ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը ճանապարհային թերթիկ» եզրույթը սահմանող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«երթուղային թերթիկ՝ ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող՝ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին և փաստացի կատարված երթերի սկզբի ու ավարտի ժամերը.
էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման և վերահսկողության աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգ․»։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․
«8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերն ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում է էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի տեղեկատվական շտեմարաններից։ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը «ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերով։
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետը «ճանապարհային» բառից հետո լրացնել «ու երթուղային» բառերով։
Հոդված 5. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 21 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2022 թվական: