«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
9 հունիսի 2010 թ. |
N 1419-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՐԱՎՈՐ, ԲԱՆԱՎՈՐ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի ե) կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18 կետի 4-րդ ենթակետը,
Հրամայում եմ՝
1. Հաստատել գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադիմումներին հարկային մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ անհատական իրազեկումն ունի հարկային օրենսդրության և վարչարարության կիրառմանն ուղղորդող բնույթ, դրա շրջանակներում տրամադրվող տեղեկատվությունը չունի իրավական ուժ և չի առաջացնում իրավունքներ և պարտականություններ իրազեկվող անձանց համար:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 9-ի N 1419-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՐԱՎՈՐ, ԲԱՆԱՎՈՐ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի կողմից հարկային վարչարարության շրջանակներում կազմակերպություններին և ֆիզիկական անձանց (այսուհետ` դիմողներ)` նրանց իրավունքների և պարտականությունների, գործող հարկերի և պարտադիր վճարների, դրանց հաշվարկման և վճարման կարգերի, հարկային հաշվետվությունների (հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկանքների) ձևերի լրացման և ներկայացման կարգերի, հարկային և պարտադիր այլ վճարների մասին օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի, ինչպես նաև հարկային մարմնի և դրա պաշտոնատար անձանց իրավասությունների և լիազորությունների վերաբերյալ անհատական պարզաբանումների տրամադրման (այսուհետ` անհատական իրազեկման) գործընթացը:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում 2002 թվականի ապրիլի 3-ի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ և 87-րդ հոդվածներով կարգավորվող պաշտոնական պարզաբանումների տրամադրման, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսային և էլեկտրոնային «թեժ գիծ» ծառայությունների կողմից ստացվող հարցադիմումների հիման վրա դիմողների իրազեկման հետ կապված հարաբերությունների վրա:
Սույն կարգը չի տարածվում իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտերի և (կամ) դրանց առանձին դրույթների միջև հակասությունների, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով հարկ վճարողների կողմից ներկայացված հարցադրումների վրա` անգամ այն դեպքում, եթե հարցադրում ներկայացնող հարկ վճարողի դիմումում չեն ներառվել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալները, սակայն առկա է հակասության, երկիմաստության և (կամ) տարընթերցման հնարավորություն, կամ դիմումով բարձրացված հարցադրմանը գործող օրենսդրությամբ միանշանակ պատասխան տալը հնարավոր չէ:
3. Դիմողների իրազեկումը կատարվում է.
1) անհատական՝ առանձին դիմողի հարցադիմումի հիման վրա հասցեական իրազեկում,
2) զանգվածային՝ տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների, հրապարակումների և զանգվածային միջոցառումների օգնությամբ բոլոր դիմողներին կամ նրանց առանձին նպատակային խմբերին ուղղված իրազեկում:
4. Անհատական իրազեկման նպատակով դիմողների հարցադիմումները հարկային մարմին ներկայացվում են հետևյալ եղանակներով և միջոցներով.
1) բանավոր, այդ թվում՝
ա. հեռախոսակապով,
բ. այցելությամբ (հարկային ծառայողի և դիմողի անմիջական բանավոր հաղորդակցմամբ).
2) գրավոր, այդ թվում՝
ա. փոստով (գրագիր),
բ. էլեկտրոնային կապուղիներով:
Դիմողների զանգվածային իրազեկման գործընթացը և հարաբերությունները չեն հանդիսանում սույն կարգի կարգավորման առարկան:
Անհատական իրազեկման նպատակով ներկայացված հարցադիմումները և դրանց պատասախանները ամփոփվում են հարկային մարմնի` հարկային և հարակից օրենսդրության, ինչպես նաև հարկային վարչարարության վերաբերյալ հաճախ հանդիպող հարցերի և դրանց պատասխանների տվյալների բազայում և հրապարակվում վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ընթացակարգով:
5. Անհատական իրազեկման նպատակով ներկայացված հարցադիմումները չեն կարող կատարվել ներքոհիշյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) հարցեր, որոնց գծով պարզաբանումների տրամադրումը չի ընդգրկված հարկային մարմնի իրավասություններում.
2) հարցեր, որոնց պատասխանը ենթադրում է այնպիսի տեղեկատվության տրամադրում, որոնք ենթակա չեն հրապարակման ՀՀ օրենսդրությանը համապատասխան, այդ թվում` տեղեկություններ, որոնք կազմում են պետական կամ այլ օրենքով պահպանվող գաղտնիք (պետական, հարկային, մաքսային, բանկային և այլն), գաղտնի բնույթի այլ տվյալներ (օրինակ՝ առևտրային գաղտնիք).
3) անանուն հարցեր, այսինքն` ֆիզիկական անձի անունը (կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն, կազմակերպության ղեկավարի կամ լիազոր ներկայացուցչի անունը) չնշելու դեպքում.
4) դիմումներ` դիմողի կողմից հարկերի կամ պարտադիր այլ վճարների հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարումը հավաստելու վերաբերյալ.
5) դիմումներ` պայմանագրերի, ինչպես նաև կազմակերպության հիմնադիր և այլ փաստաթղթերի փորձաքննություն անցկացնելու մասին (եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ):
6. Այն դեպքում, երբ մեկից ավելի հարցեր պարունակող հարցադիմումում որևէ հարց ենթակա չէ պարզաբանման սույն կարգի 5-րդ կետում սահմանված հիմքերով, հարցադիմումը կատարվում է միայն պարզաբանման ենթակա հարց(եր)ի մասով:
2. Հարկային մարմնի գործողությունները դիմողների բանավոր անհատական իրազեկման ժամանակ
7. Դիմողի բանավոր իրազեկման գործընթացը մեկնարկելու համար հիմք է հանդիսանում նրա կողմից իր հաշվառման վայրի հարկային մարմին կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոն ներկայացվող բանավոր հարցադիմումը:
8. Դիմողի բանավոր հարցադիմումի հիման վրա անհատական իրազեկումն իրականացնում են հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձինք, որոնց ծառայողական պարտականություններն ընդգրկում են դիմողներին իրազեկելու գործառույթի իրականացում (այսուհետ՝ իրավասու պաշտոնատար անձ):
Իրավասու պաշտոնատար անձանց ցանկը հաստատվում է հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանումների հարկային ծառայողների կազմից հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
9. Դիմողի բանավոր անհատական իրազեկման դեպքում` այցելության ընթացքում կամ հեռախոսակապով ներկայացված բանավոր հարցադիմումի պատասխանը տրվում է հարցադիմումի ներկայացման պահին:
10. Այցելության ընթացքում բանավոր անհատական իրազեկման դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է.
1) առաջարկել դիմողին ներկայանալ` հայտնելով անունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև ներկայացվող կազմակերպության անվանումը և կազմակերպական իրավական ձևը.
2) լսել հարցադիմումը, իսկ անհրաժեշտության դեպքում` ճշտել առաջադրված հարցերի հետ կապված հանգամանքները.
3) տրամադրել առաջադրված հարցի վերաբերյալ բանավոր տեղեկատվություն` իր իրավասության շրջանակներում:
11. Հեռախոսային հարցադիմումի հիման վրա բանավոր անհատական իրազեկման դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է.
1) հնչեցնել հարկային մարմնի անվանումը, որն ընդունում է հարցադիմումը.
2) ներկայանալ անձամբ` նշելով անունը և պաշտոնը.
3) առաջարկել դիմողին ներկայանալ` հայտնելով անունը, իսկ կազմակերպության ներկայացուցչի դեպքում` նաև ներկայացվող կազմակերպության անվանումը և կազմակերպական իրավական ձևը.
4) լսել հարցադիմումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ճշտել առաջադրված հարցերի հետ կապված հանգամանքները,
5) դիմողին հաղորդել առաջադրված հարցի վերաբերյալ բանավոր տեղեկատվություն՝ իր իրավասության շրջանակներում:
12. Ստանալով բանավոր հարցադիմումը, իրավասու պաշտոնատար անձը որոշում է, թե արդյոք առկա են համապատասխան հիմքեր, որոնց պայմաններում անհատական իրազեկում չի կարող իրականացվել` ելնելով սույն կարգի 5-րդ կետի պահանջներից:
13. Այն դեպքում, երբ բանավոր հարցադիմումի մեջ նշված հարցի պարզաբանումը չի ընդգրկված հարկային մարմնի իրավասություններում` իրավասու պաշտոնատար անձը դիմողին տեղեկացնում է պահանջվող տեղեկատվության տրամադրման անհնարինության և դրա պատճառի, ինչպես նաև դիմողի` տվյալ հարցը պարզաբանելու համար իրավասու պետական (տեղական ինքնակառավարման) մարմնին դիմելու իրավունքի մասին:
14. Այն դեպքում, երբ բանավոր հարցադիմումի մեջ նշված հարցի պարզաբանումն ընդգրկված է վերադաս հարկային մարմնի իրավասություններում, իրավասու պաշտոնատար անձը դիմողին տեղեկացնում է հետաքրքրող տեղեկատվության տրամադրման անհնարինության և դրա պատճառի մասին, ինչպես նաև առաջարկում է ներկայացնել գրավոր հարցադիմում` սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ընթացք տալու նպատակով:
15. Այն դեպքում, երբ բանավոր հարցադիմումի մեջ նշված հարցի պատասխանը չի կարող միանգամից տրամադրվել տվյալ իրավասու պաշտոնատար անձի կողմից և/կամ պատասխանը պատրաստելու համար պահանջվում է ճշտել հարցադիմումի մեջ նշված փաստերի վերաբերյալ հարկային մարմնում առկա տեղեկությունները, ապա`
1) այցելության ընթացքում ներկայացված հարցի դեպքում` պատասխանի պատրաստմանն ընդգրկվում է հարկային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, որի իրավասություններն ընդգրկում են նման հարցերի պարզաբանումը: Վերջինս պարտավոր է հարցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել անհատական իրազեկման համար իրավասու պաշտոնատար անձին:
2) հեռախոսակապով ներկայացված հարցի դեպքում` պատասխան ստանալու համար դիմողին առաջարկվում է կրկին զանգահարել` պատասխանը պատրաստելու համար պահանջվող կողմնորոշիչ ժամկետից հետո ցանկացած ժամանակ անց: Սույն կետում սահմանված դեպքում, պատասխանը պատրաստելու համար պահանջվող կողմնորոշիչ ժամկետը չի կարող գերազանցել մեկ աշխատանքային օրը:
16. Այն դեպքում, երբ բանավոր հարցադիմումի մեջ նշված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ներկայացնել մեջբերումներ նորմատիվ իրավական ակտերից կամ վերադաս հարկային մարմնի կողմից տրամադրվող պարզաբանումներ և մեթոդական նյութեր (այդ թվում` հարկային օրենքների պաշտոնական պարզաբանումներ, մեկնաբանումներ, հարկային քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ տեղեկություններ), իրավասու պաշտոնատար անձը առաջարկում է դիմողին ներկայացնել գրավոր հարցադիմում` սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ընթացք տալու նպատակով:
17. Դիմողի բանավոր հարցադիմումի հիման վրա բանավոր անհատական իրազեկման գործընթացն ավարտելուց հետո իրավասու պաշտոնատար անձն արձանագրում է հարցադիմումը և դրա պատասխանը` վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ընթացակարգով:
18. Դիմողի բանավոր հարցադիմումի հիման վրա բանավոր անհատական իրազեկման գործընթացի կատարման վերջնական արդյունք է հանդիսանում`
1) դիմողի հարցի էությամբ բանավոր անհատական պատասխանի տրամադրումը, կամ
2) դիմողի հարցով պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու անհնարինության և դրա պատճառի, ինչպես նաև տվյալ հարցը պարզաբանելու համար իրավասու պետական (տեղական ինքնակառավարման) մարմնին դիմելու դիմողի իրավունքի մասին նշումով բանավոր պատասխանի տրամադրումը, կամ
3) դիմողի հարցով պահանջվող տեղեկությունները (իրազեկման նյութերը) ստանալու նպատակով գրավոր հարցադիմում ներկայացնելու առաջարկությունը:
3. Հարկային մարմնի գործողությունները` դիմողներին գրավոր անհատական իրազեկման ժամանակ
19. Դիմողի գրավոր անհատական իրազեկման գործընթացը մեկնարկելու համար հիմք է հանդիսանում նրա կողմից իր հաշվառման վայրի հարկային մարմին կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոն ներկայացվող ներկայացված գրավոր հարցադիմումը: Ի օժանդակություն դիմողի, վերադաս հարկային մարմնի կողմից սահմանվում է գրավոր հարցադիմումի օրինակելի (ոչ պարտադիր) ձևը:
20. Դիմողը կարող է գրավոր հարցադիմում ներկայացնել հարկային մարմին անձամբ, փոստային առաքման միջոցով կամ էլեկտրոնային կապուղիներով` «Հայաստանի Հանրապետության վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
21. Դիմողների գրավոր հարցադիմումի հիման վրա անհատական իրազեկումն իրականացնում են հարկային մարմնի իրավասու պաշտոնատար անձինք, որոնց ծառայողական պարտականություններն ընդգրկում են դիմողներին իրազեկելու գորածառույթի իրականացումը:
22. Հարկային մարմնում գրավոր հարցադիմումի հիման վրա դիմողի անհատական իրազեկումն իրականացվում է հարկային մարմնի գործավարության համար պատասխանատու անձի կողմից հարցադիմումի գրանցման օրվանից 5-օրյա ժամկետում, իսկ հարցադիմումի կապակցությամբ լրացուցիչ հարցումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` 15-օրյա ժամկետում, ինչի մասին հարցադիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները:
23. Ստանալով գրավոր հարցադիմումը, իրավասու պաշտոնատար անձը որոշում է, թե արդյոք առկա են համապատասխան հիմքեր, որոնց պայմաններում անհատական իրազեկում չի կարող իրականացվել` ելնելով սույն կարգի 5-րդ կետի պահանջներից, ինչպես նաև պարզում է ստացված հարցադիմումի մեջ հետևյալ տվյալների առկայությունը.
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ստորագրությունը,
2) կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, կազմակերպական իրավական ձևը, ՀՎՀՀ-ն, կազմակերպության կնիքը (առկայության դեպքում), ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կամ լիազոր ներկայացուցչի անունը և ստորագրությունը:
24. Իրավասու պաշտոնատար անձը, իր իրավասությունների սահմաններում, գրավոր հարցադիմումի մեջ դրված հարցերի վերաբերյալ պատասխան գրությունը պատրաստում է 3-օրյա ժամկետում:
Գրավոր անհատական իրազեկման նպատակով ներկայացված հարցադիմումի պատասխանը շարադրվում է պարզ, հստակ և մատչելի լեզվով` նշելով կատարողի անունը, հեռախոսահամարը և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
25. Այն դեպքում, երբ գրավոր հարցադիմումի մեջ նշված հարցի պարզաբանումը չի ընդգրկված հարկային մարմնի իրավասություններում, իրավասու պաշտոնատար անձը ոչ ուշ, քան հարցադիմումի գրանցման օրվանից 2-օրյա ժամկետում պատրաստում է պատասխան գրություն՝ պահանջվող տեղեկատվության տրամադրման անհնարինության և դրա պատճառի, ինչպես նաև դիմողի` տվյալ հարցը պարզաբանելու համար իրավասու պետական (տեղական ինքնակառավարման) մարմնին դիմելու իրավունքի մասին:
26. Այն դեպքում, երբ գրավոր հարցադիմումի մեջ նշված հարցի պարզաբանումը ընդգրկված է վերադաս հարկային մարմնի իրավասություններում, իրավասու պաշտոնատար անձը ոչ ուշ, քան հարցադիմումի գրանցման օրվանից 3-օրյա ժամկետում պատրաստում է համապատասխան հարցում վերադաս հարկային մարմնին: Վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումը պատրաստում է պատասխանը` հարցումը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում: Վերադաս հարկային մարմնից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո, վերջինիս հիման վրա իրավասու պաշտոնատար անձը 2-օրյա ժամկետում պատրաստում և դիմողին է ուղարկում հարցադիմումի պատասխանը:
27. Այն դեպքում, երբ գրավոր հարցադիմումի մեջ բացակայում է սույն կարգի 23-րդ կետում նշված տվյալներից որևէ մեկը կամ առկա է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը, իրավասու պաշտոնատար անձը ոչ ուշ, քան գրավոր հարցադիմումի գրանցման օրվանից 2-օրյա ժամկետում պատրաստում է պատասխան գրությունը՝ անհատական իրազեկում չիրականացնելու պատճառի մասին:
28. Այն դեպքում, երբ գրավոր հարցադիմումի մեջ նշված հարցի պատասխանը չի կարող տրվել անմիջապես իրավասու պաշտոնատար անձի կողմից կամ պատասխանը պատրաստելու համար պահանջվում է ճշտել դիմողի հարցադիմումի վերաբերյալ հարկային մարմնում առկա տեղեկություններ, պատասխանի պատրաստմանը ներգրավվում է հարկային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, որի իրավասությունները ներառում են նման հարցերի պարզաբանումը: Վերջինս պարտավոր է հարցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել անհատական իրազեկման համար իրավասու պաշտոնատար անձին:
29. Դիմողի գրավոր հարցադիմումի հիման վրա գրավոր անհատական իրազեկման գործընթացի կատարման վերջնական արդյունք է հանդիսանում`
1) դիմողի հարցի էությամբ գրավոր անհատական պատասխանի տրամադրումը, կամ
2) դիմողի հարցով պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու անհնարինության և դրա պատճառի, ինչպես նաև տվյալ հարցը պարզաբանելու համար իրավասու պետական (տեղական ինքնակառավարման) մարմնին դիմելու դիմողի իրավունքի մասին նշումով գրավոր պատասխանի տրամադրումը, կամ
3) դիմողի գրավոր հարցադիմումի հիման վրա անհատական իրազեկում չիրականացնելու և դրա պատճառի մասին նշումով գրավոր անհատական պատասխանի տրամադրումը: