ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հունիսի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահերը, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում ամուսնու գույքը բաժանելու հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նախատեսել ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճն առևտրային արբիտրաժի միջոցով լուծելու հնարավորություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 7 Երևան ՀՕ-78-Ն
ՆախագահՍ. Սարգսյան