«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2013 թ.
N 272-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա՝ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:»:
2) 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«38. Որևէ կիսամյակում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.
1) Տվյալ կիսամյակի կիսամյակային և տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:
2) Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:»:
3) 51-րդ կետից հանել «, որոնցում ընդգրկվում են նաև Նախարարության ենթակայության Հաստատությունների Մեդալի հավակնորդները» բառերը:
4) 54-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«54. Կենտրոնացված համակարգով հանձնվող «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննությունների համար սահմանված օրերին:
Պետական ավարտական քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է Հաստատության տնօրենը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|