ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.»:
Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված լիազորության նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իրականացնում է մասնագիտական հսկողություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. նոյեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: