«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10518039
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19 հունվարի 2018 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 8-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել արդյունագործական որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
1) Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,
2) խեցգետին` Սևանա լճում մինչև 500 տոննա,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չսահմանված կենդանատեսակների կամ տարածքների դեպքում արդյունագործական որսն իրականացնել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
2. Սահմանել, որ`
1) ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
2) խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`
1) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները և 2-րդ կետով նախատեսված բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները,
2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2018 թվականի նոյեմբերի 20-ը,
3) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշար օգտագործողը պարտավորվում է սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում դադարեցնել Սևանա լճում խեցգետնի որսը,
4) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշարների օգտագործման պայմանագրով նախատեսված կենդանատեսակներից զատ տվյալ ջրային տարածքներում փաստացի որսված այլ կենդանատեսակների համար պայմանագրի գործողության ժամկետի ավարտին օգտագործողի կողմից վճարվում է օրենքով սահմանված չափով բնօգտագործման վճար: Փաստացի որսված այլ կենդանատեսակների չափաքանակը չպետք է գերազանցի պայմանագրով սահմանված կենդանատեսակի չափաքանակի 12 %-ը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`
1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված տարածքներում,
2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, սիգ և կողակ ձկնատեսակների ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:
Նախարար |
Ա. Մինասյան |