ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. | Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում |
1. Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝
1) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.
2) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.
3) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
2. Կենսագործունեության միջավայրը կամ կենսամիջավայրը բնական և արհեստական օբյեկտների, երևույթների և դրանց փոխկապակցվածությունն ապահովող գործոնների համադրությամբ ձևավորվող տարածական միջավայրն է, որը ներազդում է մարդու կյանքի որակի, հոգեբանական ու ֆիզիկական զգացողության վրա:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. | Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները |
1. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են՝
1) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.
2) հրապարակայնության, մասնակցելիության և ներառականության ապահովումը (նաև առցանց (հեռավար) եղանակով), բացի օրենքով սահմանված դեպքերից.
3) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. | Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները |
1. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն՝
1) ստանալու ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
2) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը մասնակցելու դրանց քննարկումներին, ներկայացնելու տարբեր իրավական ակտերով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
3) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկելու անկախ փորձաքննության.
4) վերադասության և դատական կարգով բողոքարկելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ընդունած վարչական ակտերը, գործողություններն ու անգործությունը:
2. Համապատասխան մարզպետը և համայնքի ղեկավարը պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
3. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկմանը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. | Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը |
1. Համապատասխան մարզպետը և համայնքի ղեկավարը պարտավոր են մարզպետարանի և համայնքի պաշտոնական կայքերում հրապարակումներով, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ հանրային քննարկումներով, ինչպես նաև հնարավորության դեպքում առցանց եղանակով ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկել կենսագործունեության միջավայրի, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերով նախատեսվող քաղաքաշինական միջավայրի փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով և հնարավորության դեպքում հանրային իրազեկման միջոցառումներին ապահովելով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:
2. Հանրային քննարկումների արդյունքներն ունեն խորհրդակցական բնույթ:»:
Հոդված 5. Օրենքի 14.3-րդ հոդվածում՝
1) 8.1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից» բառերը փոխարինել «կոմիտեի կողմից» բառերով.
2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագիծը, իրավունք է ստանում սույն օրենքով և ՀՀ կառավարության սահմանված կարգով փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը՝ գլխավոր հատակագծով նախատեսված ծավալով ու փուլերով:».
3) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հաստատված գլխավոր հատակագծեր և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքներում:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 18 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: