ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
«6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին: Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը, որը վերադարձվել է պարտապանին:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 ՀՕ-226-Ն |