«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11307440
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 նոյեմբերի 2007 թ. |
N 1412-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԻՉԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 531-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու և քննիչի փորձաշրջան անցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանին` ստանձնել հրամանի կատարման հսկողությունը:
3. Հրամանը հասցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական, կադրերի և ռազմական կրթության, պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչությունների պետերին:
Նախարար՝ |
Մ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԻՉԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու և քննիչի փորձաշրջան անցնելու կարգը, ինչպես նաև երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգում քննիչի պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան:
II. ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
2. Նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար թեկնածուների (այսուհետ` Քննիչի թեկնածու) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով անցկացվում է քննություն:
3. Քննության անցկացման մասին հայտարարությունը հրապարակվում է քննությունն անցկացնելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ` Նախարարության ինտերնետային կայքում:
4. Քննություն անցկացնելու համար ստեղծվում է քննական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմով.
նախագահ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ,
նախագահի տեղակալ` Նախարարության քննչական վարչության պետ,
անդամներ`
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ,
- Նախարարության քննչական վարչության պետի երկու տեղակալներ,
քարտուղար` Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանման ներկայացուցիչ (Հանձաժողովի անդամ չի հանդիսանում):
Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ` Նախարար):
5. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, տեխնիկական ապահովումը, ինչպես նաև քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող քննության նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանումը:
6. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները:
7. Քննությանը մասնակցելու համար Քննիչի թեկնածուն Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանում է ներկայացնում.
ա) գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի նախագահի անունով, նշելով քննիչի այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին),
բ) քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, աշխատանքային գրքույկ և այլն),
գ) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկ,
դ) անձնագրի պատճենը:
8. Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանումը.
ա) սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, ընդունում դրանք և քննության օրը ներկայացնում Հանձնաժողովին:
բ) մինչև քննության օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հարցման միջոցով ստանում է Քննիչի թեկնածուների դատվածության վերաբերյալ տեղեկանքներ, որոնք կցվում են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փաթեթին:
9. Մինչ քննությունն սկսելը, Հանձնաժողովի նախագահն ստուգում է Հանձնաժողովի անդամների ներկայությունը, ներկայացված փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև Քննիչի թեկնածուների ներկայությունը, որից հետո հայտարարվում է քննության անցկացման սկիզբը:
10. Հանձնաժողովն իրավազոր է Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
11. Քննությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որը Քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է` ծրագիր-հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
12. Քննիչի թեկնածուին արգելվում է քննական սենյակ մտնել` իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
13. Հարցազրույցն սկսվում է Քննիչի թեկնածուի վերաբերյալ փաստաթղթային տվյալների ստուգմամբ:
14. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ուսումնասիրվում է Քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, ինչպես նաև զինծառայության անցնելու` օրենքով սահմանված պահանջներին նրա տվյալների համապատասխանությունը:
15. Փաստաթղթերի ստուգումն ավարտվում է Քննիչի թեկնածուին հարցազրույցին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու պատճառաբանված գրավոր որոշման կայացմամբ:
16. Քննիչի թեկնածուին հարցազրույցին մասնակցելու թույլտվություն չի տրվում, եթե վերջինիս տվյալները չեն բավարարում սույն կարգի 6-րդ կետով ներկայացված պահանջներին, ինչպես նաև` եթե թերի են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված Քննիչի թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերը:
17. Ծրագիր-հարցաշարը բովանդակում է իրավագիտության համապատասխան ոլորտի առանձին ինստիտուտների և իրավական ակտերի վերաբերյալ հարցեր:
18. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ, Քննիչի թեկնածուի համար հասկանալի և բովանդակային առումով նպատակաուղղված լինեն ծրագիր-հարցաշարում ներառված հարցերի պարզաբանմանը:
19. Հանձնաժողովի կողմից Քննիչի թեկնածուին հարցերը տրվում են ծրագիր-հարցաշարում ներառված, ստորև թվարկված իրավական ակտերից.
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք,
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք,
դ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
ե) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
զ) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
20. Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 10 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին: Ծրագիր-հարցաշարը տեղադրվում է Նախարարության ինտերնետային կայքում:
21. Ծրագիր-հարցաշարը կազմում է Նախարարության քննչական վարչությունը, որը հաստատվում է Նախարարի կողմից: Հարցաշարի կազմմանը կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամները, ինչպես նաև այլ գիտական կամ ուսումնական հաստատություններից հրավիրված մասնագետներ:
22. Յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
23. Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Քննիչի թեկնածուին ծրագիր-հարցաշարում ընդգրկված հարցերից կարող է տալ առավելագույնը երեք հարց, բայց դրանք ընդհանուր հաշվարկով չպետք է գերազանցեն տասներկուսը և պակաս լինեն տասից: Յուրաքանչյուր հարցից հետո Հանձնաժողովի հարց տվող անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցնում ճիշտ պատասխանը:
24. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից: Արձանագրության մեջ նշվում է քննություն հանձնողին տրված հարցերի և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը և պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը: Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և Քննիչի թեկնածուի կողմից:
25. Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի վերաբերյալ ընդունում է նշված որոշումներից որևէ մեկը.
ա) տրված հարցերի ընդհանուր քանակից 70 տոկոս և ավելի ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է «համապատասխանում է քննիչի պաշտոնին» որոշումը,
բ) տրված հարցերի ընդհանուր քանակի 70 տոկոսից պակաս ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է «չի համապատասխանում քննիչի պաշտոնին» որոշումը:
26. Սույն կարգի 25-րդ կետի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների կողմից քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ:
27. Հանձնաժողովը քննության ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի համար կազմում քննական թերթ, որտեղ նշվում են թեկնածուի անձնական տվյալները և Հանձնաժողովի որոշումը:
28. Քննական թերթը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:
29. Հանձնաժողովի որոշումը Քննիչի թեկնածուին հայտնվում է Հանձնաժողովի կողմից` քննության ավարտից անմիջապես հետո:
30. Հանձնաժողովի նախագահը քննության ավարտից հետո Նախարարության կադրային գործի վարման ստորաբաժանում է ներկայացնում Քննիչի թեկնածուի վերաբերյալ քննության արդյունքում կայացված որոշումները, կազմված արձանագրությունները և մյուս բոլոր փաստաթղթերը` դրանք Քննիչի թեկնածուի անձնական գործին կցելու, սահմանված կարգով պահելու, ինչպես նաև հետագա ընթացքը լուծելու համար:
31. Սույն կարգի 25-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված որոշման և Քննիչի թեկնածուների` քննիչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ դիմումնների հիման վրա Նախարարը Քննիչի թեկնածուներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
32. Հանձնաժողովի կայացրած որոշումները քննության ավարտից հետո` մեկ ժամվա ընթացքում, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Քննիչի թեկնածուի կողմից (միայն իրեն վերաբերող որոշումը) կարող են բողոքարկվել Նախարարին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում իր պատճառաբանված որոշմամբ փոխում կամ անփոփոխ է թողնում այդ որոշումները:
III. ՔՆՆԻՉԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼԸ
33. Քննիչի թեկնածուն, որը չունի իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ, և որի վերաբերյալ կայացվել է սույն կարգի 31-րդ կետով նախատեսված որոշումը, պաշտոնի է նշանակվում մեկ տարի ժամկետով փորձաշրջանով:
34. Սույն կարգի 33-րդ կետով պաշտոնի նշանակված քննիչը զինվորական ծառայության ընթացքում ենթակա է որակավորման փորձաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում։
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
35. Սույն կարգի դրույթները չեն կիրառվում քննիչի պաշտոնում նշանակվելու համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների նկատմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.09.2009, N 1050-Ն | 25.10.2009, N 1412-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|