Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-180-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.04.2021-06.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.373
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.03.2018
Дата вступления в силу
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին իրավական ակտի ընդունում:

3. Սույն օրենքի 2-րդ և 3-րդ գլուխների գործողությունը չի տարածվում Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերի վրա:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

2) օրենսդրական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ.

3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.

4) օրենսգիրք` օրենք, որը միավորում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը.

5) անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց.

6) ներքին (լոկալ) իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.

7) օրենսդրություն՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն.

8) համատեղ նորմատիվ իրավական ակտ` օրենքով ուղղակի նախատեսված դեպքում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող երկու կամ ավելի մարմինների համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտ.

9) կարգավորման ազդեցության գնահատում` նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքով հնարավոր փոփոխությունների վերլուծություն, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` Կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվություն.

10) հանրային քննարկում` իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց:

(2-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 3. Հանրային քննարկումների ներկայացվող նախագծերը

 

1. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:

2. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ:

 

Հոդված 4. Հանրային քննարկումներին ներկայացվող պահանջները

 

1. Հանրային քննարկումը կազմակերպում են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:

2. Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է:

3. Հանրային քննարկումներն անցկացվում են սույն հոդվածով սահմանված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:

4. Հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են:

5. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Կառավարություն ներկայացված նախագիծը Կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:

6. Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-2-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 5. Նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը

1. Կառավարության սահմանած կարգով և դեպքերում օրենքի կամ Կառավարության որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

2. Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված և Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագիծը կարող է Կառավարության կամ Վարչապետի հանձնարարությամբ ենթարկվել կարգավորման ազդեցության գնահատման:

3. Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները

1. Պետական-իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննություն) իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից, որից հետո տրվում է եզրակացություն:

3. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:

5. Փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:

6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:

7. Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը փորձագիտական եզրակացություն չի տալիս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կամ չի երկարաձգում եզրակացության տրամադրման ժամկետը, ապա ակտն ընդունող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել հրապարակման` առանց փորձագիտական եզրակացության:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-2-Ն, փոփ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 7. Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը

 

1. (մասն ուժը կորցրել է 19.04.21 ՀՕ-175-Ն)

2. Փորձաքննության չեն ենթարկվում պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանը, Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի և բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը սահմանելուն ուղղված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը, պետական և համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաև բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ, կամ առկա է դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն, ապա Կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման և ֆինանսական գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ որոշումները չուղարկել պարտադիր փորձաքննության:

3. Փորձաքննության չեն ենթարկվում հանրաքվե կամ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընտրությունների ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

4. Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերը:

(7-րդ հոդվածը լրաց. 29.04.20 ՀՕ-239-Ն, փոփ., լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 8. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունը

1. Եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվածների, տրվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո այն ընդունում և ուղարկում է պաշտոնական հրապարակման: Փորձաքննության բացասական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում ակտը կարող է ուղարկվել հրապարակման` գրավոր տեղյակ պահելով նախարարությանը:

2. Եթե փոխվարչապետի, նախարարի կամ պետական կառավարման համակարգի այլ մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել պաշտոնական հրապարակման` փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո: Փորձաքննության բացասական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կարող է նախագիծը և բացասական եզրակացությունը ներկայացնել վարչապետի քննարկմանը: Վարչապետի` փորձաքննության բացասական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն կարող է ուղարկել հրապարակման՝ գրավոր տեղյակ պահելով նախարարությանը վարչապետի դիրքորոշման մասին:

3. Եթե նախարարությունը գտնում է, որ հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Սահմանադրության կամ սույն օրենքի պահանջներին, ապա դիմում է դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Նորմատիվ իրավական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

3. Համատեղ ընդունվող նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ կիրառվում են օրենքի լիազորող նորմում որպես ընդունող մարմին առաջինը նշված իրավաստեղծ մարմնի` նորմատիվ իրավական ակտին ներկայացվող պահանջները:

 

Հոդված 10. Նորմատիվ իրավական ակտի լեզուն

 

1. Նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով:

2. Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ:

3. Նորմատիվ իրավական ակտերով սահմանվող ձևաթղթերը կարող են շարադրվել օտար լեզվով կամ հայերենով՝ օտար լեզվի զուգորդմամբ:

4. Կառավարության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող են շարադրվել նաև օտար լեզվով:

(10-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 11. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները

 

1. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններն են`

1) ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը.

2) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) վերնագիրը.

4) հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին.

5) տեսակի անվանումը.

6) ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:

 

Հոդված 12. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը

 

1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

2. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով, և վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

3. Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:

4. Նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միևնույն վերնագիրը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի վերնագրերի:

5. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:

 

Հոդված 13. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը

 

1. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում և չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաև այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:

2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաև`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

7. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձևով` սույն օրենքով սահմանված կարգով:

8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

9. Նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով: Հավելվածներն առանց տվյալ նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը հղում են պարունակում այդ հավելվածներին:

(13-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 14. Նորմատիվ իրավական ակտի մասերը, դրանց համարակալումը և վերնագրերը

1. Օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր և հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր և հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: Ընդհանուր և հատուկ մասերը չեն համարակալվում: Ընդհանուր և հատուկ մասերի վերնագրերն են համապատասխանաբար` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ» և «ՀԱՏՈՒԿ ՄԱՍ»: Վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

5. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով:

6. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում բովանդակությամբ համասեռ կետերը կարող են միավորվել գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում:

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագիր չեն ունենում:

9. Ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների և բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, և վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

11. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջև համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

12. Նորմատիվ իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:

(14-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 15. Նորմատիվ իրավական ակտում հասկացությունների և տերմինների կիրառումը

1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:

4. Նույն նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացության կամ տերմինի բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքում կիրառվում է հասկացության կամ տերմինի այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:

 

Հոդված 16. Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը

1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

2. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

4. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:

5. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

6. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, և այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, ապա այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:

7. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

8. Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

 

Հոդված 17. Նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառումը

 

1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:

2. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ: Հղումները նորմատիվ իրավական ակտի հոդվածներում, մասերում, կետերում, ենթակետերում, պարբերություններում նորմատիվ իրավական այլ ակտի հոդվածներին, մասերին, կետերին, ենթակետերին, պարբերություններին, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին կիրառվում են նաև, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը:

3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը, փոփոխություններից կամ լրացումներից բացի, պարունակում է հիմնական իրավական ակտում չպարունակվող այլ նորմեր` այդ նորմերի մասով:

4. Հղումները կատարվում են հստակ և ուղղակի:

5. Արգելվում է կատարել`

1) անորոշ հղումներ, մասնավորապես միևնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը.

2) շրջանաձև հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին.

3) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:

6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:

7. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մասերին հղում կատարելիս նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի, ենթակետի կամ պարբերության համարը:

8. Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:

9. Եթե օրենսդրական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ապա ընդունվող օրենսդրական ակտում կոնկրետ նշվում է դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը:

 

Հոդված 18. Նորմատիվ իրավական ակտի անվանումը և դրա հիշատակումը

1. Սահմանադրության փոփոխության անվանումը հիշատակելիս կամ այլ իրավական ակտում նշելիս, հղումներ կատարելիս (այսուհետ` հիշատակելիս) դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և «փոփոխություններ» բառը:

2. Սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «սահմանադրական օրենք» բառը: Սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը:

3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

4. Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:

5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

6. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը, բնույթը և տեսակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը և տեսակը:

(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 19. Նորմատիվ իրավական ակտի հերթական (գրանցման) համարը և բնույթը նշելը

1. Նորմատիվ իրավական ակտի հերթական (գրանցման) համարը սահմանում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համարակալվում են միայն ամբողջ թվերով:

2. Նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին: Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:

(19-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 20. Նորմատիվ իրավական ակտի տեքստի ստորագրումը

 

1. Ընդունված նորմատիվ իրավական ակտերն ստորագրում է Սահմանադրությամբ կամ օրենքով այդպիսի լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Ստորագրությունը դրվում է նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և ընդունման վայրը:

 

Հոդված 21. Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ

 

1. Նորմատիվ իրավական ակտում բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների տեսքով:

2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ:

3. Արգելվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսվածների:

4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

5. Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը և ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը և դրա հոլովաձևերը գրվում են ամբողջությամբ:

6. Նորմատիվ իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը: Եթե ժամկետը նշված է ամսաթվերով, ապա ժամկետի վերջին օրը ևս պետք է հաշվարկվի այդ ժամկետում: Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: Ժամերը գրվում են թվերով` քսանչորսժամյա ռեժիմով: Ժամերը նշելիս ժամը և րոպեն արտահայտող թվերի միջև դրվում է երկու կետ, իսկ դրանցից առաջ նշվում է «ժամը» բառը:

7. Իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

 

Հոդված 22. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը

1. Օրենսդրության պաշտոնական թարգմանությունը հայերենից օտար լեզու իրականացնում է նախարարությունը:

2. Պաշտոնական թարգմանությամբ նորմատիվ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաև թարգմանությունը կատարած մարմնի անվանումը:

3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է Կառավարության սահմանած՝ պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը:

4. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 23. Նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

3. Նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համար ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, քան նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու համար: Եթե նորմատիվ իրավական ակտի որոշակի մասով այլ ժամկետում ուժի մեջ մտնելու համար նորմատիվ իրավական ակտը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում մասնակի: Այս դեպքում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնելու այլ ժամկետում:

3.1. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու պահից:

4. Անհետաձգելի համարվող օրենքները կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:

5. Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

6. Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

7. Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:

(23-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 24. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը

(վերնագիրը խմբ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

 

1. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

2. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թարգմանվելուց հետո Կառավարության սահմանած իրավասու մարմնի կողմից ուղարկվում են հրապարակման:

3. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը:

(24-րդ հոդվածը խմբ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 25. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը

1. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:

2. Պաշտոնական հրապարակման օրը ակտի վերջնական խմբագրությամբ ընդունված կամ ստորագրված, հրապարակման ենթակա ամբողջական տեքստն առաջին անգամ միասնական կայքում հրապարակելու օրն է:

3. Նախարարությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակելը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան:

4. Պաշտոնական հրապարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման: Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած նորմատիվ իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում:

5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:

6. Նորմատիվ իրավական ակտերն ընդունող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգը, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:

 

Հոդված 26. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառումը և պահպանումը

 

1. Նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը պարտավոր է սահմանված կարգով իրականացնել իր կողմից ընդունված իրավական ակտերի ներքին հաշվառում և պահպանում:

2. Ընդունող մարմինը հաշվառված նորմատիվ իրավական ակտերը պահում է անժամկետ:

3. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառումը և պահպանումն իրականացվում են ընդունող մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 27. Նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը

 

1. Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Արգելվում է նորմատիվ իրավական ակտով նախատեսել հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ:

3. Նորմատիվ իրավական ակտերի ընդունման իրավասության փոխանցումն այլ մարմինների արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ 5.1

(գլուխը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 27.1. Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումների և դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, հանրային քննարկման և այդ ակտերն ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները

 

1. Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերը, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա չեն պարտադիր փորձաքննության և հանրային քննարկման: Ընդ որում, սույն մասում նշված նախագծերը դրանք մշակող կամ ընդունող մարմնի նախաձեռնությամբ կարող են դրվել հանրային քննարկման՝ այդ մարմինների սահմանած ժամկետով:

2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված կարգով հրապարակվելուց հետո` անմիջապես, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

3. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ակտն ընդունած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակումից հետո նույն օրն ուղարկվում են պաշտոնական հրապարակման:

5. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես, դրանցով նախատեսված լինելու դեպքում:

6. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:

7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այն իրավական ակտերը, որոնք պայմանավորված են ռազմական կամ արտակարգ դրությամբ, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ, ուժի մեջ են մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ, ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

(վերնագիրը փոփ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

 

Հոդված 28. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ

1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

3. Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

4. Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 29. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածության մեջ

1. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա, եթե այլ բան սահմանված չէ այդ նորմատիվ իրավական ակտով, կամ դրա էությունից չի բխում, որ դրա գործողությունը տարածվում է միայն որոշակի տարածքի վրա:

 

Հոդված 30. Նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը

 

1. Նորմատիվ իրավական ակտը գործում է անժամկետ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտով այլ գործողության ժամկետ նախատեսված չէ:

2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ նորմատիվ իրավական ակտի կամ դրա առանձին մասերի համար: Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ

 

Հոդված 31. Նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետի որոշումը

1. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, օրերով և ժամերով:

2. Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:

3. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

5. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

6. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և հավասար է 15 օրվա:

7. Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:

8. Եթե ժամկետի ավարտը պայմանավորված է վրա հասած իրադարձությամբ, ապա այն ավարտված է համարվում վրա հասած իրադարձության օրվան հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի ավարտը:

9. Եթե կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետների հաշվարկման կարգը:

10. Եթե ժամկետի հաշվարկը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ պայմանավորված իրադարձության վրա հասնելու փաստով, ապա այդ մարմինը պարտավոր է իրադարձության վրա հասնելու մասին տեղեկատվությունը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:

 

Հոդված 32. Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը

 

1. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն:

2. Եթե այդ գործողությունը պետք է կատարվի որևէ կազմակերպությունում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ մարմնում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

3. Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված:

4. Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 33. Նորմատիվ իրավական ակտի փոփոխությունները և լրացումները

1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են նորմատիվ իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով և առաջացնում են իրավական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետևանքներ:

3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

 

Հոդված 34. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընդհանուր կանոնները

1. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:

2. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով:

3. Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին):

4. Եթե նորմատիվ իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

5. Սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

6. Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում:

7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտով:

 

Հոդված 35. Նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցումը

 

1. Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողությունը կարող է կասեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 36. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը

 

1. Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է`

1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:

2. Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

3. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցմամբ դադարեցվում է նաև այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

4. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման մասին նորմատիվ իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

5. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը այն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը կատարում է նույն տեսակի կամ բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է համապատասխան օրենքով:

6. Սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, բացառությամբ այդ մասով հաստատված հավելվածի:

7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ նորմատիվ իրավական ակտով:

(36-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 37. Նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ:

2. Ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրանալու, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ նորմատիվ իրավական ակտը համարվում է ուժը կորցրած: Նման դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ չի ընդունվում:

3. Եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Ազգային ժողովի և հանրաքվեով ընդունված օրենքների, պարտավոր է իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, եթե ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում դրա նորմատիվ իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում իրավական ակտն ընդունող մարմնի լուծարման պահից, եթե իրավաստեղծ մարմնի գործունեության դադարեցման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 38. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex ոսոc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կարող է կորցնել այդ իրավական ակտի ընդունման պահից, իսկ այն դեպքում, երբ անվավերության հիմքն առաջացել է նորմատիվ իրավական ակտն ընդունելուց հետո, ապա անվավերության հիմքի առաջացման պահից (ex tսոc)` հանրային շահերի պաշտպանությունից ելնելով` անվավեր ճանաչելու մասին ակտով ուղղակիորեն նախատեսելու դեպքում:

4. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով լուծվում են`

1) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցերը.

2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.

3) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

5. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա իրենց տրամադրված իրավունքներից, ազատություններից, արտոնություններից օգտվելու հետևանքով պետությանը կամ համայնքին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել:

 

Հոդված 38.1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլևս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը:

(38.1-ին հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈԼԻԶԻԱՆԵՐԻ) ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 39. Իրավունքի և օրենքի անալոգիայի (համանմանության) կիրառումը

1. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):

2. Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության և օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները կամ տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի անալոգիա):

3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:

4. Օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:

 

Հոդված 40. Իրավական կոլիզիաների լուծման կանոնները

 

1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

(40-րդ հոդվածը փոփ. 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ

 

Հոդված 41. Նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանումը

 

1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

Հոդված 42. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը և պարզաբանման իրավասու մարմինները

1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:

2. Օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը, բացառությամբ հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտի կամ Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների, որոնք տրամադրում է Կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը՝ իր սահմանած կարգով: Սույն մասում նշված ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են Կառավարության որոշմամբ: Մեկ բնագավառի վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին, կամ պարզաբանում կարող են տալ մի քանի իրավասու մարմիններ` համատեղ: Մեկ հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տրվել միայն մեկ անգամ, եթե նախկինը հետ չի կանչվել:

3. Սահմանադրությամբ սահմանված մարմինները տալիս են իրենց ոլորտային օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանումը, բացառությամբ դատական համակարգի մարմինների:

4. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալիս են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինները, բացառությամբ Ազգային ժողովի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի:

4.1. Դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:

5. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը կարող է իրականացվել պարզաբանող մարմնի նախաձեռնությամբ, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա:

6. Պաշտոնական պարզաբանում ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր դիմումում նշում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերով պարզաբանում ստանալու անհրաժեշտության մասին` նշելով առաջադրված հարցերի իրավական հիմքերը, սեփական շահագրգռվածությամբ` այն իրավիճակը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ստանալու պարզաբանում, ինչպես նաև հարցի պարզաբանման իր տարբերակը:

7. Պաշտոնական պարզաբանումը տրվում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել ևս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում պաշտոնական պարզաբանում չստանալու դեպքում դիմող անձն իրավասու է նորմատիվ իրավական ակտի պահանջներն իրականացնելիս առաջնորդվելու իր ներկայացրած պարզաբանման տարբերակով:

(42-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-340-Ն, 19.04.21 ՀՕ-175-Ն)

(19.04.21 ՀՕ-175-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Հոդված 43. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը և դրա հրապարակումը

 

1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը ունենում է ընդունման օր (ամսաթիվ, ամիս, տարեթիվ), հերթական համար և վերնագիր:

2. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

3. Ներածական մասում նշվում են պարզաբանող մարմնի անվանումը, նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որում ամրագրված է պարզաբանվող դրույթը, սույն օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքը: Նկարագրական մասում տրվում է իրավական նորմի բովանդակությունը: Պատճառաբանական մասում նշվում է եզրահանգումներին հասնելու հիմնավորումը կամ հետևություններին հանգելու ընթացքը, եզրափակիչ մասում` իրավական նորմի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը:

4. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտն ստորագրում է համապատասխան մարմնի ղեկավարը:

5. Պաշտոնական պարզաբանման ակտի մեկ օրինակը դրա ստորագրման օրվան հաջորդող օրն ուղարկվում է սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերի համար նախատեսված պաշտոնական հրապարակման:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելուց հետո պաշտոնական պարզաբանումը պարտադիր բնույթ չունի, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվելու պաշտոնական պարզաբանումով, իսկ պաշտոնական պարզաբանում տված իրավասու մարմինը պարտավոր է առաջնորդվել իր տված պարզաբանումով:

7. Պարզաբանում տված իրավասու մարմինն իրավունք ունի հետ կանչելու պաշտոնական պարզաբանումը և այն փոխարինելու նոր պարզաբանմամբ, եթե տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն:

8. Դրույթի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը կարող է կիրառվել մինչև համապատասխան նորմատիվ դրույթի փոփոխությունը կամ գործողության դադարեցումը, եթե իրավասու մարմինը հետ չի կանչել:

 

Հոդված 44. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման հետևանքները

 

1. Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար դիմում ներկայացրած անձն առաջնորդվել է սույն օրենքի պահանջների պահպանմամբ տրված պաշտոնական պարզաբանմամբ, ապա այդ պարզաբանման և իրավասու մարմնի` հետագայում տված պարզաբանման միջև հակասության կամ իր նկատմամբ գործողություններ կատարելիս, որոշումներ կայացնելիս դրանով չառաջնորդվելու դեպքում անձն ազատվում է սխալ պարզաբանման հետևանքով թույլ տրված խախտումների համար նախատեսված պատասխանատվությունից:

2. Իրավասու մարմինների տված պաշտոնական սխալ պարզաբանման հետևանքով պատճառված վնասի համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. Եզրափակիչ մաս

 

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

(45-րդ հոդվածը փոփ. 10.06.19 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 46. Անցումային դրույթներ

 

1. Այն նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել: Սույն մասով նախատեսված ակտերի գործողությունը կարող է դադարեցնել այդ ակտերով սահմանված հարաբերությունները կարգավորելու իրավասություն ունեցող մարմինը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընդունված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ համապատասխան տեղեկագրերում պարբերական հրատարակությունների միջոցով: Սույն մասում նշած ժամկետում ընդունված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանց ամբողջական տեքստը համապատասխան տեղեկագրերում առաջին անգամ հրատարակման (լույսընծայման) կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը: Տեղեկագրերի հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

3. Մինչև սույն օրենքի 25-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

(46-րդ հոդվածը փոփ. 10.06.19 ՀՕ-62-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-180-Ն