ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
3 հունիսի 1997 թ. N 95-Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1997 թվականի ընդունելության քննությունները կազմակերպելու և անցկացնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի 21.05.97 թ. N 1/2 որոշումը` հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1997 թվականի ընդունելության կանոնները» (կցվում է):
Կրթության և գիտության նախարար |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհերը) 1997 թվականին ընդունելություն են կատարում ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման գծով: Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ընդունելություն է կատարում նաև հեռակա ուսուցման գծով:
2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
3. Ընդունելությունը բուհերում կատարվում է պետական պատվերի և վճարովի ուսուցման համակարգի տեղերի, կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ընդունելության քննությունների ցանկի և սույն կանոններով սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն:
4. Հանրակրթական առարկաների ընդունելության քննություններն անցկացնում են Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած ծրագրերով: Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` նրանց մշակած ծրագրերով: Հանրապետության քաղաքներում 1996 թ. ընդունելության կենտրոնացված քննություններից դրական միավորներ (8 և ավելի բարձր) ստացած դիմորդները, իրենց ցանկությամբ, կարող են դրանք պահպանել նույն քաղաքների բուհերի 1997 թ. ընդունելության ժամանակ:
5. Դիմորդները իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս մասնագիտությունների համար պետական պատվերով նախատեսված տեղերի մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների ընդունելության բոլոր քննությունները: Դիմորդը իր ընտրած չորս մասնագիտությունները համարակալում է ելնելով իր նախասիրություններից: Դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմումներում նշած մասնագիտությունների հերթականությանը համապատասխան:
6. Ընտրած մասնագիտություններում կրկնվող առարկաների քննությունները հանձնվում են միայն մեկ անգամ:
7. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում և Երևանի օտար լեզուների ինստիտուտի «ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու» մասնագիտությամբ մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների:
8. Հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 և դրանից բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական միավորներ:
9. Մրցույթը ըստ մասնագիտությունների անց է կացվում մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա: Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում`
ա) նախապատվության իրավունքից օգտվում է միջնակարգ հանրակրթական դպրոցի ոսկե (արծաթե) մեդալ ունեցող դիմորդը.
բ) հաշվի են առնվում մրցութային քննական առարկաներից ստացած միավորները բուհերի կողմից նշված հաջորդականությամբ, իսկ վերջիններիս հավասարության դեպքում հաշվի է առնվում ոչ մրցութային առարկայից ստացած միավորը,
գ) ոսկե (արծաթե) մեդալ ունեցող դիմորդների միջև մրցույթը անց է կացվում համաձայն 9 բ) կետի:
10. Եթե դիմորդը մրցույթով անցնում է դիմումում նշված առաջին մասնագիտությամբ, ապա դիմումում նշված մյուս մասնագիտությունների համար մրցույթին չի մասնակցում: Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում իր դիմումում նշված առաջին մասնագիտությամբ, հավասար պայմաններով մասնակցում է դիմումում նշված երկրորդ մասնագիտության մրցույթին և այսպես շարունակ:
11. Ըստ բուհերի և մասնագիտությունների մրցույթն անցկացվում է կենտրոնացված կարգով, որի արդյունքները հրապարակվում են ս/թ օգոստոսի 22-ին:
12. Պետական պատվերով չընդունված դիմորդները կարող են մասնակցել տվյալ քաղաքի պետական բուհերի վճարովի ուսուցման տեղերի` ըստ մասնագիտությունների մրցույթին, որն անց է կացվում ս/թ օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 29-ը կենտրոնացված կարգով: Վճարովի ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են պետական պատվերի դիմումում նշված առաջին բուհում ս/թ օգոստոսի 22-ից (ժամը 9.00-ից) մինչև 26-ը (ժամը 24.00) ներառյալ: Դիմորդները կարող են մասնակցել մրցույթին մինչև չորս մասնագիտությունների համար: Վճարովի ուսուցման համակարգ ընդունված դիմորդների ցուցակները բուհերը հրապարակում են ս/թ օգոստոսի 31-ին:
13. Ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնածներից, մրցույթից դուրս, Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունվում են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձագիտական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների,
գ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք,
դ) ներքին սփյուռքի (ԱՊՀ երկրների) դիմորդները, տվյալ համայնքին հատկացված տեղերի չափով` մանկավարժական բուհեր ընդունվելու համար (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական և Վանաձորի մանկավարժական ինստիտուտներ):
14. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում Վրաստանի հանրապետության աբխազահայ համայնքին հատկացված տեղերում ընդունելությունը կատարվում է նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի կողմից մրցութային առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով:
15. Արտոնություններից օգտվող դիմորդները, որոնք դիմել են միայն վճարովի տեղեր ունեցող մասնագիտությունների գծով ընդունվելու, բուհ են ընդունվում մրցույթից դուրս` ընդունվելուց հետո ուսումնառության վարձը վճարելու պայմանով:
16. Պետական պատվերի և վճարովի ուսուցման տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:
17. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննություն են հանձնում հայոց լեզվից (գրավոր): Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայերենի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները որոնք միջնակարգ կրթության վկայականում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից քննություն են հանձնում որևէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):
Բացառություն են կազմում.
ա) 0212-միջազգային հարաբերություններ, 0214-լրագրություն (ժուռնալիստիկա), 0230-հայոց լեզու և գրականություն, 0309-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, 0310-հոգեբանություն և մանկավարժություն, 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, 0317, 0318-օլիգոֆրենոմանկավարժություն և լոգոպեդիա, 0533-թարգմանչական գործ մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է,
բ) 0217-բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) մասնագիտությունը, որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր),
գ) 0217-բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու) մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),
դ) 0233-անգլերեն լեզու և ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունը (ԳՄԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր):
18. Միջնակարգ կրթության վկայականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդները այդ լեզուների գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր): Բացառություն են կազմում 0212-միջազգային հարաբերություններ, 0214-լրագրություն (ժուռնալիստիկա), 0233-օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն), 0234-արևելագիտություն (արաբագիտություն, պարսկագիտություն, թուրքագիտություն) (ԵՊՀ), 0533-թարգմանչական գործ (ԵրՕԼԻ), 0601-տեսական տնտեսագիտություն, 0606-համաշխարհային տնտեսագիտություն, 0611-կառավարում, 0618-մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ (ԵՊՀ, ԵրԺՏԻ), 0614-առևտուր (կոմերցիա), 0624-ապահովագրական գործ (ԵրԺՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է:
19. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
20. Ոչ հայկական դպրոցների շրջանավարտները քննությունները, բացի հայերեն և օտար լեզուներից, կարող են հանձնել ռուսաց լեզվով:
21. Քննատախտակով նախատեսված օրը անհարգելի պատճառով քննության չմասնակցած դիմորդներին չի թույլատրվում տվյալ առարկայի քննությանը մասնակցել: Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5 օրյա ժամկետում հանձնել այն, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
22. Բանավոր քննության գնահատականը դիմորդը իրավունք ունի գանգատարկելու առարկայական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու օրը մինչև ժամը 24.00:
23. Ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից քննության համար վճարած գումարը չի վերադարձվում: Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է առանձին քաղաքացիների ազատել ընդունելության քննությունների վարձից:
24. Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են 1997 թվականի հունիսի 16-ից մինչև հուլիսի 16-ը: Ընդունելության քննությունները անցկացվում են 1997 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 14-ը: Դիմորդի քննությունների գրաֆիկը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում 1997 թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 14-ը:
«Հայոց լեզու» առարկայի գրավոր քննությունը դիմորդները հանձնում են կենտրոնացված կարգով, քննական մյուս առարկաների հետ միասին` 1997 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 14-ը:
25. Դիմորդները ընդունելության քննություններին և մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմումը և փաստաթղթերը, ինչպես նաև 1996 թ. ընդունելության քննություններից ստացած դրական միավորների (8 և բարձր) տեղեկանքը հանձնում են դիմումում նշված առաջին բուհը: Ընդունելության քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին բուհում:
Արվեստի ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում:
Դիմումի հետ ներկայացվում են`
ա) կրթության մասին վկայականի բնագիրը,
բ) բժշկական տեղեկանք (ձև համար 86-ու),
գ) 6 լուսանկար 3 x 4 սմ չափսի,
դ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի առկայության դեպքում, իսկ նախկինում տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
ե) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր),
զ) այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են տվյալ մասնագիտության ընդունելության պայմաններով,
է) լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված լինելու մասին):
26. Այն դիմորդները, որոնք բանակ զորակոչվելու պատճառով 1997 թ. չեն կարողանա օգտագործել 1996 թ. ընդունելության քննություններից ստացած դրական միավորները, կարող են օգտվել այդ արտոնությունից բանակից զորացրվելուց հետո:
27. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմումը փոփոխման ենթակա չէ:
28. Հայաստանի Հանրապետության ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների շրջանավարտները կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ, նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի կողմից մրցութային առարկաների շրջանակներում տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով: Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների ցանկը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
29. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի շրջանավարտները կարող են ընդունվել ճարտարագիտական համալսարան նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի կողմից մրցութային առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով:
30. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի հենակետային վարժարանի շրջանավարտները կարող են ընդունվել ճարտարապետաշինարարական ինստիտուտ (բացի ճարտարապետական ֆակուլտետից) նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի կողմից մրցութային առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով:
31. Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության մրցումների (օլիմպիադաների) և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաների) հաղթողները համապատասխան մասնագիտությունների գծով կարող են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել առանց ընդունելության քննությունների` Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ:
32. Բուհերի ընդունելության հետ առնչվող վիճելի հարցերը քննարկվում են Հանրապետական ընդունող հանձնաժողովում:
33. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, առարկայական և գանգատարկման հանձնաժողովների և ընդունելության հետ կապված մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 1997 թ. ընդունելության կանոնակարգով:
34. Սույն կանոնները մշակվում և հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի N 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:
Գրանցված է |