ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, և համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-202-Ն |