ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.3-րդ հոդվածով.
«Հոդված 152.3. | Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում օրենքի պահանջները խախտելը |
1. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը, ինչպես նաև այդ փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի օրինակը օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը վարչական տույժի կիրառումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «152.3-րդ հոդվածով,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-143-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|