Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-218-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2020-01.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1370
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.12.2006
Дата вступления в силу
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 04.03.20 ՀՕ-148-Ն)

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և այդ նյութերին այլընտրանք հանդիսացող ջերմոցային գազերի՝ հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:

 

Հոդված 2.

 Կարգավորվող նյութերի մասին օրենսդրությունը

 

1. Կարգավորվող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) օզոնային շերտ` մոլորակի սահմանամերձ շերտից վերև գտնվող մթնոլորտային օզոնի շերտը.

2) օզոնային շերտը քայքայող նյութեր` քիմիական նյութեր, որոնք ցուցաբերում են կամ ունակ են ցուցաբերելու ոչ բարենպաստ ազդեցություն օզոնային շերտի վրա` մաքուր վիճակում կամ խառնուրդներում, որոնց միավոր զանգվածում օզոն քայքայող մաքուր նյութերի քանակը մեկ տոկոսից ավելի է.

3) ՀՖԱ (հիդրոֆտորածխածիններ)՝ ջերմոցային գազեր, որոնք չեն հանդիսանում օզոնային շերտը քայքայող նյութեր, չունեն օզոնաքայքայիչ ներուժ.

4) կարգավորվող նյութեր՝ օզոնային շերտը քայքայող նյութերը և ՀՖԱ-ները.

5) կողմ հանդիսացող երկիր` երկիր, որը վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և դրանց շրջանակներում կնքված միջազգային այլ պայմանագրեր.

6) կողմ չհանդիսացող երկիր` երկիր, որը չի վավերացրել «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և դրանց շրջանակներում կնքված միջազգային այլ պայմանագրեր.

7) ընդհանուր չափաքանակ (քվոտա)` կարգավորվող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր քանակությունը՝ ըստ տարիների.

8) անհատական չափաքանակ (քվոտա)` յուրաքանչյուր ներմուծողին կարգավորվող նյութերի (նյութի) ներմուծման թույլատրվող քանակություն տվյալ տարվա համար.

9) առաքման թույլտվություն` կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման համար ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ տեղափոխում իրականացնող հայտատուին տրամադրվող փաստաթուղթ (լիցենզիա, եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)), որով թույլատրվում է այդ նյութերի ներմուծումը կամ արտահանումը կամ տարանցիկ տեղափոխումը, եթե նման գործարքը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին.

10) հայտատու` կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման գործարք կատարելու նպատակով լիազոր պետական մարմին հայտ ներկայացրած իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը.

11) հայտ` կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման գործարք կատարելու մասին դիմում, որը ներառում է ներմուծման, արտահանման կամ տարանցիկ տեղափոխման երկրների անվանումները և տվյալներ հայտատուի և նրա կողմից ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման ենթակա կարգավորվող նյութերի անվանումների, քանակների, գործարքի իրականացման ժամկետների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 4.

Կառավարության իրավասությունները

 

1. Կարգավորվող նյութերի գործածման բնագավառում Կառավարության իրավասություններն են`

1) կարգավորվող նյութերի ցանկի հաստատումը.

2) կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը.

3) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգի հաստատումը.

4) առաքման թույլտվության տրամադրման կարգի ու ձևի հաստատումը.

5) կարգավորվող նյութերի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ տեղափոխմանը վերաբերող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.

6) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության իրականացման ապահովումը.

7) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգի հաստատումը:

 

Հոդված 5.

Լիազոր պետական մարմնի իրավասությունները

 

1. Կարգավորվող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմնի իրավասություններն են`

1) կարգավորվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը.

2) կարգավորվող նյութերի քանակությունների և փաստաթղթերի հաշվառումը.

3) կարգավորվող նյութերի անհատական չափաքանակների սահմանումը.

4) կարգավորվող նյութերի առաքման թույլտվությունների տրամադրումը` ներկայացված հայտերի հիման վրա.

5) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության մշակումը.

6) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության ձևի հաստատումը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 6.

Կարգավորվող նյութերի գործածման նկատմամբ արգելքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`

1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը.

2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ տեղափոխումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր.

3) ՀՖԱ-ների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են սույն կետում նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են սույն կետում նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր:

(6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ կմտնի 01.01.2033 թվականին` համաձայն 04.03.20 ՀՕ-148-Ն օրենքի 2-րդ հոդվածի:)

 

Հոդված 7.

 Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների սահմանման սկզբունքներն ու կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների:

2. Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի:

3. Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ:

 

Հոդված 8.

Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգը

 

1. Մեկից ավելի կարգավորվող նյութերի ներմուծման համար ներկայացված հայտի դեպքում դրանց թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով` ըստ առանձին նյութերի:

2. Կարգավորվող նյութերի ներմուծման համար սահմանված անհատական չափաքանակների հիման վրա լիազոր պետական մարմինը հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն:

3. Հայտատուն իրավունք ունի լիազոր պետական մարմնի սահմանած անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության կարգավորվող նյութեր ներմուծելու Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող կարգավորվող նյութերի քանակության մասին տեղեկացնելով լիազոր պետական մարմնին: Չտեղեկացնելու դեպքում ներմուծողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

4. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը պետական լիազոր մարմին են ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն:

5. Կարգավորվող նյութերի առաքման թույլտվության համար գանձվում (վճարվում) է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիազոր մարմինը առաքման թույլտվության տրամադրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է առաքման թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

9. Առաքման թույլտվությունն ուժի մեջ է մտնում առաքման թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

10. Առաքման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9.

Կարգավորվող նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ տեղափոխումը

 

1. Մաքսային մարմինները կարգավորվող նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ տեղափոխումը թույլատրում են Կառավարության հաստատած ձևի առաքման թույլտվության առկայության դեպքում:

2. Առաքման թույլտվությունը տրամադրվում է Կառավարության սահմանած կարգի համաձայն: Առաքման թույլտվության տրամադրումը մերժվում է՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով.

2) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

3) եթե առաքման թույլտվության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.

4) ներմուծման անհատական չափաքանակների սպառման դեպքում:

3. Կարգավորվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման մասին մաքսային մարմինները տեղեկատվություն են ներկայացնում լիազոր պետական մարմին տվյալ գործարքի իրականացման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, որը ներառում է`

1) ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման մասին տվյալները.

2) ներմուծված կամ արտահանված կամ տարանցիկ տեղափոխման ենթարկված կարգավորվող նյութերը, դրանց քանակները և իրականացված գործարքի ժամանակահատվածը.

3) արտահանման և ներմուծման երկրների անվանումները.

4) ներմուծում կամ արտահանում կամ տարանցիկ տեղափոխում իրականացրած անձի տվյալները:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 10.

Կարգավորվող նյութերի հաշվառման կարգը

 

1. Հաշվառման ենթակա են`

1) կարգավորվող նյութերի ներմուծման համար սահմանված ընդհանուր չափաքանակները` ըստ առանձին նյութերի.

2) կարգավորվող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ տեղափոխման գործարք կատարելու մասին հայտերը.

3) կարգավորվող նյութերի ներմուծման սահմանված անհատական չափաքանակները և դրանց մնացորդային քանակությունները` ըստ առանձին նյութերի.

4) կարգավորվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման առաքման թույլտվությունները.

5) կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված՝ օզոնային շերտը քայքայող նյութերի քանակություններն ու փաստաթղթերը հաշվառում է լիազոր պետական մարմինը, իսկ 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը հաշվառում են նաև մաքսային մարմինները` Կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11.

Սույն օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողությունը

 

1. Սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 12.

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

1. Սույն օրենքով սահմանված պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 13.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված և օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված առաքման թույլտվությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ պահին գործող իրավական ակտերով:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, օզոնային շերտի պահպանության բնագավառի գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

(Սույն օրենքը 04.03.20 ՀՕ-148-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ է մտնում 11.04.2020 թվականին:)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2023, ՀՕ-398-Ն 01.01.2024, ՀՕ-218-Ն
04.03.2020, ՀՕ-148-Ն 11.04.2020, ՀՕ-218-Ն
29.06.2016, ՀՕ-125-Ն 06.08.2016, ՀՕ-218-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան