Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-235-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.5
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2017
Дата вступления в силу
06.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է: Ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը, նրանց ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ, ճարտարապետական գործունեությունում բնական կամ քաղաքային միջավայրի և պատմական ժառանգության առանձնահատկությունները հաշվի առնելը հանրային կարևորություն ունեն: Գործնականում նշված գործոնների ապահովման պատասխանատուն ճարտարապետն է: Սույն օրենքի նպատակն է ստեղծել բավարար իրավական երաշխիքներ հանրային կարևորության նշված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով ճարտարապետին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով, փորձառությամբ և հմտություններով օժտելու, ինչպես նաև նրա մոտ համապատասխան հանրային պատասխանատվություն ստանձնելու ունակություններ ձևավորելու համար:

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները, ճարտարապետի իրավունքներն ու պարտականությունները ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելիս:

 

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ճարտարապետ՝ բարձրագույն ճարտարապետական կրթություն ունեցող ֆիզիկական անձ.

2) արտոնագրված ճարտարապետ՝ սույն օրենքով սահմանված կարգով ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու արտոնագիր ունեցող ճարտարապետ.

3) ճարտարապետական մասնագիտական գործունեություն (այսուհետ` ճարտարապետական գործունեություն)՝ ճարտարապետի արտոնագրված մասնագիտական գործունեություն, որի նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը, դրանցում ներառված բոլոր հարակից մասնագիտական բաժինների մշակման համակարգումը, ճարտարապետաշինարարական նախագծերի իրականացման ընթացքի հեղինակային հսկողությունը, ինչպես նաև այլ ճարտարապետի մշակած նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալը.

4) արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտոր՝ շինարար-ճարտարագետի բարձրագույն կրթություն և սույն օրենքով սահմանված կարգով ճարտարագետ-կոնստրուկտորի գործունեություն իրականացնելու արտոնագիր ունեցող ֆիզիկական անձ.

5) արտոնագիր՝ սույն օրենքով սահմանված կարգով ճարտարապետի կամ ճարտարագետ-կոնստրուկտորի ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

6) ճարտարապետական ծառայություն՝ պայմանագրային հիմունքներով պատվիրատուի սահմանած պատվերի կատարմանն ուղղված ճարտարապետական գործունեություն, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրականացում.

7) ճարտարապետի մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոններ՝ ճարտարապետի բարոյական և մասնագիտական վարքագծի չափանիշների համակարգ՝ հիմնված ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության ու մասնագիտական կատարելագործման, ինչպես նաև հանրության, գործընկերների և այլոց իրավունքների և օրինական շահերի ճանաչման սկզբունքների վրա.

8) ճարտարապետների պալատի գրանցամատյան՝ տվյալների շտեմարան, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատին անդամագրված անձանց վերաբերյալ.

9) լիազորված մարմին՝ քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին:

 

Հոդված 3. Ճարտարապետական գործունեության օբյեկտները

 

1. Ճարտարապետական գործունեության օբյեկտներն են ճարտարապետի կողմից կամ նրա մասնակցությամբ և (կամ) նրա համակարգմամբ մշակված` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը և ճարտարապետաշինարարական նախագծերի հիման վրա կառուցապատվող շենքերն ու շինությունները (այսուհետ` օբյեկտ):

 

Հոդված 4. Ճարտարապետական ծառայության վճարովիությունը

 

1. Ճարտարապետական ծառայության վճարի չափն ու վճարման կարգը սահմանվում են ճարտարապետի և կառուցապատողի (պատվիրատուի) միջև կնքված պայմանագրով:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը հաշվարկվում է լիազորված մարմնի գերատեսչական ակտով սահմանված կարգով:

3. Առանց արտոնագրի ճարտարապետական ծառայություն կարող է մատուցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված բացառությունների շրջանակում:

 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

 

Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գործունեությունը

 

1. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը (այսուհետ` Պալատ) մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

2. Պալատն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալու դրա մասնակից:

3. Պալատը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:

4. Պալատի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:

5. Պալատի լրիվ անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը:

6. Կազմակերպություններն իրավունք չունեն իրենց անվանման մեջ օգտագործելու «ճարտարապետների պալատ» բառակապակցությունը, դրա հոլովաձևերը, ինչպես նաև բառակապակցության օտարալեզու իմաստային թարգմանությունները, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի» կողմից ստեղծվող կազմակերպությունների:

7. Պալատը`

1) մշակում և հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնները (այսուհետ` էթիկայի կանոններ).

2) հսկողություն է իրականացնում իր անդամների կողմից ճարտարապետի էթիկայի կանոնների և Պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.

3) վարում է Պալատի անդամների գրանցամատյանները.

4) կազմակերպում է ճարտարապետների մասնագիտական որակավորման գործընթացը.

5) կազմում և վարում է ճարտարապետների և նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանշային ցուցակները.

6) կազմակերպում է իր անդամների մասնագիտական վերապատրաստումը, մշակում արտոնագրված ճարտարապետների շարունակական ուսուցման ծրագրեր և դրանց իրականացման համակարգ.

7) ներկայացնում և պաշտպանում է իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ:

8. Պալատը կարող է`

1) մշակել պայմանագրերի օրինակելի ձևեր, աշխատանքների ու ծառայությունների գնահատման մեթոդաբանություն, ճարտարապետական գործունեության իրականացման հետ կապված այլ փաստաթղթեր.

2) իրականացնել իր և իր անդամների մասնագիտական գործունեության հետ կապված ռիսկերի, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

3) անցկացնել ճարտարապետական մրցույթներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հանդիսություններ ու այլ միջոցառումներ.

4) աջակցել մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և միջավայրում ծրագրվող ճարտարապետական միջամտությունների վերաբերյալ հանրային իրազեկումներին, նպաստել քաղաքաշինության հարցերում հանրային իրավագիտակցության մշակույթի բարձրացմանը.

5) սահմանել և շնորհել Պալատի պարգևներ.

6) մասնագիտական եզրակացություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում քննարկվող՝ քաղաքաշինության օրենսդրությանն առնչվող նախագծերի վերաբերյալ, մասնակցել ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը և քննարկմանը.

7) հրատարակել թերթեր, ամսագրեր.

8) անդամագրվել միջազգային մասնագիտական կազմակերպություններին և համագործակցել այլ երկրների ու միջազգային ճարտարապետական համապատասխան կառույցների հետ.

9) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

 

Հոդված 6.

Պալատի մարմինները

 

1. Պալատի մարմիններն են`

1) Պալատի ընդհանուր ժողովը.

2) Պալատի խորհուրդը.

3) Պալատի նախագահը.

4) Պալատի որակավորման հանձնաժողովները.

5) Պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հանձնաժողովներ:

2. Պալատի մարմինների լիազորությունները, դրանց կազմավորման և գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ։

3. Պալատի մարմինների լիազորությունների ժամկետը չորս տարի է:

4. Պալատի մարմինների ընդունած որոշումները պարտադիր են Պալատի անդամների համար:

5. Պալատի գույքը ձևավորվում է Պալատի անդամների անդամավճարներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից:

6. Պալատի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է պարտադիր աուդիտի՝ Պալատի խորհրդի ընտրած անկախ աուդիտորի կողմից` Պալատի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ:

 

Հոդված 7. Պալատի ընդհանուր ժողովը

 

1. Պալատի ընդհանուր ժողովը Պալատի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է տարեկան կամ արտահերթ գումարումների միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Պալատի անդամների կեսից ավելին: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Ընդհանուր ժողովը գումարվում է Պալատի խորհրդի որոշմամբ: Արտահերթ ժողով կարող է գումարվել Պալատի անդամների մեկ քառորդի պահանջով:

3. Ընդհանուր ժողովը`

1) հաստատում է Պալատի կանոնադրությունը և ճարտարապետի մասնագիտական էթիկայի կանոնները.

2) ընտրում է Պալատի նախագահ և Պալատի խորհրդի անդամներ, ինչպես նաև Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում է նրանց լիազորությունները.

3) սահմանում է հանձնաժողովների թվակազմը և ընտրում դրանց անդամներին.

4) սահմանում է Պալատի անդամավճարի չափը և վճարման պարբերականությունը.

5) հաստատում է Պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը` Պալատի նախագահի ներկայացմամբ.

6) հաստատում է Պալատի տարեկան բյուջեն` Պալատի նախագահի ներկայացմամբ.

7) Պալատի անդամին զրկում է անդամությունից` Պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

8) լուծում է Պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

4. Պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 8. Պալատի խորհուրդը

 

1. Պալատի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Պալատի գործադիր մարմինն է:

2. Խորհուրդը կազմված է Պալատի նախագահից և Խորհրդի անդամներից:

3. Խորհրդի անդամների ընդհանուր քանակը սահմանվում է Պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներեքից` ներառյալ Խորհրդի նախագահը:

4. Խորհրդի անդամները (բացառությամբ Խորհրդի նախագահի) վարկանշային կարգով ընտրվում են Պալատի անդամների կազմից, ընդհանուր ժողովի կողմից` չորս տարի ժամկետով:

5. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պալատի անդամ է դառնում Խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած անդամը՝ նախորդ անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Խորհրդի նիստերը հրավիրում է Պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

9. Խորհուրդը`

1) հաստատում է որակավորման քննությունների անցկացման կարգը.

2) հաստատում է պարտադիր վերապատրաստման դասընթացների պարբերականությունը, ծրագրերն ու ժամաքանակը.

3) քննում է Պալատի կանոնադրության և (կամ) էթիկայի կանոնների խախտման դեպքերը, կիրառում է կարգապահական տույժեր.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում դադարեցնելու կամ կասեցնելու ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը, որը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել լիազորված մարմնի ղեկավարին.

5) հաստատում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում մասնագիտական եզրակացություն է տալիս բարձր ռիսկայնության դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծերի վերաբերյալ:

 

Հոդված 9. Պալատի նախագահը

 

1. Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:

2. Պալատի նախագահին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

3. Պալատի նախագահ կարող է ընտրվել առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող ճարտարապետը:

4. Պալատի նախագահը՝

1) ներկայացնում է Պալատը.

2) գործում է առանց լիազորագրի.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

4) բանկում բացում է Պալատի հաշվարկային և ոչ հաշվարկային հաշիվներ.

5) սահմանում է Պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, նշանակում և ազատում է Պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

6) ապահովում և կազմակերպում է Պալատի գրանցամատյանների վարումը.

7) օրենքով և Պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Պալատի գույքը, այդ թվում` դրամական միջոցները.

8) իրականացնում է օրենքով և Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

5. Պալատի նախագահն ի պաշտոնե Խորհրդի նախագահն է։

6. Պալատի նախագահն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Պալատի նախագահի ներկայացմամբ ` Խորհրդի որոշմամբ:

7. Պալատի նախագահի տեղակալների թիվը և գործառույթները սահմանվում են Պալատի կանոնադրությամբ:

 

Հոդված 10. Պալատի անդամները

 

1. Պալատի անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել`

1) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետները.

2) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորները.

3) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք:

2. Դաշնակից անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել Պալատին 25 և ավելի տարիներ (ներառյալ՝ «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությանն անդամակցության ժամանակահատվածը) անդամակցած ճարտարապետները և սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք, ինչպես նաև Խորհրդի որոշմամբ` ճարտարապետության ասպարեզում առանձնահատուկ վաստակ ունեցող այլ մասնագետներ, որոնց ընտրության չափորոշիչները սահմանում է Խորհուրդը: Դաշնակից անդամն արտոնագիր չունի:

3. Միջազգային ասոցացված անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները, որոնք ունեն այլ երկրում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր և այլն):

4. Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ:

5. Պալատի անդամները վճարում են Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով անդամավճարներ:

 

Հոդված 11. Պալատի անդամների գրանցամատյանները

 

1. Պալատի անդամների գրանցամատյանների ստեղծման հիմնական նպատակն է ներդրողներին, կառուցապատողներին կամ պատվիրատուներին ճարտարապետական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ մատչելի ու հավաստի տեղեկատվության տրամադրումը, մրցակցության համար հավասար պայմանների ստեղծումը:

2. Պալատը վարում է իրեն անդամագրված անձանց գրանցամատյաններն ու պատասխանատու է նրանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար:

3. Գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաև դրանցում ընդգրկվող տեղեկատվության ցանկը հաստատում է Խորհուրդը` նախապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծանուցելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին:

 

Հոդված 12. Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի կանոնները

 

1. Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի կանոնները հաստատվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից և տարածվում են բոլոր արտոնագրված ճարտարապետների և Պալատի անդամների վրա:

 

ԳԼՈՒԽ 3

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 13. Ճարտարապետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի՝

1) մշակելու քաղաքաշինական փաստաթղթեր կամ մասնակցելու դրանց մշակմանը.

2) համակարգելու քաղաքաշինական փաստաթղթերի բաժինների մշակումը.

3) ներկայացնելու կառուցապատողի (պատվիրատուի) շահերը շինարարական կապալի պայմանագրի կնքման, շինարարություն իրականացնողի մրցույթի անցկացման գործընթացներում և (կամ) տարբեր ատյաններում հանդես գալու որպես կառուցապատողի ներկայացուցիչ` համապատասխան լիազորագրի առկայությամբ.

4) կառուցվող օբյեկտի շինարարության ընթացքում իրականացնելու հեղինակային հսկողություն, մասնակցելու ավարտված օբյեկտի ընդունմանը.

5) մասնակցելու քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությանը` սույն օրենքով սահմանված համապատասխան կարգի (դասի) արտոնագիր ունենալու պայմանով.

6) տրամադրելու խորհրդատվություն ճարտարապետության և շինարարության մեջ ներդրումային ծրագրերի իրականացման, նախագծման, շինարարության, ձևավորման (դիզայնի) և մասնագիտական այլ հարցերով.

7) կատարելու գիտական, կրթական և ստեղծագործական այլ աշխատանք և իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) մասնագիտական գործունեություն իրականացնելիս պարտավոր է՝

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, տարածական պլանավորման փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և նախագծման թույլտվության պահանջներն ու պայմանները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` փորձաքննություն չպահանջող դեպքերում երաշխավորել ճարտարապետաշինարարական նախագծերի համապատասխանությունը սույն մասի 1-ին կետում նշված պահանջներին.

3) անձնական ստորագրությամբ և դրոշմակնիքով (առկայության դեպքում) վավերացնել իր կողմից նախագծվող և (կամ) համակարգվող քաղաքաշինական փաստաթղթերի տիտղոսաթերթերը, բացատրագրերն ու հիմնական գծագրերը.

4) պահպանել Էթիկայի կանոնների պահանջները.

5) կատարելագործել իր մասնագիտական հմտությունները, սույն օրենքով սահմանված կարգով մասնակցել Պալատի կողմից կազմակերպվող շարունակական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին.

6) առանց կառուցապատողի (պատվիրատուի) համաձայնության չհրապարակել կամ չտարածել նրա ներդրումային ծրագրերի կամ դրանց իրականացման մասին ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ.

7) չմասնակցել քաղաքաշինական փաստաթղթի նախագծման մրցույթին, եթե հանդիսանում է տվյալ մրցույթի կազմակերպիչը կամ ընդգրկված է տվյալ օբյեկտի մրցութային հանձնաժողովի կազմում.

8) չկատարել կառուցապատողի (պատվիրատուի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին.

9) արտոնագրված ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում պարտավոր է այդ նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կազմակերպական-իրավական որևէ տեսակի կազմակերպություն:

 

ԳԼՈՒԽ 4

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 14. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

 

1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:

2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքային փորձառության պակասը՝ հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:

3. Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն է համարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ճարտարապետների իրականացրած մասնագիտական աշխատանքը:

4. Ճարտարապետների արտոնագրման նպատակով ձևավորվում է յոթ անդամից կազմված հանձնաժողով, որի կազմում ներառվում են Պալատի չորս, լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ` երկու, և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության ռեկտորի ներկայացմամբ՝ մեկ ներկայացուցիչ: Պալատի ներկայացուցիչներին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և հրապարակվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում հանձնաժողովի անդամի մահվան կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ հրաժարական ներկայացնելու պատճառով հանձնաժողովի կազմում փոփոխությունները նույնպես հաստատվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում, Պալատի ներկայացուցիչն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ մյուս մարմինների ներկայացուցիչները՝ ըստ այդ մարմինների ղեկավարների ներկայացման:

5. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը Պալատի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

6. Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Խորհրդի որոշմամբ սահմանված և լիազորված մարմնի հաստատած որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով։ Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:

7. Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո` Խորհրդի սահմանած ժամաքանակով:

8. Որակավորման քննությունների արդյունքները հավակնորդը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկել լիազորված մարմնի ղեկավարին:

9. Համապատասխան կարգի (դասի) արտոնագիր տալու մասին հանձնաժողովի որոշումը լիազորված մարմնի ղեկավարի կողմից տասնօրյա ժամկետում հաստատվելուց հետո Պալատի նախագահը արտոնագիրը հանձնում է արտոնագրված ճարտարապետին (ճարտարագետ-կոնստրուկտորին)՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով: Արտոնագրի ձևը Խորհրդի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմինը: Արտոնագիրը ստորագրում են լիազորված մարմնի ղեկավարը և Պալատի նախագահը, կնքվում է լիազորված մարմնի կնիքով:

10. Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման:

11. Արտոնագրված ճարտարապետը կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական ծառայություն մատուցող որևէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:

 

Հոդված 15. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումը

 

1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումն իրականացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով ճարտարապետների արտոնագրման համար սահմանված կարգով:

2. Ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և մասնագիտական առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը կարող է ձեռք բերվել միայն ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող արտոնագրված անձի մոտ կամ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելով:

4. Արտոնագրի հավակնորդ ճարտարագետ-կոնստրուկտորն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է Պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկատվության ներկայացմամբ:

 

Հոդված 16. Պալատի կողմից կազմակերպվող լրացուցիչ ուսուցման և վերապատրաստման դասընթացները

 

1. Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործմանն աջակցելու նպատակով Պալատը կազմակերպում և համակարգում է մասնագիտական վերապատրաստման դասընթացները` ոլորտի կրթական հաստատությունների հետ համատեղ մշակված ծրագրերով, որոնք «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում են կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ և հաստատվում ու հրապարակվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով:

2. Պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը պարտադիր է արտոնագրված ճարտարապետների (ճարտարագետ-կոնստրուկտորների) համար, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Դասընթացներն իրականացվում են սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, ժամաքանակով ու պայմաններով:

4. Պալատի կողմից կազմակերպվող տարեկան դասընթացներին մասնակցությունը հավասարեցվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությանը:

 

Հոդված 17. Արտոնագրի գործողության դադարեցումը

 

1. Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը Խորհրդի որոշման հիման վրա դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով, եթե՝

1) նա գրավոր դիմում է արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

2) նա մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է կարգապահական տույժի.

3) նա մահացել է կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը.

4) լրացել է արտոնագրի գործողության վերականգնման` սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ժամկետը, և վերականգնման դիմում չի ներկայացվել:

2. Արտոնագրի գործողությունը դադարեցվում է այն ուժը կորցրած ճանաչելով:

3. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

4. Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորն) իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար` արտոնագրի գործողությունը դադարեցնելուց առնվազն մեկ տարի անց:

 

Հոդված 18. Արտոնագրի գործողության կասեցումը

 

1. Արտոնագրի գործողությունը կասեցվում է Խորհրդի որոշմամբ՝ արտոնագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եթե ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը)՝

1) չի մուծել Պալատի կանոնադրությամբ սահմանված տարեկան անդամավճարը.

2) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) դիմել է կասեցման խնդրանքով.

4) շարունակական հինգ տարիների ընթացքում չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ և չի մասնակցել վերապատրաստման սահմանված ժամաքանակով դասընթացներին:

2. Պալատի նախագահը Խորհրդի որոշումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին, որը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով արտոնագիրը կասեցված անդամը Պալատի մարմինների ընտրություններին չի մասնակցում:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո՝ 45 օրվա ընթացքում, ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը վերականգնվում է իր դիմումի հիման վրա:

5. Արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժվում է միայն կեղծ տվյալներ ներկայացնելու պատճառով: Արտոնագրի գործողության վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

6. Հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ճարտարապետի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտում` պաշտոնատար անձի այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումների մասով, հայտնաբերվելու դեպքում Խորհուրդը երկու ամիս ժամկետով կասեցնում է ճարտարապետի արտոնագրի գործողությունը և հաղորդում ներկայացնում համապատասխան մարմին` խախտման փաստի վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնելու խնդրանքով: Ծառայողական քննության արդյունքների հիման վրա կասեցման մասին որոշումը չեղյալ է համարվում կամ հաստատվում է նոր ժամկետով` մինչև խախտման հիմքերի վերանալը:

(18-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-28-Ն)

 

Հոդված 19. Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրումը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող (այսուհետ` օտարերկրյա) ճարտարապետը Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեություն կարող է իրականացնել սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերին (դրանց առկայության դեպքում) համապատասխան:

2. Օտարերկրյա ճարտարապետը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթի և Պալատի միջնորդությամբ լիազորված մարմնի տված հավատարմագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

3. Օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրումն իրականացնում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում, պարզեցված կարգ է կիրառվում այն երկրների ճարտարապետների համար, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի միջպետական պայմանագիր ծառայությունների և (կամ) մասնագետների փոխանակման վերաբերյալ:

4. Հավատարմագրի գործողությունը կարող է դադարեցվել, եթե`

1) օտարերկրյա ճարտարապետը թույլ է տվել սույն օրենքի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրանցից բխող իրավական ակտերի խախտում.

2) դադարեցվել է սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթի գործողությունը` այն տրամադրած պետության կողմից:

5. Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների ստորագրած միջազգային պայմանագրերի կամ համաձայնագրերի համաձայն իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կամ միջազգային ճարտարապետական մրցույթում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հաղթող ճանաչված և օտարերկրյա պետությունների կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր ունեցող օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք սույն օրենքի ուժով ստանում են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու իրավունք, եթե միջազգային պայմանագրով (համաձայնագրով) կամ ճարտարապետական մրցույթի պայմաններով այլ բան նախատեսված չէ:

6. Հավատարմագրման համար օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերի) գանձվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված համապատասխան չափի վճար:

7. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձանց վրա, ովքեր ցանկություն են հայտնում մասնագիտական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում` այլ երկրի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթերի հիման վրա:

 

Հոդված 20. Արտոնագրման և հավատարմագրման վճարները

 

1. Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման տարեկան վճարի և օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրման տարեկան վճարի չափը սահմանվում է բազային տուրքի քառասնապատիկի չափով:

 

ԳԼՈՒԽ 5

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21. Արտոնագրված ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) կարգապահական պատասխանատվությունը

 

1. Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և Պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու համար: Ճարտարապետը կարգապահական պատասխանատվություն է կրում նաև ճարտարապետի մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնների խախտման համար:

2. Կարգապահական վարույթ հարուցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:

3. Արտոնագրված ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը, ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) և դիմողի իրավունքները կարգապահական վարույթում սահմանվում են սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ:

 

Հոդված 22.

Արտոնագրված ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները

 

1. Կարգապահական խախտման համար ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) արտոնագրի գործողության դադարեցում.

4) Պալատի անդամությունից զրկում:

2. Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում արարքի ծանրությունը, հաճախականությունը, առաջացած հետևանքները և պատճառված վնասի չափը։

3. Կարգապահական տույժի նշանակումը կարող է բողոքարկվել դատական կարգով` տույժը նշանակելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում։

4. Կարգապահական տույժն ուժի մեջ է այն նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի կիրառման պարագայում ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) զրկվում է Պալատի մարմիններում ընտրվելու իրավունքից` մինչև սույն օրենքով նախատեսված կարգով արտոնագրի վերականգնումը:

6. Պալատի անդամությունից զրկված ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) իր անդամակցությունը կարող է վերականգնել այդ մասին ծանուցման օրվանից երկու տարի հետո, որից հետո ևս երեք տարի չի կարող ընտրվել Պալատի մարմիններում:

7. Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Պալատի պետական գրանցումը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությունն իրավունք ունի վերակազմավորման միջոցով ստեղծելու «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (Հայաստանի Հանրապետության «Ճարտարապետների պալատ» ԻԿԿ):

2. Սահմանված ժամկետում վերակազմավորման մասին որոշում չընդունվելու դեպքում Պալատն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

3. Պալատի պետական գրանցման պահին Հայաստանի ճարտարապետների միավորման կազմում ընդգրկված ճարտարապետները կամավորության սկզբունքով սեփական դիմումի հիման վրա ստանում են Պալատի անդամի կարգավիճակ:

4. Վերակազմավորման որոշումն ընդունելուց և Պալատի կանոնադրությունը հաստատելուց հետո ընդհանուր ժողովն իրականացնում է նաև սույն օրենքով նախատեսված` Պալատի մարմինների ընտրությունը:

5. «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը հանդիսանում է «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպության իրավահաջորդը:

 

Հոդված 24. Անցումային դրույթներ

 

1. Պալատի գրանցման օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում Պալատը մշակում և հաստատում է Պալատի գործունեությանն առնչվող` սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ապահովում է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին:

3. «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ճարտարապետական գործունեություն իրականացրած և սույն օրենքի 14-րդ հոդվածի պահանջները բավարարող ֆիզիկական անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող են ստանալ Պալատի արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու, ներկայացնելով ճարտարապետական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված` կրթության և փորձառության պահանջները չբավարարող անձինք արտոնագիր կարող են ստանալ միայն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Մինչև երկաստիճան բարձրագույն ուսումնական համակարգին (բակալավրիատ և մագիստրատուրա) անցնելը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ճարտարապետներն արտոնագիր են ստանում մագիստրոսի աստիճան ունեցողների համար սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Պալատի գրանցմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում, իրենց դիմումի համաձայն, Պալատի դաշնակից անդամ կարող են դառնալ «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպությանը (նախկինում` Հայաստանի ճարտարապետների միություն) 25 և ավելի տարիներ անդամակցած կամ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող, սակայն նույնքան տարիների անընդմեջ ճարտարապետական գործունեություն իրականացրած անձինք:

 

Հոդված 25. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 4-6-րդ կետերի, 11-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի և 16-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 4-6-րդ կետերը, 11-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և 16-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից ինն ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-235-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2020, ՀՕ-28-Ն 22.02.2020, ՀՕ-235-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան