ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 փետրվարի 2017 թ. |
N 469-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002208 ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-001991 ԼԻԶԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 8-րդ կետերը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 1-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում «Սուրբ Մարիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ` Ընկերություն) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Գովազդի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների և դրանցից բխող այլ իրավական ակտերի պահանջների կատարումը պարզելու նպատակով իրականացված զննման արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետի 2016 թվականի դեկտեմբերի 12-ի N 321350-16/04/042-03 որոշման հիման վրա Ընկերությունում դեկտեմբերի 13-ից մինչև 14-ը ներառյալ կարգադրագրով տրված առաջադրանքները պարզելու նպատակով իրականացված զննման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, որոնք են`
1. http://www.spyur.am կայքէջում, արտաքին գովազդային վահանակով Ընկերության կողմից տեղեկատվությունը տարածվում է առանց ՀՀ առողջապահության նախարարությունից համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնելու լիցենզիաները ստանալու: Տեղադրված տեսանյութերում պատկերվել և հեռարձակվել են տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց պնդումները և կարծիքները բուժման ընթացքի կամ արդյունավետության և արդյունքների վերաբերյալ: http://www.spyur.am կայքէջում տեղադրված է տեսանյութ «Արմենիա» հեռուստաընկերության «Դեղատոմս» հաղորդաշարից,
2. Ընկերության հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է առանց ախտահանման բաժնի, շուրջօրյա հերթապահության` համապատասխան մասնագետների կողմից, մանիպուլիացիոն սենյակի, հերթապահ բուժքրոջ կետերի,
3. Ընկերության հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է առանց բժշկական վիճակագրություն իրականացնելու,
4. Ընկերության ղեկավարումն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողի կողմից, ով առողջապահության կազմակերպիչ չէ, չունի բուժական գծով տեղակալ, համապատասխան որակավորում, հետդիպլոմային կրթություն, վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում,
5. Ընկերությունում գործող կաբինետներում չի իրականացվում բժշկական վիճակագրության վարում: Ընկերությունն ապահովված չէ համապատասխան սարքավորումներով և կադրային հագեցվածությամբ վիճակագրական և մատենավարման ծառայությամբ:
6. Ընկերության կողմից ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում չի ներկայացվել վիճակագրական հաշվետվություն,
7. Ընկերության մաշկաբանական կաբինետը ծառայում է նաև որպես Ընկերության տնօրենի կաբինետ,
8. Ընկերության ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) կաբինետն ապահովված չէ միջին և կրտսեր բուժաշխատողներով,
9. Ընկերության արտահիվանդանոցային միջամտությունների կաբինետն ապահովված չէ լեզվաբռնիչով, ջերմաչափերով, կրտսեր բուժաշխատողով,
10. Ընկերության ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու կաբինետն ապահովված չէ նեգատոսկոպով, հետազոտվողների համար` պաշտպանիչ գոգնոցով, պաշտպանիչ սփռոցով (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության դեպքում` պաշտպանիչ օձիքը), անձնակազմի համար` ճառագայթապաշտպան մեծ շիրմայով (այլ միջոցների բացակայության դեպքում), համապատասխան կադրային հագեցվածությամբ,
11. Ընկերության ստոմատոլոգիական կաբինետի մանրէազերծման սենյակն ապահովված չէ ջրի թորման սարքով, տաք օդով չորացնող պահարանով, ուլտրասոնիկ նախամանրէազերծման սարքով,
12. Ընկերության ստոմատոլոգիական կաբինետի մանրէազերծման սենյակն ապահովված չէ միջին բուժաշխատողով,
13. Ընկերության ստոմատոլոգիական կաբինետներն ապահովված չեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 29-ի N 06-Ն հրամանով սահմանված ցանկին համապատասխան անհետաձգելի բժշկական օգնության պարագաներով և դեղերով,
14. Ընկերության թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կաբինետներն ապահովված չեն միջին և կրտսեր բուժաշխատողներով,
15. Ընկերության թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժիշկները չունեն վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում,
16. Ընկերություն կողմից իրականացվում է բժշկագիտությամբ չհիմնավորված բուժական մեթոդների գովազդ,
17. Բուժական մեթոդի վերաբերյալ տպագրված նյութերի կամ հաղորդումների, հաղորդաշարերի միջոցով հեռարձակված գովազդի մեջ ներառված չեն տեղեկություններ հաղորդման գովազդային բնույթի մասին` չնշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանները,
18. 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին տեղեկատվություն չի ներկայացվել առողջապահության բնագավառում տվյալ գործունեության համար անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով (համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմ), հետբուհական կրթության վկայականների պատճենները) ապահովվածության մասին՝
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերի 16-ին տրամադրված N Կ-ԲՕ-002208 և 2014 թվականի հոկտեմբերի 20-ին տրամադրված N Կ-ԲՕ-001991 լիզենզիաների գործողությունը՝ մինչև խախտումների պատճառների վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Լ. Ալթունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.05.2017, N 1520-Ա | 07.05.2017, N 469-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|