«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11312383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 947-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ, ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի, սերժանտական, ենթասպայական, սպայական ժողովների կազմակերպման և դրանցում հարցերի քննարկման կարգը` համաձայն հավելված 1-ի.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի պատվի դատարանների կազմակերպման և դրանցում հարցերի քննարկման կարգը` համաձայն հավելված 2-ի:
Նախարար |
Ս. Օհանյան |
Հավելված 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի N 947-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ, ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի, սերժանտական, ենթասպայական, սպայական ժողովների կազմավորման, աշխատանքների կազմակերպման և դրանցում հարցերի քննարկման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի, սերժանտական, ենթասպայական, սպայական ժողովները «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված և հասարակական հիմունքներով մշտապես գործող մարմիններ են, որոնք կոչված են նպաստելու զինվորական կարգապահության ամրապնդմանն ու զինվորական կոլեկտիվի համախմբմանը:
II. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ
3. Զինված ուժերի անձնակազմի ժողովների (այսուհետ` անձնակազմի ժողով) գործունեության հիմնական նպատակն է նպաստել զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների ու բարոյական նորմերի հաստատմանը, զինվորական կարգապահության և օրինականության ամրապնդմանը, զինծառայողների սոցիալ-իրավական պահանջմունքների բարելավմանը:
4. Անձնակազմի ժողովները կազմավորվում են`
1) զորամիավորումներում (միավորումներում), դիվիզիաներում, բրիգադներում, գնդերում.
2) առանձին գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում).
3) առանձին վաշտերում (մարտկոցներում, ավիաօղակներում).
4) ռազմաուսումնական հաստատություններում:
5. Անձնակազմի ժողովներում ընդգրկվում են զորամիավորման (միավորման), դիվիզիայի, բրիգադի, գնդի, առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի), առանձին վաշտի (մարտկոցի, ավիաօղակի), ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների զինծառայողները:
6. Անձնակազմի ժողովի նախագահը սույն կարգի 4-րդ կետում նշված համապատասխան մարմնի հրամանատարն (պետն) է:
III. ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ
7. Զինված ուժերի սերժանտական ժողովների (այսուհետ` սերժանտական ժողով) գործունեության հիմնական նպատակն է նպաստել շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների ու բարոյական նորմերի հաստատմանը, զինվորական կարգապահության և օրինականության ամրապնդմանը, զինծառայողների սոցիալ-իրավական պահանջմունքների բարելավմանը:
8. Սերժանտական ժողովները կազմավորվում են`
1) զորամիավորումներում (միավորումներում), դիվիզիաներում, բրիգադներում, գնդերում.
2) առանձին գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում).
3) առանձին վաշտերում (մարտկոցներում, ավիաօղակներում).
4) ռազմաուսումնական հաստատություններում:
9. Սերժանտական ժողովներում ընդգրկվում են զորամիավորման (միավորման), դիվիզիայի, բրիգադի, գնդի, առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի), առանձին վաշտի (մարտկոցի, ավիաօղակի), ռազմաուսումնական հաստատությունների կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողները:
10. Սերժանտական ժողովի նախագահը սույն կարգի 8-րդ կետում նշված համապատասխան մարմնի հրամանատարի (պետի) կողմից նշանակված ենթասպայական կազմի ավագ կամ կրտսեր ենթասպայական կազմի կոչումով զինծառայող է:
11. Սերժանտական ժողովի բնականոն գործունեությունն ապահովվում է սերժանտական խորհուրդների կողմից:
IV. ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ
12. Զինված ուժերի ենթասպայական ժողովների (այսուհետ` ենթասպայական ժողով) գործունեության հիմնական նպատակն է նպաստել ավագ ենթասպայական կազմի զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների ու բարոյական նորմերի հաստատմանը, զինվորական կարգապահության և օրինականության ամրապնդմանը, զինծառայողների սոցիալ-իրավական պահանջմունքների բարելավմանը:
13. Ենթասպայական ժողովները կազմավորվում են`
1) զորամիավորումներում (միավորումներում), դիվիզիաներում, բրիգադներում, գնդերում.
2) առանձին գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում).
3) ռազմաուսումնական հաստատություններում:
14. Ենթասպայական ժողովներում ընդգրկվում են զորամիավորման (միավորման), դիվիզիայի, բրիգադի, գնդի, առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի), ռազմաուսումնական հաստատությունների ավագ ենթասպայական կազմի զինծառայողները:
15. Ենթասպայական ժողովի նախագահը սույն կարգի 13-րդ կետում նշված համապատասխան մարմնի հրամանատարի (պետի)` թիկունքի գծով տեղակալն է:
IV. ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ
16. Զինված ուժերի սպայական ժողովների (այսուհետ` սպայական ժողով) գործունեության հիմնական նպատակն է նպաստել զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների ու բարոյական նորմերի հաստատմանը, սպայական կազմի դերի և պատասխանատվության բարձրացմանը, զինվորական կարգապահության և օրինականության ամրապնդմանը, զինծառայողների սոցիալ-իրավական պահանջմունքների բարելավմանը:
17. Սպայական ժողովներն են`
1) ավագ սպայական ժողովը.
2) կրտսեր սպայական ժողովը:
18. Սպայական ժողովները կազմավորվում են`
1) զորամիավորումներում (միավորումներում), դիվիզիաներում, բրիգադներում, գնդերում.
2) առանձին գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում).
3) ռազմաուսումնական հաստատություններում:
19. Սպայական ժողովներում ընդգրկվում են զորամիավորման (միավորման), դիվիզիայի, բրիգադի, գնդի, առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի), ռազմաուսումնական հաստատությունների սպայական կազմի զինծառայողները:
20. Ավագ սպայական ժողովի նախագահը սույն կարգի 18-րդ կետում նշված համապատասխան մարմնի հրամանատարն (պետն) է, իսկ կրտսեր սպայական ժողովի նախագահը` համապատասխան մարմնի հրամանատարի (պետի) տեղակալներից մեկը:
V. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
21. Անձնակազմի ժողովի իրավասություններն են`
1) սույն կարգի 3-րդ կետում նշված հիմնական նպատակի ապահովմանն ուղղված հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրված կարգապահական տույժերի, ինչպես նաև նրանց կողմից կատարված կարգապահական և այլ իրավախախտումների դեպքերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
22. Սերժանտական ժողովի իրավասություններն են`
1) սույն կարգի 8-րդ կետում նշված հիմնական նպատակի ապահովմանն ուղղված հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրված կարգապահական տույժերի, ինչպես նաև նրանց կողմից կատարված կարգապահական և այլ իրավախախտումների դեպքերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
23. Ենթասպայական ժողովի իրավասություններն են`
1) սույն կարգի 12-րդ կետում նշված հիմնական նպատակի ապահովմանն ուղղված հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
2) ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին տրված կարգապահական տույժերի, ինչպես նաև նրանց կողմից կատարված կարգապահական և այլ իրավախախտումների դեպքերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
24. Սպայական ժողովի իրավասություններն են`
1) սույն կարգի 16-րդ կետում նշված հիմնական նպատակների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
2) ավագ և կրտսեր սպայական կազմերի զինծառայողներին տրված կարգապահական տույժերի, ինչպես նաև նրանց կողմից կատարված կարգապահական և այլ իրավախախտումների դեպքերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
3) սպայի պատվի դատարանի կազմավորումը:
25. Անձնակազմի, սերժանտական, ենթասպայական և սպայական ժողովներում հարցերը քննարկման ներկայացվում են իրավասու հրամանատարի (պետի) կողմից:
26. Անձնակազմի, սերժանտական, ենթասպայական և սպայական ժողովներում հարցերը քննարկվում են համապատասխան ժողովի նախագահի կողմից գումարված նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, ժողովի նախագահի հաստատած օրակարգով:
27. Ժողովների նիստերին մասնակցում են համապատասխան կազմերի զինծառայողները: Նիստերին մասնակցելու համար ժողովի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել այլ անձինք:
28. Ժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են համապատասխան կազմի զինծառայողների կեսից ավելին:
29. Եթե զորամասի (ստորաբաժանման) տեղակայման վայրը կամ պայմանները հաշվի առնելով հնարավոր չէ գումարել համապատասխան ժողովների նիստեր, ապա ժողովի նախագահի որոշմամբ նիստերն անցկացվում են ստորաբաժանումների ներկայացուցիչների միջոցով:
30. Ժողովների հերթական նիստում ժողովների նախագահները, բացի քննարկվող հարցերից, ներկայացնում են նաև նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման մասին:
31. Ժողովների նիստերում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
32. Ընդունված որոշումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք հաշվառվում և պահպանվում են հինգ տարի ժամկետով:
Հավելված 2 ՀՀ պաշտպանության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի N 947-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի պատվի դատարանների (այսուհետ` պատվի դատարանի) կազմավորման, գործունեության և դրանցում հարցերի քննարկման կարգը:
2. Պատվի դատարանը «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) հիման վրա ստեղծված և հասարակական հիմունքներով գործող ընտրովի մարմին է, որը կոչված է նպաստելու սպայի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի պահանջների, ինչպես նաև հրամանատարների (պետերի) հրամանների ու սպայի պատվի կանոնների խստիվ և ճշգրիտ կատարմանը, սպայի կողմից կատարված կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ դիրքորոշման ձևավորմանը:
II. ՊԱՏՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
3. Պատվի դատարանը կազմավորվում է`
1) առանձին գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում)` կրտսեր սպայական կազմին առնչվող հարցերի քննարկման համար.
2) դիվիզիաներում, բրիգադներում, գնդերում` կրտսեր և ավագ սպայական կազմին առնչվող հարցերի քննարկման համար.
3) զորամիավորումներում (միավորումներում)` կրտսեր և ավագ սպայական կազմերի, ինչպես նաև ենթակա զորամասերի և առանձին գումարտակների հրամանատարների, առանձին գումարտակների ավագ սպայական կազմին առնչվող հարցերի քննարկման համար.
4) ռազմաուսումնական հաստատություններում` կրտսեր և ավագ սպայական կազմերին առնչվող հարցերի քննարկման համար:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված պատվի դատարանները կազմավորվում են պատվի դատարանի լիազորությունների ժամկետն ավարտելու տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում, իսկ ռազմաուսումնական հաստատությունների պատվի դատարանները` օգոստոս ամսվա ընթացքում:
5. Պատվի դատարաններն են`
1) ավագ սպայական կազմի պատվի դատարանը.
2) կրտսեր սպայական կազմի պատվի դատարանը:
6. Ավագ սպայական կազմի պատվի դատարանն ընտրվում է ավագ սպայական ժողովի կողմից` երկու տարի ժամկետով:
7. Կրտսեր սպայական կազմի պատվի դատարանն ընտրվում է կրտսեր սպայական ժողովի կողմից` երկու տարի ժամկետով:
8. Պատվի դատարանի կազմը բաղկացած է նվազագույնը հինգ և առավելագույնը յոթ անդամից` զորամասի (ստորաբաժանման) տեղակայման վայրի կամ սպայական կազմի ընդհանուր թվաքանակի առանձնահատկություններից ելնելով:
9. Պատվի դատարանի կազմում կարող են առաջադրվել առնվազն վեց ամսվա զինվորական ծառայության ստաժ ունեցող սպաները, ովքեր սպայական կոլեկտիվում հեղինակություն ու հարգանք են վայելում և ունակ են ապահովելու պատվի դատարանների գործառույթները:
10. Պատվի դատարանի անդամներն ընտրվում են համապատասխան սպայական ժողովի կողմից, բաց քվեարկությամբ: Պատվի դատարանի կազմում ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին քվեարկել են ժողովի մասնակիցների կեսից ավելին:
11. Պատվի դատարանի ընտրված կազմը հայտարարվում է իրավասու հրամանատարի (պետի) հրամանով:
12. Պատվի դատարանի կազմում ընտրված անդամները, առաջին նիստում, ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում են դատարանի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
13. Պատվի դատարանի իրավասություններն են`
1) համապատասխան սպայական կազմերի զինծառայողներին տրված կարգապահական տույժերի, ինչպես նաև նրանց կողմից կատարված կարգապահական և այլ իրավախախտումների դեպքերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
2) սպայի պատվի կանոնների խախտման դեպքերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
III. ՊԱՏՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Պատվի դատարանի նախագահը`
1) ղեկավարում է պատվի դատարանը և ապահովում է դրա բնականոն գործունեությունը.
2) իրականացնում է պատվի դատարանի անդամների միջև գործառույթների բաշխումը.
3) պատվի դատարան ներկայացված հարցերի նախապատրաստման վերաբերյալ հանձնարարականներ է տալիս պատվի դատարանի անդամներին.
4) ստուգում է պատվի դատարան ներկայացված նյութերի ամբողջականությունը և պատվի դատարանի քննարկմանը ենթակա լինելու հիմնավորվածությունը, հաստատում է նիստի օրակարգը և այդ մասին զեկուցում է իրավասու հրամանատարին (պետին)` դատարանի նիստ գումարելու տեղը, օրը և ժամը որոշելու համար.
5) պատվի դատարանում քննվող հարցի առնչությամբ կատարում է հարցումներ, պահանջում տեղեկանքներ և այլ տեղեկություններ, նիստի ընթացքում հարցեր է տալիս նիստի մասնակիցներին.
6) սույն կարգով սահմանված ժամկետներում պատվի դատարանի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում իրավասու հրամանատարին (պետին) և համապատասխան սպայական ժողովին:
15. Պատվի դատարանի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա լիազորությունները կատարում է պատվի դատարանի նախագահի տեղակալը:
16. Պատվի դատարանի անդամը`
1) մասնակցում է պատվի դատարանի նիստերին.
2) մասնակցում է պատվի դատարանի նախագահի, տեղակալի և քարտուղարի ընտրությանը, պատվի դատարանում քննարկված հարցերի վերաբերյալ որոշումների կայացման քվեարկությանը.
3) ապահովում է պատվի դատարանում իր գործառույթների և պատվի դատարանում քննարկվող հարցերի առնչությամբ պատվի դատարանի նախագահի հանձնարարականների կատարումը.
4) պատվի դատարանում քննվող հարցի առնչությամբ կատարում է հարցումներ, պահանջում տեղեկանքներ և այլ տեղեկություններ, նիստի ընթացքում հարցեր է տալիս նիստի մասնակիցներին:
17. Պատվի դատարանի քարտուղարը`
1) կազմում է պատվի դատարանի նիստի օրակարգը և նիստի արձանագրությունը, պատվի դատարանի որոշման նախագիծը.
2) վարում է պատվի դատարանի նյութերի և այլ փաստաթղթերի գործավարությունը:
18. Պատվի դատարանի քարտուղարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա լիազորությունները կատարում է պատվի դատարանի անդամներից որևէ մեկը` պատվի դատարանի նախագահի հանձնարարությամբ:
19. Պատվի դատարանի անդամի լիազորությունները դադարում են`
1) պատճառաբանված զեկուցագրի հիման վրա.
2) օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակման դեպքում.
3) պատվի դատարանի գործունեության ժամկետը լրանալու դեպքում.
4) համապատասխան սպայական ժողովի նախաձեռնությամբ` պատվի դատարանի անդամի կողմից կարգապահական կամ այլ իրավախախտում կատարելու դեպքում.
5) պատվի դատարանի անդամի մահվան դեպքում:
20. Պատվի դատարանի անդամի լիազորությունները դադարելու դեպքում պատվի դատարանի կազմը համալրվում է սույն կարգի 10-րդ կետի համաձայն:
21. Յուրաքանչյուր ուսումնական փուլի ավարտին պատվի դատարանն իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում իրավասու հրամանատարին (պետին), իսկ գործունեության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ` համապատասխան սպայական ժողովին:
22. Պատվի դատարաններին իրավական օգնություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական բաժանմունքը, պաշտպանության բանակի իրավաբանական բաժանմունքը, բանակային կորպուսների ավագ սպա իրավաբանները, զորամասերի հրամանատարների` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաները` ըստ ենթակայության:
IV. ՊԱՏՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
23. Պատվի դատարանն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Պատվի դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է պատվի դատարանի անդամների առնվազն 2/3-ը:
24. Պատվի դատարանի նիստն արձանագրվում է և պարտադիր ստորագրվում է նիստին ներկա անդամների կողմից: Պատվի դատարանի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
25. Պատվի դատարանի նիստին մասնակցում են`
1) պատվի դատարանի նախագահը, անդամները և քարտուղարը.
2) կարգապահական իրավախախտում կամ սպայի պատվի կանոնների խախտում կատարած սպան.
3) պատվի դատարանում քննվող հարցի հետ առնչություն ունեցող, ինչպես նաև պատվի դատարանի նախագահի որոշմամբ այլ անձինք:
26. Պատվի դատարանի նիստը գումարվում է պատվի դատարանի նախագահի առաջարկությամբ` իրավասու հրամանատարի (պետի) հրամանով, ոչ ուշ, քան օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում պատվի դատարանի քննարկմանը ներկայացված հարցի վերաբերյալ նյութերը պատվի դատարան մուտք լինելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում:
27. Պատվի դատարանի նիստի նախապատրաստական փուլում և նիստի ընթացքում պատվի դատարանում քննվող հարցի հետ առնչվող սպան և այլ անձինք.
1) իրավունք ունեն`
ա. ծանոթանալ քննվող հարցի վերաբերյալ նյութերին.
բ. պարզաբանումներ ստանալ պատվի դատարանի նախագահից.
գ. ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և միջնորդություններ.
դ. ստանալ պատվի դատարանի նիստի արձանագրությունից քաղվածք` իրենց վերաբերող մասով.
ե. բողոքարկել պատվի դատարանի ընդունած որոշումը,
2) պարտավոր են`
ա. պատվի դատարանի նախագահի պահանջով ներկայանալ պատվի դատարանի նիստին, ըստ պահանջի տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ:
28. Պատվի դատարանի որոշումն ընդունվում է նիստին ներկա պատվի դատարանի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
29. Պատվի դատարանի որոշումը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այն պետք է հաստատվի քննվող հարցին վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:
30. Պատվի դատարանի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
31. Ներածական մասում նշվում են պատվի դատարանի անվանումը, կազմը, նիստի գումարման վայրը, ժամանակը, քննվող հարցը և մասնակիցները:
32. Նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են նիստի ընթացքում պարզված հանգամանքները, իրավախախտման տեղը և ժամը, կատարողը, իրավախախտումն ինչ միջոցներով, նպատակով կամ շարժառիթներով, դիտավորությամբ, թե անզգուշությամբ է կատարվել, մեղավոր անձի բնութագիրը, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, նրա կողմից ի պաշտպանություն իրեն բերվող փաստարկները, իրավախախտման պատճառների և դրան նպաստած հանգամանքների վերլուծությունը և փաստացի տվյալները պարզելու ապացույցները: Եթե իրավախախտումը կատարել են մի քանի անձ, ապա թվարկված հանգամանքները նշվում են մեղավորներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին:
33. Եզրափակիչ մասում նշվում է, թե կոնկրետ ով և ինչում է մեղավոր, օրենքի և այլ նորմատիվ ակտերի որ նորմերն են խախտվել, իրավախախտման արդյունքում հասցված նյութական վնասի, մեղավոր անձանցից վերականգնման ենթակա վնասի չափի, նմանատիպ իրավախախտումները կանխարգելելու վերաբերյալ միջոցառումների մասին:
34. Պատվի դատարանն ընդունում է հետևյալ որոշումները`
1) միջնորդել իրավասու հրամանատարին (պետին)` կիրառելու կարգապահական կամ նյութական պատասխանատվություն.
2) միջնորդել իրավասու հրամանատարին (պետին)` վերանայելու կիրառված կարգապահական կամ նյութական պատասխանատվությունը.
3) բավարարվել պատվի դատարանում հարցը քննարկելով:
35. Պատվի դատարանի որոշումը հրապարակվում է իրավասու հրամանատարի (պետի) հրամանով:
V. ՊԱՏՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
36. Պատվի դատարանի նյութերը պարունակում են հետևյալ փաստաթղթերը`
1) պատվի դատարանում հարցի քննության անցկացման հիմքը.
2) պատվի դատարանի նիստի անցկացման մասին որոշումը.
3) պատվի դատարանում հարցի քննության ընթացքում ստացված բացատրությունները, տեղեկանքները և հարցին առնչվող այլ փաստաթղթերը.
4) սպայի ծառայողական բնութագիրը` հաստատված իրավասու հրամանատարի (պետի) կողմից.
5) պատվի դատարանի նիստի արձանագրությունը.
6) պատվի դատարանի որոշումը:
37. Պատվի դատարանի նյութերը պետք է կարվեն, համարակալվեն և հաշվառվեն:
38. Պատվի դատարանի նյութերը պահվում են զորամասի շտաբում (զինվորական կառավարման մարմնում) և հաշվառվում են դրանց համար նախատեսված հատուկ մատյաններում: Պատվի դատարանի նյութերը պահպանվում են հինգ տարի ժամկետով: