Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-204-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.02.2024-30.12.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1400
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.11.2005
Дата вступления в силу
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Գ Լ ՈՒ Խ  1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անվտանգության ապահովման իրավական, տնտեսական, սոցիալական հիմքերը, տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը և կարգավորում է տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակը տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:

(3-րդ հոդվածը լրաց. 10.04.08 ՀՕ-33-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տեխնիկական անվտանգություն` արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը.

տեխնածին վթար` արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն և հրդեհ, վտանգավոր, վնասակար նյութերի արտանետումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, վնասվել կամ ոչնչացվել են նյութական միջոցներ.

տեխնիկական միջոցներ` տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մեքենաներ, գործիքներ, պաշտպանական միջոցներ, չափիչ ստուգիչ սարքեր, ավտոմատացման միջոցներ, տեխնիկական սարքավորումներ, լողամիջոցներ.

արտադրական պատահար` արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանում կամ վնասում, տեխնոլոգիական պրոցեսի ռեժիմից շեղում, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումներ, որոնք կարող են ստեղծել տեխնածին վթարի սպառնալիք.

վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել և գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը.

միջավայրի պաշտպանվածություն` վթարների հետևանքներից մարդկանց կյանքի և առողջության, բնական միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև պետության, այլ սեփականատերերի և քաղաքացիների գույքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացում.

տեխնիկական անվտանգության վկայագիր՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից հաստատված փաստաթուղթ, որի մեջ արտացոլվում և ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, շրջակա բնակչության և միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման և վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաև միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին.

տեխնիկական անվտանգության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին.

փորձագիտական եզրակացություն` տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվող փաստաթուղթ, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետևություններ և եզրահանգումներ.

տեխնիկական քննություն` գործառույթ, որի ընթացքում ուսումնասիրվում և փաստաթղթով ձևակերպվում են հիմնավորումներ և եզրահանգումներ տեղի ունեցած վթարների և (կամ) արտադրական դժբախտ դեպքերի տեխնածին բնույթ կրող պատճառների և հանգամանքների վերաբերյալ.

լիազոր մարմին` ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.

տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած պետական ոչ առևտրային կազմակերպություն.

արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.

շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական վտանգավոր օբյեկտ` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն ստացած օբյեկտ.

հրագործական արտադրատեսակ՝ հրագործական բաղադրիչների այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունք ստանալու համար նախատեսված արտադրատեսակ.

հրագործական բաղադրիչ՝ որոշակի քիմիական նյութերի և միացությունների խտացված խառնուրդ, որն այրման և (կամ) պայթյունի արդյունքում գազային, ջերմային, մեխանիկական էներգիայի արտազատման միջոցով ստեղծում է օպտիկական, լուսային, ձայնային, էլեկտրական կամ ճնշումային տարբեր ազդեցություններ.

կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II և III դասեր)՝ արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, և որի շահագործումը, կիրառման հրահանգին համապատասխան, ապահովում է մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV և V դասեր)՝ արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր).

ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև օրենսդրության պահանջներին համապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական բացասական եզրակացություն:

Կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-203-Ն, 04.03.22 ՀՕ-57-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-490-Ն, 14.06.23 ՀՕ-222-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.07.23 ՀՕ-256-Ն)

(13.07.23 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 5. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը

1. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, տեխնիկական անվտանգության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(5-րդ հոդվածը խմբ. 04.03.22 ՀՕ-57-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 6. Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները

1. Սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝

1) արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,

բ) կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի մինչև 1150 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,

գ) իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,

դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում,

ե) ստացվում են մետաղների հալույթներ.

2) շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ.

3) վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների.

4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.

5) լողամիջոցներ, բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի.

6) հրագործական արտադրատեսակների արտադրություններ և պահման համար պահեստներ, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքներ (սարքավորումներ, հրասանդներ):

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 10.04.08 ՀՕ-33-Ն, լրաց. 15.11.10 ՀՕ-174-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-32-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-203-Ն, խմբ. 04.03.22 ՀՕ-57-Ն, փոփ. 14.06.23 ՀՕ-222-Ն)

Հոդված 7. Գազի ներտնային համակարգը

Գազի ներտնային համակարգի անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 8. Տեխնիկական անվտանգության պահանջները

1. Տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաև տեխնիկական հրահանգներով և անձնագրերով արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է:

2. Տեխնիկական անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ և սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին:

3. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման և կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք:

(8-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Հոդված 9. Տեխնիկական անվտանգության պահանջներն արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի նկատմամբ

1. Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության:

Առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության՝ նախագծային փաստաթղթերի հաստատումն արգելվում է:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցումը, շահագործումը, ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը, կոնսերվացումը, ապամոնտաժումը կարող են իրականացվել միայն նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:

Սույն մասում նշված աշխատանքների կատարման ընթացքում սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերից ցանկացած շեղում արգելվում է:

3. Նախքան արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) փորձագիտական եզրակացությամբ պետք է հավաստված լինի օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին:

Արգելվում է առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության սկսել արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը):


Գ Լ ՈՒ Խ  3

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 10. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը և տեխնիկական քննությունը

1. Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած`

ա) տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք.

բ) մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը:

2. Սույն հոդվածով նախատեսված տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:

3. Տեխնիկական քննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել սույն մասում նշված այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:

(10-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Հոդված 11. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը

1. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):

2. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:

3. Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագետը (փորձագիտական խումբը) պատասխանատվություն է կրում իր կազմած փորձագիտական եզրակացության հավաստիության համար:

4. Մինչև փորձագիտական եզրակացություն կազմելը փորձագետի և արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի միջև կարող է կազմվել տեխնիկական անվտանգության փորձաքննության ընթացքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր այն դեպքում, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում:

Սույն մասով նախատեսված դեպքում փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին:

5. Փորձագիտական եզրակացությունն ստորագրվում է տվյալ փորձաքննությանը մասնակցած փորձագետի (փորձագիտական խմբի) և հաստատվում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի ղեկավարի կողմից:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ փորձաքննություն իրականացնող մարմինները իրենց կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվելու դեպքում պարտավոր են փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնել լիազոր մարմին այն սահմանված կարգով հաստատելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիքի արձանագրման դեպքում՝ անմիջապես:

6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ:

7. Արտադրական պատահարի կամ տեխնածին վթարի դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության անկախ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված ժամկետից:

8. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է`

ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.

բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը.

գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) գրանցվելուց հետո:

9. Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-166-Ն)

Հոդված 12. Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը

1. Արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու նպատակով լիազոր մարմինը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը:

2. Ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:

3. Ռեեստրում գրառվում են տեղեկություններ`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի վերաբերյալ` անվանումը (անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալների մասին.

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման մասին.

դ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին.

ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության մասին.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին.

է) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների ապահովագրությունների մասին:

4. Ռեեստրում գրանցման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը`

ա) պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության պատճենը.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` կցելով դրա վերաբերյալ սույն օրենքով սահմանված փորձագիտական եզրակացությունը.

գ) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված փորձագիտական եզրակացությունը (եզրակացությունները), եթե արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը հաստատվել են, կամ արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) կատարվել է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո.

դ) տեղեկություններ արտադրական վտանգավոր օբյեկտի գտնվելու վայրի մասին.

ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հատուկ պատասխանատու ծառայությունների մասին:

5. Լիազոր մարմինը սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված փաստաթղթեր ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրանցում է արտադրական վտանգավոր օբյեկտը և տալիս վկայական, եթե դիմումի մերժման հիմքեր չեն հայտնաբերվել:

6. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) բացակայում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկը.

գ) գրանցման ներկայացված օբյեկտը չի հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտ:

6.1. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժելու մասին տրվում է գրավոր տեղեկանք, որտեղ նշվում են մերժման համար հիմք համարվող հանգամանքները` հղում կատարելով տեխնիկական անվտանգության ոլորտի իրավական ակտերին և դրանց համապատասխան նորմերին։

7. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է՝

ա) դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն.

բ) փորձագետի (փորձագետների խմբի) տված փորձագիտական եզրակացության հիման վրա, որում նշված են արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործելու համար ոչ պիտանի լինելու, ծառայության ժամկետի սպառման, պաշարի սպառման հանգամանքները, կամ օբյեկտի նկատմամբ կիրառելի են ապամոնտաժվելու փաստը արձանագրելու համար հիմք համարվող այլ հանգամանքներ:

8. Ապամոնտաժման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու նպատակով այն շահագործող անձը դիմում է ներկայացնում լիազոր մարմին` կցելով ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմված փորձագիտական եզրակացությունը:

Լիազոր մարմինը սույն մասով նախատեսված դիմումի հիման վրա կատարում է համապատասխան գրառում ռեեստրում: Ռեեստրում տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է ապամոնտաժման փաստը հաստատվելուց հետո:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն, խմբ. 21.03.18 ՀՕ-203-Ն)

Հոդված 13. Արտադրական վտանգավոր օբյեկտի վթարի ռիսկի վերլուծումը և գնահատումը

1. Արտադրական վտանգավոր օբյեկտներն ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի ռիսկի (այսուհետ` ռիսկ) վերլուծություն և գնահատում:

2. Ռիսկի վերլուծությունը և գնահատումը տեխնիկական անվտանգության ապահովման բաղադրիչներից են, որոնք ենթադրում են տեխնիկական տեղեկատվության ամբողջական օգտագործում` տեխնածին վթարների կանխատեսման, վտանգավորության նույնականացման համար:

3. Ռիսկի վերլուծությունը և գնահատումն իրականացվում են ըստ հետևյալ տարատեսակների՝

ա) տեխնիկական ռիսկ, որի պատճառ կարող են հանդիսանալ տեխնիկական միջոցների անսարքությունը, շեղումը տեխնիկական կանոնակարգի պահանջներից.

բ) անհատական ռիսկ` առանձին անհատների կամ մարդկանց խմբի ոչ ճիշտ գործողությունները, ինչը կարող է հանգեցնել արտադրական վթարի.

գ) տարածքային ռիսկ` հնարավոր վթարների ընդգրկման գոտին և տարածքային սահմանները.

դ) սոցիալական ռիսկ` բնորոշում է հնարավոր վթարի մասշտաբները և հասցվող վնասի չափերը.

ե) կոլեկտիվ ռիսկ` բնորոշում է վթարի հետևանքով տուժվող մարդկանց քանակը.

զ) սպասվելիք վնասի ռիսկ` բնորոշում է վթարի հետևանքով առաջացող նյութական կորուստները.

է) այլ հնարավոր ռիսկեր:

4. Արտադրական վտանգավոր օբյեկտում վթարի ռիսկի աստիճանը և վտանգի մեծությունը գնահատվում են դրանց հավանականության, հաճախականության և հնարավոր հետևանքների ծանրության վերլուծությամբ և համադրմամբ:

5. Ռիսկի վերլուծության և գնահատման արդյունքները պետք է օգտագործվեն արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման, անվտանգության փորձաքննության իրականացման, օբյեկտի ապահովագրման, տնտեսական և բնապահպանական գործոնների ներազդեցության բացահայտման գործընթացների ժամանակ:

Հոդված 14. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվությունը

1. Եթե նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի են ունեցել արտադրական պատահարներ կամ տեխնածին վթարներ, ապա արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սահմանված ձևով տեղեկատվություն` իրականացված միջոցառումների և դրանց արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման և կիրառման վիճակի վերաբերյալ:

2. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ՝

ա) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում` սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության կողմից իրականացված տեխնիկական զննումների և դրանց արդյունքների մասին.

բ) տեղի ունեցած արտադրական պատահարների և տեխնածին վթարների վերաբերյալ.

գ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

3. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ստորագրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի և սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության ղեկավարները:

4. Տեղեկատվությունները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին դասակարգման վտանգավոր օբյեկտների համար սահմանել տեղեկատվության ներկայացման այլ պարբերականություն` հիմք ընդունելով վտանգավորության աստիճանը:

(14-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Հոդված 15. Տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը

1. Կարգադրագիրը տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

2. Կարգադրագրով սահմանվում է դրա կատարման ժամկետը, որը կարող է փոփոխվել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի համապատասխան հիմնավորման դեպքում:

3. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում դրա կատարման մասին տեղյակ պահել կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են կարգադրագիրն արձակած տեսչական մարմնի կողմից` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի դիմումով, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին արտադրական վտանգավոր օբյեկտի անհամապատասխանության վերացման դեպքում:

6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տեսչական մարմնի կողմից տրվում են, ինչպես նաև կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հաստատած փորձագիտական եզրակացության հիման վրա:

6.1. Կարգադրագիրը, հանդիսանալով նաև որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ, բովանդակում է՝

1) կարգադրագիրն ընդունող մարմնի լրիվ անվանումը.

2) կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը.

3) կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) կարգադրագրով լուծվող հարցի նկարագրությունը.

5) կարգադրագրի ընդունման իրավական հիմքը.

6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.

7) կարգադրագրի կատարման ժամկետը.

8) կարգադրագրի գործողության ժամկետը.

9) կարգադրագիրն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).

10) կարգադրագրի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

11) կարգադրագիրն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե այն ստորագրվել է ձեռագիր:

7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում, և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

8.1. Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, և միաժամանակ՝ տրված կարգադրագրի չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, տեսչական մարմինը կարգադրագրի չկատարման փաստն արձանագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազոր մարմին՝ ներկայացնելով առաջարկություն տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն՝ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաև համապատասխան գործողությունների կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:

8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2-րդ մասով սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքով կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

8.4. Սույն հոդվածի 8.3-րդ մասով նախատեսված փոխհատուցման պահանջն ստուգվող սուբյեկտի կողմից այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

9. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Կարգադրագիրը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

11. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելիս տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

1) կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

2) կարգադրագրի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից կարգադրագրի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

13. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում կարգադրագրի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

(15-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-32-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-373-Ն, լրաց., խմբ. 03.05.23 ՀՕ-166-Ն, լրաց. 24.05.23 ՀՕ-189-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-207-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)


Գ Լ ՈՒ Խ  4

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 16. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը

1. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներն են`

ա) լիազոր մարմինը.

բ) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը.

գ) հավատարմագրված անձինք.

դ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, այդ թվում՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայությունները.

ե) տեսչական մարմինը:

2. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի յուրաքանչյուր օղակ պատասխանատու է սույն օրենքով սահմանված իրավասությունների, լիազորությունների և պարտավորությունների պատշաճ կատարման համար:

(16-րդ հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-373-Ն)

Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները

1. Լիազոր մարմնի իրավասություններն են`

ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը.

գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.

ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.

է) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.

թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը.

ժ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

ի) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.

իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.

իգ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը.

իե) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

իզ) ռեեստրի ձևի և վարման կարգի, ինչպես նաև հավատարմագրված անձանց հաշվառման կարգի հաստատումը.

իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(17-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-32-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-373-Ն)

 

Հոդված 17.1. Տեսչական մարմնի իրավասությունները

 

1. Տեսչական մարմնի իրավասություններն են՝

1) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.

2) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(17.1-ին հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-373-Ն)

Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունները

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորություններն են`

ա) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

բ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

գ) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.

դ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը.

ե) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը.

է) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ը) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

թ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ժ) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական քննության իրականացումը.

ժա) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ժբ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներով.

ժգ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Հոդված 19. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց պարտականությունները տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում

1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է`

ա) հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան.

բ) սահմանել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն, այդ թվում` ստեղծել պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող հատուկ պատասխանատու կառույց կամ նշանակել հատուկ պատասխանատու անձ կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա (այսուհետ` տեխնիկական անվտանգության ծառայություն).

գ) պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները.

դ) արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում.

ե) մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր տեխնածին վթարների հավանականության նվազեցման ուղղությամբ.

զ) ստեղծել դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական այլ համակարգեր` տեխնածին վթարների և արտադրական պատահարների դեպքերում դրանց կիրառման համար.

է) աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի պատճառների և հանգամանքների բացահայտման գործում.

ը) տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակների պաշտոնատար անձանց արտադրական վտանգավոր օբյեկտներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս տրամադրել պաշտպանության անհրաժեշտ միջոցներ.

թ) ապահովել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վիճակը բնութագրող տեղեկատվության հավաստիությունը.

ժ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների դեպքում անհապաղ ձեռնարկել տեխնիկական անվտանգության վկայագրով նախատեսված միջոցառումները` միաժամանակ տեղեկացնելով լիազոր մարմնին.

ժա) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին.

ժբ) սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը.

ժգ) դադարեցնել արտադրական վտանգավոր օբյեկտի կամ դրանում առկա տեխնիկական միջոցի, տեխնոլոգիական սարքավորման շահագործումը, եթե փորձագիտական եզրակացության մեջ արձանագրվել է տեխնածին վթարի սպառնալիքը.

ժդ) տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի` սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները դադարում են ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու պահից:

(19-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Հոդված 20. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրումը

1. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձը պարտավոր է իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները հանդիսանում են գործունեության առավել վտանգի աղբյուր, պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության հետևյալ ռիսկերը`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների, ինչպես նաև աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:

Ապահովագրության գումարների նվազագույն չափը, ըստ սույն մասով սահմանված ռիսկի առանձին տեսակների, որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածով սահմանված պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


Գ Լ ՈՒ Խ  5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթների խախտման համար

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3. Սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

4. Արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

5. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

6. Փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

7. Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

8. Սույն օրենքի պահանջների խախտումները, որոնք հանգեցրել են խոշոր տեխնածին աղետների և վթարների, առաջացնում են քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-32-Ն)
 

Հոդված 22. Եզրափակիչ դրույթներ


1. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ստեղծում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն և հաստատում լիազոր մարմին.

բ) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վնասակար նյութերի սահմանաքանակները.

գ) սահմանում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը արտադրական վտանգավոր օբյեկտները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրանցման ռեեստրում և գրանցման պահից մեկ տարվա ընթացքում ապահովել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ`

ա) սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի, որն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից,

բ) սույն օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-204-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան