Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.05.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.05.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը «քաղաքական չեզոքություն» բառերից հետո լրացնել «, քաղաքական զսպվածություն» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․

«3. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք չունի կրելու կուսակցական պատկանելությունը խորհրդանշող նշաններ։»։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով․

 

 «Հոդված 27.1. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը

 

1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։

2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը։

3. Հանրային ծառայողներն իրավունք ունեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով մասնակցելու նախընտրական քարոզչությանը՝ պահպանելով քաղաքական զսպվածությունը։

4. Հանրային ծառայողները քաղաքական կամ հանրային քննարկումներին, միջոցառումներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելիս իրավունք չունեն հանդես գալու ի պաշտոնե կամ նշելու իրենց պաշտոնեական դիրքի, կոչման մասին կամ որևէ կերպ օգտագործելու պաշտոնի հեղինակությունը որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի օգտին։

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կիրառվում ընտրություններին որպես թեկնածու հանդես եկող հանրային ծառայողների նկատմամբ։

6. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ծառայողի՝ որպես պաշտոնատար անձի մասնակցությունը քաղաքական բնույթի քննարկումներին պետք է կրի բացառապես տեղեկատվական բնույթ և արտահայտի պաշտոնական դիրքորոշումը։»։

 

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ոչ ծառայողական» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նախընտրական քարոզչության» բառերով։

 

 Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-206-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: