների բազմացման հավանականությամբ:

57. Լեգիոնելաների մանրէաբանական մշտադիտարկման հաճախականությունը պայմանավորված է ջրամատակարարման համակարգերում՝ ջրի ջերմաստիճանով (25 - 500C), փակ ռեժիմում ջրի շրջանառության տևողությամբ, «լճացած ջրի» մեծ քանակության երկարատև պահպանման ժամկետներով և կենսաբանական թաղանթների հայտնաբերմամբ:

58. Լեգիոնելոզով վարակվելու տեսանկյունից բժշկական կազմակերպությունների ռիսկային բաժանմունքներում (որտեղ կիրառվում է իմունոսուպրեսիվ թերապիա, փոխպատվաստման, վիրաբուժական, ուռուցքաբանության, այրվածքաբանության, վերակենդանացման, պերինատալ պաթոլոգիայի) (այսուհետ՝ ռիսկային բաժանմունքներ) հավանական վտանգավոր ջրային համակարգերի հետազոտությունն իրականացվում է եռամսյակային, իսկ լեգիոնելաների հայտնաբերման դեպքում՝ յուրաքանչյուր ամիս:

59. Բժշկական կազմակերպությունների լրացուցիչ ռիսկային բաժանմունքներում հսկվում են ջուր պարունակող սարքավորումները, գործիքները և լուծույթները (օգտագործվում են ինտուբացիայի, թոքերի արհեստական սարքավորման և այլ միջամտությունների, որոնք իրականացվում են լեգիոնելոզով վարակման ռիսկի խմբերում գտնվող անձանց համար, ինչպես նաև շշալցված ջրի, որն օգտագործում են լեգիոնելոզով հիվանդները):

 

7. ԿՈՒԼԵՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ԿՈՒԼԵՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

60. Անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել կուլերի ջրի հետ շփվող մակերեսների լվացման և սանիտարական մշակման աշխատանքներ:

61. Կուլերի լվացման համար պահանջվում է մաքուր խոզանակ, լվացող հեղուկ միջոց, մաքուր թաց անձեռոցիկ, մաքուր չոր անձեռոցիկ:

62. Կուլերի լվացումն անհրաժեշտ է իրականացնել շիշը փոխելու ժամանակ:

63. Կուլերի լվացման աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերը:

64. Մանրակրկիտ լվանալ կուլերի արտաքին մակերեսը խոզանակով և հեղուկ օճառով:

65. Շիշը սարքին միացնելուց հետո շիշը պարզաջրել մաքուր հոսող ջրով և սրբել չոր անձեռոցիկով:

66. Կուլերի մակերեսներն անհրաժեշտ է մաքրել մաքուր խոնավ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, որպեսզի հեղուկ օճառի հետքեր չմնան:

67. Կուլերի մակերեսներն անհրաժեշտ է չորացնել չոր անձեռոցիկով և տեղադրել շիշը կուլերի վրա:

68. Յուրաքանչյուր ծորակից լցնել կես բաժակ ջուր՝ հեռացնելով դրանցից լվացող նյութի մասնիկները, որոնք հնարավոր է լվացման ժամանակ թափանցած լինեն ծորակների մեջ, ինչից հետո կուլերը պատրաս կլինի օգտագործման:

69. Կուլերի սանիտարական մշակման համար անհրաժեշտ է մաքուր խոզանակ, ձեռնոցներ, հեղուկ լվացող և ախտահանող միջոցներ, խմելու որակի ջուր, մաքուր թաց և չոր անձեռոցիկ:

70. Կուլերի սանիտարական մշակման աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերը և բացել կուլերի հետին ջրահեռացման բացվածքները և հեռացնել դրանցում կուտակված մնացորդային ջուրը, ինչից հետո անհրաժեշտ է փակել կուլերի հետին ջրահեռացման բացվածքները (այսուհետ՝ բացվածք), պտտացնել ծորակը, մանրակրկիտ լվանալ բացվածքները լվացող միջոցով՝ արտաքին և ներքին կողմերից, որից հետո՝ պարզաջրել բացվածքները հոսող ջրով, բացել ծորակը, տակը տեղադրել տարա՝ զգուշությամբ լցնելով ախտահանիչ լուծույթը կուլերի շշի տեղադրման հատվածում այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր ծորակից կհոսի լուծույթը, ինչից հետո անհրաժեշտ է փակել ծորակները, շարունակել լուծույթի ավելացումը, մինչև շշին միացող կուլերի ասեղն ամբողջովին կընկղմվի ախտահանիչ լուծույթի մեջ և դրանից հետո՝ կուլերի ծորակների և բացվածքների միջոցով հեռացնել ախտահանիչ լուծույթը, փակել բացվածքները:

71. Հավելվածով հաստատված Կանոնների 70-րդ կետով սահմանված գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ է բացել կուլերի ծորակը և կուլերի տակը տեղադրել տարա, զգուշությամբ լցնել մաքրված ջուր կուլերի շշի տեղադրման հատվածում, այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր ծորակից կհոսի ջուրը, ինչից հետո անհրաժեշտ է փակել ծորակները, շարունակել ջրի ավելացումը, մինչև շշին միացող կուլերի ասեղն ամբողջովին կընկղմվի ջրի մեջ, որից հետո դատարկել ջուրը և գործողությունը կրկնել 3 անգամ՝ տեղադրելով կուլերի վրա խմելու ջրի շիշը:

72. Կուլերի ախտահանման համար նախատեսված նյութի հետ աշխատելիս անհրաժեշտ է ապահովել սանիտարական մշակման համար օգտագործվող ախտահանիչ նյութերի լիարժեք կիրառումը՝ դրանց կից մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

73. Կուլերի ջրի որակը պետք համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1240-Ն որոշման պահանջներին:

 

8. ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ, ԼԵԳԻՈՆԵԼՈԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԵՎ ԼԵԳԻՈՆԵԼՈԶՈՎ ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

74. Լեգիոնելոզի հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 34-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանների պահանջների համաձայն:

75. Լեգիոնելոզով դեպքի վարման ընթացքում առաջացած բժշկական թափոնների անվտանգ գործածությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների համաձայն:

77. Բժշկական նշանակության արտադրատեսակների և շրջապատի առարկաների մակերեսների մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների համաձայն:

78. Լեգիոնելոզի օջախներում ախտահանման աշխատանքներն իրականացվում են համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի:

79. Լեգիոնելաներն ակտիվորեն գաղութացնում են արդյունաբերական, ջրատար և բժշկական սարքավորումների սինթետիկ և ռետինե մակերեսներն՝ առաջացնելով կենսաթաղանթ և ախտահանիչ նյութերի նկատմամբ դրսևորում են առավել բարձր կայունություն՝ հետևաբար կիրառվում են լրացուցիչ միջոցներ, որոնք կանխում են կենսաբանական թաղանթների ձևավորումն՝ ապահովելով դրանց քայքայումը:

80. Արհեստական ջրատարողություններն ախտահանվում են ջերմային կամ քիմիական մեթոդներով:

81. Ախտահանման ջերմային մեթոդի կիրառման դեպքում ջուրը տաքացվում է առնվազն 800C՝ 24 ժամվա ընթացքում:

82. Ախտահանման ջերմային մեթոդով ախտահանվում են ջրամատակարարման համակարգերը:

83. Ախտահանման քիմիական մեթոդի դեպքում կիրառվում են քլոր պարունակող միջոցներ՝ ապահովելով մնացորդային քլորի 1-3 մգ/լ քանակություն:

84. Ախտահանման ժամկետի կրճատման անհրաժեշտության դեպքում ակտիվ քլորի պարունակությունը բարձրացվում է 20-50 մգ/լ:

85. Ախտահանման մեթոդի ընտրությունը կամ մեթոդների համակցումն իրականացվում է՝ կախված ախտահանման ենթակա ջրային օբյեկտից:

86. Փակ շրջանառությամբ ջրամատակարարման համակարգերը մաքրվում և ախտահանվում են տարին 2 անգամ:

87. Ջրամատակարարման համակարգերում լեգիոնելայի հայտնաբերման դեպքում եռամսյակը 1 անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ, որից հետո պարտադիր կատարվում են մանրէաբանական հետազոտություններ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2023, N 41-Ն 04.10.2023, N 35-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան