Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-213-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.29/24(1382) Հոդ.406
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.03.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման, գործողության երկարաձգման և կասեցման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

 

Հոդված 2.

 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից.

2) հայկական կողմ՝ Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, այլ պետական մարմինների, որոնք իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով օժտված են միջազգային պայմանագիր կնքելու լիազորությամբ.

3) պայմանավորվող մյուս կողմ (կողմեր)՝ օտարերկրյա պետություն (պետություններ) կամ միջազգային կազմակերպություն (կազմակերպություններ), ինչպես նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական, բարեգործական կամ ֆինանսական, տնտեսական կամ տեխնիկական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորում (կազմավորումներ), որի (որոնց) հետ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է հաստատել միջազգային պայմանագրային հարաբերություններ.

4) իրավասու մարմին` սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման, դրա վավերացման կամ հաստատման, միջազգային պայմանագրի կատարման, փոփոխման, գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարելու առաջարկությամբ Կառավարություն դիմելու` օրենքով սահմանված իրավասություն ունեցող մարմին.

5) միջազգային պայմանագրի կնքում՝ սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման, փոխհամաձայնեցման և ստորագրման գործընթաց.

6) ներպետական համաձայնեցում՝ իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացում.

7) փոխհամաձայնեցում՝ պայմանավորվող մյուս կողմի «կողմերի» հետ միջազգային պայմանագրի ստորագրման ենթակա տեքստի վերաբերյալ համաձայնության ձեռքբերում.

8) նախաստորագրում` միջազգային պայմանագրի յուրաքանչյուր էջին ստորագրող պաշտոնատար անձի անվանատառերի նշադրման միջոցով միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման եղանակ.

9) լիազորագիր՝ միջազգային պայմանագրին առնչվող՝ սույն օրենքով նախատեսված գործողություններ իրականացնելու իրավունք վերապահող պատշաճորեն ձևակերպված փաստաթուղթ.

10) վավերացում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու կամ հանրաքվեի միջոցով միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ.

11) հաստատում` Հանրապետության նախագահի կողմից հրամանագիր ստորագրելու միջոցով միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգ.

12) վերապահում՝ միջազգային պայմանագրի ստորագրման, վավերացման (դրան միանալու), հաստատման ժամանակ պայմանագրի կողմի արած միակողմանի հայտարարություն, որի միջոցով բացառվում, փոփոխվում կամ պարզաբանվում են պայմանագրի կամ դրա որոշակի դրույթների՝ տվյալ պայմանագրի կողմի համար կիրառելիությունը և (կամ) դրա առանձնահատկությունները.

13) չեղարկում՝ միջազգային պայմանագրի ստորագրումից հետո մինչև միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու պատշաճորեն ձևակերպված կամաարտահայտություն.

14) բազմակողմ միջազգային պայմանագիր՝ միջազգային պայմանագրի ինքնուրույն կողմ հանդես եկող երկուսից ավելի սուբյեկտների միջև միջազգային պայմանագիր.

15) վարկային միջազգային պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից վարկ, փոխառություն, երաշխիք ստանալու կամ տրամադրելու մասին միջազգային պայմանագիր.

16) դրամաշնորհային միջազգային պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական, բարեգործական օգնություն, անհատույց ֆինանսական, գույքային կամ տեխնիկական աջակցություն ստանալու կամ տրամադրելու մասին միջազգային պայմանագիր.

 17) քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր՝ միջպետական հարաբերությունների հիմնադրույթներ, միջազգային համընդհանուր կամ տարածաշրջանային համագործակցության հիմունքներ սահմանող, Կառավարության ծրագրից բխող կամ վարչապետի որոշած քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում համագործակցություն նախատեսող միջազգային պայմանագիր.

 18) ռազմական բնույթի միջազգային պայմանագիր՝ ռազմական համագործակցության, խաղաղության (հաշտության), հավաքական անվտանգության, զինաթափման, սպառազինությունների նկատմամբ հսկողության հարցեր կարգավորող, ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցություն, ռազմական մատակարարումներ, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայում նախատեսող միջազգային պայմանագիր.

 19) ավանդապահ՝ պետություն, միջազգային կազմակերպություն կամ միջազգային կազմակերպության համապատասխան իրավասություններ ունեցող մարմին, որին ի պահ է հանձնվում միջազգային պայմանագրի բնօրինակը, և որն այդ միջազգային պայմանագրի առնչությամբ իրականացնում է 1969 թվականի` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով նախատեսված գործառույթներ:

 

Հոդված 3.

 Միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրությունը

 

1. Միջազգային պայմանագրի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման և գործողության երկարաձգման և կասեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, 1969 թվականի` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով, սույն օրենքով և այլ օրենքներով։

2. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է։

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

 

Հոդված 4.

 Միջազգային պայմանագրի կնքման առաջարկությունը

 

1. Միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանում է Կառավարությունը։

 

Հոդված 5.

 Միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումը

 

1. Միջազգային պայմանագրի կնքման, բազմակողմ միջազգային պայմանագրին միանալու առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը, բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում դրա տեքստը և հայերեն թարգմանությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։

3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին։

5. Շահագրգիռ մարմին(ներ)ը տրամադրում է(են) եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի՝ օրենքով իրենց վերապահված գործունեության ոլորտին առնչվող հարցերի մասին:

6․ Միջազգային պայմանագրերի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի դրույթները պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններին, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները շոշափող հարցերին և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվելու դեպքում իրավասու մարմինը պետք է ապահովի նաև շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների եզրակացությունների և առաջարկությունների ստացումը, այդ թվում նաև միջազգային պայմանագրով նախատեսվող գույքային պարտավորությունների մասին։

7. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացությունները իրավասու մարմին են ներկայացնում միջազգային պայմանագրի նախագիծը կամ բազմակողմ միջազգային պայմանագիրն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Իրավասու մարմինը սույն հոդվածի 2-6-րդ մասերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, միջազգային պայմանագրի լրամշակված նախագծի հայերեն և օտար լեզվով տեքստերը և ստացված առաջարկությունների ամփոփաթերթը ներկայացնում է արտաքին գործերի նախարարություն՝ փոխհամաձայնեցման նպատակով:

 

Հոդված 6.

 Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումը

 

1. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման ընթացքում հայկական կողմի և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև հարաբերություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով և համակարգմամբ:

2. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացվում է միջազգային պայմանագրի նախագծի նախաստորագրման, փոխհամաձայնեցման մասին համատեղ այլ փաստաթուղթ ստորագրելու կամ ընդունելու, դիվանագիտական ուղիներով տեքստին համաձայն լինելու մասին ծանուցումներ փոխանակելու կամ պայմանագրի կողմերի միջև ցանկացած այլ համաձայնեցված միջոցով:

 

Հոդված 7.

Միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությունը

 

1. Միջազգային պայմանագրի փոխհամաձայնեցված նախագծի ստորագրման ժամկետի վերաբերյալ պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին արտաքին գործերի նախարարության առաջարկությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու մարմինը Կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը՝ կցելով՝

1) միջազգային պայմանագրի նախագիծը՝ հայերենով.

2) միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորումը.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին.

4) միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը հավաստող փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմված ամփոփաթերթը և տեղեկատվություն նախագծի փոխհամաձայնեցման մասին.

5) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած միջազգային պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ:

 

Հոդված 8.

 Միջազգային պայմանագրի ստորագրումը, ստորագրման լիազորությունը

 

1. Միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն ունեն Հանրապետության նախագահը՝ Կառավարության առաջարկությամբ, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք։

2. Հանրապետության նախագահը միջազգային պայմանագիրը ստորագրում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված միջազգային պայմանագիրը ստորագրելու մասին Կառավարության որոշմամբ ներկայացվող առաջարկության հիման վրա:

3. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ Կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագիրը չստորագրվելու դեպքում Կառավարությունը իրավասու մարմնի առաջարկությամբ կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխել միջազգային պայմանագիրն ստորագրելու մասին որոշումը:

4. Այլ պաշտոնատար անձինք միջազգային պայմանագիրը կարող են ստորագրել հատուկ լիազորություններ ունենալու դեպքում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագիրը ստորագրելու մասին Կառավարության որոշմամբ տրված հանձնարարականի հիման վրա:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց միջազգային պայմանագիրը ստորագրելու լիազորագիր տրամադրում է վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9.

 Միջազգային պայմանագրի լեզուն

 

1. Օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը կնքվում է հայերենով և համաձայնեցված օտար լեզուներով:

2. Միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրերը կնքվում են հայերենով և(կամ) համաձայնեցված օտար լեզուներով:

3. Բազմակողմ միջազգային պայմանագրերը կնքվում են պայմանավորվող մյուս կողմերի հետ համաձայնեցված լեզուներով:

4. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստում կարող են գործածվել արաբական և հռոմեական թվանշաններ, լատինատառ համարակալումներ, լատիներեն արտահայտություններ, հապավումներ և միջազգային իրավունքի հասկացություններ։

5. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանությունն ապահովում է իրավասու մարմինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով։

6. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստի պաշտոնական հաստատումն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը՝ իրավասու մարմնի տրամադրած թարգմանության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

 

Հոդված 10.

 Միջազգային պայմանագրի վավերացումը և հաստատումը

 

1. Սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով։

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

3. Հանրապետության նախագահը Կառավարության առաջարկությամբ հաստատում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, Սահմանադրության և սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթակա չեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը։

 

Հոդված 11.

Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը և Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմինն ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկայությունը.

1) միջազգային պայմանագրի հայերեն բնօրինակի սահմանված կարգով հաստատված պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում օտար լեզվով բնօրինակի՝ ավանդապահի հաստատած պատճենը և դրա պաշտոնապես հաստատված հայերեն թարգմանությունը.

2) միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը.

3) տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, տեղեկատվություն պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին.

7) շահագրգիռ մարմնի եզրակացությունը միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին.

8) վավերացման ենթակա միջազգային պայմանագրի դեպքում այն Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում ներկայացնելու համար Կառավարության պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը.

9) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած այդ պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ:

2. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացություններն իրավասու մարմին են ներկայացնում իրավասու մարմնի համապատասխան հարցումն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հոդված 12.

 Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) և հաստատման ընթացակարգերը

 

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը կամ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագիրը հաստատելու մասին հրամանագրի նախագիծը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է Կառավարություն:

2. Կառավարությունը միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կամ միջազգային պայմանագրի հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը կամ Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում օրենքով սահմանված կարգով:

3. Նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

 

Հոդված 13.

 Միջազգային պայմանագրի վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը

 

1. Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին գործերի նախարարությունը պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կազմում է վավերագիր և ներկայացնում Հանրապետության նախագահին՝ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի հետ միաժամանակ այն ստորագրելու նպատակով։

2. Հանրապետության նախագահի աշխատակազմը միջազգային պայմանագրի ստորագրված վավերագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է վերադարձնում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրված և հրապարակված օրենքով վավերացված միջազգային պայմանագրի վավերագիրն ստորագրում է վարչապետը:

4. Վավերագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

5. Միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում կամ միջազգային կազմակերպությունում ընդունված պրակտիկայի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ստորագրում է վավերացված միջազգային պայմանագրին միանալը հաստատող փաստաթղթեր:

 

Հոդված 14.

 Միջազգային պայմանագրի չեղարկումը

 

1․ Մինչև միջազգային պայմանագրի վավերացնելը կամ հաստատելը Հայաստանի Հանրապետությունը կարող է չեղարկել ստորագրված միջազգային պայմանագիրը՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու և այդ միջազգային պայմանագիրն իր համար պարտադիր դարձնող վավերացման կամ հաստատման ընթացակարգերը չկատարելու իր կամաարտահայտության միջոցով։

2․ Միջազգային պայմանագրի չեղարկման մասին Կառավարության որոշման նախագիծը վարչապետի հանձնարարությամբ Կառավարություն է ներկայացնում իրավասու մարմինը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի չեղարկման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

 

Հոդված 15.

Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, չեղյալ հայտարարման, փոփոխման և գործողության կասեցման ընթացակարգերը

 

1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրերով իրավասու մարմինն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

2. Իրավասու մարմինը վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրերի կնքման՝ սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերն իրականացնում է վարչապետի հանձնարարականով:

3. Իրավասու մարմինը Կառավարություն է ներկայացնում վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու մասին Կառավարության որոշման նախագիծը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ կցելով՝

1) եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական հետևանքների մասին.

2) արդարադատության նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման իրավական հետևանքների և պայմանագրում Հայաստանի Հանրապետության միջազգային իրավազորության և ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող դրույթների առկայության մասին։

4. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագիրն ստորագրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված որոշման ընդունումից հետո՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա և պահպանելով սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով միջազգային պայմանագրի ստորագրմանը ներկայացվող պահանջները։

5. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը Կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա օրենքով սահմանված կարգով՝ կցելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը։

6. Մինչև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով:

7. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագիրը վավերացվում է վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով օրենքով սահմանված կարգով անցկացվող հանրաքվեի միջոցով։

8. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվեի դրական արդյունքների դեպքում համապատասխան միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից:

9. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվեի բացասական արդյունքների դեպքում համապատասխան միջազգային պայմանագիրը կարող է չեղարկվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով։

10. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում, կասեցվում և այն չեղյալ է հայտարարվում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:

11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ միջազգային պայմանագրում փոփոխություն նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է սույն հոդվածով սահմանված կարգով հանրաքվեի միջոցով վավերացման, եթե փոփոխության մասին պայմանագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն փոփոխության մասին պայմանագիրը էապես շոշափում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։

 

Հոդված 16.

Վարկային և դրամաշնորհային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետը երկարաձգելու և փոփոխելու ընթացակարգերը

 

1. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու ընթացակարգերի իրականացման համար իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

2. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացվում են իրավասու մարմնի առաջարկությամբ իրավասու մարմնին և սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված մարմիններին ուղղված՝ վարչապետի հանձնարարականով` դրանով սահմանված ժամկետներում։

3. Եթե վարկային կամ դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար դրանով նախատեսված է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող իրավաբանական եզրակացության տրամադրում, ապա իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պայմանագրով սահմանված ձևով իրավաբանական եզրակացությունը հայերեն և պայմանագրի կնքման օտար լեզվով։

4. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման և փոփոխությունների մասին պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով, եթե վարկեր և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունների հետ կնքված այլ պայմանագրերով կամ դրանց անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կողմից պարտադիր ճանաչված այդ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերով, կանոնակարգային և ընթացակարգային նորմերով և դրույթներով այլ բան նախատեսված չէ։

5. Պայմանավորվող մյուս կողմի հետ վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացնում է իրավասու մարմինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի նպատակներով ֆինանսական պարտավորություններ չեն համարվում օրենքով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնությունները, Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորվող մատակարարումները, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, պետությունների, կազմակերպությունների հետ կնքված վարկեր և դրամաշնորհներ տրամադրելու մասին վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած ընդհանուր (շրջանակային) պարտավորությունների շրջանակներում ստանձնվող և դրանք չգերազանցող ֆինանսական պարտավորությունները, բնաիրային պարտավորությունները:

7. Վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու Է պետական կառավարման համակարգի շահառու մարմինը (մարմինները), որը(որոնք) իրականացնում է(են) սույն օրենքի 18-րդ հոդվածով իրավասու մարմնին վերապահված լիազորությունները:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 17.

 Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից։

 

Հոդված 18.

 Միջազգային պայմանագրի կատարման ապահովումը

 

1. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման։

2. Միջազգային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով իրավասու մարմինը միջազգային պայմանագրի վավերացվելուց կամ հաստատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, 45 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու այլ մարմինների հետ համաձայնեցմամբ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում միջազգային պայմանագրի կատարման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց կամ նման ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք։

3. Արտաքին գործերի նախարարությունը հետևում է միջազգային պայմանագրի կատարմանը և իրավունք ունի միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմիններից ստանալու տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման ընթացքի վերաբերյալ։

4. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:

5. Միջազգային պայմանագրի կատարման ընթացքում իրավասու մարմինը պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) իրավասու մարմինների հետ հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն:

6. Պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ իրավաբանական անձանց՝ միջազգային պայմանագրի կատարմանը ներգրավելու անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինը տեղեկացնում է նրանց միջազգային պայմանագրի կատարման հետ կապված իրավունքների և պարտականությունների, նրանց առջև դրված խնդիրների և լուծման ենթակա այլ հարցերի վերաբերյալ և ապահովում նրանց պատշաճ մասնակցությունը։

 

Հոդված 19.

 Միջազգային պայմանագրի տեքստում ուղղումներ կատարելը և մեկնաբանելը

 

1. Միջազգային պայմանագրում պայմանագրի առարկային և նպատակներին չառնչվող տեխնիկական բնույթի ուղղումները կատարվում են պայմանագրի կողմերի միջև համաձայնեցված կարգով և եղանակով։

2. Միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է դրա առարկայից և նպատակներից բխող պայմանագրի եզրույթներին տրված սովորական նշանակությանը համապատասխան և իրականացվում է միջազգային պայմանագրով և միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով սահմանված կարգով։

3. Ուղղման և մեկնաբանման աշխատանքներին հայկական կողմից ներգրավվում են իրավասու մարմինը և արտաքին գործերի նախարարությունը։

4. Միջազգային պայմանագրի պաշտոնապես հաստատված հայերեն տեքստում ուղղումը կատարվում է իրավասու մարմնի և արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ՝ տեղեկացնելով պայմանավորվող մյուս կողմին (կողմերին)։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

 

Հոդված 20.

 Միջազգային պայմանագրի փոփոխման ընդհանուր կարգը

 

1. Միջազգային պայմանագրում փոփոխությունները կատարվում և ուժի մեջ են մտնում պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե փոփոխող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք հիմքեր կառաջացնեն սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու համար սահմանված այլ ընթացակարգեր կիրառելու համար։

 

Հոդված 21.

 Միջազգային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումը

 

1. Միջազգային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է այդ պայմանագրով սահմանված կարգով։

2. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված չէ դրա գործողության ժամկետի երկարաձգման մասին դրույթ, ապա միջազգային պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ, որի կնքման և ուժի մեջ մտնելու վրա տարածվում են սույն օրենքով սահմանված ընթացակարգերը։

 

Հոդված 22.

Միջազգային պայմանագրի գործողության կասեցումը և պայմանագրի չեղյալ հայտարարումը

 

1․ Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ դրա գործողության կասեցման հիմնավորված առաջարկությունը վարչապետին ներկայացնում է իրավասու մարմինը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը, կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ կցելով իրավասու մարմնի՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման նպատակահարմարության մասին եզրակացությունը։

2. Միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ կասեցման ընթացակարգերը ձեռնարկելու մասին վարչապետի հանձնարարականն ստանալով՝ հանձնարարականում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում հաստատված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ վավերացված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը՝ կցելով պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին հիմնավորումը և արտաքին գործերի նախարարության՝ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը։

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրավական հետևանքների վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ֆինանսական հետևանքների վերաբերյալ։

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինները ներկայացնում են եզրակացություն միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման իրենց իրավասություններին առնչվող հնարավոր հետևանքների վերաբերյալ։

 6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմիններն իրավասու մարմնին միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են հարցումն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Իրավասու մարմինը, սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ստացված եզրակացություններն ամփոփելով, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։

8. Միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի կամ Հանրապետության նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման մասին ծանուցում է երկկողմ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

9. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրի դրույթները մինչև դրա կասեցման մասին իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը:

10. Միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին իրավական ակտի ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերն ապահովում է իրավասու մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:

11. Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները, եթե տվյալ կամ վերաբերելի այլ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

12. Եթե միջազգային պայմանագրով նախատեսված է, որ այն չեղյալ հայտարարելուց (գործողությունը դադարեցնելուց) հետո շարունակում են գործել տվյալ միջազգային պայմանագրի կողմերի որոշակի իրավունքներն ու պարտավորությունները, ապա այդ իրավունքներն ու պարտավորությունները գործում են մինչև միջազգային պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում դրանց դադարելը:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱՊԱՀԸ

 

Հոդված 23.

Միջազգային պայմանագրի հրապարակման կարգը

 

1. Միջազգային պայմանագիրը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա վավերացման մասին օրենքի կամ հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հետ միաժամանակ:

2. Միջազգային պայմանագրի էլեկտրոնային տեքստը պաշտոնապես հրապարակվում է արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում՝ արտաքին գործերի նախարարի հրամանով սահմանված կարգով։

3. Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրված և հրապարակված օրենքով վավերացված և 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագրով հաստատված համարվող միջազգային պայմանագիրը հրապարակվում է այդ մասին համապատասխան նշումով՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

4. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնական հրապարակումը՝ միջազգային պայմանագրի նախագիծը կամ ստորագրված տեքստը կարող է հրապարակվել պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև իրավասու մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված որոշմամբ։

 

Հոդված 24.

Միջազգային պայմանագրի ավանդապահի գործառույթները

 

 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները։

 2. Միջազգային պայմանագրի բնօրինակը, բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի հաստատած բնօրինակի պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական հաստատված թարգմանության տեքստը պահվում են արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում):

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վարում է միջազգային պայմանագրերի հաշվառման միասնական գրանցամատյան, որում պարունակվում են միջազգային պայմանագրին առնչվող տեղեկատվական տվյալներ։

4. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը, պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, գրանցման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն:

5. Միջազգային պայմանագրի պահպանման և հաշվառման միասնական գրանցամատյանի վարման կարգը և ավանդապահի գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

 

ԳԼՈՒԽ 8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25.

 Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքը։

 

Հոդված 26.

 Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ընդունումն սկսված միջազգային պայմանագրերի հետ կապված ընթացակարգերը չեն վերսկսվում, և այդ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները։

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ընթացակարգը և սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում նշված կարգը։

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ և 24-րդ հոդվածի 5-րդ մասերում նշված կարգերը։

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը սահմանում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նշված կարգը։

5. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը շարունակում են հրատարակվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հավելվածը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում»։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-213-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան