ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
N 184-Հ | 24 դեկտեմբերի 1999 թ. |
ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.12.99 թ. N 752 որոշման 4-րդ կետի դ) ենթակետի պահանջները կատարելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել լուծարման հանձնաժողովների կանոնադրությունը (կցվում է):
2. Հաստատել հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):
Նախարար` | Պ. Ղալթախչյան |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լուծարման հանձնաժողովը (այսուհետև հանձնաժողով) իրականացնում է ընկերությունների լուծարման աշխատանքները` առաջնորդվելով.
ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքով,
բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով,
գ) ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշումով,
դ) Ընկերությունների լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումներով,
ե) Սույն կանոնադրությամբ, այլ օրենքներով և իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
2. Հանձնաժողովն իրավունք ունի`
ա) նշանակել կամ մրցույթով ընտրել հավատարմագրային կառավարիչ և նրա հետ կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր.
բ) ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության համատեղ հաստատված կարգի համաձայն սահմանել հավատարմագրային կառավարիչի աշխատավարձի չափը և վճարման կարգը.
գ) կատարել ընկերության գույքի ընտրանքային գույքագրում,
դ) ընկերության գույքը կամ նրա առանձին տարրերը տալ վարձակալության,
ե) լուծարման աշխատանքներում ընդգրկել մասնագիտացված կազմակերպությունների և դրանց վարձատրությունը կատարել ընկերության միջոցների հաշվին,
զ) իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Հանձնաժողովը պարտավոր է`
իրականացնել այն գործողությունները, որոնք ՀՀ օրենսդրությամբ ենթակա են պարտադիր կատարման հանձնաժողովի կողմից:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերում կամ առանց նիստի գումարման` հարցման կարգով:
5. Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, երբ նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
6. Նիստում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
7. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, իսկ նիստի արձանագրությունը կազմվում է նիստի օրվանից հետո, 3 օրյա ժամկետում, այն հաստատվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի բացակայության դեպքում նախագահի լիազորած անձի կողմից:
9. Հարցման կարգով քվեարկության դեպքում հանձնաժողովը որոշումներ ընդունում է հանձնաժողովի անդամներին ուղղված հարցաթերթիկների գրավոր պատասխանների հիման վրա, պահպանելով սույն կանոնադրության 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի պահանջները:
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Լուծարվող ___________________________ կառավարման մասին
_________________________________________________________ -ը
(այսուհետև` ընկերություն), ի դեմս լուծարման հանձնաժողովի (այսուհետ` հիմնադիր)
կողմից լիազորված _____________________________________________-ի
մի կողմից, և ________________________________________ -ը (այսուհետև`
կառավարիչ), մյուս կողմից, կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին. |
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Հավատարմագրային կառավարման սույն պայմանագրում (այսուհետև` պայմանագիր) շարադրված պայմաններով և նախատեսված ժամկետներով հիմնադիրը կառավարչին իրավունք է վերապահում օգտագործելու և տիրապետելու իր գույքային և ոչ գույքային իրավունքները (այսուհետև` գույք), իսկ կառավարիչը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի:
1.2. Պայմանագրի գործողության ժամանակահատվածում գույքի օտարումը, վարձակալության տրամադրումը, գրավ դնելը, ինչպես նաև այլ ձևերով կառավարման տրամադրելը թույլատրվում է միայն հիմնադրի գրավոր որոշմամբ:
1.3. Գույքի կառավարման փոխանցումը կառավարիչին չի հանգեցնում այդ գույքի սեփականության իրավունքի փոխանցման:
1.4. Կառավարիչը իր կառավարմանը հանձնված գույքի հետ կապված գործարքները կնքում է իր անունից, նշելով, որ ինքը գործում է որպես կառավարիչ:
Սույն պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունները կատարելիս կառավարիչը մյուս կողմին տեղեկացնում է որպես հավատարմագրային կառավարիչ` դրանք կատարելու մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարիչի անունից կամ անվանումից հետո արվել է «Հ.Կ.» նշումը:
1.5. Կառավարիչի գործողությունների մասին ցուցումների բացակայության դեպքում, նա երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և նրանց առջև պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Հիմնադիրն իրավունք ունի`
2.1.1. Իրականացնել ընկերության ընդհանուր կառավարման լիազորությունները գույքի տնօրինման հարցում և այդ մասին տեղեկացնել կառավարիչին:
2.1.2. Կատարել գույքի ընտրանքային գույքագրում և կազմել համապատասխան ակտ:
2.1.3. Հանձնարարել կառավարիչին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք առնել համապատասխան միջոցներ` գույքի գնահատման և օտարման աշխատանքները իրականացնելու համար:
2.1.4. Հսկել պայմանագրով կառավարիչի կառավարմանը հանձնված գույքին առնչվող գործունեությունը:
2.1.5. Պայմանագրի գործողությունը դադարեցնել նախատեսված ժամկետից շուտ, եթե կառավարիչը չի կատարել կամ թերի է կատարել լուծարման փուլի աշխատանքները` պահանջելով կառավարչից փոխհատուցել կրած վնասները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.1.6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
2.2. Հիմնադիրը պարտավոր է`
2.2.1. Կառավարչին փոխանցել գույքը, ինչպես նաև դրան առնչվող փաստաթղթերը:
2.2.2. Կատարել օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
2.3. Կառավարիչն իրավունք ունի`
2.3.1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադրի կարգադրություններին համապատասխան տիրապետել և օգտագործել գույքը` ստացված եկամուտների հաշվին մարել ընկերության պարտավորությունները` եթե հիմնադրի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:
2.3.2. Իրականացնել հիմնադրի որոշմամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2.4. Կառավարիչը պարտավոր է`
2.4.1. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ կառավարության կողմից ընկերության հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմնի հետ համատեղ իրականացնել գույքագրում, ընդունել գույքը և դրան առնչվող փաստաթղթերը, ընդունման պահից 5 օրյա ժամկետում գույքագրման արդյունքները ներկայացնել հիմնադրին:
2.4.2. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո, 1 ամսվա ընթացքում կազմել լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, այն ներկայացնել հիմնադրի քննարկմանը:
2.4.3. Համաձայն լուծարման նախագծի ծանուցել բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման մասին:
2.4.4. Եռամսյակը 1 անգամ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջը, ինչպես նաև հիմնադրի պահանջով, հիմնադրին ներկայացնել հաշվետվություն` գույքի օգտագործման վերաբերյալ և տեղեկություններ` լուծարման գործընթացի մասին:
2.4.5. Չհրապարակել ընկերության արտադրական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները:
2.4.6. Աջակցել գույքի գնահատման, օտարման գործընթացների կազմակերպմանը:
2.4.7. Պարտատերերի հետ հաշվարկների ավարտից հետո, 1 ամսվա ընթացքում, կազմել լուծարման հաշվեկշիռ, այն ներկայացնել հիմնադրի քննարկմանը և բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը:
2.4.8. Պայմանագրի դադարման դեպքում ապահովել պայմանագրով իր կառավարմանը հանձնված գույքի հանձնումը հիմնադրին, իսկ լուծարման ավարտի դեպքում` ՀՀ կառավարության որոշմամբ գույքն ընդունելու լիազորություն ստացած պետական կառավարման մարմնին:
2.4.9. Ընկերության լուծարումից հետո, նրա փաստաթղթերը հանձնել պետական արխիվ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4.10. Գույքի հավատարմագրային կառավարումն իրականացնել անձամբ:
2.4.11. Կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և հիմնադրի որոշմամբ իրեն հանձնարարված այլ աշխատանքներ:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Պայմանագրով և հիմնադրի որոշումներով սահմանված ժամկետների խախտման դեպքում կառավարիչը յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարում է տույժ` պայմանագրի 5.2 կետով սահմանված վարձատրության 5 տոկոսի չափով:
3.2. Կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով:
3.3. Պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից կողմերը ազատվում են, եթե պարտավորությունների չկատարման, կամ ոչ պատշաճ կատարման պատճառը անհաղթահարելի ուժի, կամ հակառակ կողմի գործողությունների հետևանք է:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Պայմանագիրը կնքվում է _______ տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ընկերության լուծարման ավարտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գրառում կատարելը:
4.2. Պայմանագրից հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը պետք է այդ մասին մյուս կողմին տեղեկացնի պայմանագիրը դադարեցնելուց առնվազն 10 օր առաջ:
5. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Կառավարիչի վարձատրության չափը հաշվարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված կառավարիչների վարձատրության կարգին համապատասխան:
5.2. Կառավարիչին, պայմանագրով վճարվելիք հաստատուն վարձատրության չափը սահմանվում է ____________ դրամ:
5.3. Պայմանագրի 5.1 և 5.2 կետերով սահմանված վարձատրությունը պետք է վճարվի ընկերության միջոցների հաշվին:
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
6.2. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրը կազմված է 3 օրինակից, որոնք ունեն հավասար իրավական ուժ, մեկական օրինակ պահվում է կողմերի և այն վավերացնող մարմնի մոտ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ
Հիմնադիր |
Կառավարիչ |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
09 փետրվարի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11400007