ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Oրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առք ու վաճառքի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, լիազոր մարմնի պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում տարանցիկ փոխադրվող ոչ պարենային արտադրանքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի և դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:
Հոդված 2. | Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը |
1. Շուկայի վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից և այլ իրավական ակտերից:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) լիազոր մարմին՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի անվտանգության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առք ու վաճառքի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.
2) ոչ պարենային արտադրանք (այսուհետ` արտադրանք)` լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա շուկայահանված արտադրանք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված են պահանջներ.
3) վերահսկողություն` լիազոր մարմնի կողմից իրականացվող գործողություն կամ գործողությունների համալիր, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվտանգության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առք ու վաճառքի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ծավալած գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.
4) վտանգավոր արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհին, անվտանգության պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային և տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը.
5) ստուգում` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.
6) արտադրանքի հետկանչ՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված արտադրանքի շրջանառության դադարեցման և շրջանառությունից հանման (հետկանչի) գործողությունների համալիր, որն ուղղված է մարդու առողջության և անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային և տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը.
7) արտադրանքի պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ավարտից հետո շուկայահանված արտադրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ.
8) նմուշառում՝ Կառավարության սահմանած կարգով վերահսկողության ընթացքում լաբորատոր փորձարկման նպատակով արտադրանքի նմուշների ընտրություն (նմուշներ վերցնելը)` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով.
9) փորձանմուշի գնում՝ լիազոր մարմնի կողմից վերահսկողության ընթացքում արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվող գնում: Փորձանմուշի գնումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը հնարավոր չէ պարզել այլ տարբերակով.
10) կասեցում՝ գործընթաց, որի միջոցով ժամանակավորապես արգելվում է արտադրանքի կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի իրացումը, այդ թվում՝ մինչև խախտման վերացումը.
11) կարգադրագիր՝ լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված խախտման հիման վրա, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում նաև ստուգման ընթացքում իր իրավասության սահմաններում ընդունված ակտ.
12) լաբորատոր փորձարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիայի կողմից վերահսկողության օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.
13) փորձանմուշ՝ լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ վերցվող արտադրանք կամ դրա մի մասը.
14) խախտում` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների դեմ ուղղված այնպիսի գործողություն կամ անգործություն, որի համար օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան պատասխանատվություն.
15) շրջանառության մեջ դնել՝ արտադրանքն իրացնելը կամ այլ ձևով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցում առաջարկելը.
16) արտադրանքի ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն այնպիսի վիճակի հասցնելը, երբ այն պիտանի չէ օգտագործման կամ կիրառման համար, և որը բացառում է դրա անբարենպաստ ներգործությունը մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի վրա.
17) արտադրանքի օգտահանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են արտադրանքի համար նախատեսված նպատակներից կամ այն նպատակներից, որոնցով այդ արտադրանքը սովորաբար օգտագործվում է:
Հոդված 4. | Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները |
1. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են`
1) սպառողների շահերի պաշտպանության սկզբունքը` սպառողների առողջության և կյանքի՝ արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանությունը, այդ թվում՝ սպառողների գույքային իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.
2) ռիսկերի վերլուծության սկզբունքը` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը.
3) կանխարգելման սկզբունքը` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում պետությանը և հանրությանն սպառնացող վտանգների աղբյուրների հայտնաբերումը, դրանց հետագա տարածման կանխումը ու վերացումը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. | Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը |
1. Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում:
2. Վերահսկողության ձևերն են`
1) ստուգումը.
2) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրությունը.
3) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում դիտարկումը:
3. Վերահսկողությունն իրականացվում է`
1) արտադրանքի և տեխնիկական անվտանգության ոլորտում՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.
2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության նկատմամբ.
3) արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
4. Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 6. | Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տրվող կարգադրագրերը |
1. Լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգման ակտի հիման վրա կամ օրենքով նախատեսված դեպքերում նաև ստուգման ընթացքում օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում տնտեսավարող սուբյեկտին տալիս է կարգադրագրեր՝ բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ, որոնք համաձայնեցվում են տնտեսավարող սուբյեկտի հետ` բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու համար:
2. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տալիս է`
1) արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, արտադրանքի հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման մասին կարգադրագրեր.
2) «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագրեր:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված կարգադրագրերի ձևերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
4. Կարգադրագիրը տրվում է օրենքով սահմանված ընթացակարգով, եթե արտադրանքը կամ չափման միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին:
5. Տնտեսավարող սուբյեկտը տրված կարգադրագրի կատարման մասին պարտավոր է սահմանված ժամկետի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:
6. Կարգադրագրի կատարման վերաբերյալ սահմանված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում:
7. Կարգադրագրերով նախատեսված սահմանափակող միջոցները վերացնում է լիազոր մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով՝ կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
8. Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված նորմերի խախտման դեպքում կարգադրագրեր տալը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներին զուգահեռ։
Հոդված 7. | Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարության լիազորությունները |
1. Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարությունը սահմանում է՝
1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը.
2) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը.
3) տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին լիազոր մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը.
4) վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը.
5) վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. | Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները |
1. Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
1) ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջելու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և գործին վերաբերող այլ նյութեր.
2) տնտեսավարող սուբյեկտներին տալու կարգադրագրեր՝ սահմանելով ժամկետ, որը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ.
3) վերահսկողության ընթացքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրենց իրավասությունների շրջանակում կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներ.
4) վերահսկողության ընթացքում ծագող՝ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների, որոնց վճարման, ներգրավման դեպքերը և պայմանները սահմանում է Կառավարությունը.
5) Կառավարության սահմանած կարգով կատարելու նմուշների ընտրություն և նմուշառում` փորձարկում կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.
6) ստուգման շրջանակում կատարելու սահմանված կարգով փորձանմուշների գնումներ:
2. Լիազոր մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են`
1) կատարել վերադաս պաշտոնատար անձանց` օրենքով սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, կարգադրություններն ու ցուցումները.
2) սահմանված կարգով և ժամկետներում դիմումները և բողոքները քննության առնել և դրանց ընթացք տալ.
3) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջները պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
4) սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին:
3. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ և պարտականություններ:
Հոդված 9. | Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները և պարտականությունները |
1. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտն իրավունք ունի`
1) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.
2) օրենքով սահմանված կարգով պահանջելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
3) իր շահերի պաշտպանության նպատակով վերահսկողության ցանկացած փուլում սեփական միջոցների հաշվին ներգրավելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:
2. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է`
1) չխոչընդոտել վերահսկողության ընթացքը, կատարել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց վերահսկողական գործառույթներին վերաբերող օրինական պահանջները.
2) լիազոր մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող տեղեկությունները, բացատրությունները, փաստաթղթերը, պատճենները, լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարում է լիազոր մարմինը), իրերը, փորձանմուշները և գործին վերաբերող այլ նյութեր.
3) սահմանված ժամկետում կատարել վերահսկողության արդյունքներով տրված կարգադրագրերը` այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին.
4) ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.
5) տնտեսական գործունեությունն իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհին, անվտանգության պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային և տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին, ապա նա պետք է իրականացնի սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները և դրանց վերաբերյալ տեղեկացնի լիազոր մարմնին:
4. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կազմակերպել և իրականացնել սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի հետկանչը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ:
Հոդված 10. | Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում, լիազոր մարմնի պարտականությունը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի դեպքում, վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը |
1. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին, ապա նա պետք է օրենքով սահմանված կարգով տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:
2. Լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում և իրականացնում է վտանգավոր արտադրանքի հետկանչ և համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ:
3. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես իրականացնում է այդ արտադրանքի հետկանչ` կատարելով հետևյալը.
1) տվյալ խմբաքանակը ենթարկել առանձին հաշվառման ու պահման.
2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին:
4. Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա տնտեսավարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով սպառողներին տեղեկացնում է հետկանչման պատճառների մասին՝ նախազգուշացնելով նրանց հնարավոր ռիսկերի մասին, և անհրաժեշտության դեպքում հետ է կանչում արդեն առաքված արտադրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:
5. Վտանգավոր արտադրանքն իրացնող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սկսել արտադրանքի հետկանչը ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր արտադրանքի հետկանչը, փորձարկումը, փոխադրումը, պահումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ արտադրանքն իրացնող տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:
6. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի հետկանչի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով իրազեկում է ազգաբնակչությանը:
7. Տնտեսավարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր արտադրանք թողարկելու համար:
8. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:
Հոդված 11. | Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում |
1. Լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շուկայում առկա վտանգավոր արտադրանքի հայտնաբերման, ինչպես նաև հետկանչի կարգադրագրերի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը տարածում է զանգվածային լրատվության կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղադրելու միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 12. | Օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի պահանջները խախտող լիազոր մարմնի պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 13. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16 Երևան ՀՕ-323-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: