ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, թոշակներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ և նպաստներ, ֆիզիկական անձանց` բանկային ավանդներ ու փոստային առաքանի ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորողն աշխատում կամ սովորում է, բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այն հաստատության ղեկավարությունը, որտեղ լիազորողը ստացիոնար պայմաններում ստանում է բուժում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացողների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տակ գտնվող անձանց, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, թոշակները, կենսաթոշակները, կրթաթոշակները կամ նպաստները, բանկային ավանդները կամ փոստային առաքանին ստանալու լիազորագրերը սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված անձանց կողմից վավերացվում կամ հաստատվում են անվճար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-213-Ն |