«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11603317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 296-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N-890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով՝ հաստատել.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Մանուկյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է նախարարության գործավարության կարգը:
2. Նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է նախարարության աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետև՝ քարտուղարություն):
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի (այսուհետև՝ աշխատակազմ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում (այսուհետև՝ ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում՝ ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Աշխատակազմի ստորաբաժանումներում ներքին փաստաթղթաշրջանառության համար պահվում են առանձին գրանցամատյաններ:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցությանը տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև՝ էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ նախարարության համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:
7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (հավելվածները), առդիր թղթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ՝ 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ նախարարության համակարգչային ցանցով (այսուհետև՝ համակարգչային ցանց) ուղարկում են ըստ պատկանելիության՝ փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով դրանք ստացված են՝ անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
8. Ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
10. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը՝ ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը:
11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
12. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերծանման՝ հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
13. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
14. Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով՝ աշխատանքային 1 օրվա ընթացքում:
15. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին: Արգելվում է առանց գրանցման թղթակցության շարժը:
16. Նախարարի տեղակալները հանձնարարականներ են տալիս ստորաբաժանումների ղեկավարներին՝ ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան:
17. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը և այլ փաստաթղթերը աշխատակազմում քննարկելու համար նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում՝ համապատասխան նշում կատարելու ձևով, նախարարի կողմից սահմանված ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան:
18. Ստորաբաժանման գործավարության վարման համար պատասխանատու աշխատակիցը, քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին՝ համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին է հանձնվում քարտուղարության միջոցով՝ հանձնարարական տվողի համաձայնությամբ:
19. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից՝ ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրություն:
20. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
21. Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում անել:
22. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
23. Աշխատակազմում փաստաթղթերը քննարկվում և կատարվում են հետևյալ ժամկետներում՝
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, նախարարությունների, դրանց աշխատակազմերի այլ պետական մարմինների կողմից ներկայացված՝ հարցերի վերաբերյալ գրությունների համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն).
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր՝ մինչև 10 օր.
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պարունակող փաստաթղթերի քննարկման համար գլխադասային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, հանձնարարականը տվող պաշտոնատար անձի թույլտվությամբ կատարման ժամկետը կարող է երկարացվել:
24. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստվում են 4-օրյա ժամկետում:
25. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման և փաստաթղթերի սահմանված ժամկետներում կատարման համար պատասխանատու է գլխադասային ստորաբաժանումը:
26. Գլխադասային ստորաբաժանման կողմից իրավական ակտի նախագծի, փաստաթղթի վերաբերյալ եզրակացությունը, պատասխան նամակի նախագիծը ներկայացվում է հանձնարարականում նշված մյուս ստորաբաժանումների ղեկավարներին՝ համաձայնեցման:
27. Իրավական ակտերի, պատասխան նամակների նախագծերը, համաձայնեցումից հետո ներկայացվում են իրավաբանական վարչություն՝ իրավական փորձաքննության, նշագրման:
28. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն աշխատակազմի իրավաբանական վարչությունից դուրս տրվում են միայն աշխատակազմի աշխատողներին՝ վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները՝ իրենց պահանջով: Աշխատակազմի իրավաբանական վարչությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
29. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
30. Քարտուղարությունը ձևաթղթի վրա տպագրված հրամանների նախագծերը հանձնում է աշխատակազմի ղեկավարին՝ նախարարի ստորագրությանը ներկայացնելու համար:
31. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները քարտուղարությունում գրանցվում են գրանցամատյանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
32. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանցը կամ եթե հասցեատերն ընդգրկված չէ դրանում, հրամանները առաքվում են փոստով՝ համաձայն հասցեաթերթի:
33. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանի յուրաքանչյուր օրինակ կնքվում է քարտուղարության դրոշմակնիքով:
34. Նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների էլեկտրոնային պատճենները քարտուղարության կողմից զետեղվում են նախարարության համակարգչային ցանցում:
35. Քարտուղարության կողմից կազմակերպություններին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում՝ առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների ցուցումի:
36. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում՝ աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով, և առաքվում՝ ըստ սկզբնական հասցեաթերթերի:
37. Նախարարի հրամանների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:
38. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրություններն ստորագրվելուց հետո՝ քաղվածքների ձևով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ և կազմակերպություններ: Պատճենները կնքվում են քարտուղարության դրոշմակնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
39. Նշված արձանագրությունները համարակալվում են և պահվում քարտուղարությունում, իսկ ֆայլերը՝ տվյալների շտեմարանում:
4. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
40. Նախարարության ելից փաստաթղթերն ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից: Ստորագրված գրությունների էլեկտրոնային տարբերակները քարտուղարության կողմից զետեղվում են նախարարության համակարգչային ցանցում՝ շտեմարանում, ընդ որում, ֆայլի անվանումը պետք է համընկնի գրության ելից համարին:
41. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը՝ համապատասխան նշագրերով:
42. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի թերթերի թիվը, ներքևի ձախ անկյունում՝ կատարողի պաշտոնը, ազգանունը, հեռախոսահամարը (7 տառաչափով):
43. Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունն արվում է միայն շտապ բնույթով հարցերի վերաբերյալ: Հեռախոսագիր ստացողը հեռախոսագիրը մինչև ղեկավարությանը ներկայացնելը ձախից ներքևի անկյունում դնում է իր նշագիրը:
44. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
45. Նախարարի ստորագրմանը ներկայացվող գրությունները տպագրվում են «Թառումյան» տառատեսակով՝ 12 տառաչափով:
5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
46. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:
47. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, բողոքները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման օրենքով սահմանված արխիվացման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը: Դրանց մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա գրանցվում են նաև ֆայլերը:
49. Նախարարության փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
50. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել՝ գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել՝ միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
51. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:
52. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվարիուսը) քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
53. Մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
54. Նախարարությունը ունի մեկ էլեկտրոնային փոստի հասցե, որը նշվում է որպես պաշտոնական:
55. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի բովանդակությունը քարտուղարության կողմից բազմացվում և 3-օրյա ժամկետում տրամադրվում է աշխատակազմի ստորաբաժանումներին: