ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 06.05.20 ՀՕ-267-Ն)
(06.05.20 ՀՕ-267-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները:
Հոդված 2. |
Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը |
1. Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան և աշխատանքային օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման և խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան և իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով.
2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը.
3) նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիր՝ նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների ամբողջություն, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր՝ ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները․
5) նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
6) նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր՝ միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
7) նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր՝ սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը՝ պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.
9) փորձաքննություն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական և նախադպրոցական կրթական ծրագրի ապահովմանը միտված այլ նյութի՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին ու կրթական ծրագրերի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց.
10) նախադպրոցական տարիք՝ երեխայի 0-6 տարեկան հասակը.
11) սան՝ նախադպրոցական կրթության և զարգացման ծրագրով ուսումնառող նախադպրոցական տարիքի երեխա.
12) նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ՝ երեխաների տարիքի հիման վրա ձևավորված խումբ.
13) նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձևավորված խումբ, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր.
14) նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով.
15) նախադպրոցական ծառայություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա.
16) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ՝ յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման և ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.
17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.
17.1) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, ուսումնադաստիարակչական գործընթացներին աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.
17.2) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական և ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետևանքով երեխան իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.
18) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.
19) երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում, կրթության և զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում.
20) անհատական ուսուցման և զարգացման պլան՝ երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները.
21) երեխաների խնամք՝ սաների օրվա ռեժիմի, սննդի, անձնական հիգիենայի, անվտանգության, երեխայի ինքնասպասարկման և սոցիալ-կենցաղային սպասարկման ապահովման համալիր միջոցառումներ.
22) ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ՝ զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր.
23) մանկավարժական աշխատող՝ երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում՝ լրացուցիչ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև զարգացման, ուսուցման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և երեխայի զարգացումն ու խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից:
24) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)
(3-րդ հոդվածը խմբ. 04.05.22 ՀՕ-126-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 4. |
Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները |
1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը՝ որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք:
2. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է։
3. Պետությունը աջակցում է պետական, համայնքային և այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը և մանկավարժական աշխատողների կատարելագործմանը՝ համաձայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման և համաֆինանսավորման կարգի և պետական բյուջեով նախատեսված միջոցառումների (ծրագրերի) ֆինանսավորման սկզբունքների ու մեթոդաբանության:
4. Պետությունը երաշխավորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը և խթանում ծառայությունների բազմազանությունը՝ անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից:
5. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով՝ «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:
7. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը և համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային և անհատական առանձնահատկություններին.
2) երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը.
3) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի մտավոր, հոգեկան, ֆիզիկական և սոցիալական զարգացման ձեռքբերումների արժևորմանն ու անհատականության բացահայտմանն ուղղված երեխայակենտրոն, ներառական և զարգացնող միջավայրի ապահովման առաջնայնությունը.
4) երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը.
5) հանրակրթության, մասնավորապես նախադպրոցական և միջնակարգ կրթության աստիճանակարգությունների անցման հաջորդականությունն ու շարունակականությունը.
6) անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը։
Հոդված 5. |
Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները |
1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝
1) մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացմանը.
2) ինքնասպասարկմանը, սոցիալականացմանը, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.
3) աշխարհաճանաչման ինքնուրույնության և ինքնաճանաչման փորձի ձեռքբերմանը.
4) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին:
2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝
1) նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը կրթական ծրագրերի բովանդակության վերանայման և ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով.
2) որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով.
3) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով.
4) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը.
5) նախադպրոցական կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավումը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման և մասնագիտական զարգացման միջոցով.
6) նախադպրոցական կրթությունից հանրակրթության սահուն անցման ապահովումը:
ԳԼՈՒԽ 2
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 6. |
Նախադպրոցական տարիքը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն (կամ ծառայություններ) ընդգրկվում են այն երեխաները, որոնց նախադպրոցական տարիքը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչև 1 տարեկան հասակը.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչև 2 տարեկան հասակը.
3) կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչև 3 տարեկան հասակը.
4) կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչև 4 տարեկան հասակը.
5) միջին խումբ՝ 4-ից մինչև 5 տարեկան հասակը.
6) ավագ խումբ՝ 5-ից մինչև 6 տարեկան հասակը:
3. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը՝ անկախ երեխայի 6 տարեկանը լրանալուց:
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:
Հոդված 7. |
Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը |
1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):
3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը՝ օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը)՝ անկախ ազգային պատկանելությունից:
4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է օգոստոսի 31-ին: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով:
5. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.
3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:
(7-րդ հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները |
(վերնագիրը խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
1. Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրվում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին:
2. Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում՝
1) նախադպրոցական ուսումնական հաստատության մակարդակ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն.
2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
3. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման հնարավորությունների բացահայտման և կրթության կազմակերպման նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները և տրամադրում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացություն:
4. Սույն հոդվածով նախատեսված՝ կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության, համապատասխան մակարդակի ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման վրա տարածվում են «Հանրակրթության մասին» օրենքի դրույթները այնքանով, որքանով դրանց էությամբ կիրառելի են նախադպրոցական կրթության և զարգացման ծառայությունների նկատմամբ։
(8-րդ հոդվածը խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 9. |
Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը |
1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝
1) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները.
2) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները.
3) սաների կրթական և զարգացման վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի և զարգացման ոլորտների.
4) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունները:
2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է Կառավարությունը:
4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
(10-րդ հոդվածը խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11. |
Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը |
1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի (այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:
2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են՝
1) երեխայի շարժողական և ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և սովորությունների ձևավորումը․
2) երեխայի խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.
3) երեխայի ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, ինքնուրույն գործունեության, այդ թվում՝ ուսումնական և ստեղծագործական, խրախուսումը.
4) երեխայի սովորելը խթանելը, ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
5) երեխայի սոցիալ-անձնային, հուզակամային զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը.
6) երեխայի հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը.
7) երեխայի մտավոր, ֆիզիկական, գեղագիտական, ազգային, ավանդական, էկոլոգիական, իրավական, տնտեսագիտական, բարոյական դաստիարակությունը:
3. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
4. Նախադպրոցական կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝
1) նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
3) երեխաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.
4) երեխաների սննդի կազմակերպումը.
5) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։
5. Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում՝ դրա ցանկացած տեսակի և նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի:
6. Նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում՝ նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիան, տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12. |
Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում |
1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական օգնության, սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպությունը:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը, իսկ դրա անհնարինության դեպքում ծառայությունն ապահովում է տվյալ համայնքը սպասարկող բժշկական կազմակերպության հետ համագործակցության միջոցով:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում վերահսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 13. |
Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան ներքին իրավական նորմերի և օրինակելի սննդակազմի։
2. Սաների սնունդը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սննդակազմի, սանիտարահիգիենիկ ու տեխնոլոգիական նորմերին համապատասխան կազմակերպելու և օրվա ճաշացուցակը ապահովելու համար պատասխանատու է տնօրենը։
ԳԼՈՒԽ 3
ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 14. |
Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները |
1. Նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝
1) նախադպրոցական տարիքի երեխան.
2) ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը).
3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), դաստիարակը, դաստիարակի օգնականը, երաժշտական ղեկավարը, լոգոպեդը, հոգեբանը, սոցիալական մանկավարժը, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչը, բուժաշխատողը, խմբակի ղեկավարը և այլ մասնագետներ։
(14-րդ հոդվածը լրաց. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. |
Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում |
1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություններ առաջարկող (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական)՝
1) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
2) նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.
3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում՝ երեխայի զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների և համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի՝
1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.
2) բժշկական օգնության և սպասարկման.
3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.
4) զարգանալու և սովորելու երեխայակենտրոն, ներառական և անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
5) կարծիք արտահայտելու և մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը՝ իր տարիքի և զարգացման առանձնահատկություններին համապատասխան:
(15-րդ հոդվածը փոփ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16. |
Ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) իրավունքները և պարտականությունները |
1. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն՝
1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրը և ծառայությունները.
2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.
3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին․
4) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ իրենց երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով.
5) մասնակցելու երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.
6) ուսումնական հաստատությունից պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով նախադպրոցական կրթության իրավունքն իրացնելու նպատակով.
7) մասնակցելու երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանի մշակմանը.
8) մասնակցելու մանկավարժների կողմից իրականացվող ծնողական կրթության դասընթացներին:
2. Ծնողները (երեխայի օրինական ներկայացուցիչները) պարտավոր են՝
1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.
2) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք կրթական հաստատության և մանկավարժների նկատմամբ, հոգատար վերաբերմունք հաստատության գույքի և շրջակա միջավայրի նկատմամբ.
3) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.
4) հարգել երեխայի արժանապատվությունը.
5) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ։
Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:
Հոդված 17. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, մանկավարժական աշխատողի վերապատրաստումը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
3) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.
4) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.
5) կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.
6) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
7) ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր՝ պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.
8) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.
9) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
10) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից.
11) իրականացնելու ծնողական կրթության դասընթացներ:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է՝
1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը.
2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը՝ համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի.
4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.
5) համագործակցել երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.
6) կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ.
7) անցնել պարտադիր բուժզննություն՝ տարեկան առնվազն մեկ անգամ։
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները հինգ տարին մեկ անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:
(17-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-195-Ն, խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը |
1. Նախադպրոցական կրթության բնագավառի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը։
3. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության կամ դրա ստորաբաժանման գործադիր մարմինը՝ տնօրենը, որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
2․Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ Բացառություն կարող են լինել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները։
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
4․ Հավաստագրման ընթացակարգերը, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
5․ (մասն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)
6. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել, ընտրվել այն անձը, որը՝
1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
7. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
8. Պետական և համայնքային ուսումնական հաստատության տնօրենը՝
1) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) կազմում և համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, որոնց համար հիմք են Կառավարության որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.
3) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.
4) իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-195-Ն, փոփ., խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳԼՈՒԽ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները |
1. Նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում՝ համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով։
2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝
1) մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.
2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.
3) մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.
4) նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.
5) կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի՝ տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա։
5. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակների կողմից առաջարկվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը և ծառայությունները կազմվում են՝ հաշվի առնելով երեխայի ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կարիքները՝ ապահովելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ երեխայի առողջության պահպանման ու անվտանգության նորմերը։
6. Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթակա է լիցենզավորման՝ համաձայն Կառավարության սահմանած լիցենզավորման կարգի։
(20-րդ հոդվածը փոփ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 21. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը, հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:
2. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 22. |
Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմինները |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է (են) հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը, տնօրենը՝ սույն օրենքին, այլ իրավական ակտերին և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝
1) Կառավարությունը.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.
4) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիրը:
Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարության լիազորությունները |
1. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարությունը`
1) հիմնադրում է պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ.
2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.
3) հաստատում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.
4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
5) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները.
6) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը.
8) (կետն ուժը կորցրել է 04.05.22 ՀՕ-126-Ն)
9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.
10) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(23-րդ հոդվածը փոփ. 04.05.22 ՀՕ-126-Ն, խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում |
1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝
1) մշակում և իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.
2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, ներառյալ՝ փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի և երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.
3) մշակում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.
4) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը.
5) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.
6) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգը.
7) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) տրամադրման կարգը.
8) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)
9) երաշխավորում է կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերը.
10) օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.
11) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.
12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և պաշտոնների նկարագիրը.
13) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը.
14) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)
15) նախադպրոցական կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով իրականացնում է փորձնական ծրագրեր.
16) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը.
17) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, կրթական ծրագրերին համապատասխանության փորձաքննության կարգը.
18) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.
19) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը.
20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
21) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.
22) սահմանում է նախադպրոցական ծրագրերի և ծառայությունների տևողությունը.
23) սահմանում է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը.
24) կարող է սահմանել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.
25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից հավելավճար տրամադրելու կարգերը:
(24-րդ հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(04.05.22 ՀՕ-126-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 25. |
Նախադպրոցական կրթության բնագավառում մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) լիազորությունը |
1. Մարզպետը, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարը (Երևանի քաղաքապետը)՝ յուրաքանչյուրն իր ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝
1) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառում սույն օրենքով և օրենսդրությամբ լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները.
2) ապահովում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան.
3) ապահովում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը, դրանց անվտանգությունը և մատչելիությունը.
4) ապահովում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ.
5) առաջարկում և համապատասխան իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցած ծառայությունների դիմաց վարձավճարների չափերը և արտոնությունների ցանկը.
6) նշանակում կամ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ընտրված լինելու դեպքում հաստատում է լիազոր մարմնի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին, ինչպես նաև պաշտոնից ազատում նրան.
7) վարում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.
8) մասնակցում է նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
9) ապահովում է պայմաններ՝ նախադպրոցական կրթություն ստանալու համար.
10) կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.
11) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման միջոցառումների իրականացումը.
12) իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորող օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ։
Հոդված 26. |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 27. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատումը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը։
2. Ներքին գնահատումը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները և ծնողները։
3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը հրապարակում է:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
5. Արտաքին գնահատումը կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:
6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների և տվյալ ուսումնական հաստատության ներկայացուցիչները։
7. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սանին մատուցվող կրթական ծառայությունների որակի, ուսուցման և խնամքի, նախադպրոցական կրթության չափորոշչի վերջնարդյունքների ապահովման հիման վրա:
8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները։
9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
10. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:
ԳԼՈՒԽ 6
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 28. |
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Նախադպրոցական կրթության և խնամքի ծառայությունների ֆինանսական ծախսերը և ֆինանսավորման արդյունքները փոփոխվում են՝ կախված երեխայի տարիքից, տրամադրվող խնամքի որակից, առանձին երեխաների անհատական կարիքներից, ծնողների զբաղվածության վիճակից և այլ հանգամանքներից։
3. (մասն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)
4. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) հիմնադիրների հատկացումները.
2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների դեպքում՝ պետական բյուջեից հատկացումները.
3) համայնքի բյուջեն.
4) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.
5) միջազգային կազմակերպությունների կատարած ներդրումները.
6) օրենսդրությամբ չարգելված և սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ ստացված միջոցները.
7) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:
6. Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
1) լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև մարզաառողջարարական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.
2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր.
3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.
4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ․
5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։
7. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:
8. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 29. |
Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան |
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, ուսումնամեթոդական և ծրագրային նյութեր, զարգացնող խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն:
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 30. | Անցումային դրույթ |
1. Անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հետագա պաշտոնավարման համար մինչև 2024 թվականի հունիսի 1-ը պետք է ապահովեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունենալու պահանջը: Սույն դրույթի պահանջը չկատարած՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են:
(30-րդ հոդվածը լրաց. 14.06.23 ՀՕ-217-Ն)
(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)