ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքն ուղղված է մարդու կյանքի, առողջության և սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը և դրա հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) զենք՝ սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար։ Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, ազդանշանային սարքերը, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային և դեկորատիվ նշանակություն.
2) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը, ձգանահարվածային մեխանիզմը.
3) սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված առարկա.
4) նետողական զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.
5) օդաճնշիչ զենք՝ սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին շարժում ստացող՝ նետվող հարմարանքի միջոցով նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.
6) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր և նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն: Ռազմամթերքը կարող է լինել քաղաքացիական, ծառայողական կամ ռազմական նշանակության: Քաղաքացիական և ծառայողական զենքի հետ օգտագործվում է քաղաքացիական և ծառայողական նշանակության, իսկ մարտական զենքի հետ՝ ռազմական նշանակության ռազմամթերք.
7) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառոդ) և նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ և այլն).
8) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առևտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում և դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում և արտահանում).
9) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.
10) զենքով պարգևատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.
11) զենքի պարագաներ՝ զենքի կոթը, նշանոցը, պահեստատուփը, մաքրման հարմարանքները, կրակմարիչի կամ զենքի փողի արգելակի փոխհատուցիչի տեսակները կամ այն լրասարքը, որը նախագծված կամ հարմարեցված է հրազենը պահելու, տեղադրելու, փոխադրելու կամ հրազենին կցելու, ամրացնելու միջոցով օպտիկական գիշերային կամ ջերմային պատկերիչի միջոցով զենքի նշանառության հնարավորությունները բարելավելու համար: Սույն օրենքի իմաստով՝ զենքի պարագա է համարվում նաև զենքի ցանկացած այլ լրասարք, որը չի համարվում զենքի հիմնական բաղկացուցիչ մաս կամ չի փոխարինում դրան.
12) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու և կրելու կամ զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.
13) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված և դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.
14) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, նետողական զենքի դեպքում՝ փաթեթավորված և անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.
15) ուսումնական զենք՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի.
16) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.
17) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.
18) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխությունը, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում․
19) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում․
20) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որը կարող է ունենալ ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն.
21) զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.
22) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ.
23) գազային զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտները կամ փչող (ցրող) սարք՝ նախատեսված կենդանի նշանակետին ժամանակավորապես վնասազերծելու համար.
24) մալած զենք՝ կրակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.
25) գազային փամփուշտ՝ գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը և Կառավարության սահմանած՝ օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.
26) լուսաձայնային փամփուշտ՝ հրազենից, գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը) և լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.
27) ուսումնական փամփուշտ՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից և բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին և կառուցվածքին համապատասխան, և որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը, կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինի տարբերակիչ գծատիպ օղակաձև սեղմվածք.
28) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար, և որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, և որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան, կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.
29) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.
30) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված և որոշակի պայմաններում պայթելու ունակ ցանկացած սարք.
31) ազդանշանային սարք՝ համասարք, որը նախատեսված է անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար․
32) ազդանշանային փամփուշտ՝ հրազենից կամ ազդանշանային սարքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.
33) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության՝ առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման։ Վառոդի՝ ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը․
34) էլեկտրահարող սարք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ ատրճանակի նմանվող սարք, կայծային պարպիչ և այլ կրովի էլեկտրահարող սարք, որոնք նախատեսված են կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.
35) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն` կարճափող զենք և անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի, վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար.
36) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և վնասվածքային գործողության նետվող առարկան, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.
37) պետական ռազմականացված կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, պետական սուրհանդակային ծառայություն․
38) ռազմամարզական կազմակերպություն՝ օրենքով նախատեսված իր կանոնադրական նպատակների շրջանակում ռազմամարզական գործառույթներ իրականացնող հասարակական կազմակերպություն․
39) հրաձգարան` իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ և փակ:
(2-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-606-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ
Հոդված 3. | Զենքի տեսակները |
1. Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, հիմնական չափանիշների և բնութագրող հատկանիշների, լինում է՝
1) քաղաքացիական զենք.
2) ծառայողական զենք.
3) ձեռքի մարտական հրաձգային զենք (այսուհետ՝ մարտական զենք):
2․ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող զենքը և ռազմամթերքը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին:
Հոդված 4. | Քաղաքացիական զենքը |
1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:
2. Քաղաքացիական զենքի տեսակներն են՝
1) գազային զենք.
2) օդաճնշիչ զենք.
3) ողորկ-երկարափող հրազեն (այսուհետ՝ ողորկափող հրազեն)․
4) համակցված հրազեն (ողորկափող և ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.
5) ակոսափող՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով հրազեն.
6) սառը զենք.
7) նետողական զենք:
Հոդված 5. | Ծառայողական զենքը |
1. Ծառայողական է համարվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների) կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կրել, պահել և օգտագործել այդ զենքը ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:
2. Ծառայողական զենք է մինչև 800 ջոուլ փողային էներգիայով կարճ ակոսափող հրազենը, որի փամփուշտները տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից, և իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից:
3. Ծառայողական զենքի փամփուշտի գնդակը չի կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:
4. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալու ծառայողական զենք՝ Կառավարության սահմանած կարգով:
5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավել տարի զինվորական ծառայության ստաժ և առնվազն «գնդապետ» զինվորական կոչումով գործող և պահեստազորի սպաներն իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, որն օգտագործելու իրավունք ունեն միայն լիցենզավորված հրաձգարանների տարածքում։ Զենքը ձեռք է բերվում սույն օրենքով սահմանված կարգով։
6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու և օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կրելու իրավունքով:
7. Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց ծառայողական զենքը տրվում է պահելու և օգտագործելու իրավունքով:
8. Օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմինների ղեկավար աշխատողների և պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ծառայողական զենք օգտագործելու դեպքում այն տրվում է պահելու և կրելու իրավունքով:
9. Պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 6. | Մարտական զենքը |
1. Մարտական զենք է համարվում ռազմական նշանակության այն արտադրանքը, որը, օրենսդրությանը համապատասխան, ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն։
2. Մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման՝ Կառավարության սահմանած կարգով:
3. Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 7. | Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները |
1. Արգելվում է, որպես քաղաքացիական և ծառայողական զենք, շրջանառության մեջ մտցնել՝
1) 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսափող, 400 մմ-ից պակաս երկարություն ունեցող ողորկափող՝ փողով կամ փողային տուփով և փողով, և 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող հրազեն, ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.
2) ինքնաշեն հրազեն, իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն, կառուցվածքային փոփոխության ենթարկված ակոսափող և ողորկափող հրազեն՝ առանց կրակելու ունակության կորստի.
3) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.
4) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.
5) գազային զենք կամ ազդանշանային սարք, որի կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակելու հրազենի փամփուշտներ.
6) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ և որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող և նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների․
7) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ.
8) տեխնիկական կանոնակարգով օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր և այլ ներգործող նյութերով լիցքավորված փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և էլեկտրահարող սարքեր, երեք մետրից ավել հեռավորության վրա գտնվող անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.
9) Կառավարության հաստատած քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.
10) զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրամագնիսական, լուսային, ջերմային, ենթաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթման օգտագործմամբ․
11) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն և վնասվածքային գործողության փամփուշտ, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների.
12) 90 մմ-ից ավել երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, որի հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով շեղբը կամ սայրը ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ դուրս է գալիս բռնակից և ինքնաբերաբար ամրակցվում, բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դրա պատճենների և կրկնօրինակների։
2. Արգելվում է՝
1) 7.5 ջոուլ փողային էներգիայից ավել էներգիայով և 4.5 մմ տրամաչափը գերազանցող օդաճնշիչ զենք, սառը և նետողական զենք oգտագործելն սպորտային oբյեկտներից և հրաձգարաններից դուրս, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կարող են օգտագործվել նաև գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով կենդանիներին ներարկելու համար.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը, բացառությամբ որսորդության և սպորտային հրաձգության համար նախատեսված նշանոցների, գիշերային նշանոցների և նշանառության հարմարանքների, կոթերի և այլ պարագաների, որոնք չեն հանգեցնում զենքի հիմնական մասերի փոփոխության.
3) զենք ուղարկել կամ առաքել փոստով կամ ուղեբեռով.
4) հավաքների կամ հանրային միջոցառումների մասնակցելիս քաղաքացիների կողմից զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը).
5) քաղաքացիական զենք (բացառությամբ գազային զենքի) կրելը, բացառությամբ սիրողական և սպորտային հրաձգությամբ, որսորդությամբ, ռազմամարզությամբ զբաղվելու և մշակութային միջոցառումներին մասնակցելու ընթացքում.
6) տեխնիկական կանոնակարգով օգտագործման համար արգելված՝ թունավոր նյութերով լիցքավորված ատրճանակների (ռևոլվերների) նմանվող սարքերի և դրանց փամփուշտների, ատրճանակների նմանվող սարքերի, կայծային պարպիչների և այլ կրովի էլեկտրահարող սարքերի շրջանառությունը.
7) էլեկտրահարող սարք հանդիսացող ատրճանակի նմանվող՝ հեռահար կամ լարի միջոցով էներգիա փոխանցող տայզերի ձեռքբերումը, բացառությամբ պետական ռազմականացված կառույցների.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար ներկայացված՝ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ վաճառելը, փոխանցելը և ձեռք բերելը.
9) շրջանառության մեջ դնել զենք, որի խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների, քիմիական և կենսաբանական գործոնների օգտագործմամբ.
10) ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելը.
11) ողորկափող հրազեն օգտագործելը բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներից 500 մետր, իսկ ակոսափող հրազեն՝ 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, բացառությամբ հրաձգարանների:
Հոդված 8. | Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության գնահատումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների բոլոր մոդելները ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2․ Ներկրված քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ներկրվելուց հետո ենթակա են պահեստավորման և համապատասխանության գնահատման։
3․ Համապատասխանության գնահատում չի պահանջվում ներկրվող հետևյալ զենքերի դեպքում.
1) ցուցահանդեսների ժամանակ oտարերկրյա մասնակցի կողմից ցուցադրման նպատակով ներկրվելու ժամանակ, եթե առկա է ցուցահանդեսի անցկացման պատասխանատու իրավաբանական անձի հրավերը կամ նրա հետ կնքված պայմանագիրը, ինչպես նաև սպորտային միջոցառման կամ որսի մասնակցելու նպատակով oտարերկրյա քաղաքացիների կողմից ներկրվող զենքերի համար, եթե առկա է հրավերը կամ պայմանագիրը.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից արտադրական նպատակների համար ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքի եզակի նմուշների, ձևերի և մոդելների դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ներկրվող կամ տարանցիկ փոխադրվող զենքերի դեպքում:
4. Համապատասխանության սերտիֆիկատ չունեցող զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ենթակա են առգրավվելու, վերցվելու և ոչնչացվելու՝ Կառավարության սահմանած կարգով։
Հոդված 9. | Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը |
1. Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը (այսուհետ՝ կադաստր) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վերաբերյալ համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու է:
2. Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մուտքագրվում են Կառավարության կողմից եռամսյակը մեկ հաստատվող կադաստր կամ հանվում են կադաստրից: Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:
3. Կադաստրը վարում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են արվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստր մուտքագրվելու կամ կադաստրից հանվելու:
Գ Լ ՈՒ Խ 3
ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. |
Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը, առևտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
4. Լիցենզիաները տրվում են անժամկետ:
5. Լիցենզավորվող կազմակերպություններում զենքի հետ առնչվող աշխատողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:
6. Լիցենզավորվող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով և համապատասխան լիցենզավորման կարգերով սահմանված՝ զենքի զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:
7. Լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
8․ Լիցենզիա ստանալու դիմումը համապատասխան մարմինը քննարկում է դիմումն ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, հարդարման ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև իրավաբանական անձի հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող, քաղաքացու անձը հաստատող և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
9․ Լիցենզիան մերժելու հիմքերն են`
1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.
2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
3) օրենքով նախատեսված այլ հիմքեր:
10․ Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 11. | Թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
2. Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններն են`
1) քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություններ` վեց ամիս գործողության ժամկետով.
2) քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.
3) զենք պահելու և օգտագործելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
4) զենքի հավաքածու կազմելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
5) զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.
6) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների` զենք կրելու թույլտվություն` հինգ տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարով երկարաձգելու իրավունքով:
3. Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններն են`
1) քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն՝ վեց ամիս գործողության ժամկետով.
2) գազային զենք պահելու և կրելու թույլտվություն՝ անժամկետ.
3) քաղաքացիական և ծառայողական զենք (բացառությամբ սառը և գազային զենքերի) պահելու և կրելու թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
4) զենքի հավաքածու կազմելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.
5) զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն՝ վեց ամիս գործողության ժամկետով.
6) որպես պարգև ստացած զենքը պահելու և կրելու թույլտվություն՝ անժամկետ.
7) զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.
8) որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) մարտական կամ ծառայողական զենքը ժառանգելու դեպքում պահելու թույլտվություն՝ անժամկետ:
4. Օտարերկրյա քաղաքացիներին տրվող թույլտվություններն են`
1) քաղաքացիական զենք ձեռք բերելու, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ արտահանելու թույլտվություն` հնգօրյա գործողության ժամկետով.
2) Հայաստանի Հանրապետությունից որպես պարգև տրված զենք արտահանելու թույլտվություն` երկու ամիս գործողության ժամկետով:
5. Սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդությամբ զբաղվող և քաղաքացիական հրազեն պահելու և կրելու կամ հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին: Սառը զենք վաճառելու ժամանակ կազմակերպությունը զենքի անհատական տվյալները, գնման ամսաթիվը գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթում և հաստատում կազմակերպության կնիքով։
6. Զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ընթացիկ հետազոտությունների ընթացքում զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ տեղեկությունը բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։
7. Թույլտվություն տրամադրելու կարգը և թույլտվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
8. Թույլտվություն տրամադրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները:
9. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունները տրվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
10. Թույլտվություն ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
1) սահմանված ձևի դիմում.
2) զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
4) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
5) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր (անդորրագրեր)՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով.
7) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:
12. Սույն հոդվածով նախատեսված թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։
13. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում նաև թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված փաստաթղթի:
14. Թույլտվություն ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մերժում է, եթե`
1) դիմողը ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկատվություն, կամ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ ներկայացվել են անճշտություններով, և սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել նշված թերությունները.
2) դիմողը չի ապահովել զենք պահելու անհրաժեշտ պայմանները.
3) առկա է սույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
15. Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
16. Թույլտվություն ստացած անձի կողմից տվյալ թույլտվությունն ստանալու համար ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում թույլտվությունը վերաձևակերպվում, իսկ ոչ պիտանի դարձած կամ կորցրած թույլտվությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմումը և թույլտվությունը վերաձևակերպելու կամ վերականգնելու համար հիմք հանդիսացող հանգամանքները հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության վերաձևակերպումը կամ վերականգնումը կատարվում է առանց թույլտվության գործողության ժամկետի փոփոխության:
17. Թույլտվությունը հետագա oգտագործման համար ոչ պիտանի է համարվում, եթե թույլտվության վրա առկա գրառումներից որևէ մեկն անընթեռնելի է, թույլտվությունն ունի մեխանիկական կամ քիմիական վնասվածքներ, գունազրկվել է, վնասվել է լուսանկարը, կամ թույլտվությունը տրամադրած մարմնի կնիքի դրոշմվածքն աղավաղված է:
18. Իրավաբանական անձանց տրված՝ զենք պահելու և օգտագործելու թույլտվությունը ենթադրում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերված զենքը պահելը, իր գործունեության նպատակների համար՝ այն բաշխելը, հաշվառելը: Զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ստացած իրավաբանական անձը պատասխանատու է իր ձեռք բերած զենքի ամբողջականության և անվտանգության ապահովման համար:
19. Սույն հոդվածով նախատեսված թույլտվություններն ստանալու, դրանք երկարաձգելու, վերաձևակերպելու կամ վերականգնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
Հոդված 12. | Լիցենզիաների գործողության դադարեցումը, կասեցումը և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը |
1. Լիցենզիաների գործողությունը դադարեցվում, կասեցվում և թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով, եթե՝
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները կամ նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները.
3) առաջացել են սույն օրենքով նախատեսված՝ լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ.
4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը.
5) զենքով պարգևատրումը կատարվել է օրենքով նախատեսված պարգևատրման պայմանների խախտումով․
6) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու համար․
7) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ․
8) ֆիզիկական անձը չի անցել սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բժշկական հետազոտությունը․
9) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ թույլ է տվել հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.
10) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։
2. Ֆիզիկական անձը զրկվում է զենքի համապատասխան թույլտվությունից՝ երկու տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է համապատասխան լիցենզիայից՝ երեք տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Եթե ֆիզիկական անձը զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, զենք ձեռք չի բերում, ապա թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, և անձն իրավունք ունի օրենքով սահմանված ընթացակարգերով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար:
4. Լիցենզիայի գործողության դադարեցման կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում են, թե հատկապես ինչ իրավական նորմեր և կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, և խախտումների վերացման ժամկետը:
5. Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այն կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:
6. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
Հոդված 13. | Զենք և ռազմամթերք առգրավելը, վերցնելը, ոչնչացնելը |
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առգրավում, վերցնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը հետևյալ դեպքերում՝
1) սույն օրենքով նախատեսված լիցենզիաների գործողությունը դադարեցվել է, թույլտվությունները ճանաչվել են ուժը կորցրած, կամ վերոնշյալ լիցենզիաները կամ թույլտվությունները բացակայում են.
2) իրավաբանական կամ ֆիզիկական անձինք խախտել են զենքի շրջանառության՝ սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները` մինչև oրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը.
3) զենք տնoրինողների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն կամ ձևափոխված, ձգաբանական կամ տեխնիկական բնութագրերի խախտումներով զենք կամ փամփուշտներ.
4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված դեպքերում.
5) մահացել է քաղաքացիական կամ ծառայողական զենքի կամ որպես պարգև տրված զենքի սեփականատերը` մինչև ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը.
6) լուծարվել է իրավաբանական անձը.
7) oրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Զենքի մահացած սեփականատիրոջ կամ որպես պարգև տրված զենքը տնօրինող մահացած քաղաքացու զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առգրավում, վերցնում է՝ մինչև ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը:
3․ Շահագործման համար տեխնիկապես պիտանի, առգրավված, վերցված քաղաքացիական և ծառայողական զենքերը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը, փամփուշտները կարող են իրացվել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:
4 Որսի, ձկնորսության, շրջակա միջավայրի ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմիններն առգրավված, վերցված զենքը փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
5. Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը կամ ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է փոխանցվում Կառավարության սահմանած կարգով:
6. Քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված զենքը դատաքննության ավարտից հետո փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ մինչև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը:
7. Եթե պետական ռազմականացված կազմակերպությունը տեխնիկապես ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը չի ներառում զենքի հավաքածուում, ապա այն ենթակա է ոչնչացման:
8. Տեխնիկապես անսարք փամփուշտները, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը սեփականատերը անհատույց փոխանցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար:
9. Զենքի, փամփուշտների և ռազմամթերքի ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը։
Գ Լ ՈՒ Խ 4
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 14. | Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝
1) պետական ռազմականացված կազմակերպությունները.
2) պետական մարմինները և կազմակերպությունները՝ օրենքով սահմանված դեպքերում.
3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
4) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձինք.
5) զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք․
6) ռազմամարզական, սպորտային հրաձգությամբ զբաղվող, որսորդական տնտեսություն վարող և հրաձգարան գործարկող կազմակերպությունները.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
8) օտարերկրյա քաղաքացիները:
2. Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 15. | Պետական ռազմականացված կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը |
1. Պետական ռազմականացված կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 16. | Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց՝ զենք ձեռք բերելու իրավունքը |
1. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:
2. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Կառավարությունը:
3. Զենք ձեռք բերելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զենքը պետք է գրանցվի և հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման և հաշվառման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու և օգտագործելու թույլտվություն։
4. Կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության և պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, շրջակա միջավայրի և բնական պաշարների, դրամական միջոցների և արժեքների պատրաստման և պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման և պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հատկապես կարևոր այլ օբյեկտների պահպանության, հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:
5. Կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի և ձկան պաշարները, թույլատրվում է ձեռք բերել քաղաքացիական զենք:
6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած և զենք պահելու և կրելու իրավունք ունեցած անձանց, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, և ծառայությունից ազատվելուց հետո չի անցել երեք տարի) և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք կրելու թույլտվություն: Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ պայմանագրային հիմունքներով: Հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(16-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-100-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 17. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը |
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ սույն հոդվածում՝ քաղաքացի) զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերելու քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաև զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:
3. Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:
4. Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:
5. Քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված փաստաթղթերը:
6. Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ: Քննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում և ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք:
7. Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝
1) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը).
2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն oրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց՝ անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից.
4) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.
5) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը)․
6) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
7) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչև վարչական տույժի ժամկետը լրանալը.
8) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.
9) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց․
10) ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.
11) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց.
12) այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկած:
8. Տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները գրանցման և հաշվառման ենթակա չեն, և քաղաքացիներն իրավունք ունեն դրանք ձեռք բերելու առանց թույլտվության:
Հոդված 18. | Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների՝ քաղաքացիական զենք ձեռք բերելը, ներկրելը և արտահանելը |
1. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից հինգ օրվա ընթացքում արտահանվի Հայաստանի Հանրապետությունից:
2․ Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից զենք արտահանելու ժամկետները, ներկրելու, արտահանելու և օգտագործելու կարգը խախտվելու դեպքում զենքն առգրավվում, վերցվում և հանձնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
3. Օտարերկրյա քաղաքացիները կարող են զենքի ցուցահանդեսին, որսորդությանը կամ սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով ներկրել միայն քաղաքացիական զենք՝ որսորդական տնտեսություն վարող կազմակերպության հրավերի և այդ կազմակերպության հետ կնքված պայմանագրի, սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է պայմանագրում կամ հրավերում նշված ժամկետում և համապատասխանության գնահատման չի ենթարկվում:
4. Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձևերի և մոդելների ներկրումը անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման նպատակով, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Բացառություն է կազմում նաև օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց ուղեկցելը՝ վերջիններիս անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով։ Նրանց կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանում է Կառավարությունը։
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 19. | Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձանց, լիցենզավորված հրաձգարանների, սպորտային, ռազմամարզական կազմակերպությունների և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք՝ օրենքով սահմանված կարգով։ Ձեռք բերված զենքը ենթակա է գրանցման և հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով:
2․ Լիցենզավորված հրաձգարանները, սպորտային և ռազմամարզական կազմակերպությունները կարող են ձեռք բերել քաղաքացիական և ծառայողական զենքեր, որոնք պետք է պահվեն նույն կազմակերպություններում և օգտագործվեն այդ կազմակերպությունների տարածքում:
3․ Որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական զենք։
Գ Լ ՈՒ Խ 5
ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. | Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով՝ ապահովելով արտադրության անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը և արտադրանքի համապատասխան որակը:
2. Արտադրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա անհատական համար, ներկայացվի համապատասխանության գնահատման և շրջանառվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան և գնահատման մարմնի տված համապատասխանության գնահատման փաստաթղթով, հայերեն մակնշմամբ և համապատասխանության գնահատման նշանով։
Հոդված 21. | Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրումը և արտահանումը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում են սույն օրենքով և Կառավարության սահմանած կարգով:
2. Քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ներկրվում և արտահանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ։
3. Ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ենթակա են համապատասխանության գնահատման։
4. Մաքսային հսկողության տակ գտնվող, համապատասխանության գնահատման ենթակա զենքի խմբաքանակում ներառված քաղաքացիական և ծառայողական զենքի յուրաքանչյուր տեսակից լիազոր մարմինը տալիս է մեկ միավոր զենք և հինգ փամփուշտ ներկրելու թույլտվություն` «Համապատասխանության գնահատման համար» նշումով: Համապատասխանության գնահատում անցնելու վերաբերյալ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնելուց հետո տրվում է զենքի ամբողջ խմբաքանակը ներկրելու թույլտվություն:
5. Տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները Հայաստանի Հանրապետություն ներկրվում, արտահանվում և շրջանառվում են ազատ։
6. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրումը և արտահանումը կարող են իրականացնել զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտահանելու միայն սեփական արտադրության զենքերն ու փամփուշտները՝ օտարերկրյա պատվիրատուի հետ կնքած պայմանագրի հիման վրա:
7. Սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններն իրավունք ունեն սպորտային միջոցառումների և մարզումների ժամանակ օգտագործելու նպատակով ներկրելու և արտահանելու քաղաքացիական զենք և փամփուշտներ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո։
8. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտադրական նպատակների համար ներկրել զենքի եզակի նմուշներ, ձևեր և մոդելներ, որոնց համար համապատասխանության գնահատում պարտադիր չէ։
9. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն ներկրելու տարեկան երեք միավոր քաղաքացիական զենք։
10. Մշակութային արժեք ներկայացնող քաղաքացիական զենքի եզակի նմուշների ներկրումը և արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան:
11. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն ներկրելու քաղաքացիական զենքի փամփուշտների համար նախատեսված հրապատիճ, վառոդ, գնդակ, պարկուճ և կոտորակ։
12. Որպես պարգև տրված զենքը ներկրվում և արտահանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ` օրենքով սահմանված կարգով:
13. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ներկրվող կամ տարանցիկ փոխադրվող զենքերի համար համապատասխանության գնահատում պարտադիր չէ:
Հոդված 22. | Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների առևտուրը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրա բաղկացուցիչ մասերի առևտուր կատարելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են՝
1) ունենալ վաճառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության սերտիֆիկատ․
2) պահանջել գնորդից ներկայացնել համապատասխան զենք ձեռք բերելու թույլտվություն․
3) ապահովել ձեռք բերվող և վաճառվող զենքի գրանցումը և հաշվառումը և հաշվառման փաստաթղթերի պահպանությունը 10 տարի ժամկետով.
4) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի և դրանք ձեռք բերող անձանց մասին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ձևով և կարգով.
5) գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալու նպատակով.
6) գնորդին վաճառված զենքը տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած՝ զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվության առկայության դեպքում.
7) ապահովել զենքի և ռազմամթերքի պատշաճ պահպանությունը և այն պահելու անվտանգությունը.
8) կոմիսիոն վաճառքի ընդունված և վերադարձված զենքերի վերաբերյալ երկօրյա ժամկետում գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
9) կենտրոնացված հաշվառում կատարելու նպատակով հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական և ծառայողական զենքը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
2. Արգելվում են՝
1) քաղաքացիական և ծառայողական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց, իսկ դրանց փամփուշտները՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միևնույն վաճառասրահում զենքի հետ կապ չունեցող այլ ապրանքների համատեղ վաճառք կատարելը, բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների, զենքի պահեստամասերի և սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցների․
3) տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթուղթ, հայերեն մակնշում, անհատական համար չունեցող քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ վաճառելը․
4) քաղաքացիական և ծառայողական զենքի վաճառքի կետերում, խանութ-սրահներում զենքի ցուցադրումն առանց ձգանը արգելափակող հատուկ գործարանային արտադրության կողպեքի.
5) մանրածախ առևտրի սրահներում 50 կիլոգրամից ավել վառոդ և 15 հազարից ավել փամփուշտ պահելը.
6) շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի զենքեր վաճառելը:
3. Մինչև 7.5 ջոուլ փողային էներգիան չգերազանցող օդաճնշիչ զենքերը վաճառվում են առանց թույլտվության միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող վաճառքի կետերում։
4. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր կազմակերպությունները պարտավոր են նույն գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք վաճառքի են ընդունում զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները։
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 23. | Քաղաքացիական և ծառայողական զենքի նորոգումը և հարդարումը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենք նորոգելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ հարդարելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ ապահովելով զենքի հետ վարվելու անվտանգությունը, աշխատանքների ընթացքի նկատմամբ հսկողությունը, որակը, նորոգման կամ հարդարման հանձնված զենքի պահպանությունը:
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են զենքը նորոգել, այդ թվում՝ չաշխատող մասերը փոխելու կամ նորոգելու միջոցով այն դարձնել պիտանի, վերականգնել արտաքին տեսքը:
3․ Կենտրոնացված հաշվառում կատարելու և ստուգողական կրակված գնդակներ ու պարկուճներ ստանալու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը պարտավոր է նորոգումից հետո հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող զենքերը:
4․ Քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են զենքի տեխնիկական և քրեագիտական բնութագրերի պահպանմամբ կատարել գեղարվեստական ձևավորում՝ օգտագործելով թանկարժեք մետաղներ և քարեր։ Անձնական զենքի հարդարման համար լիցենզիա չի պահանջվում։
Հոդված 24. | Զենքի փոխանցումը և վաճառքը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից |
1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը և դրա փամփուշտները փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց։
2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը, Կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցելու պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել՝ ձևակերպելով համապատասխան թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով։
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Գ Լ ՈՒ Խ 6
ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. | Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ պահելը, կրելը և օգտագործելը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական եղանակով իրենց փոխանցված զենքին տիրապետելը կամ տնօրինելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա ստորաբաժանում:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվեն դրա պահպանությունը, անվտանգությունը, և բացառվի կողմնակի անձանց համար զենքի հասանելիությունը:
4. Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները սահմանում է Կառավարությունը:
5․ Ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց զենքը կրել միայն օրենքով նախատեսված վայրերում և դեպքերում։
6․ Արգելվում է քաղաքացիական զենք կրել որսահանդակներից դուրս որսորդությամբ զբաղվելու նպատակով։
7․ Իրավաբանական անձինք պարտավոր են իրենց զենքը պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված կարգով։
8․ Զենքի կորսվելու, հափշտակվելու դեպքերում զենքի սեփականատերը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստյան (կորսվելու, հափշտակվելու) փաստի մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
9. Քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը զենք պահելու և կրելու թույլտվության առկայության դեպքում:
10. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձինք, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունները Կառավարության սահմանած կարգով կարող են կատարել քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում:
Հոդված 26. |
Զենքի հավաքածու կազմելը |
1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք զենքի հավաքածու կարող են կազմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված՝ զենքի հավաքածու կազմելու թույլտվության hիման վրա: Իրավաբանական և ֆիզիկական անձանց զենքի հավաքածուում կարող են ներառվել ինքնապաշտպանական, սիրողական, որսորդության, սպորտային, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակության զենքի տեսակները:
2. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածու կազմում են առանց թույլտվության: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածուում կարող են ներառել՝
1) քաղաքացիական զենք.
2) ծառայողական զենք.
3) մարտական զենք.
4) քրեական վարույթներով իրեղեն ապացույց ճանաչված (այդ թվում՝ ինքնաշեն, ապoրինի ձևափոխված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված) զենք՝ վերջնական դատական ակտի առկայության դեպքում.
5) արտադրական, ուսումնական զենք, փորձարկումների համար նախատեսված կամ նշված նպատակներով պատրաստված զենքի եզակի նմուշներ.
6) համապատասխանության գնահատում չանցած զենք.
7) սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված զենքերի փամփուշտներ:
3. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող անձը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված զենքի պահման անվտանգության պայմանները:
4. Զենքի հավաքածու չեն համարվում և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հաշվառման ենթակա չեն՝
1) զենքի և ռազմամթերքի նմանակները (մակետները), որոնցից կենդանի կամ այլ նշանակետ խոցելն անհնար է.
2) կառուցվածքով զենքին նմանվող իրերը։
5. Հավաքածուում ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաև ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, մշակութային միջոցառումների ընթացքում՝ այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։
Հոդված 27. | Զենքի հավաքածու ցուցադրելը |
1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց և այլ սեփականատերերի պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները (այսուհետ՝ ցուցահանդես) կատարում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:
2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում արտադրողին կամ առևտրի սրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը:
3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական և քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:
4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեսի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:
5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են՝
1) ապահովել ցուցասրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.
2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:
6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է՝
1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության չհաշվառած զենքը.
2) ցուցահանդեսում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ, բացառությամբ զենքի պահեստամասերի, արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման առարկաների.
3) զենքը պահել ցուցահանդեսի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատասխանող զետեղարանում:
7․ Զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը և զենքի անվանացանկը սահմանում է Կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ, ՎԱՃԱՌՔԸ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԺԱՌԱՆԳՈՒՄԸ
Հոդված 28. | Զենքով պարգևատրումը |
1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ):
2. Վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին` հիմք ընդունելով՝
1) Հայաստանի Հանրապետության անկախության կայացման ու ամրացման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, հասարակական կարգի և օրինականության պահպանության բնագավառներում ակնառու ծառայություններ մատուցած, զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու և Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:
3. Վարչապետը զենքով կարող է պարգևատրել 21 տարին լրացած անձանց:
4. Վարչապետը զենքով չի կարող պարգևատրել սույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձանց:
5. Վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու մասին միջնորդագիր ներկայացնում են համապատասխան պետական մարմինների ղեկավարները:
6. Վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրելու սեփական նախաձեռնությամբ՝ առանց միջնորդագրի:
7. Զենքով պարգևատրելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ (այսուհետ՝ վարչապետի աշխատակազմ)։ Վարչապետի աշխատակազմ են ներկայացվում՝
1) զենքով պարգևատրելու մասին միջնորդագիրը.
2) զենքով պարգևատրելու հիմնավորումը.
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
5) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին պարգևատրվողին տրված բժշկական եզրակացությունը.
6) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը.
7) պետական պարգևների առկայության դեպքում՝ դրանց փաստաթղթերի պատճենները:
8. Վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու մասին ներկայացված միջնորդագրի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում զենք ձեռք բերելու վերաբերյալ հայտը և սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
9. Զենքով պարգևատրելու արարողության ընթացքում պարգևատրվողին է հանձնվում նաև վարչապետի որոշումը: Պարգևատրման արարողությունից հետո վարչապետի որոշումն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ զենքը պարգևատրվողի անվամբ հաշվառելու համար:
10. Վարչապետի կողմից պարգև տրվող զենքի վրա կարող են փորագրվել «Հայաստանի Հանրապետության վարչապետից» բառերը:
11. Պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների կողմից պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
12. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն զենքով պարգևատրելու դեպքում քաղաքացին պարտավոր է տվյալ զենքը Հայաստանի Հանրապետություն ներկրելուց հետո ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ հաշվառման:
13. Քաղաքացին Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում՝
1) պարգևատրման փաստաթղթերը.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.
5) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը:
14. Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով՝ զենք պահելու և կրելու թույլտվությամբ՝ անժամկետ:
15. Օտարերկրյա պետությունում որպես պարգևատրում ստացած զենքի համար զենք պահելու և կրելու թույլտվություն չի տրվում՝
1) սույն օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձանց.
2) սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված փաստաթղթերը չներկայացրած անձանց:
16. Օտարերկրյա պետությունում որպես պարգևատրում ստացած զենքի համար զենք պահելու և կրելու թույլտվություն չստանալու դեպքում քաղաքացին իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու որպես պարգևատրում ստացած զենք պահելու թույլտվություն՝ մալած վիճակում.
2) վաճառելու զենքը քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց.
3) նվիրելու զենքը պետական ռազմականացված կազմակերպություններին.
4) հանձնելու զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ զենքը դիվանագիտական ներկայացուցչության միջոցով վերադարձնելու պարգևատրող պետությանը:
17. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:
18. Վարչապետի կողմից զենքով պարգևատրվելու համար որպես պարգև տրվող զենքը ձեռք բերելու գործընթացը կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
19. Պարգևատրելու նպատակով զենք ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում վարչապետի աշխատակազմի կողմից պարգևատրվելուց առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացվում հայտ` նշելով որպես պարգև տրվող զենքի տեսակը, մոդելը:
20. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որպես պարգև տրվող զենքի մասին հայտն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է զենքի փոխանցումը վարչապետի աշխատակազմ:
21. Որպես պարգև տրված զենքի սեփականատերը կամ ժառանգը զենքը չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց՝ վաճառելու նպատակով կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով:
22. Որպես պարգև տրված զենքի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ՝ մալելուց հետո, բացառությամբ եթե ժառանգը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն:
(28-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-606-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 29․ | Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների վաճառքը, նվիրումը, փոխանցումը և ժառանգումը |
1․ Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել կամ նվիրել օրինական հիմքերով իրենց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
2․ Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Զենքի վերահաշվառումն ու վերագրանցումը կատարվում են զենքի հաշվառման և գրանցման ընթացակարգով։
3․ Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը կարող է փոխանցվել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` զենքը պահելու կամ փորձաքննության համար կամ ի տնօրինություն.
2) որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններին` մինչև որսորդությամբ զբաղվելու ավարտը.
3) սերտիֆիկացման մարմիններին` համապատասխանության գնահատում անցկացնելու համար.
4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիազորած մասնագետներին` պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության համար.
5) ռազմամարզական և սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններին` հրաձգային պարապմունքների ու մրցումների անցկացման ժամանակ.
6) մաքսային մարմիններին` ներկրվող կամ արտահանվող զենքը մաքսազերծելու համար.
7) զենք փոխադրողին՝ փոխադրելու համար:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտներին զենքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն տալու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան թույլտվությունը տալու օրվանից հաշված՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում ֆիզիկական անձանց մահվան փաստը գրանցելու և հաշվառելու իրավասություն ունեցող լիազոր մարմին, իսկ վերջինս նույն անձանց մահվան փաստն արձանագրելու դեպքում այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, որն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այդ մասին տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում զենքը ժամանակավոր առգրավելու, վերցնելու ուղղությամբ:
6. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:
7. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում կամ անժառանգ զենք լինելու դեպքում զենքն անցնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինմանը:
8. Եթե զենքի, զենքի հավաքածուի ժառանգությունն ստանձնած ժառանգը ձեռք չի բերում զենքի համապատասխան թույլտվություն, ապա պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան ժառանգությունն ստանալու օրվանից հաշված՝ յոթնօրյա ժամկետում, հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վերջինիս միջոցով համապատասխան զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու և ժառանգին փոխհատուցում տրամադրելու համար: Զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու գործընթացը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կատարում է նաև այն դեպքում, երբ ժառանգությունն ստանձնած ժառանգը մերժում է ստանում համապատասխան թույլտվությունը տրամադրելու հարցում:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Գ Լ ՈՒ Խ 8
ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք գործադրելու սահմանները և զենքի գործադրման մասին տեղեկացումը |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց պատկանող զենքը կարող են գործադրել իրենց կամ այլոց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, որի նկատմամբ գործադրվելու է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի կողմնակի անձանց:
2. Արգելվում է զենք գործադրել հաշմանդամության կամ հղիության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է զենք գործադրողին, բացառությամբ նրանց՝ զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի:
3. Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Հոդված 31. | Զենքի հաշվառումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ ձգաբանական արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնելով, որի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձինք զենք պահելու և օգտագործելու կամ պահելու և կրելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար իրենց պատկանող ակոսափող զենքերը ստուգման նպատակով կրակելու համար ներկայացնում են փորձաքրեագիտական ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված ուղեգրի համաձայն:
3. Ակոսափող զենքը վաճառելու, նվիրելու, ժառանգելու դեպքում ստուգման նպատակով կրակելու համար այն ներկայացվում է փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված ուղեգրի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում հաշվառվող տեղեկությունները անձնական տվյալներ են, որոնք մշակվում են առանց տվյալների սուբյեկտի համաձայնության` օրենքով սահմանված կարգով: Որպես սահմանափակ շրջանառության օբյեկտ` արգելվում է զենքի հաշվառման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը այլ անձի կամ այլ մարմինների, բացառությամբ`
1) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի.
2) քրեական հետապնդում իրականացնող մարմինների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
3) համայնքային ոստիկանության` սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով.
4) անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողների՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կատարելու նպատակով․
5) նոտարական մարմինների՝ նոտարական գործարքներ կատարելու նպատակով․
6) դատական մարմինների՝ դատաքննության անհրաժեշտությունից ելնելով․
7) լիազոր մարմնի ֆինանսական ծառայության` պետական տուրքերի վճարման մասով.
8) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանը մշտադիտարկման նպատակով այլ մարմինների չի տրամադրվում:
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատասխանատու ծառայողը քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում տվյալները սխալ, թերի կամ այլ խախտումներով մուտքագրելու համար ենթակա է պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով:
8. Չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից կամովին ներկայացվելու, քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենքը կարող է հաշվառել և քաղաքացուն տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան թույլտվություն:
9. Անհատական համար և դրոշմ չունեցող, ինչպես նաև ինքնաշեն կամ ապօրինի ձևափոխված քաղաքացիական զենքերը հաշվառման ենթակա չեն և օրենքով սահմանված կարգով ենթակա են առգրավելու, վերցնելու և ոչնչացնելու:
10. Իրավաբանական անձն իր գործունեության վայրի հասցեն կամ քաղաքացին իր բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեն) փոխելիս մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին` զենքը նոր հասցեում հաշվառելու համար:
11. Իրավաբանական անձինք ապահովում են իրենց զենքի և փամփուշտների հաշվառումը:
12. Տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները հաշվառման ենթակա չեն, և քաղաքացին դրանք առանց թույլտվության կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:
Հոդված 32. | Վերահսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ |
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։
2. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը կատարվում է Կառավարության սահմանած կարգով:
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրավասու են՝
1) անցկացնելու զենքի զննություն դրա արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի, պահման և ոչնչացման վայրերում.
2) կիսամյակը մեկ ստուգելու զենք և փամփուշտներ պահելու օբյեկտները.
3) տարին մեկ զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում և իրավաբանական անձանց հաշվառման վայրում ստուգելու զենքի առկայությունը և այն պահելու պայմանները.
4) սահմանված կարգով անհատույց առգրավելու, վերցնելու և ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ եթե պետական ռազմականացված կազմակերպությունն այն ցանկանում է ներառել իր հավաքածուում.
5) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.
6) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.
7) հարուցելու վարչական վարույթ, կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
8) ձեռնարկելու օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
4. Առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի ու ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 180 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը: Եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տևական ժամանակ անհասանելի են դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը և այն պահելու պայմաններն ստուգելը, ապա զենքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք: Վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Զենքն առգրավող, վերցնող մարմինը պարտավոր է այդ մասին տասնօրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք հաշվառումից հանելու համար:
Գ Լ ՈՒ Խ 9
ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ
Հոդված 33. | Հրաձգարանի գործարկումը |
1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային և ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:
2. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է սույն օրենքի պահանջներին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան սարքավորելուց հետո:
3. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է սույն և այլ օրենքներով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատասխան՝ զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա:
4. Հրաձգարանը պետք է տեղակայվի, կառուցվի և հագեցվի այնպես, որ դրա շահագործման ընթացքում ապահովվի հրաձգարանից օգտվողների և շրջակա միջավայրի անվտանգությունը, բացառվի չարտոնված անձանց և կենդանիների մուտքը կրակային տարածք:
5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ և փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաև բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորություն:
6. Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի և գտնվեն բնակելի, պետական, հասարակական և արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա:
7. Այն հրաձգարանները, որոնք օգտագործում են միայն մինչև 7.5 ջոուլ փողային էներգիա և 4.5 մմ տրամաչափը չգերազանցող օդաճնշիչ սարքեր, գործում են առանց հրաձգարան գործարկելու լիցենզիայի, սակայն իրենց գործունեության մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
8. Հրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումներ, պետք է կառուցվեն և սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան:
9. Հրաձգարանում տեսանելի տեղում պետք է փակցվեն անվտանգության կանոնները, ներքին կանոնակարգը և հրաձգության համար պատասխանատու անձանց տվյալները:
10. Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 34. | Հրաձգության հրահանգիչը |
1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող և հրաձգության հետ կապված այլ գործունեություն իրականացնող և վերահսկող անձ է, որին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տվել է հրաձգության հրահանգչի որակավորում:
2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝
1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենք և ռազմամթերք օգտագործելու ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոնների պահանջներին.
2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող՝ սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված ռազմամթերքից և դրանց օգտագործման հնարավորություններից.
3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի և ռազմամթերքի համապատասխանությունը դրանց օգտագործման նպատակներին.
4) վերահսկել հրաձգարանում զենքի և ռազմամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը.
5) դիտարկել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից.
6) վերահսկել զենքի և ռազմամթերքի օգտագործման և դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները.
7) անհրաժեշտ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում.
8) կատարել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորում տրվում է հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած և քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները:
4. Հրաձգության հրահանգչի որակավորման գործողության ժամկետը հինգ տարի է և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս հինգ տարով:
5. Հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 35. | Հրաձգարանում զենքի և ռազմամթերքի տրամադրումը և օգտագործումը |
1. Հրաձգարանում զենք և փամփուշտ վարձակալությամբ տալու իրավունք ունի հրաձգարանի աշխատակիցը (այսուհետ՝ զենքը տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար:
2. Հրաձգարանում զենքը և փամփուշտը տրվում են 16 տարին լրացած անձի (այսուհետ՝ զենքը ստացող (ստացած) անձ)՝ վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Զենքն ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները գրանցվում և հաշվառվում են զենքը տվող անձի կողմից վարվող համապատասխան մատյանում:
3. Մինչև հրաձգարանում զենք և փամփուշտ ստանալը զենքն ստացող անձին հրաձգության հրահանգիչը պետք է հրահանգի ու ծանոթացնի զենքի և փամփուշտի օգտագործման ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոններին և հրաձգարանի ներքին կարգապահական կանոններին: Հրահանգումն ու ծանոթացումը կատարվում են համապատասխան մատյանում կատարված անհրաժեշտ գրառման և զենք ստացող անձի ստորագրության նշումով:
4. Հրաձգարանում զենքն ստացած անձը պատասխանատվություն է կրում զենք պահելու և կրելու, այն միայն սույն հոդվածում նշված նպատակային նշանակությամբ օգտագործելու, զենքի և փամփուշտի հետ վարվելու անվտանգության կանոնները պահպանելու համար:
5. Տրված զենքը թույլատրվում է օգտագործել միայն հրաձգարանում՝ հրաձգության հրահանգչի անմիջական ներկայությամբ և վերահսկողությամբ:
6. Սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործվելուց հետո ստացված զենքը և չօգտագործված ռազմամթերքը զենքն ստացած անձի կողմից ենթակա են անհապաղ վերադարձման զենքը տված անձին: Զենքն ու չօգտագործված ռազմամթերքն ընդունած անձն անհրաժեշտ գրանցումներ է կատարում համապատասխան մատյանում դրանք ընդունելու մասին և հաստատում իր ստորագրությամբ: Չօգտագործված ռազմամթերքի համար վճարված գումարը ենթակա է վերադարձման զենքն ստացած անձին:
7. Արգելվում է հրաձգարանին պատկանող զենքը և ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:
8. Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաև 14 տարին լրացած անձին, որն անձը կարող է օգտագործել հրաձգության հրահանգչի անմիջական ներկայության և վերահսկողության ներքո: Հրաձգարանի տարածքում զենք պահելու և կրելու թույլտվություն ունեցող՝ երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է իր պատասխանատվությամբ և հրաձգության հրահանգչի թույլտվությամբ ու անմիջական վերահսկողությամբ անձնական հրազենը և փամփուշտը տրամադրել 14 տարին լրացած երեխային՝ սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործելու համար:
9. Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող կամ օրինական հիմքով զենք տիրապետող անձինք զենքը կարող են տրամադրել նաև անհատույց օգտագործման:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 36. | Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված զենքի շրջանառության կանոնները խախտելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2․ Սույն օրենքի 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո և չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող հրաձգարանների վրա:
3. Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ համապատասխան բժշկական հետազոտության արդյունքները բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցելու նպատակով ծրագրային ապահովում իրականացնելու համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը:
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչև դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության և առևտրի լիցենզիաների, զենք ձեռք բերելու, պահելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել համապատասխան լիազոր մարմին՝ սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասում նշված լիցենզիաները կամ թույլտվություններն ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:
7. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը առգրավում կամ վերցնում է:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-368-Ն
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2024, ՀՕ-178-Ն | 01.07.2024, ՀՕ-368-Ն | |
16.01.2024, ՀՕ-34-Ն | 15.02.2024, ՀՕ-368-Ն | |
13.07.2023, ՀՕ-268-Ն | 08.08.2023, ՀՕ-368-Ն | |
16.12.2022, ՀՕ-475-Ն | 01.07.2023, ՀՕ-368-Ն | |
25.04.2023, ՀՕ-128-Ն | 27.04.2023, ՀՕ-368-Ն | |
01.03.2023, ՀՕ-100-Ն | 06.04.2023, ՀՕ-368-Ն | |
23.12.2022, ՀՕ-606-Ն | 31.12.2022, ՀՕ-368-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|