«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32003207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
23 հունիսի 2003 թ. |
N 130-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման իրականացումը կանոնակարգելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը»` համաձայն հավելվածի:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ս. Մարգարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքի Միջև Գործընկերության և Համագործակցության Մասին Համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում վերգետնյա սպասարկման և ինքնասպասարկման վերաբերյալ կանոնակարգումները Եվրոպական Միության Խորհրդի 1996թ-ի հոկտեմբերի 15-ի «Միության օդանավակայաններում վերգետնյա սպասարկման շուկայից օգտվելու մասին (On access to the ground-handling market at Community airports)» 96/67/EC դիրեկտիվայի դրույթներին համահունչ դարձնելու նպատակով, սույն Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման տեսակները և դրանք իրականացնող կազմակերպությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչության) կողմից տրված սերտիֆիկատի և համապատասխան թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկում կարող են իրականացնել`
ա) քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ շահագործողները,
բ) քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ շահագործողների թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպությունները,
գ) օդանավ շահագործողները (ինքնասպասարկում):
3. Սույն Կարգի իմաստով վերգետնյա սպասարկում է հանդիսանում.
ա) օդանավերի տեխնիկական սպասարկումը,
բ) օդանավերի կոմերցիոն վերգետնյա սպասարկումը, որը ներառում է ուղևորների վերգետնյա սպասարկումը, ուղեբեռի, բեռի և փոստի մշակումը,
գ) օդանավերի կենցաղային-սանիտարական սպասարկումը:
II. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
4. Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ-ի դեկտեմբերի 17-ին կնքված Կոնցեսիոն Պայմանագրի հիման վրա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկման ծառայություններն իրականացնում են օդանավակայանի կոնցեսիոները և (կամ) վերջինիս հետ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա Գլխավոր վարչության կողմից տրված սերտիֆիկատ և համապատասխան թույլտվություն ունեցող այլ կազմակերպությունները (ենթակոնցեսիոներներ):
5. Վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերության անձնակազմը և տեխնիկական միջոցները ենթակա են սերտիֆիկացման` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
6. Վերգետնյա սպասարկման ծառայությունների սակագները ենթակա են հաստատման Գլխավոր վարչության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 2074-Ն որոշմամբ հաստատված կարգով:
III. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ)
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ինքնասպասարկումը օդանավ շահագործողների կողմից անմիջականորեն իրենց օդանավերի, ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի վերգետնյա սպասարկումն է:
8. Ինքնասպասարկումն իրականացվում է օդանավ շահագործողի սեփական անձնակազմով:
9. Ինքնասպասարկում իրականացնող օդանավ շահագործող ընկերությունը երրորդ անձանց վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցել չի կարող:
10. Ինքնասպասարկման դեպքում օգտագործողի անձնակազմը և նրա կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները ենթակա են սերտիֆիկացման` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
11. Սույն կարգի իմաստով երրորդ անձինք չեն համարվում ինքնասպասարկող ընկերությունից վերգետնյա ծառայություններ ստացող այն ընկերությունները, որոնք.
■ տիրապետում են ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,
■ որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին է տիրապետում ինքնասպասարկող ընկերությունը,
■ որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է այն անձը, որը տիրապետում է նաև ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին:
12. Ինքնասպասարկման դեպքում օդանավակայանների շահագործողներն իրավասու են ինքնասպասարկում իրականացնող օդանավ շահագործողների համար սահմանել այդ ծառայությունների նպատակով օդանավակայանների տարածքների օգտագործման, օգտագործողների տեխնիկական միջոցների պահպանման և այլ անհրաժեշտ ծառայությունների դիմաց վճարներ: Այդ վճարները, մինչև դրանց կիրառումը, ենթակա են պարտադիր տեղեկացման Գլխավոր վարչությանը, և դրանք պետք է ձևավորվեն և սահմանվեն` ելնելով համապատասխանության, օբյեկտիվության, թափանցիկության և խտրականության բացառման չափանիշներից: