Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-311-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (22.07.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.07.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.07.2022
Дата вступления в силу
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 11.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Կառավարությունը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաև սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղամասերի ցանկը։

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում և հեռարձակվում են նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:

Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։

Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը և պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք։».

2) 4-րդ մասի «60 օր» բառերը փոխարինել «100 օր» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «70 000 ու ավելի ընտրող ունեցող՝» բառերը։

 

Հոդված 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում «70 000 և ավելի ընտրող ունեցող» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում).»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ և 129-րդ հոդվածի 2-րդ մասերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 140. Քվեաթերթիկները

 

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները։

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում քվեաթերթիկում փոփոխություն չի կատարվում:

Գրանցման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Նույն օրը նշանակված մեկից ավելի համայնքներում ընտրություններ անցկացվելու դեպքում տարբեր համայնքներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանդես են գալիս նույն համարով:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում կիրառվում է նաև «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ։ «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:»:

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործող անդամների լիազորությունները շարունակվում են մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ը։

3. Սույն օրենքի 1-ին հոդվածը՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ընտրություններին վերաբերող կարգավորումների մասով, ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-311-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան