«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205449
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2005 թ. ք. Երևան |
թիվ ՔՀ-67-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝
1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու» կարգը (հավելված N 1) կցվում է։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
|
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները:
2. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:
Քրեակատարողական ծառայողի մարտական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով, վերապատրաստման շրջանակներում անցկացվում են նաև ուսումնամարզական պարապմունքներ:
3. Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է
1) հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության, պահպանման իմացությունը,
2) հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանների և վարժաձևերի իմացությունը,
3) հրազենի և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնների իմացությունը,
4) հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու իմացությունը:
4. Վերապատրաստման և հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետով, 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում:
6. Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:
7. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 72 ակադեմիական ժամից:
Վերապատրաստման ժամկետը հինգ տարվա համար չի կարող պակաս լինել 200 ակադեմիական ժամից:
8. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում կամ հատուկ ուսուցում կարող է անցնել իր կամ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ վերջինիս տված ուղեգրի հիման վրա:
9. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, իսկ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական ծառայողի հաշվին:
10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակ քրեակատարողական ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են:
11. Վերապատրաստվող և հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողը համապատասխան հաստատություն է ներկայանում համազգեստով, իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական և ուղեգիր:
12. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
13. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ ամիս առաջ դրանց սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայողին, ինչպես նաև համապատասխան մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:
14. Քրեակատարողական ծառայողը պարտավոր է մինչև վերապատրաստման կամ հատուկ ուսուցման սկսվելը ներկայանալ կենտրոնական մարմին՝ ուղեգիր (սույն կարգին կից՝ Ձև 1) ստանալու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
15. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ծրագիրը (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր): Վերապատրաստման ծրագիրը հաստատվում է դրա ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
16. Վերապատրաստման ծրագիրը ներկայացվում է ըստ քրեակատարողական ծառայության այն ոլորտների, որոնցում կան վերապատրաստման ենթակա քրեակատարողական ծառայողներ:
17. Վերապատրաստման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝
1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը,
2) վերապատրաստում անցկացնելու համար ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները, այդ թվում՝ ուսումնական հաստատության կողմից դասախոսական կազմի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամաքանակի, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայողների հաճախման ժամանակացույցի վերաբերյալ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հետ համաձայնեցման պահանջը,
3) տվյալներ վերապատրաստման ենթակա քրեակատարողական ծառայողների թվի մասին՝ ընդհանուր և ըստ ոլորտների:
18. Վերապատրաստման ծրագիրը կատարում է այն ուսումնական հաստատությունը, որը բավարարում է դրանում նշված պահանջներին: Եթե որևէ ուսումնական հաստատություն չի բավարարում ծրագրում նշված բոլոր պահանջները, ապա ծրագիրը կարող է կատարվել տարբեր ուսումնական հաստատությունների կողմից՝ ըստ դրանում նշված ոլորտների:
19. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
20. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ավարտին քրեակատարողական ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:
21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝
ա) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 50 տոկոսը կամ ավելին,
բ) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական գնահատական:
22. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
23. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած քրեակատարողական ծառայողին՝ համապատասխան տեղեկանք:
24. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ վկայականը կցվում է քրեակատրողական ծառայողի անձնական գործին:
Ձև 1
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Տրվում է ______________________________________________ -ին անուն, ազգանուն, հայրանուն ___________________________ _________________________ համապատասխան մարմնի անվանումը զբաղեցրած պաշտոնը
քրեակատարողական ծառայողների _______________________________ վերապատրաստման (հատուկ ուսուցման)
___________________________________________ դասընթացներին դասընթացի անվանումը __________________________________________________ -ում ուսումնական հաստատության անվանումը _________________________________________ մասնակցելու համար: դասընթացի ժամկետը (սկիզբ-ավարտ) |