ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) տասնյոթերորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բույսերի չորացումը, արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաև այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ քսաներորդ հասկացությունով.
«արտադրական կանեփի չորացված զանգված՝ մշակման գործընթացում խոնավության կորստի արդյունքով ստացված զանգված:»:
Հոդված 2. Օրենքի 45.3-րդ հոդվածի 5-րդ մասում և 45.5-րդ հոդվածի 3-րդ մասում «փոխանցել» բառը փոխարինել «օտարել» բառով:
Հոդված 3. Օրենքի 45.4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «արտադրական կանեփի բույսի» բառերը փոխարինել «արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքով ստացված արտադրանքի» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «տիրապետում» բառից հետո լրացնել «, օգտագործում և տնօրինում» բառերով.
3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի, արտադրական կանեփի չորացված զանգվածի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման, տիրապետման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 45.6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգով արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի ֆինանսական և գույքային վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաև այլ պահանջներ:».
2) 6-րդ մասի 1-ին կետի «ունեն դատվածություն» բառերը փոխարինել «դատապարտվել են» բառերով, իսկ 2-րդ կետի «տառապում են թմրամոլությամբ» բառերը՝ «ունեն թմրաբանական հիվանդություններ» բառերով.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու և թմրաբանական հիվանդությունների բացառման վերաբերյալ տեղեկությունները:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-16-րդ մասերով.
«8. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրաբանական հիվանդությունների առկայությամբ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ:
9. Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաև լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը ստացված հայտերը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններ: Շահագրգիռ պետական մարմինները, ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով, ներկայացնում են դրանց վերաբերյալ դիրքորոշում:
11. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով, և ներկայացնում համապատասխան դիրքորոշում:
12. Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում:
13. Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները, որոնց լրացուցիչ չափանիշները կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը:
15. Լիցենզիայի գործողությունը կարող է սկսվել լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում: Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչև երկու տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:
16. Եթե երկու տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով լիցենզավորող մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում՝ անկախ տվյալ լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու հանգամանքից:»:
Հոդված 5. Օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումներից շեղումը համարվում է տրամադրված քվոտաների վերանայման հիմք: Քվոտաների վերանայման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել նույն տարվա քվոտաների վերանայման համար: Ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում սահմանվելիք քվոտան չպետք է գերազանցի մեկ լիցենզավորված անձի համար սահմանված և միաժամանակ ընդհանուր սահմանված քվոտաների առավելագույն քանակը: Քվոտաների փոփոխման թույլատրելի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 45.8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման կարգով սահմանված տարածքներում պետք է ապահովեն տեսաձայնագրող սարքերի առկայությունը, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունների պահպանումն առնվազն վեց ամիս ժամկետով՝ վերահսկողության շրջանակներում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների պահանջով այն ներկայացնելու համար:»:
Հոդված 7. Օրենքի 45.9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «և պատասխանատվության միջոցների կիրառման» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Դիտարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան պահանջների, լիցենզավորման պայմանների խախտման դեպքում վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տալիս է որևէ գործողություն կատարելու կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման համար սահմանելով ժամկետներ:
9. Դիտարկման արդյունքները հիմք են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու համար:
10. Դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելու դեպքերի:»:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններից բխող՝ լիցենզավորման կարգում փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-237-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|