«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10213083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 33-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 17-Ն որոշման 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանի հավելված 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-ից 23-րդ կետերով.
«20. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու նպատակով վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով: Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են նաև անձնագրի հայերեն` նոտարի կողմից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատված թարգմանությունը: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով: Դիմումը փոստով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ստորագրությունը լինի հաստատված նոտարի կողմից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
21. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
22. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:
23. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Թովմասյան |