Գլխավոր տեղեկություն
Номер
N 420
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.08.01/14(77) Հոդ.94
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.06.2001
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.06.2001
Дата вступления в силу
11.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

19 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 420

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.1998 թ. «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձին հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 684 որոշման 17 կետի, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թ. հունիսի 19-ի N 362 որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության (4-րդ, 7-րդ, 8-րդ կետեր), երեխաների (մինչև 16 տարեկան) հաշմանդամության որոշման բժշկական չափորոշիչների սահմանման և ներդրման գործընթացն ապահովելու նպատակով հաստատում եմ`

1. Մինչև 16 տարեկան երեխային հաշմանդամ ճանաչելու բժշկական ցուցումների ցանկը (կցվում է):

 

Հրամայում եմ`

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կ. Սարիբեկյանին`

համակարգի առողջապահական մարմինների ղեկավարներին և բուժհաստատությունների տնօրեններին ապահովել «Մինչև 16 տարեկան երեխային հաշմանդամ ճանաչելու բժշկական ցուցումների հաստատելու մասին» սույն հրամանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին`

կազմակերպել սույն հրամանի տպագրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության լրատու» պաշտոնաթերթում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին`

ստանձնել սույն հրամանի կատարման հսկողությունը:

 

Նախարար`

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարության
19 հունիսի 2001 թ. N 420 հրամանով

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

Ա. Երկամյա ժամկետով հաշմանդամություն սահմանելու իրավունք ընձեռող հիվանդություններ եվ ախտաբանական վիճակներ

 

Հիվանդություններ և ախտաբանական վիճակներ

Հաշմանդամությանը հանգեցնող ֆունկցիոնալ վիճակի բնութագիր և/կամ ժամկետային չափանիշներ

I. Նյարդահոգեկան հիվանդություններ

1. Նյարդային համակարգի ախտահարումների հետևանքներ

Արտահայտված կայուն շարժողական խանգարումներ (առնվազն մեկ վերջույթի պարալիզ, գեներալիզացված հիպերկինեզներ, կոորդինացիայի խանգարումներ):

Չափավոր արտահայտված կայուն շարժողական խանգարումներ (մեկ կամ ավելի վերջույթների պարեզ, կոորդինացիայի խանգարումներ), որոնք ուղեկցվում են խոսքի, լսողության կամ տեսողության խանգարումներով:

Կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներ:

Խոսքի արտահայտված կայուն խանգարումներ` ալալիա, աֆազիա, դիզարթրիա, ծանր կակազություն:

2. Էպիլեպսիա

Ախտորոշման պահից մինչև հակաԷպիլեպտիկ բուժման անհրաժեշտության վերացումը (լավացումը):

3. Փսիխոտիկ վիճակներ, պսիխոպաթիաներ, այդ թվում ձևավորվող

Ձգձգվող` 6 ամիս և ավելի տևողությամբ:

4. Մտավոր հետամնացություն

Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` զուգակցված ինտելեկտի ֆունկցիոնալ-դինամիկ նախադրյալներից որևէ մեկի (տեսողություն, լսողություն, խոսք, հենաշարժողական ֆունկցիա, վարքագիծ) խանգարման հետ:

 

II. Աչքի ախտահարումներ և հիվանդություններ

Տեսողության սրության կայուն իջեցում մինչև 0.2 (կորեկցիայով) առավել լավ տեսնող աչքում, կամ տեսողության դաշտի նեղացում ֆիքսման կետից մինչև 25 աստիճան բոլոր ուղղություններով` առավել լավ տեսնող աչքում

1. Տեսողության օրգանի երկկողմանի ախտահարումներ

Տեսողության սրության կայուն իջեցում մինչև 0.03 (կորեկցիայով) և ցածր

2. Տեսողության օրգանի միակողմանի ախտահարումներ

 

III. Քիթ-կոկորդ-ականջ օրգանների ախտահարումներ և հիվանդություններ

1. Կոկորդի և շնչափողի հիվանդություններ

Շնչառության ապահովում շնչափողահատման (տրախեոստոմիկ) փողրակով

2. Կոկորդի նորագոյացություններ (նախքան վիրահատական միջամտությունը և դրանից հետո)

Դժվարացած շնչառություն` ձայնային ֆունկցիայի կայուն խանգարումով

3. Լսողության օրգանների երկկողմանի ախտահարումներ

Ծանրալսողություն 3-4 աստիճան` խոսքի արտահայտված խանգարումով

IV. Օրգան-համակարգերի հիվանդություններ

1. Շնչական օրգանների հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, զարգացման արատներ

Կայուն շնչական անբավարարություն 2-րդ և ավելի աստիճանի կամ բրոնխիալ ասթմա (ասթմայի ցերեկային նոպաներ` առնվազն շաբաթական մեկ անգամ կամ գիշերային նոպաներ` առնվազն ամիսը 3 անգամ)

2. Տուբերկուլյոզ (պալարախտ)

Ախտորոշման պահից մինչև բուժման անհրաժեշտության վերացումը և լիարժեք վերականգնումը:

3. Երիկամների ախտաբանական վիճակներ, հիվանդություններ

Բուժման նկատմամբ կայուն (ռեզիստենտ) նեֆրոտիկ համախտանիշ և/կամ զարկերակային հիպերտենզիա:

4. Միակ երիկամի ախտահարում

Հաստատված կլինիկական-լաբորատոր հետազոտությունների միջոցով (անկախ արտահայտվածության աստիճանից):

5. Աղեստամոքսային ուղու, լյարդի, լեղուղիների հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, զարգացման արատներ

Մարսողության և/կամ լյարդային ֆունկցիայի կայուն արտահայտված խանգարումներ` ուղեկցվող քաշի անկումով և/կամ ընթացող տարեկան 2 և ավելի սրացումներով:

6. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, սրտի և խոշոր անոթների արատներ, սրտի ռիթմի խանգարումներ:

Երկարատև բուժում պահանջող (առնվազն 3 ամիս ) արյան շրջանառության 2-րդ և ավելի աստիճանի խանգարումներ:

Թոքային հիպերտենզիա` զուգակցված արյան շրջանառության 1-ին և ավելի աստիճանի խանգարումով: Արտահայտված քրոնիկ հիպօքսեմիա (զարկերակային արյան հեմոգլոբինի թթվածնով հագեցվածությունը պուլսօքսիմետրիայով < 75%-ից) և/կամ պոլիցիտեմիա (հեմատոկրիտը > 50%-ից):

Հաճախակի կրկնվող, բուժման տեսանկյունից կայուն պարոքսիզմալ տախիկարդիայի նոպաներ (միջին հաշվով ամիսը մեկ և ավելի անգամ):

7. Արյունաստեղծ համակարգի հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, զարգացման արատներ

 

ա) Բնածին և ժառանգական սակավարյունություններ
(բացառությամբ թալասեմիաների), կամ ձեռքբերովի հիպո- կամ ապլաստիկ սակավարյունություններ

Հաճախակի անեմիկ կրիզներ (առնվազն` տարեկան մեկ անգամ), որոնք բերում են հեմոգլոբինի իջեցման` ցածր 90գ/լ-ից:

բ) Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան

Երկարատև (6 ամիս և ավելի տևողությամբ) արտահայտված թրոմբոցիտոպենիայով ընթացող (<35000 բջիջ 1 խորանարդ մմ-ում):

8. Հենաշարժական ապարատի հիվանդություններ, ախտաբանական վիճակներ (պոլիարթրիտ` անկախ էթիոլոգիայից, օստեոմիելիտ և այլն)

Ոսկրային հյուսվածքի արտահայտված տարածուն դեստրուկցիաներ և/կամ մաշկի և մկանների կայուն և տարածված ախտահարումներ, որոնք հանգեցնում են ոսկրերի և մկանների դեֆորմացիաների կամ ախտաբանական կոտրվածքների, կամ հոդերի առնվազն 2-րդ աստիճանի ֆունկցիոնալ անբավարարության:

Ողնաշարի և կրծքավանդակի դեֆորմացիաներ, որոնք բերում են հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարման կամ շնչական ֆունկցիայի առնվազն I-ին կամ արյան շրջանառության առնվազն I-ին աստիճանի խանգարման:

Սկոլիոզ` առնվազն 3-րդ աստիճանի:

Առնվազն մեկ խոշոր հոդի (կոնք-ազդրային, ծնկային, սրունք-թաթային, ուսային, արմնկային) կոնտրակտուրա` վերջույթի ֆունկցիոնալ անբարենպաստ վիճակում, կամ անկիլոզ:

9. Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլլագենոզներ, Սթիլի հիվանդություն, Վիսլեր-Ֆանկոնի ենթասեպսիս և այլն)

3 ամիս և ավելի տևողությամբ բարձր աստիճանի ակտիվությունով ընթացող ախտաբանական վիճակներ` պայմանավորված շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումով:

10. Պարբերական հիվանդություն

Հաճախակի նոպաներով` ամիսը երկու և ավելի անգամ

V. Ուռուցքային հիվանդություններ

1. Չարորակ ուռուցքներ, այդ թվում նաև լիմֆոգրանուլեմատոզ

Ախտորոշման պահից մինչև բուժման ավարտը և դիսպանսեր հսկողության անհրաժեշտության վերացումը (առողջացումը)

VI. Վիրաբուժական հիվանդություններ

1. Հիվանդություններ, վնասվածքներ և զարգացման արատներ` անկախ տեղակայումից

Առնվազն 6 ամիս ժամանակահատվածում հատուկ խնամքի և հսկողության կարիքով էտապային վիրաբուժական շտկումներ պահանջող վիճակներ:

2. Կերակրափողի, աղեստամոքսային տրակտի և միզարձակման համակարգի ախտահարումներ

Չվիրահատված (այդ թվում ըստ ժամկետի վիրահատական բուժման ոչ ենթակա) կամ հետվիրահատական մարսողության կամ միզարձակման ֆունկցիայի կայուն, արտահայտված խանգարումներ.
- կղանքի և/կամ մեզի անպահելիություն
- կղանքային կամ միզային, կամ միզասեռական խուղակներ
- կերակրափողի կամ աղիքային անանցանելիություն
- բարակ աղու 2/3-ի հետռեզեկցիոն վիճակ

3. Դեմքի զարգացման արատներ` օրգանների մասնակի կամ լրիվ ապլազիայով, դեմքի փափուկ հյուսվածքների և կմախքի ձեռքբերովի դեֆեկտներ և դեֆորմացիաներ:

Ծամելու կամ կլման, կամ խոսքի, կամ շնչառության ֆունկցիայի արտահայտված խանգարումներ: Դեմքը տձևացնող (այլանդակող) փոփոխություններ

VII. Մաշկային հիվանդություններ

1. Բշտիկային էպիդերմոլիզ, դիստրոֆիկ ձև, ատոպիկ դերմատիտ (նեյրոդերմիտ), կարմիր տափակ որքին, պսորիազ, Դևերժի մազարմատի որքին, այլ հիվանդություններ:

Մաշկի և լորձաթաղանթների տարածուն ախտահարումներ (այդ թվում հաճախակի սրացումներով խոցոտումներ, սպիներ և այլն), որոնք բերում են ծամելու կամ կլման ֆունկցիայի խանգարումների, ֆիզիկական ակտիվության և ինքնասպասարկման կայուն սահմանափակման:

 

Բ. Մինչեվ 16 տարեկան երեխաներին հաշմանդամություն սահմանելու իրավունք ընձեռող հիվանդություններ եվ ախտաբանական վիճակներ

 

I. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Մեկ կամ ավելի վերջույթների անդարձելի պարալիզ կամ արտահայտված պարեզ, հիպերկինեզների արտահայտված անդարձելի ձևեր (կրկնակի աթետոզի, խորեոաթետոզի տիպի):

2. Մտավոր հետամնացություն` միջին կամ ծանր աստիճանի:

3. Շիզոֆրենիա, այլ էնդոգեն փսիխոզներ, զարգացման պերվազիվ խանգարումներ (աուտիզմ և այլն):

 

II. ԱՆԱԼԻԶԱՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Տեսության օրգանի երկկողմանի, անդարձելի բնածին և ձեռքբերովի ախտահարումներ` տեսողության սրության իջեցումով մինչև 0.2 (կորեկցիայով) առավել լավ տեսնող աչքում, կամ տեսողության դաշտի նեղացումով ֆիքսման կետից մինչև 25 աստիճան բոլոր ուղղություններով` առավել լավ տեսնող աչքում:

2. Մեկ աչքի բացակայություն կամ անդարձելի կուրություն:

3. Երկկողմանի խլություն:

 

III. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Շնչական օրգանների հիվանդություններ, ախտաբանական վիճակներ և զարգացման արատներ` 2-րդ և ավելի աստիճանի շնչական անբավարարությամբ` զուգակցված սրտային անբավարարության երևույթներով:*

Բնածին և ժառանգական բնույթի թոքերի դիսեմինացված հիվանդություններ (մուկովիսցիդոզ, խրոնիկական ընթացքով ալվեոլիտներ և այլն):

2. Երիկամների և միզարձակման օրգանների հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, զարգացման արատներ` խրոնիկական երիկամային անբավարարությամբ:

Երիկամների ամիլոիդոզ, հաստատված նեֆրոբիոպսիայով:

3. Լյարդի ֆունկցիայի կայուն արտահայտված, անդարձելի խանգարումներ (ցիռոզներ, քրոնիկական ակտիվ հեպատիտ, լյարդային պորտալ հիպերտենզիա և այլն):

4. Կրոնի հիվանդություն (Տերմինալ իլեիտ):

5. Բուժման չենթարկվող սիրտ-անոթային հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, այդ թվում`

ա) 2-րդ և բարձր աստիճանի արյան շրջանառության խանգարումներով ընթացող անվիրահատելի սրտի արատ

բ) իդիոպաթիկ կարդիոմիոպաթիա (դիլատացիոն, հիպերտրոֆիկ, ռեստրիկտիվ)*

գ) միակ փորոք տիպի սրտի բնածին արատներ` չվիրահատված կամ օգնական (պալիատիվ) վիրահատության ենթարկված

դ) սրտի բնածին բարդ արատով պայմանավորված (այդ թվում օգնական վիրահատությունից հետո) անբուժելի քրոնիկական հիպօքսեմիա և/կամ պոլիցիտեմիա:

Անբուժելի թոքային հիպերտենզիա` պայմանավորված թոքային անոթների անվերադարձ փոփոխություններով և հաստատված քրոնիկական հիպօքսեմիայի առկայությամբ կամ ներսրտային հետազոտությամբ:

Պրոթեզավորված սրտի կափույր:

Իմպլանտացված սրտախթանիչ (կարդիոստիմուլյատոր):

6. Չարորակ հիպերտենզիա:*

7. Ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություն (թալասեմիաներ):

8. Ժառանգական կոագուլոպաթիաներ` հեմոֆիլիաներ, Վիլեբրանտի հիվանդություն, Գլանցմանի թրոմբասթենիա: Այլ կոագուլոպաթիաներ, որոնք բերում են հեմոռագիկ համախտանիշի` տարեկան ոչ պակաս քան երկու անգամ:*

9. Բնածին հիպո-/ապլաստիկ անեմիաներ:

10. Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, անընդմեջ կրկնվող ընթացքով` սպլենէկտոմիայից հետո արտահայտված հեմոռագիկ համախտանիշով և թրոմբոցիտոպենիայով`

35 000-ից սակավ բջիջ մեկ խորանարդ մլ-ում:*

11. Սուր լեյկոզ: Քրոնիկական միելոլեյկոզ: Հիստիոցիտոզ:

12. Առաջնային իմունոլոգիական անբավարարություն (Բնածին իմունոդեֆիցիտային վիճակներ):

13. Բնածին, ժառանգական նյութափոխանակության (ամինաթթուների, ածխաջրերի և ճարպերի` բացառությամբ ասիմպտոմատիկ հիպերլիպիդեմիաները) հիվանդություններ:

14. Ժառանգական, քրոմոսոմային հիվանդություններ և համախտանիշներ, որոնք բերում են կենսագործունեության սահմանափակման:

15. Պատվաստված օրգան:

 

IV. ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Անբուժելի (ինկուրաբիլ) չարորակ նորագոյացություններ:

 

V. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԵՖԵԿՏՆԵՐ ԵՎ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՆԵՐ

 

1. Կղանքի և մեզի արտահայտված, անվերականգնելի անպահելիություն, այդ թվում պայմանավորված կղանքային և միզասեռական բուժման չենթարկվող խուղակներով:*

2. Բուժման չենթարկվող արտալյարդային պորտալ հիպերտենզիա:*

3. Ախտաբանական վիճակներ` պայմանավորված օրգանների բացակայությամբ կամ արտահայտված թերզարգացմամբ, որոնք հանգեցնում են օրգանիզմի հիմնական ֆունկցիայի զգալի խանգարման:

4. Կմախքի անուղղելի դեֆորմացիաների, ախտաբանական կոտրվածքների, անկիլոզների և կոնտրակտուրաների հանգեցնող կմախքի բնածին սիստեմային հիվանդություններ:

5. Վերջույթների ֆունկցիայի անվերականգնելի, արտահայտված խանգարումներ`

ա) առնվազն մեկ վերջույթի բնածին թերզարգացում` ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումով:

բ) ստորին վերջույթի ծայրատ` Շոպարի հոդի մակարդակից:

գ) վերին վերջույթի` առնվազն չորս մատի, կամ երեք մատի` ներառյալ առաջին մատի բացակայություն:

դ) ազդրի անուղղելի տեռատոգեն բնածին հոդախախտ` ֆունկցիայի արտահայտված խանգարումով:

6. Կոկորդի և շնչափողի հիվանդություններ` շնչառության ապահովում շնչափողահատման (տրախեոտոմիկ) փողրակով, ռեկոնստրուկտիվ վիրահատության անհնարինության դեպքում:

 

VI. ԷՆԴՈԿՐԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ծանր և դեկոմպենսացված բնածին և ձեռքբերովի հիպոթիրեոզ:

2. Հիպերպարաթիրեոդիզմ` հենաշարժական ֆունկցիայի խիստ խանգարումներ առաջացնող կմախքի դեֆորմացիայով:

3. Հիպոպարաթիրեոիդիզմ` բուժման նկատմամբ ռեզիստենտ, հաճախակի կրկնվող ցնցումներով:

4. Ոչ շաքարային դիաբետ` վազոպրեսինի նկատմամբ ռեզիստենտ երիկամային ձև:

5. Ոչ շաքարային դիաբետ` իդիոպաթիկ ձև (վազոպրեսին-կախյալ)` միջին և ծանր ընթացքով:

6. Շաքարային դիաբետ:

7. Հիպոֆիզի ադենոմաներ`

ա) Իցենկո-Քուշինգի հիվանդություն` արտահայտված զարկերակային հիպերտենզիայով և/կամ ոսկրերի կոտրվածք առաջացնող օստեոպորոզով:

բ) Ակրոմեգալիա` զուգակցված բոլոր էնդոկրին գեղձերի հիպոֆունկցիայով, փոխարինական թերապիայի անհրաժեշտությամբ:

8. Քրոնիկական մակերիկամային անբավարարություն, որն ընթանում է փոխարինական թերապիայի ֆոնի վրա զարգացող Ադիսոնյան կրիզներով:

9. Հիպոգոնադիզմ` առաջնային (Կլայնֆելտերի համախտանիշ, Շերեշևսկի-Թերների համախտանիշ) կամ երկրորդային (հետվիրահատական կամ վնասվածքային), որը հանգեցնում է օրգանիզմի որևէ հիմնական ֆունկցիայի խախտման` բերելով կենսագործունեության որևէ կատեգորիայի զգալի խանգարման:

10. Ցերեբրալ - հիպոֆիզար նանիզմ:

 

* Բժշկական եզրակացությունը կարող է տրվել մինչև 16 տարեկան հասակը` առնվազն երկամյա հսկողություն և/կամ հաշմանդամություն սահմանելուց հետո:

 

ՀՀ առողջապահության նախարարության
Մոր
 և մանկան առողջության պահպանման
վարչության պետ`

Կ. Սարիբեկյան

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 հուլիսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10001112