ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 1. | Անվտանգության խորհրդի կարգավիճակը |
1. Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
Հոդված 2. | Անվտանգության խորհրդի գործառույթը և լիազորությունները |
1. Անվտանգության խորհուրդը, Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
2. Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
3. Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:
ԳԼՈՒԽ 2
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հոդված 3. | Անվտանգության խորհրդի անդամները |
1. Անվտանգության խորհրդի անդամներն են`
1) վարչապետը.
2) առաջին փոխվարչապետը.
3) փոխվարչապետները.
4) Անվտանգության խորհրդի քարտուղարը.
5) պաշտպանության նախարարը.
6) արտաքին գործերի նախարարը.
7) ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
8) ոստիկանության պետը.
9) զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ԳԼՈՒԽ 3
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. | Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը և անցկացումը |
1. Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով` նիստերի միջոցով:
2. Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին և քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշմանը քվեարկել կողմ կամ դեմ:
3. Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք:
4. Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրում է վարչապետը` ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
5. Անվտանգության խորհրդի նիստերը վարում է վարչապետը:
6. Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն վեց անդամ:
7. Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն յոթ անդամ:
8. Անվտանգության խորհուրդը լսում և ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:
9. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը և հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը:
10. Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:
11. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը և քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն հինգ օր առաջ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:
13. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանում է վարչապետը:
14. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:
15. Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին վարչապետի հանձնարարությամբ կարող է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:
16. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրում է Անվտանգության խորհրդի գրասենյակը:
ԳԼՈՒԽ 4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. | Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, ընդունման կարգը |
1. Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն յոթ անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները` Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Անվտանգության խորհրդի որոշումներն ստորագրում է վարչապետը:
3. Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում, և դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:
ԳԼՈՒԽ 5
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 6. | Անվտանգության խորհրդի աշխատակարգը |
1. Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը կարգավորվում են վարչապետի կողմից հաստատված Անվտանգության խորհրդի աշխատակարգով:
Հոդված 7. | Անվտանգության խորհրդի քարտուղարը և գրասենյակը |
1. Վարչապետը նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին:
2. Անվտանգության խորհուրդն ունի գրասենյակ, որի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:
3. Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի հանրային ծառայողներին:
4. Անվտանգության խորհրդի քարտուղարը`
1) կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
2) մշակում և վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.
3) նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջելու փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո, իսկ հրատապ դեպքերում` հնարավոր սեղմ ժամկետում.
4) անմիջականորեն ղեկավարում և վերահսկում է Անվտանգության խորհրդի գրասենյակի, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող` խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի` վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
6) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի սահմանած պարբերականությամբ Անվտանգության խորհուրդ և վարչապետին է ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաև առաջարկություններ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
7) իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում և դրանց կատարման վերաբերյալ վարչապետի սահմանած կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհուրդ և վարչապետին.
8) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում և կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
9) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:
5. Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական և տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հոդված 9. | Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու, Անվտանգության խորհրդի գրասենյակ ստեղծելու և գրասենյակում նշանակումներ կատարելու ժամկետները |
1. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի` Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:
2. Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակն ստեղծվում, և գրասենյակի հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 21 Երևան ՀՕ-145-Ն |