Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-147-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2022-24.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.03.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.04.2021
Дата вступления в силу
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է hակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու և պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:

 

Հոդված 2. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենսդրությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի վերաբերելի նորմերով, այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) hակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն՝ պետական ծառայության տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով.

2) hակակոռուպցիոն կոմիտեի ծառայող՝ hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար, աշխատողներ.

3) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ՝ hակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, hակակոռուպցիոն կոմիտեի վարչությունների պետերը, նրանց տեղակալները, բացառությամբ hակակոռուպցիոն կոմիտեի՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչության ղեկավարի (հետաքննության մարմնի պետի) և նրա տեղակալի, hակակոռուպցիոն կոմիտեի բաժինների պետերը, նրանց տեղակալները, բացառությամբ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժինների ղեկավարների և նրանց տեղակալների, hակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները, քննիչները.

4) hակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ՝ hակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը և hակակոռուպցիոն կոմիտեի հիմնական գործառույթների իրականացմանն աջակցող ստորաբաժանումների ծառայողները.

5) կոռուպցիոն հանցագործություններ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի մեջ մտնող հանցագործություններ.

6) hակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում՝ կոմիտեի կազմում գործող վարչություն կամ բաժին։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգավիճակը և լիազորությունները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:

3. Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաև սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 5. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության սկզբունքները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

2. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքների պահպանմամբ:

 

Հոդված 6. Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև իր կառուցվածքին, աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքներին:

 

Հոդված 7. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը։

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում:

3. Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր պաշտոնական կայքէջում հրապարակում է գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Տեղեկատվության կառուցվածքը, դրանում ներառվող հարցերի շրջանակը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:

 

Հոդված 8. Ֆինանսական ինքնուրույնությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

2. Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով hակակոռուպցիոն կոմիտեի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և hակակոռուպցիոն կոմիտե է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է hակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով hակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին:

5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են hակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ:

 

Հոդված 9. Քաղաքական չեզոքությունը 

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ցանկացած հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին hակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող):

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 10. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը ներառում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումները և ներքին անվտանգության հարցերով ստորաբաժանումը) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումներն են վարչությունները և բաժինները: Հակակոռուպցիոն կոմիտեի վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:

5. Հակակոռուպցիոն կոմիտեում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձինք ծառայողներ չեն և աշխատանքի են ընդունվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը և հաստիքացուցակը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

Հոդված 11. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝

1) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն գործերի բացահայտման և քննության պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

3) իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական, ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս է հանձնարարականներ.

4) ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ հարաբերություններում.

5) հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը.

6) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, նշանակում և փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

7) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.

8) հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.

9) քայլեր է ձեռնարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված կարգով.

10) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը և պայմանները.

11) իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով իրականացնելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով: Առաքինության ստուգման գործընթացը չպետք է խոչընդոտի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բնականոն գործունեությունը.

12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Կառավարությունը՝ վեց տարի ժամկետով:

5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից:

 

Հոդված 12. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ունի երեք տեղակալ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը՝

1) համակարգում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս հանձնարարականներ.

3) միջնորդություններ է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Ծառայողական և քրեադատավարական վերադասությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վերադաս է հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողների համար:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է հակակոռուպցիոն կոմիտեի՝ իր համակարգման ներքո գտնվող բոլոր ծառայողների համար:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման պետը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր ծառայողների համար:

4. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական վերադասության մյուս հարաբերությունները կարգավորվում են հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությամբ:

5. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեադատավարական վերադասության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 14. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների համակարգը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն պաշտոններ.

2) գլխավոր պաշտոններ.

3) առաջատար պաշտոններ.

4) կրտսեր պաշտոններ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի, իսկ կրտսեր պաշտոնները՝ 1-ին և 2-րդ ենթախմբերի:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ.

2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ:

5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գլխավոր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի, այդ թվում՝ տարածքային վարչության պետի տեղակալ.

2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ, հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ:

 6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջատար պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ.

2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կրտսեր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր.

2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր։

 

Հոդված 15. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.

2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ ազատված է նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով.

3) տիրապետում է հայերենին.

4) ունի ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։ Սույն կետի պահանջը չի տարածվում կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց վրա․

5) բավարարում է պաշտոնին ներկայացվող սույն օրենքով նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար սույն օրենքով սահմանված սահմանափակումները։

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.

4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով․

6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ.

7) որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

8) որը, լինելով դատախազ, քննիչ, նախկին դատախազ կամ նախկին քննիչ, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

9) որը, լինելով հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ կամ նախկին օպերլիազոր, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

10) որը, լինելով փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է մինչև հինգ տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնների սահմանային տարիքը 65 տարեկանն է:

(15-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 16. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն կամ ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ։

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն կամ ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն չորս տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն չորս տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ։

3. Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ և նրա տեղակալ, այդ թվում՝ տարածքային վարչության պետ, վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն չորս տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչության ղեկավար կամ նրա տեղակալ կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող անձը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երեք տարվա ստաժ։

5. Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ, հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր խմբի կամ վերջին երկու տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երկու տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավար կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ ունեցող անձը:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ, հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն 1.5 տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, հետաքննիչի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն երեք տարվա ստաժ ունեցող անձը:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ։

8. Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի առնվազն մեկ տարվա օպերատիվ-հետախուզական գործունեության կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

9. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

10. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

11. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Բացառությամբ սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերի, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի բարեվարքության ուսումնասիրության փուլը, որն անցկացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ցուցակում ընդգրկվելուց հետո անցնում են վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը հաստատվում է ենթաօրենսդրական ակտով:

12. Հակակոռուպցիոն կոմիտեի այն պաշտոններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորելու, վերապատրաստելու, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

14. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոնի համար կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

 

Հոդված 17. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և պաշտոնում նշանակումը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

2. Հանձնաժողովը կազմավորում և դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, որին Հանձնաժողովի անդամներից նշանակում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

5. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակում է մրցույթ (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի) պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

6. Թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

7. Հանձնաժողովը կազմում և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հայտարարության ձևը, ինչպես նաև մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած թեստավորման հարցարանի (այսուհետ՝ Հարցարան) երեք տարբերակները, թեստավորման անցկացման պայմանները և անցողիկ միավորը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը:

8. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեստավորման Հարցարանի հարցերի 20 տոկոսը պետք է ներառեն Սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտերի, վերաբերելի նախադեպային որոշումների, 20 տոկոսը՝ քրեական օրենսդրության, 20 տոկոսը՝ քրեական դատավարության օրենսդրության, 20 տոկոսը՝ գույքի բռնագանձման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտների օրենսդրության, 20 տոկոսը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր:

9. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները.

1) թեկնածուին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ դիմումին կից փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը.

3) մրցույթն անցկացնելու պայմանները, թեստային առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ, թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատելու առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատելու և միավորները հաշվարկելու կարգը.

 4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը:

10. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով․

1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտը) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Հանձնաժողովի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.

2) թեստավորման փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների համար կազմակերպում է թեստավորման փուլը, որի ընթացքում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները: Թեստավորման անցկացման նույն օրը կազմվում և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի օրը և վայրը.

3) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը թեստավորման փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.

4) հարցազրույցի փուլ՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույց՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով իր պաշտոնական կայքէջում: Հարցազրույցի փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը: Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Մասնակցին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքներն ստուգելու նպատակ.

5) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր մասնակցին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած թեկնածուները: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկօրյա ժամկետում հրապարակվում են հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

11. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:

12. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունները:

13. Ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված կարգով մասնագիտական պատրաստում են անցնում արդարադատության ակադեմիայում: Անձը հանվում է ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից, եթե արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքների հիման վրա ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված փորձաշրջանը կամ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից:

14. Անձն ազատվում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասով և սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված ուսումնառությունից, եթե ունի դատավորի, դատախազի, քննիչի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողի պաշտոնում կամ փաստաբանի երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե այդ պաշտոնը թողնելուց կամ գործունեությունը դադարեցնելուց հետո չի անցել հինգ տարի:

15. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը համապատասխան ուսումնառությունն ավարտած թեկնածուների կամ սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված թեկնածուների ցուցակն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է նշանակում համապատասխան պաշտոնում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի դեպքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների ցուցակն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վարչապետին է առաջարկում մրցույթում հաղթող ճանաչված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թեկնածությունը՝ կցելով թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունը։

16. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորն ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

17. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և տասնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 18. Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

2. Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

3. Խորհրդի անդամ, բացառությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան ունեցող, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, բարձր մասնագիտական և բարոյական հատկանիշներ ունեցող, կուսակցական պատկանելիություն չունեցող յուրաքանչյուր ոք, որն ունի քրեական մասնագիտացման դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ:

4. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար վարչապետի աշխատակազմի ղեկավարը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից 90 օր առաջ կամ թափուր պաշտոնի տեղի առաջացման պահից՝ տասնօրյա ժամկետում, դիմում է Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազություն՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույն ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը:

5. Քաղաքացիական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում, հասարակական կազմակերպությունները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում Խորհրդում ներգրավվելու վերաբերյալ դիմում՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտի փորձառությունը հավաստող փաստաթղթերը: Երկուսից ավելի հասարակական կազմակերպություններ դիմելու դեպքում նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտի առավել երկար փորձառություն ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցչին: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն մրցութային խորհրդում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ:

6. Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Սահմանված ժամկետում առնվազն չորս անդամի չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է չձևավորված, և վարչապետի աշխատակազմի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով ձևավորում է նոր Խորհուրդ:

7. Խորհրդի նիստերը բաց են քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: Խորհրդի նիստերը տեսաձայնագրվում են:

8. Խորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում ոչ ուշ, քան նիստի անցկացումից 48 ժամ առաջ:

9. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է վարչապետի աշխատակազմը:

10. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Խորհրդի առաջին նիստը վարում է Խորհրդի նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:

11. Խորհրդի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ և քարտուղար:

12. Խորհուրդը՝

1) սահմանում է իր գործունեության աշխատակարգը.

2) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ).

4) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.

5) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքներով ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուներին.

6) դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հարցազրույցի փուլ անցած թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու նպատակով․

7) հարցազրույցի փուլի արդյունքներով ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող՝ մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու և առավելագույնը երեք մասնակցի, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու.

8) կազմում և Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում և վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում:

 

Հոդված 19. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթը և նշանակումը

 

1. Խորhուրդը վարչապետի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ Աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 40 օրվա ընթացքում։

2. Հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am), Աշխատակազմի և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջերում:

3. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1) թեկնածուին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը.

3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը.

4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը:

4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

5. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 10 օրվա ընթացքում Աշխատակազմ է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Խորհուրդը մրցույթն անցկացնում է հետևյալ փուլերով․

1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտ) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Խորհուրդը համադրում է թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում Խորհուրդը կայացնում է հայտի ընդունումը մերժելու մասին որոշում: Սույն դեպքում թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը Խորհրդի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.

2) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.

3) հարցազրույցի փուլ՝ Խորհուրդը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույց՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունն Աշխատակազմի միջոցով հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով Աշխատակազմի պաշտոնական կայքէջում: Հարցազրույցն իրականացվում է հետևյալ փուլերով․

ա. հարցազրույցի փուլում Խորհուրդը հարցազրույցի միջոցով ստուգում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտություններին տիրապետելու, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները (ինքնատիրապետումը, վարվեցողությունը, ունկնդրելու կարողությունը, հաղորդակցման հմտությունները պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, վերլուծական կարողությունները և այլն),

բ. համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումների և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար.

4) արդյունքների ամփոփման փուլ՝ Խորհրդի յուրաքանչյուր անդամի տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով Խորհուրդը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուները, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:

7. Թեկնածուների ցանկը կազմելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, Խորհուրդը Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և Աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում։

8. Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

9. Խորհուրդը մրցույթում հաղթող չճանաչվելու կամ Կառավարության կողմից համապատասխան նշանակում չկատարվելու դեպքում ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում նշանակում է նոր մրցույթ:

 

Հոդված 20. Հակակոռուպցիոն կոմիտեի այլ պաշտոններում նշանակելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հակակոռուպցիոն կոմիտեում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

 Հոդված 21. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի երդումը

 

 1. Հակակոռուպցիոն կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես (անուն, հայրանուն, ազգանուն), պաշտոն ստանձնելով հակակոռուպցիոն կոմիտեում, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, կոռուպցիոն բնույթի հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 22. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, հակակոռուպցիոն կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:

4. Եթե հակակոռուպցիոն կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձը, իր դիմումի համաձայն, հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

Հոդված 23. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումներ:

 

 Հոդված 24. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պաշտոնից ազատելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի, պաշտոնից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա, այդ թվում՝ 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը լրանալու կապակցությամբ.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.

4) հաստիքների կրճատման, հակակոռուպցիոն կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

8) եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

9) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

10) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը.

12) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.

13) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում.

14) սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում.

15) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրա անգործունակ, անհայտ բացակայող ճանաչվելը կամ մահացած հայտարարվելը.

4) նրա մահը.

5) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

6) նրա նկատմամբ կայացված՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման առկայությունը.

7) հրաժարականի դիմում Կառավարություն ներկայացնելը և վերջինիս կողմից այն հաստատվելը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հիվանդություն կամ ֆիզիկական արատ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարումը.

2) ի հայտ է եկել սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

3) նա խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները.

4) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.

5) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

5. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

(24-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 25. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների դասային աստիճանները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 9-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը կարող է զրկվել հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

 

Հոդված 26. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի:

4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի:

5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

7. Կրտսեր պաշտոնի երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 27. Դասային աստիճանների շնորհման ժամկետները

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Հակակոռուպցիոն կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճան:

2. Եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման հետևանքով այն ավելի բարձր է հակակոռուպցիոն կոմիտեում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցումից հետո` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`

1) ատեստավորումից հետո որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և նրան վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն:

8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո՝ 15-օրյա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.

2) սահմանված կարգով ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ.

4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն.

5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության և ապահովության.

6) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.

7) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

8) ներկայացնելու առաջարկություններ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները և նրա ընտանիքի անդամները պետության պաշտպանության ներքո են: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:

 

Հոդված 29. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է՝

 1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

 2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

 3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

 4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

 5) պահպանել ծառայողական կարգապահությունը.

 6) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

 7) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն.

 8) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.

 9) պահպանել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի համար սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 30. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

6) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

7) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրագույն խմբի երրորդ ենթախմբի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

Հոդված 31. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգևատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

Հոդված 32. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները խախտելը.

2) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.

4) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության կամ շահերի բախմանն առնչվող պահանջները չպահպանելը.

5) առաքինության ստուգման բացասական արդյունքները:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։

 

Հոդված 33. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:

 

Հոդված 34. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

8. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

9. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:

(34-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 35. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.

3) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.

4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում պաշտոնից ազատվողները:

7. Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը:

11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարի եզրակացության վրա:

12. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

14. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:

15. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

16. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:

17. Հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:

18. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:

19. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

Հոդված 36. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վերապատրաստումը և մասնակցությունը կրթական այլ ծրագրերին

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան երկու տարին մեկ անցնել վերապատրաստում:

2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տևել մինչև մեկ ամիս:

3. Ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումը՝ ենթաօրենսդրական ակտով սահմանված կարգով:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Համապատասխան թույլտվություն ստացած ծառայողի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ, ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 37. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին գործուղելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել հակակոռուպցիոն կոմիտեի կենտրոնական կամ տարածքային այլ ստորաբաժանում` վերջինիս կազմում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ենթակա չէ գործուղման, եթե, բժշկի եզրակացության համաձայն, դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելը կատարվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:

 

Հոդված 38. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 15-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.

4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա:

 

Հոդված 39. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`

1) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

2) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա հիմնական աշխատավարձը պահպանվում է:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 40. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

 

Հոդված 41. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը, գույքային վնասի հատուցումը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

3. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

5. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 (41-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 42. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արձակուրդը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության իրականացումը:

 

Հոդված 43. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը

 

1. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով:

 

Հոդված 44. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանում է Կառավարությունը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին տրվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ հակակոռուպցիոն կոմիտեում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

 

Հոդված 45. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով։

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 46. Ծառայության ստաժ հաշվարկելը

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատախազությունում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:

 

Հոդված 47. Նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները)

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված մարմինների ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ հակակոռուպցիոն կոմիտեում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:

2. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց սույն օրենքով համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

3. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

 

Հոդված 48. Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ

 

1. Սույն օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով երեսուն ինքնավար թափուր պաշտոնների համալրման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:

3. Սույն օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը:

4. Սույն օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ հնգօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի ղեկավարը դիմում է Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազություն՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար:

5. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման հետ կապված՝ սույն հոդվածով չսահմանված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների առաջին անգամ ընտրության մրցութային խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով Կառավարության սահմանած կարգով ներգրավվում է մինչև երեք միջազգային փորձագետ։ Միջազգային փորձագետների ներգրավումն իրականացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում: Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք:

8. Խորհուրդը կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է իր գործունեության աշխատակարգը, հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը։

9. Մրցութային խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ակտերը հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի միջոցով հայտարարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար մրցույթ։

10. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթը և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները։

11. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը և հաստիքացուցակը:

12. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ակտերի հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հակակոռուպցիոն կոմիտեում երեսուն ինքնավար թափուր պաշտոնները ժամանակավոր զբաղեցնելու առաջարկություն է ներկայացնում: Սույն մասով նախատեսված անձինք ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում: Այն դեպքում, երբ համաձայնություն ներկայացրած անձանց թիվը գերազանցում է երեսունը, ժամանակավոր պաշտոնի նշանակվելու նախապատվությունը տրվում է հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն հանցագործություններով նախաքննություն իրականացնող անձանց, իսկ եթե նրանց թիվը ևս գերազանցում է երեսունը՝ ավելի երկար փորձառություն ունեցող անձին, իսկ հավասար փորձառության դեպքում՝ տարիքով ավագին: Սույն մասով նախատեսված անձինք նշանակվում են հակակոռուպցիոն կոմիտեի համարժեք (բացառությամբ դրա անհնարինության դեպքի) պաշտոնների որպես պաշտոնակատար՝ պահպանելով հատուկ քննչական ծառայությունում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում ստանալու իրավունքը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու նպատակով նշանակում կատարվում է վարչապետի, իսկ մյուս ինքնավար թափուր պաշտոններում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից:

13. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Մրցութային հանձնաժողով) գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ակտերը, Մրցութային հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի կարգը և պայմանները:

14. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը:

15. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված ակտերի հաստատումից հետո՝ հնգօրյա ժամկետում, դիմում է հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակման լիազոր մարմին, գլխավոր դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանին՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորվող Մրցութային հանձնաժողովում ներգրավվելու նպատակով տասնօրյա ժամկետում հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակման լիազոր մարմնի երկու, գլխավոր դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած մեկական անդամներ նշանակելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորվող Մրցութային հանձնաժողովում ներգրավվում է նաև քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, որի ներառումն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգին համապատասխան՝ սույն մասով նախատեսված ժամկետում: Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ: Մրցույթի անցկացումն իրականացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

16. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձինք հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվելու և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից համապատասխան պաշտոնի նշանակվելու, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված անձինք ազատվում են պաշտոնից:

17. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների առաջին կազմի ընտրության նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և արդարադատության նախարարն արդարադատության ակադեմիայի ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի (դասընթացների) կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը և փորձաշրջանն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով՝ ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ երկամսյա ժամկետում:

18. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված՝ ուսումնառությունից ազատված և կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ցուցակն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, նշանակում է համապատասխան պաշտոնի: Նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն արդարադատության ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ սահմանում են սույն մասով նախատեսված անձանց վերապատրաստման կարգը և կազմակերպում վերապատրաստման գործընթացը:

19. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի դեպքում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջին չհամապատասխանող անձինք, եթե նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում, ներկայացնեն պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ: Սույն մասով սահմանված ժամկետում օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում լիազորությունները դադարեցվում են:

20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում հատուկ քննչական ծառայության գործունեությունը: (նախադասությունները հանվել են 23.03.22 ՀՕ-81-Ն)

21. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի և հաստիքացուցակի հաստատումից հետո մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով հաստիքների համալրումը հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքացիական ծառայության հաստիքները կարող են զբաղեցվել Կառավարության սահմանած ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, այդ թվում՝ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման հետևանքով քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանց շրջանակից:

22. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի հարուցման հարցի լուծումը և նախաքննության իրականացումը վերապահվում է հակակոռուպցիոն կոմիտեին։ Այլ քննչական մարմիններում գտնվող քրեական գործերը (նյութերը) ենթակա չեն փոխանցման հակակոռուպցիոն կոմիտե, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

23. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձանց նշանակումից հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:

24. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը այլ քննչական մարմիններում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերը (նյութերը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:

 (48-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.09.21 ՀՕ-325-Ն, փոփ. 23.03.22 ՀՕ-81-Ն)

 

Հոդված 49. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասներկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-147-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: