Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-394-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.12.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին

 

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 «5) չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին։ Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։».

 2) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «1-ին և 2-րդ կետերում» բառերը փոխարինել «4-րդ մասում» բառերով, «սեփական կամ վարձակալած» բառերը՝ «գրանցված» բառով, իսկ «տեղեկությունները» բառը՝ «տվյալները» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Լրատվական գործունեություն իրականացնող լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման, եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները։ Լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում՝

1) «ելույթի» բառից հետո լրացնել «հրապարակման» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն կետով նախատեսված դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից։»։

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝

 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը».

  

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 «4. Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի՝

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական հաշվառման համարը:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից, հովանավորների հատկացրած գումարներից կամ նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը, ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է), իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների։»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-394-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան