ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «պահանջելիս» բառից հետո լրացնել «կամ ժամկետանց պարտավորությունների դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելիս» բառերով:
Հոդված 2. Օրենքի 44.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով գրավի առարկան գրավառուի կողմից իրացվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.»:
Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50. |
Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը |
1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
Գրավ դրված գույքի վրա արգելանք դնելը արգելք չէ գրավի առարկան գրավառուի կողմից բռնագանձվելու և իրացվելու համար: Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Դատական կարգով պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ: Արտադատական կարգով վաղաժամկետ կատարման կամ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ (բռնագանձման ծանուցում) ներկայացված լինելու կամ ներկայացվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը ևս բավարարվում է առաջնահերթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, վերջինիս դեպքում գրավառուն իրավասու է ինքնուրույն և իր հայեցողությամբ բռնագանձում տարածելու այդ գույքի վրա և իրացնելու այն, այդ թվում՝ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու` պարտավորության նկատմամբ առաջացած դրական մնացորդի նկատմամբ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը: Գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարումից հետո մնացած գումարի վրա բռնագանձում է տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, և այդ գույքի վրա բռնագանձում չի տարածում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո գույքը համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր աճուրդով իրացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրացման նախընտրելի եղանակի մասին գրավառուն պարտավոր է հարկադիր կատարողին տեղեկացնել հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Եթե նշված մեկամսյա ժամկետում գրավառուն հարկադիր կատարողին չի տեղեկացնում գրավի առարկայի՝ իր կողմից բռնագանձման նախընտրելի տարբերակի մասին, ապա գործընթացը շարունակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հուլիսի 7 Երևան ՀՕ-113-Ն |